Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԼՂՀ


Օգնություն աղերսող հայոց սրբատունը

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան

Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Վարազգոմի վանք կոչվող եկեղեցին, ըստ հուշարձանագետների, ճարտարապետական հորինվածքով միակ կառույցն է հայ եկեղեցաշինության ճարտարապետական հորինվածքով. ունի 2 խորան: Մեկն արեւելքից է, ինչպես ընդունված է հայ եկեղեցիներում, մյուսը՝ հյուսիսից:
Հուշարձանագետների տեղեկությամբ՝ հայ եկեղեցիները լինում են միախորան՝ արեւելքից կամ եռախորան եւ քառախորան: Վարազգոմի վանք եկեղեցին, որը կառուցվել է 1100 տարի առաջ, երկխորան է՝ բացառիկ իր էությամբ: Կենտրոնագմբեթ սրբատունը Հակարի գետի Աղավնո-Արքունագետ վտակի ձախակողմյան բարձրադիր դիրքում է՝ ժայռերով պատված լանջի ստորոտում, ձորի պռնկին: Այս մասում կա որոշակի լայն տարածք, որտեղ միջնադարում գոյություն է ունեցել Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի Վարազգոմ կամ, հնարավոր է, այլ անվամբ բնակավայրը: Ելնելով եկեղեցու ներկայությունից, տարածքում պահպանված միջնադարյան կառույցների ավերակներից, հայկական հանգստարանի՝ առայժմ 20-ից ավելի շիրմաքարերից՝ կարելի է եզրակացնել, որ ժամանակին այստեղ գոյություն է ունեցել հայաշատ ու ծաղկուն, շեն մի բնակավայր, որի հյուսիսարեւելյան կողմում մեկ այլ բնակատեղի էլ կա: Հնարավոր է, որ նույն Վարազգոմի թաղամասերից է կամ առանձին բնակավայր է եղել:
Եկեղեցու հարեւանությամբ պահպանվել են բազում շինությունների ավերակներ: Կան նաեւ 4 մ երկարությամբ, 3 մ լայնությամբ, 2 մ կամ քիչ ավելի բարձրությամբ, կանոնավոր մուտքերով, ներսը հարդարված քարանձավներ, որոնք նույնպես եղել են բնակելի: Դրանցից որոշներն ուղղաձիգ ժայռերի միջնամասում են, եւ դրանց բնակիչները պարաններով են ներս ու դուրս արել: Հնավայրի հյուսիսային կողմով՝ նեղ ձորակով փոքր գետակ է հոսում, որը տեղ-տեղ կասկադաձեւ ջրվեժներ է ստեղծել: Հարավարեւելյան կողմում աղբյուր եւ առվակ կան: Շատ անգամ եմ եղել սրբավայրի տարածքում եւ մշտապես տարածքի՝ հայոց պատմության նոր վկաներ եմ գտել:
2020 թ. սեպտեմբերի 20-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ հերթական անգամ եղա սրբավայրի տարածքում: Քաշաթաղի շրջանի Տանձուտ-Մոշաթաղ բնակավայրերի միջնամասի ձախակողմյան հարթ տարածքով ճանապարհը ձգվում է դեպի Վարազգոմի վանք: 1 կմ-ից ոչ ավելի անցնելուց հետո, գետակի ափից սկսվում են ոլորանները, որոնցով հնարավոր է անցնել միայն ամենագնաց մեքենաներով: Իսկ եթե ճանապարհին քարաթափ է եղել, ինչպես այդ օրն էր, արդեն կրկնակի է դժվարանում բարձունքը: Այնուամենայնիվ, տեղ հասանք՝ որոշ հատվածներում ճանապարհը մաքրելով քարերից:
Խիստ վթարային վիճակում է հայոց սրբատունը եւ հիմնանորոգման, գոնե ամրացման խնդիր ունի: Յուրաքանչյուր հայի պարտականությունն է՝ տեր կանգնել 1100 տարեկան հայոց եկեղեցուն: Տարածքի ավերակներում պահպանվել են 20 եւ ավելի խաչքարեր ու տապանաքարեր: Զգացվում է՝ հնավայրը հիմնականում ավերվել է խորհրդային տարիներին: Շիրմաքարերը բեկորների են վերածվել եւ դարձել շինաքար թուրքաշեն գոմերի համար: Այդ օրը մի հետաքրքիր խաչքար եւ 3 տապանաքարի բեկոր բացեցինք հողի տակից: Եթե տարածքում պեղումներ կատարվեն, հավատացած եմ՝ հայոց քարակերտ մշակույթի ավելի շատ նմուշներ կհայտնաբերվեն: Միջնադարյան հայկական կառույցների հարեւանությամբ պահպանվել է 20-րդ դարի կեսերին կառուցված թուրքական գոմի ավերակը: Միջնադարյան շինությունների հիմնական մասից փոսորակներ են պահպանվել կամ 1-2 շարքով պատեր: Երկու շինության պատերը, որոնք ունեն մոտ 1,5 մ լայնություն, պահպանվել են: Գետնափոր կառույցներ են, սակայն ունեն վարպետորեն կառուցված կրաշաղախով եւ կիսամշակ բազալտով պատեր: Երեւի վանական համալիրի կառույցներից են: Մեկը եկեղեցու արեւելյան կողմում է, մյուսը՝ հյուսիսային: Եկեղեցու մուտքը եղել է հարավային կողմից:
Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան 1999 թ., էջ 136-138) տեղեկացվում է, որ Վարազգոմի մասին առաջին ուսումնասիրությունը կատարվել է 1960 թ., որի հիման վրա 1982-ին տրվել է սրբատան նկարագրությունը: 1986 թ. «Էջմիածին» հանդեսում Ռ. Աբգարյանի հեղինակությամբ տպագրվել է «Հայ ճարտարապետության նորահայտ հուշարձան» վերնագրով հոդվածը (թիվ Զ, էջ 48-53): Տարածքի ազատագրումից հետո եւ վերահայացման շրջանում արդեն հնարավոր է առավել ուսումնասիրել հուշարձանը, իհարկե, ոչ միայն Վարազգոմը, այլեւ Աղավնոյի հովտի եւ հայոց մշակույթի մնացած վկաները: Վերջերս նաեւ ֆիլմ նկարահանվեց Վարազգոմի մասին: Մամուլում մի քանի հոդվածներ են հրապարակվել իմ հեղինակությամբ: Եվ հիմնական նպատակն է՝ տեր կանգնենք բացառիկ այս հուշարձանին, որ հետագայում միայն լուսանկարներով չփաստենք 1100-ամյա հայոց սրբատան մասին:
Արտաքին չափերն են՝ 10,50x10 մ: Բարձրությունը՝ մոտ 10 մ, պատերն ունեն մոտ 1 մ հաստություն, շարված են կոփածո, որոշ հատվածներում սրբատաշ բազալտով եւ կրաշաղախով: Ներսից եղել է սվաղված: 4 անկյունում ավետարանիչների բարձրաքանդակներ կան: Գմբեթի թմբուկը գլանաձեւ է եւ նստած է գմբեթակիր որմնասյուների վրա: Խորանների մեջտեղում՝ հյուսիսայինի պատից կա մուտք, որը տանում է դեպի արեւելյան կողմում գոյություն ունեցող փոքր մակերեսով շինություն, որի ձախակողմյան սրբատաշ անկյունաքարին գեղեցիկ խաչ է քանդակված: Նման շինության հիմքերը կան նաեւ հարավային մուտքի աջ կողմում: Հավանաբար, ավանդատներ են եղել՝ որոշակի առանձնահատկությամբ, ինչպես ինքը՝ եկեղեցին է: Խորանների գմբեթարդները քանդված են, հյուսիսայինի պատը ճաք է տվել: Գմբեթը նույնպես ճաքեր ունի, վերեւում բաց է: Արտաքին պատերից արեւելյանի ներքին հատվածի սրբատաշ քարերն ամբողջությամբ հանվել են տեղից: Զգացվում է՝ քանդվել է դարձյալ խորհրդային տարիներին, սրբատաշ քարերը քրդաթրքերն օգտագործել են մոտակա գոմը կառուցելիս:
Պահպանված մասի շարը նման է Սեւանի վանքի եւ Սյունիքի 9-11-րդ դարերի այլ հոգեւոր հուշարձանների՝ Տաթեւի, Որոտնավանքի կառուցողական ոճին: Վերին հատվածում պատերը 16-17-րդ դարերում հիմնանորոգվել են: Շինության պատերին արձանագրություններ չեն պահպանվել: Եկեղեցու հյուսիսային կողմում մի գեղաքանդակ խաչքարի կեսն է ընկած՝ 1,42-1 մ չափերով: Մյուս կեսը չգտնվեց, հնարավոր է՝ մոտակա գոմի պատերի մեջ է ագուցված: Առայժմ պահպանված 2 ամբողջական խաչքարերից մեկն ունի 120x60x25 սմ չափեր: Գեղաքանդակ միակ խաչը քարի վերնամասում է, ունի նռան եւ խաղողի քանդակներ: Երկրորդը 108x69x30 սմ չափերով է: Միակ խաչը քանդակված է քարի ողջ երեսին, մեջտեղում կա շրջանակ, վերին հատվածում խաղողի ողկույզներ են քանդակված: Օրվա ընթացքում ավերակներից մեկի մոտ՝ հողի տակից գտանք մեկ այլ խաչքար, որը դեղնավուն քարից է, մի կողմը՝ ջարդված: Չափերն են՝ 98x45: Քարի մեջտեղում մեծ խաչ է քանդակված՝ բարակ գծերով: 4 կողմերը թեւեր ունեն, մեջտեղում կորանման է: 2 խաչ քանդակված են մեծի ներքին մասի կողմերում: 1-ական էլ՝ ավելի փոքր չափերով՝ վերին մասում: Խաչքարի աջ կողմի եզրերը ջարդված են:
Տարածքի հայոց հանգստարանում եղել են նաեւ ավելի մեծ չափերով ու գեղաքանդակ խաչքարեր, սակայն դրանք նույնպես օգտագործվել են որպես շինաքար, հիմնականում՝ շենքերի պատերի, դռների, պատուհանների անկյունաքար: Նման խաչքարերից մեկի վերնամասը հանվել է պատի միջից: Ունի 79x37 սմ չափեր: Մեկ այլ խաչքար կանգուն վիճակում է՝ կեսից ավելին հողի տակ: Ամբողջական տապանաքարերից մեկն ունի 218x120x43 սմ չափեր, վրայի քանդակները մաշված են: Մեկ այլ տապանաքարի երեսը կիսամաշ է, ունի 1 մ երկարություն, 60 սմ լայնություն, 35 սմ հաստություն: 113x47,5x38 սմ չափերով տապանաքարը մարդու կերպարանքով է: Նշեցինք՝ ջարդված ու բեկորված տապանաքարերի կտորներ կան ավերակներում: Մեկ այլ կտոր՝ 100x30 սմ չափերով, բացվեց հողի տակից:
Տարածքում հարկավոր է կատարել պեղումներ, եւ վստահ եմ՝ կգտնվեն այլ հուշարձաններ, հնարավոր է՝ արձանագիր: Այժմ հաճախ ենք խոսում զբոսաշրջության զարգացման մասին: Իսկ Քաշաթաղի շրջանը, իր գեղատեսիլ վայրերով եւ պատմաճարտարապետական հուշարձաններով, կարող է ընդունել զբոսաշրջիկների: Միայն Աղավնոյի հովտում կան 10-ից ավելի եկեղեցի՝ կանգուն ու ավերակ, բազում ամրոցատեղիներ, կամուրջներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր եւ այլ հուշարձաններ: Վարազգոմի վանքի եկեղեցին կհետաքրքրի ցանկացած մարդու՝ հուշարձանագետի, թե այլ մասնագետի: Այժմ այդ եզակի կառույցը վտանգված է եւ օգնություն է աղերսում: Նորոգման հիմնախնդիր ունի նաեւ այստեղից մոտ 3 կմ արեւմուտք ընկած հայոց մեկ այլ սրբատուն՝ Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին՝ կառուցված 12-րդ դարում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

07-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO