Հայաստանյան հնագիտական բացահայտումների հետքերով
կամ՝ Վաղ բանական մարդը ձեւավորվել է նաեւ Եվրասիայում
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ զրույցում «ՀՀ»-ն փորձել է պարզել, թե վերջին շրջանի հնագիտական բացահայտումներն ի՞նչ նոր շերտերով են ավելացրել մեր գիտելիքները հին աշխարհի վերաբերյալ։ Միաժամանակ, հայաստանյան այդ նոր բացահայտումներն ինչպիսի՞ կիրառական նշանակություն կարող են ունենալ մեր երկրի համար, մասնավորապես, կարո՞ղ են դեպի իրենց ձգել զբոսաշրջիկի հայացքը։
-Պարոն Ավետիսյան, մենք հնագիտական բացահայտումներ ունե՞նք, որոնք սրբագրում են մեր իմացածը:
-Գիտական առումով հնագիտական պեղումների առաջին խնդիրը մեր պատմության եւ մշակույթի աղբյուրագիտական բազան լրացնելն է: Այսինքն` պեղելով՝ արտառոց բան կգտնես, թե չես գտնի, բոլոր դեպքերում անցյալի ինչ-որ մի դրվագ վերակազմելու հնարավորություն ես ունենում: Իսկ անցյալի համայնապատկերը մենք կարողանում ենք ունենալ դրվագների միջոցով: Այնպես որ, չկա պեղում, որը խնդիր չլուծի: Բայց կան նաեւ արդյունքներ, որոնք ավելի լայն արձագանք են գտնում, դրանց վերաբերյալ հանրային եւ գիտական ուշադրությունն ավելի մեծ է լինում: Երկու-երեք տարի առաջ մենք Նոր Գեղիում արձանագրեցինք Քարե դարի ժամանակների հետ կապված նոր տվյալներ, որոնք ի զորու են փոխելու կամ նոր տվյալներով հարստացնելու Եվրասիան` նախամարդու կողմից բնակեցվելու վերաբերյալ մարդկության նախկին պատկերացումների մեջ: Լուսառատի ճանապարհին` Հրազդանի կիրճում, բազալտե լավայի հոսքերը եկած ու կանգնած են կիրճի բերանին: Տրակտորը փորել էր դրանք, ու բացվել էր հրաբխային մոխրի վառված շերտ: Մոխրի մեջ գտնվեցին գործիքներ: Ամերիկյան մեր գործընկերների հետ սկսեցինք ուսումնասիրությունները: Նախ՝ ժամանակագրեցինք. պարզվեց, որ գործ ունենք 325-335 հազար տարվա վաղեմություն ունեցող իրողության հետ: Գտնվեցին երկու տեսակի գործիքներ: Կան գործիքներ, որոնք երկերեսանի մշակմամբ են: Դրանք բնորոշ են ստորին պալեոլիթին: Նաեւ` գործիքներ, որոնք ջարդում են շեղբերի վրա ու դարձնում քերիչներ: Համարվում էր, որ գործիքների ստեղծման այս մշակույթը ձեւավորվել է Աֆրիկայում եւ այնտեղից էլ տարածվել աշխարհով մեկ: Եվ եվրասիական տարածքներից եթե նման գործիք էր գտնվում, համարվում էր, որ նախամարդու այդ տեսակները Աֆրիկայից են եկել այստեղ, հետեւաբար եւ` բնակեցրել Եվրոպան: Սա նաեւ ստորին պալեոլիթից միջին պոլեոլիթ անցման փուլն էր բնորոշում` այս գործիքներն ավարտեցին իրենց կյանքը, կամ որ նույնն է` պատմական ասպարեզից հեռացան նրանք, ովքեր այդ գործիքներն էին պատրաստում, եւ ձեւավորվեց մի նոր աշխարհ` նոր մարդկանցով, որոնք արդեն սկսեցին մյուս գործիքն օգտագործել: Եվ սա միջազգային գիտության մեջ բացարձակ տիրապետող տեսակետ էր: Փաստորեն, մենք Նոր Գեղիի հուշարձանում տեսանք այս երկու գործիքներն իրար հետ: Եվ պատկերացրինք, թե ինչպես են հին գործիքը փոփոխելով ստացել նոր գործիք: Ասել է թե` մարդու մի նոր տեսակ չի եկել մեկ այլ տեղից: Վաղ բանական մարդը ձեւավորվել է նաեւ հենց Եվրասիայում, այնպես չէ, որ պարտադիր եկել է Աֆրիկայից:
Այն էլ ասեմ, որ մեր հայտնաբերած գործիքների տարեթվերն ավելի վաղ ժամանակների են հասնում, քան Աֆրիկայից Եվրասիա մտնող մյուս հուշարձաններինը: Մի բան, որ կրկին խոսում է մեր թեզի օգտին: Սա սենսացիա էր գիտական աշխարհում: Նյութերը տպվեցին «Science» ամսագրում, որն իր հղման գործակցով գիտական աշխարհի առաջնային հանդեսներից է: Իսկ Արենիից գտանք Երկիր մոլորակի վրա առայժմ հայտնագործված առաջին գինու արտադրության համալիրը: Այսինքն` Հայաստանը գինու արտադրության առաջին վայրն է աշխարհում:
-Իսկ մենք կարողանո՞ւմ ենք այս հայտնագործություններն օգտագործել նաեւ այլ առումներով՝ հօգուտ մեր երկրի եւ նրա տնտեսության։
-Այո, այս հայտնագործությունները ոչ միայն գիտական խնդիրներ են լուծում, այլեւ հոյակապ բրենդ են այսօրվա հայ հասարակության, հատկապես` հայ գինեգործի համար: Իսկ դրանք դեռեւս լավ չեն օգտագործվում: Մեր երկիրը մշակում է զբոսաշրջության ռազմավարություն: Ըստ իս՝ Հայաստանում զբոսաշրջությունն առավելապես կարող է ծավալվել մշակութային ուղղություններով: Ես առաջարկում եւ ասում եմ, որ հնագիտության ու ազգագրության մեր ինստիտուտը մասնագիտորեն կարող է աշխատել այդ ուղղություններով: Մենք կարող ենք մեր եղածը, որպես մշակութային լանդշաֆտ, ցույց տալ աշխարհին: Եվ` ամեն ինչ ներառած: Այսինքն` հազարամյակների պատմությունը մեկտեղել ու այդ ամենը ցույց տալ զբոսաշրջիկին: Եվ ամենակարեւորը`այնպես անել, որ դա հետաքրքրի մարդուն, եւ այդ մարդը նաեւ գիտելիք ստանալով հեռանա մեր երկրից: Իսկ դրա համար հենց մե՛զ հետ պետք է աշխատի կառավարությունը:
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 10-09-2020
|

փակել >>
|