Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»

«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին

«Ամենից առաջավոր փիլիսոփայությունն այն փիլիսոփայությունն է, որ մեզ կասի, որ մենք պետք է սիրենք մեր հայրենիքի օգուտը, որ նրա լուսավորությունը մեր կյանքում ամենից ավելի մեծ բավականություն է պատճառում մեզ, որ նրա անդորրությունը եւ նրա բարիքը մեզ համար ծառայում են որպես վահան մեր ընտանեկան երջանկության, որ նրա փառքը մեր փառքն է, եւ եթե մարդու համար վիրավորական է արգահատելի հոր որդի կոչվելը, ապա ավելի վիրավորական է հայրենիքի արգահատելի որդի անվանվելը»:

Իր իսկ հռչակած այս սկզբունքով է ապրել ու գործել հարազատ ժողովրդին կյանքը նվիրաբերած բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական ու եկեղեցական գործիչ Հարություն (Գեւորգ) Ալամդարյանը, անհատականություն, որի լուսավորչական գաղափարներով սնվել էին նրա երեւելի սաները՝ Խաչատուր Աբովյան, Ստեփանոս Նազարյանց եւ ազգային տասնյակ այլ դեմքեր:
Հ. Ալամդարյանը ծնվել է 1870 թ. սեպտեմբերի 25-ին, Աստրախանում: Տեղի Աղաբաբյան դպրոցում նրա ուսուցիչն է եղել ժամանակի հայտնի դեմքերից Սերովբե Պատկանյանցը: Դպրոցահասակ պատանու համար, հավանաբար, ճակատագրական էր ունենալ հայրենասիրական ու լուսավորչական գաղափարներով սերունդներ կրթող առաջադեմ ուսուցիչ: Եվ բնավ պատահական չէր, որ ռուսաց մայրաքաղաքում Լազարյան ճեմարանի հիմնադիր Լազարյանները լսում են խոստումնալից երիտասարդի մասին եւ Մոսկվա են կանչում նրան: Դա 1814 թվականին էր: Անչափ հետաքրքիր է այն փաստը, որ հայության համար կարեւորագույն այս կրթօջախի հիմնադիրները որդեգրում եւ անվանափոխում են Ալամդարյանին՝ նրան տալով 1813 թ. հայրենական պատերազմում զոհված իրենց Հարություն որդու անունը: Իսկ ապագա բանաստեղծը հասցրել էր բավարար գիտելիքներ կուտակել նաեւ ինքնակրթությամբ, նվիրվում է ճեմարանին, մանկավարժներ ու աշակերտներ է հավաքագրում, մշակում դասընթացների ծրագրեր եւ զբաղվում անհրաժեշտ գրականություն հայթայթելու խնդրով: Ծանր զբաղվածությանը զուգահեռ, չէր դադարում սովորել, երբ դասավանդում էր հայոց եւ ռուսաց լեզուներ, միաժամանակ ձգտում էր յուրացնել լատիներենն ու ֆրանսերենը: Ճեմարանի պատմության մեջ, որի առաջին տեսուչն էր Ալամդարյանը, այդ տարիները հայտնի են «դար Ալամդարյան» անունով:
Բանաստեղծի մոսկովյան գործունեությանը հաջորդելու էր նույնքան նվիրական աշխատանք Վրաստանի մայրաքաղաքում: 1824-ին վիրահայոց թեմի առաջնորդ, ազգային ճանաչված գործիչ Ներսես Աշտարակեցին Հ. Ալամդարյանին հրավիրում է Թիֆլիս եւ առաջարկում դառնալ իր հիմնադրած դպրոցի տեսուչը: Շուրջ 6 տարի նա այդ պաշտոնին էր ու նաեւ ուսուցիչ. դասավանդում էր կրոն, վայելչագրություն եւ ռուսաց լեզու, սաների ուժերով կազմակերպում թատերական ներկայացումներ: Բանաստեղծն այդ տարիներին է գրել «Օրենք ռուս քերականության» ուսումնական գիրքը: Թիֆլիսում է ծանոթանում այդ ժամանակ Իրանում Ռուսաստանի դեսպան Ալ. Գրիբոյեդովի, մշակույթի ու հասարակական-քաղաքական երեւելի գործիչների, նրանց շարքում՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարոտի հետ, որն Անդրկովկաս էր եկել սուրբ լեռան՝ Արարատի գագաթը բարձրանալու նպատակով: Պրոֆեսորը բարեկամացել է Հ. Ալամդարյանի հետ, նրանից ստացել կարեւոր տեղեկություններ Հայաստանի, հայության կյանքի, ազգագրության ու պատմության մասին: Բանաստեղծ-մանկավարժը Ֆ. Պարոտին խորհուրդ է տվել անառիկ լեռան վերելքի օրերին գիտարշավի կայան կամ ճամբար դարձնել լեռան լանջին գտնվող Սուրբ Հակոբի վանքը: Հենց Թիֆիլիսում էլ նա ճանապարհորդ-գիտնականին է հանձնել այդ նպատակով գրված հանձնարարական նամակը, որն Էջմիածնում նա ներկայացրել է վանքի կառավարիչ Հովսեփ վարդապետ Տեր-Մարուքյանին:
Ունենալով ռուսական կողմնորոշում՝ Հ. Ալամդարյանն անթաքույց ցնծություն է ապրում 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Երեւանի բերդի գրավումով, այդ իրադարձությանը նվիրում իր հանրածանոթ «Տեսիլ» բանաստեղծությունը: Երեւանի ազատագրումը պարսիկներից ազգանվեր գործիչը գնահատում է «որպես Հայաստան աշխարհի փրկությունը անգութ պարսիկների երկաթե հնոցից»: Իսկ մինչեւ բերդի գրավումը նա հանդես էր գալիս հայրենասիրական հրապարակումներով, էապես աջակցում հայկական կամավորական գնդերի կազմավորմանը, ելույթներ ունենում այդ գնդերի առաջ: 1828-1830 թթ. եղել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը:
Լինելով ազատատենչ ու լուսավորական գաղափարների քարոզիչ՝ Հ. Ալամդարյանն ըմբոստանում էր ցարիզմի վարած ձուլման քաղաքականության դեմ, իր գործունեությամբ ձգտում հայ եկեղեցական ու ազգային հաստատությունների ինքնուրույնությանը: Բայց այդպիսի գործունեությունն աննկատ չէր կարող մնալ Անդրկովկասում ցարական իշխանությունների ներկայացուցիչների խուզարկու աչքից. բանաստեղծին մեղադրում են իբրեւ Ներսես Աշտարակեցու գաղափարակցի, եւ գեներալ Պասկեւիչի թելադրանքով Էջմիածնի սինոդը նրան աքսորում է Հաղպատ: Ցավով ու դառնությամբ է լցված նրա նամակը՝ հասցեագրված իր երբեմնի սանին՝ Խաչատուր Աբովյանին. «Տկար եմ այստեղ եւ լի դառը տրամադրությամբ. տեսնելով ինձ այստեղ՝ աշխարհիս հեռավոր այս անկյունում, իսպառ անպետք եմ իմ հայրենի աշխարհին եւ հայրենակիցներին»:
Նորից Հաղպատ, ինչպես հանճարեղ Սայաթ-Նովայի պարագայում է եղել: Երկամյա աքսորից հետո հայ մտավորականին ուղարկում են Նախիջեւանի Սուրբ Խաչ վանք: Այստեղ նույնպես նա երազում էր լուսավորության ջահ վառել: Սակայն Նախիջեւանին բախտ չէր վիճակված ականատես լինելու իր ուսյալ վանականի լուսավորական ձեռնարկումներին: Բանաստեղծն սպանվել է դավադրաբար 1834 թ. եւ թաղվել վանքի եկեղեցու առջեւ: 1862-ին վանահայր Գաբրիել Այվազովսկին հիմնովին վերանորոգել է վանքի եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կառուցել եկեղեցու արեւմտյան ճակատի առջեւ երկհարկանի զանգակատունը, բլրի թեք լանջին՝ դեպի այգին տանող քարե աստիճանները, վանքի աղբյուրի խոշոր ըմպելասրահը: 1865-ին եկեղեցու առջեւ թաղվել է գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հայ քննադատության եւ գեղագիտության հիմնադիր Միքայել Նալբանդյանը, 1892-ին՝ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը: 1902-ին նրանց գերեզմանների վրա, հանգանակված միջոցներով, դրվել են քանդակագործ Անդրեաս Մարուքյանի պատրաստած կիսանդրիները:
Հարություն Ալամդարյանի տապանաքարի վրա գրված է. «Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ»: Ներսես Աշտարակեցին, այցելելով նրա շիրիմին, ասել է. «Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր, ապա ես իմ ձեռքով քեզ կօծեի կաթողիկոս»: Իսկ Խաչատուր Աբովյանը «կսկծալի» տողեր է նվիրել իր մեծ ուսուցչին ու բանաստեղծին, որն անկորնչելի ժառանգություն թողեց մեր գրականությանը՝ քնարական, ազատասիրական բանաստեղծություններ, ձոներ ու առակներ, բառարաններ, ճառեր ու հոդվածներ, թարգմանական մասունքներ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

25-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO