Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ավանդական դարձած խորհրդակցություն

Սեպտեմբերի 10-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը շրջանի հանրակրթական, արվեստի դպրոցների, մանկապարտեզների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որին ներկա էին ԿԳՄ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, տեղակալ Գեւորգ Մնացականյանը, աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ներկաներին ողջունեց եւ նոր ուսումնական տարվա ու Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մ. Ալավերդյանը, կարեւորեց կրթության բնագավառի աշխատողների դերը մեր երկրի ու շրջանի կյանքում։ Իր զեկույցում շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Վ. Մովսիսյանն անդրադարձավ շրջանի հանրակրթական համակարգի խնդիրներին, հաջողություններին, թերացումներին, անելիքներին. 2019-2020 ուստարում, շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ, 340 դասարան-լրակազմով, 2058 աշակերտի ընդգրկմամբ գործել է 53 հանրակրթական դպրոց, 42-ը` միջնակարգ 1 մասնաճյուղով, իսկ 11-ը՝ հիմնական: Դպրոցների աշխատակիցների թիվը կազմել է 1050, որոնցից 650-ը՝ ուսուցիչ:
Շրջանում գործել է 4 մանկապարտեզ՝ Բերձորի, Կովսականի, Մոշաթաղի պետականները եւ Քարեգահի բարեգործականը։ Երեք նախադպրոցական խումբ գործել է Իշխանաձորի, Այգեհովիտի եւ Սոնասարի միջնակարգ դպրոցներին կից։ 9-րդ դասարաններն ավարտել է ընդհանուր 173 դպրոցական, որոնց մեծ մասը նոր ուսումնական տարում շարունակելու են ուսումը ավագ դասարաններում։
Այս տարի շրջանից 30-ից ավելի շրջանավարտ ընդունվել են ՀՀ եւ ԱՀ պետական բուհեր։ Անցած ուստարում շրջանի հանրակրթական դպրոցներից 20-ից ավելի աշակերտ դպրոցականների առարկայական օլիմպիադաներում, շրջանային եւ ԱՀ հանրապետական փուլերում, նաեւ արտադպրոցական այլ մրցույթներում հասել են հաջողությունների, արժանացել մրցանակների, պարգեւների։ 35 աշակերտ դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլում իրավունք են ստացել մասնակցելու ԱՀ հանրապետական փուլին: Ուռեկանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանից Դավիթ Միքայելյանը եւ Աղաձորի միջնակարգի 8-րդցի Արթուր Մաթեւոսյանը ՆԶՊ առարկայից գրավել են 2-րդ մրցանակային տեղ, Քարեգահի միջնակարգի 12-րդ դասարանցի Դավիթ Նազարյանը ՆԶՊ առարկայից եւ Բերձորի Վ. Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգի 11-րդցի Հայկ Դավթյանը ռուսաց լեզու առարկայից գրավել են մրցանակային 3-րդ տեղեր, իսկ Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Գայանե Ըռքոյանը հայոց լեզու եւ Նարե Հովսեփյանը ՆԶՊ առարկաներից արժանացել են ԱՀ ԿԳՄ նախարարի գովասանագրի, որը ստացան նախարարի ձեռքից խորհրդակցության ընթացքում։ Նույն ժամանակ Շալուայի դպրոցի 4-րդ դասարանից Նելլի Բադալյանը եւ Բերձորի թիվ 1 դպրոցի 10-րդ դասարանից Սնեժանա Խաչատրյանն ու Գայանե Հովհաննիսյանն ընթերցանության ֆլեշմոբին մասնակցելու եւ հաջողության հասնելու համար ԱՀ ԿԳՄ նախարարի կողմից որպես պարգեւ ստացան գեղարվեստական գրքեր։ Շախմատի հանրապետական մրցումներին Բերձորի թիվ 1 միջնակարգի աշակերտ Ռուբեն Բայաթյանը գրավել է երրորդ, Գողթանիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Վալետինա Իսրայելյանր եւ Մարիամ Խաչատրյանը՝ երկրորդ ու երրորդ մրցանակային տեղեր: «Հրաշամանուկ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում Մովսեսաշենի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Քարամյանը գրավել է առաջին մրցանակային տեղը:
Մարտի 14-ից մինչեւ ապրիլի 14-ը նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ԱՀ կառավարության որոշման համաձայն, շրջանի ուսումնական հաստատություններում դադարեցվել են պարապմունքները: Շրջանի հանրակրթական դպրոցների տնօրեններին տրվել են ցուցումներ՝ ուսումնական պարապմունքները հնարավորության դեպքում հեռավար կազմակերպելու համար: Վերջերս անցկացվել է ուսուցչի թափուր տեղերի համալրման 47 մրցույթ: Հաղթող են ճանաչվել եւ աշխատանքի ընդունվել 12 մասնակից: Դպրոցների զգալի մասը դեռեւս ապահովված չէ մասնագետներով, որի հիմնական պատճառներից է նաեւ բնակարանային հիմնախնդիրը: Վ. Մովսիսյանը, անդրադառնալով դպրոցական շենքերի վիճակին, նշեց. «Աշակերտների թվի աճը, անկասկած, ուրախալի փաստ է, սակայն առաջացնում է խնդիրներ հատկապես այն դպրոցներում, որտեղ առկա է դասասենյակների պակաս»։ Հավելեց՝ շրջանի 15-ից ավելի դպրոցի շենք, հատկապես՝ Դրախտաձորինը, Մարտունաշենինը, Արվականինը եւ Տիգրանավանինը, հիմնանորոգման կարիք ունեն։
Ընդամենը 5 դպրոց ունի մարզադահլիճ։ ՆԶՊ եւ ֆիզկուլտուրա առարկաների դասավանդման համար դպրոցների մեծ մասում չկան նվազագույն պայմաններ, մարզական գույք, ուսումնական զենք: Բավարար չեն նաեւ Բերձորի պետական մանկապարտեզի շենքային պայմանները։ Այստեղ հաճախում է 120-ից ավելի երեխա: Ուրախալի է՝ 2019 թ. ընթացքում ավարտվել են Մոշաթաղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները՝ «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ։ ԱՀ կառավարության հատկացումներով գեղեցիկ ու հարմար շենք ունի Հայկազյանի դպրոցը։ Տանձուտի հիմնական դպրոցի շենքը հիմնանորոգվել է «Թուֆենկյան» հիմնադրամի աջակցությամբ։ Միրիկի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգումը կատարվում է «Հայրենասեր» ՀԿ աջակցությամբ։ Հիմնանորոգվում են Վանի եւ Աղավնոյի միջնակարգ դպրոցների շենքերը։ Վանում նաեւ ուսուցչի տուն է կառուցվել:
Նոր մասնաշենքի կարիք ունեն Ծաղկաբերդի, Կովսականի, Ղազարապատի եւ Սուսի միջնակարգ դպրոցները, իսկ Քարոտանի, Ծիծեռնավանքի, Մշենիի, Արծվաշենի, Շալուայի դպրոցների շենքերն ամբողջությամբ եւ Բերձորի թիվ 1-ի մի մասն ունեն հիմնանորոգման կարիք։ Մնացած կրթօջախների շենքերը նույնպես ունեն մասնակի խնդիրներ։ Աշակերտների թվի կտրուկ աճով (այժմ՝ 160-ից ավելի) պայմանավորված՝ Իշխանաձորում առկա է նոր մասնաշենքի կամ դպրոցի կառուցուման անհրաժեշտություն: ԱՀ ԿԳՄՆ ԳԹԿ տնօրեն Յ. Քարամյանը ներկայացրեց պետական քննությունների արդյունքները։ Բանախոսը գոհ չէր հանրապետական ընդհանուր արդյունքներից։ Տեղեկացրեց՝ քառորդային եւ տարեկան բարձր գնահատականներ ստացած շատ աշակերտներ քննությունների ընթացքում ստացել են ցածր գնահատականներ։ Յ. Քարամյանը հորդորեց դպրոցների տնօրեններին՝ աշակերտների գիտելիքները ճիշտ գնահատել։ ԱՀ ԿԳՄ փոխնախարար Մ. Համբարձումյանը տեղեկացրեց, թե նոր ուստարում ինչ փոփոխություններ են կատարվել: Առաջինը՝ բոլոր դպրոցներն աշխատելու են 6-օրյա ռեժիմով՝ կապված «Քովիդ-19» համավարակի հետ:
-Սա ժամանակավոր երեւույթ է,-ասաց Մ. Համբարձումյանը,- համավարակից հետո կանցնենք սովորական ռեժիմին: Երկրորդ փոփոխությունը կապված է առարկաների ժամաքանակների ու առարկայական ցանկի հետ: Միակ փոփոխությունը՝ 7-րդ դասարանում քիմիա առարկայի 1 ժամը պակասել է, դարձել 6 ժամ: Աշակերտների գնահատումը մնացել է նույնը:
Մ. Համբարձումյանը հորդորեց ներկաներին՝ ճիշտ գնահատեն աշակերտի գիտելիքը: Երրորդ փոփոխությունը կապված է ուսուցիչների ատեստավորմանը: Այժմ առավել ուշադրություն են դարձնելու ուսուցչի մասնագիտական գիտելիքներին, որը երեւում է բանավոր հարցումից: Անդրադարձավ նաեւ կրթական նոր չափորոշիչներին, նոր պայմաններում ուսումնական գործընթացը կարգավորելու խնդիրներին։ Նշեց՝ 100-ից ավելի աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցները կգործեն 2 հերթով։
Իր ելույթում ԱՀ ԿԳՄ նախարարը ողջունեց ներկաներին, երկրի բարգավաճման, հայրենասեր ու դաստիարակված սերունդ ունենալու գործում առաջնային համարեց հենց հանրակրթական դպրոցի դերը։ Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Լ. Ղարախանյանն ասաց, որ մեր ժողովուրդն ավելի մեծ դժվարություններ, ինչպիսին են արցախյան գոյամարտը, վերաբնակեցման սկիզբը եւ այլն, պատվով է հաղթահարել, կորոնավիրուսը նույնպես կհաղթահարենք։ Մնում է աշխատել նվիրումով։ Ներկայացնելով ԱՀ ԿԳՄՆ առաջիկա 5-ամյա տեսլականը, Լ. Ղարախանյանն ասաց՝ աշխատելու են միասին, թափանցիկ: Նշեց՝ աշխարհում ամենակարեւորն ուսուցչի մասնագիտությունն է, եւ մնացած բոլոր մասնագիտությունները շաղկապված են հանրակրթական դպրոցին: Տեղեկացրեց՝ առաջիկա 5 տարիների ընթացքում նախարարության ուշադրության կենտրոնում է լինելու բնագիտական առարկաների եւ դրանք դասավանդող ուսուցիչների խնդիրը: Սկսել է գործել «Իվան Աթայան» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու, լաբորատորիաները համալրելու համար, կրթական այլ նպատակներով:
Լ. Ղարախանյանը տեղեկացրեց՝ հիմնադրամին ֆինանսապես աջակցում է նաեւ ԱՀ նախագահը՝ գումար հատկացնելով իր աշխատավարձից: Բացի այդ՝ այս տարի ԱրՊՀ քիմիայի եւ ֆիզիկայի ֆակուլտետներ ընդունված 8 ուսանողին կտրամադրվի ամսական 50 հազարական դրամ կրթաթոշակ: Նույն հիմնադրամով կպարգեւատրվեն այն ուսուցիչները, ովքեր ԱրՊՀ եւ ԵՊՀ ֆիզիկայի ու քիմիայի ֆակուլտետների համար դիմորդներ կպատրաստեն, իսկ ԲՈՒՀ ավարտած բնագետ-մասնագետները բարձր աշխատավարձով կգործուղվեն շրջանների դպրոցներ: Ներկաները հարցեր եւ առաջարկություններ ուղղեցին ելույթ ունեցողներին:
Խորհրդակցությունը եզրափակվեց շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մ. Ալավերդյանի ելույթով։ Լինելով մանկավարժների որդի, կրթվելով Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում, Մ. Ալավերդյանը նշեց՝ Քաշաթաղի դպրոցների ուսուցիչներն աշխատել են նվիրումով, հավատում է, որ կշարունակվի նույն կերպ. «Եթե նախկինում կարեւոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլեւս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի եւ հասարակության համար: Արցախում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք՝ ինչպիսի պատրաստակամությամբ եւ նվիրումով են ծնողները երեխաների համար որակյալ կրթության ուղիներ փնտրում: Հետեւողականորեն կատարելագործվում է մեր կրթական համակարգը: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Այս ուսումնական տարվա մեկնարկը, ինչքան էլ արտասովոր է, այնուամենայնիվ, նշանավորվում է նաեւ մեկ այլ կարեւոր ձեռքբերմամբ. հետայսու ունենք անվճար բուհական կրթություն»:
Շնորհակալություն հայտնեց ԿԳՄ նախարարության ղեկավարությանը՝ խորհրդակցություն կազմակերպելու, շրջանի դպրոցներին աջակցելու համար։ Նոր ուստարում մաղթեց հաջողություններ՝ ի նպաստ հայոց երկրի բարգավաճման։ Օրվա ընթացքում ԿԳՄ նախարարը, նրան ուղեկցող այրերը Մ. Ալավերդյանի, Վ. Մովսիսյանի հետ Մոշաթաղ գյուղում ներկա եղան Մ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում «Արմաթ» տեխնոլոգիական լաբորատորիայի բացմանը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO