Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կրթությու՛նը պետք է սպասարկի ռազմարդյունաբերությունը, վերջինս էլ՝ տնտեսությանն ու ազգին

Տնտեսագետն առաջարկում է վերանայել առանցքային որոշ ուղղություններ

Պատերազմն սկսեց թուրք-ադրբեջանական տանդե՛մը, սադրանքները կիրառեց նույն տանդե՛մը, ահաբեկիչ վարձկաններին բերեց-լցրեց էլի նույն տանդե՛մը, բայց քաղաքական իմաստով տարածաշրջանային լուրջ գործոն դարձավ Հայաստա՛նը (իհարկե, Արցախի հետ միասին): Սա՝ հակիրճ՝ իբրեւ այս օրերի պարզ ամփոփում:
Ու որպեսզի կարողանանք պահպանել մեր դերը պատերազմից հետո եւ ապագայում, մեզ անհրաժեշտ է ունենալ ամուր տնտեսություն: Ի՞նչ է պետք անել դրա համար` կտրուկ փոփոխություննե՞ր են անհրաժեշտ, թե՞ կոսմետիկ որոշակի քայլեր, սահուն-կայուն զարգացու՞մ է պետք, թե՞ արագ փոփոխություններ՝ հաշվի առելով այն պարագան, որ ապագայում էլ այս տանդեմի հետ չեն բացառվում հնարավոր պատերազմները, որ մեզ անհրաժեշտ է օրեցօր ավելի ու ավելի ամրացող բանակ, եւ որ հզոր բանակի թիկունքում պետք է ուժեղ տնտեսություն կանգնած լինի: «ՀՀ»-ի զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է: Սակայն մինչ մեր տնտեսության արագ տեղաշարժի համար անհրաժեշտ քայլերին անդրադառնալը տնտեսագետին առաջարկեցինք հակիրճ ներկայացնել թուրքական ու ադրբեջանական տնտեսությունների ներկայիս վիճակը՝ մեր տնտեսության որոշ քայլեր ընկալելի դարձնելու համար:
Այսպիսով` ըստ Սուրեն Պարսյանի, Թուրքիան մի տնտեսություն է, որի միայն արտահանումը տարեկան 170 մլրդ դոլար է կազմում: Այնուամենայնիվ, Թուրքիան վերջին տարիներին տնտեսական անկում է գրանցում, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով. որպես կայուն գործընկեր կորցնում է իր վստահությունը, քանի որ ներգրավված է ամենատարբեր կոնֆլիկտներում, ավելին՝ ինքն է հրահրում դրանք, ներդրող երկրների հետ քաղաքական խնդիրներ ունի (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ), որոնք սկսել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այն այս տարի լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել: «Այս տարվա երկրորդ եռամսյակում թուրքական տնտեսությունը նվազել է 9.9 տոկոսով: Սա աննախադեպ ցուցանիշ է՝ այդ պետության վերջին տարիների ցուցանիշները հաշվի առնելով: Իսկ արտահանումն այս տարվա 8 ամիսների հաշվարկով նվազել է 12.9 տոկոսով: Սա եւս մեկ հարված է: Արտահանումն ավելի կնվազի, քանզի, օրինակ, Սաուդյան Արաբիան որոշել է արգելել թուրքական ապրանքների ներկրումը: Որպեսզի հասկանանք՝ ինչ է սա նշանակում, ասենք, որ Թուրքիան տարեկան Սաուդյան Արաբիա էր արտահանում 2.7 մլրդ դոլարի ապրանք: Այլ երկրների կողմից նույնպես սանկցիաներ կիրառելու մասին խոսվում է»,-ասաց տնտեսագետը:
Բացի այս, Թուրքիայի ներդրումները նույնպես նվազել են. 2019 թ. 2018-ի համեմատ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 8,6 մլրդ դոլարով կամ 35 տոկոսով։ Ներդրումները շարունակում են կրճատվել նաեւ այս տարվա ընթացքում։ Սա էլ է բերելու լուրջ խնդրի՝ նոր ներարկումներ չեն արվում, նոր աշխատատեղեր չեն ստեղծվի, եղածների մի մասն էլ կկրճատվի: Այս ամենը, բնականաբար, ազդեցություն է թողել թուրքական լիրայի վրա: Չնայած Թուրքիայի կենտրոնական բանկը շարունակում է ներարկումներ իրականացնել, այնուամենայնիվ, լիրան վերջին 3-4 տարիներին 120-130 տոկոսով արժեզրկվել է: Այս տարվա միայն սեպտեմբերին՝ 5 տոկոսով: Լիրայի արժեզրկումը, բնականաբար, հանգեցնելու է Թուրքիայում ներկրվող ապրանքների թանկացման՝ սոցիալական բոլոր հետեւանքներով հանդերձ: «Հիմա Թուրքիան նման քաղաքական արկածախնդրությամբ փորձում է իր հասարակությունից թաքցնել սպասվելիք խնդիրները, բայց դա չի կարողանալու երկար ժամանակ անել, հանրությունն իր մաշկի վրա է զգալու»,- նկատեց Ս. Պարսյանը:
Գանք ադրբեջանական տնտեսությանը, որ նույնպես անկում է գրանցում: Ադրբեջանի ՀՆԱ-ի 45-50 տոկոսը կազմում է նավթա-գազային ոլորտը: Այսինքն՝ նավթի ու գազի գներով է պայմանավորված այս տնտեսության շարժը, որ նստած է նավթային ասեղի վրա: «Նրանք երկար ժամանակ խոսում էին, որ պետք է տնտեսությունը դիվերսիֆիկացնել,- ասաց տնտեսագետը,- բայց այդպես էլ ոչինչ չարեցին. ձախողել են տնտեսական բարեփոխումների իրենց ամբողջ փաթեթը»: 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունն անկում է գրանցել 3 տոկոսով։ Այս տարվա նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ընդհանուր արտահանումը նվազել է 3,6 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 36,1 տոկոսով, որի հիմնական պատճառը նավթի ու գազի գինն է:
Ըստ այդմ` մեկ թիվ էլ մեջբերենք: Տնտեսագետի խոսքերով՝ շարունակում է գահավիժել ադրբեջանական նավթի գինը: Իրենք նախատեսել էին 1 բարելի դիմաց 55 դոլար, բայց այս տարի այդպիսի գին չի եղել: Այլ կերպ՝ բյուջեն կազմել են, գումարները չեն հոսում: Ստիպված օգտագործում են պահուստները՝ աշխատավարձ, կենսաթոշակ տալու համար: «Պետական նավթային ընկերության միջոցներով նաեւ դոլար են ներարկում տնտեսության մեջ, որպեսզի մանաթի փոխարժեքը պահպանեն»,- ասաց զրուցակիցս` միաժամանակ հավելելով, թե նրանք հասկանում են, որ այսպես երկար շարունակել չեն կարող, դրա համար էլ 2021 թ. բյուջեն նախատեսել են 15 մլրդ դոլար՝ 2 մլրդով պակաս 2020 թ. բյուջեով նախատեսվածից:
Չմոռանանք, որ Ադրբեջանի արտահանվող ապրանքների երկրորդ խումբը գյուղատնտեսական ապրանքներն են: Այս ոլորտը նույնպես անկում է գրանցել՝ 8.7 տոկոս: Պատերազմական այս օրերին ադրբեջանական անխոհեմ քայլերը հանգեցրին նրան, որ Գյանջայի (մեր Գանձակն է) օդանավակայանը հօդս ցնդեց: Մենք ընդամենը գյուղոլորտի մասով կասենք, որ այս շրջանն է ապահովում Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, տավարի միս, ձու եւն: «Ադրբեջանը կերակրող հիմնական շրջաններից մեկն է, հատկապես կարտոֆիլի մասով, կարտոֆիլի շտեմարան է համարվում»,- բացատրեց Ս. Պարսյանը: Նաեւ այստեղ է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարեւորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արեւելքից արեւմուտք եւ հակառակը բեռների փոխադրումը։ Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխելուց, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։
Այսպիսով` ոչ թուրքական եւ ոչ էլ ադրբեջանական տնտեսությունները լավ վիճակում չեն: Թուրք-ադրբեջանական տանդեմը մեր դեմ պատերազմ սկսեց, բայց, ի պատիվ հայ զինական ուժի, մենք հաջողություններ ենք արձանագրում եւ, անկասկած, հաղթելու ենք: Ի՞նչ պետք է անենք մե՛նք մեր տնտեսությունում՝ բանակը միշտ հաղթական պահելու համար: Առաջնային մի քանի քայլեր կան:
«Մենք մեր տնտեսությունը, պետական համակարգն ամբողջությամբ պետք է վերափոխենք պատերազմական իրավիճակների կանոններին համաձայն: Ամբողջությամբ պետք է վերանայենք մեր տնտեսության մոդելը, պետք է ունենանք ուժեղ պետություն՝ ուժեղ ինստիտուտներով՝ սկսած պետական բժշկական հաստատություններից, վերջացրած տարբեր պետական ընկերությունների առկայությամբ»,- ասաց տնտեսագետը: Օրինակ` նրա խոսքերով, մենք տարիներ շարունակ գումարներ ենք ներդրել, պետական միջոցներ ենք ծախսել մասնավոր հիվանդանոցներին պատվերներ իջեցնելով, այն դեպքում, երբ պետական հիվանդանոցները գնալով թուլացել են: Հիմա պետք է հզորացնենք պետական հատվածը: Բնականաբար, մասնավորն էլ իր հերթին է ուժեղանալու՝ տնտեսական օրինաչափությունը հաշվի առած:
Նաեւ պետությունը չպետք է միայն պահակ լինի, նա պետք է գործուն մասնակցություն ունենա տնտեսական գործընթացներին: Տնտեսագետը համապատկերում նշեց, որ, օրինակ, պետք է վերանայել «բաց երկնքի» քաղաքականությունը. «Պատերազմական այս իրավիճակում հասկացանք, որ մեր նպատակը ոչ թե էժան տոմսն է, այլ սեփական ավիացիա ունենալը: Մենք պետք է ունենանք մեր սեփական պարկը»:
Պարենի ապահովության ու անվտանգության հարցը մշտապես պետք է օրակարգում լինի՝ անընդհատ բարձրացնելով ինքնաբավության մակարդակը: Սա խիստ անհրաժեշտ է եւ՛ խաղաղ, եւ՛ պատերազմական պայմաններում: Երկրի զարգացման ուղղություններից տեխնոլոգիականը նշելիս չմոռանանք, որ գյուղատնտեսությունն էլ սնում է մեր երկիրը:
Եվ մյուս՝ ամենակարեւոր ուղղությունը, որ շեշտեց Սուրեն Պարսյանը, կրթությունն է. «Կրթությու՛նը պետք է սպասարկի ռազմարդյունաբերությունը եւ վերջինս էլ՝ տնտեսությանն ու ազգին: Սրանք փոխադարձ կապի մեջ պետք է լինեն: Կրթությունը պետք է այնպես անի, որ պատերազմական վիճակում բոլորն ու յուրաքանչյուր ոք իմանան՝ ինչ ու ինչպես են անելու՝ աշակերտից սկսած»:
Ազգային համերաշխության շնորհիվ մենք այս ամենից դուրս կգանք հաղթանակած: Բայց ապագայում էլ հաղթելու համար պետք է սերտենք այսօրվա՛ դասերը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO