Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տնտեսությունն ամբողջ ներուժով պետք է ծառայի անվտանգությանը

Մասնագետը համոզված է՝ պետությունը պե՛տք է որոշիչ դեր ունենա եւ ամբողջովին չապավինի շուկայական գործիքներին

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը եւ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճն ու մեր աշխարհագրական դիրքը, տեղն ու դերը՝ ապագայում էլ պատերազմները բացառել պետք չէ: Համենայնդեպս, ավելի լավ է պատրաստ լինել: Պատրաստ լինելու համար հարկ է հզոր բանակ ունենալ: Հզոր բանակ ունենալու համար մեզ ուժեղ տնտեսություն է պետք:
Ի՞նչ անել այս նպատակին հասնելու համար, ի՞նչ առաջնային քայլեր է պետք ձեռնարկել, ի՞նչ է ուղղություններ է անհրաժեշտ շեշտադրել: Մենք մեկ հարթակում միավորում ենք տարբեր տնտեսագետների՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները: Մեր այսօրվա զրուցակիցը տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանն է:
Տնտեսագետը մինչ մասնագիտական գնահատումներին անդրադառնալը ցանկացավ «կարեւոր հաստատում» անել, այն է՝ «ՀՀ»-ի նախաձեռնությունը շատ կարեւոր է՝ մեկտեղելու մասնագիտական կարծիքներն ու առաջարկները, որովհետեւ կարծիքների բախումից է, որ կարող ենք ունենալ իրական արդյունավետ լուծումներ: «Ես ոչ միայն ողջունում եմ այս նախաձեռնությունը, այլեւ ուզում եմ, որ այն շարունակական ու մշտական լինի, որպեսզի լսելի լինի մասնագետների խոսքը»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը:
Գանք մասնագիտական քննարկմանը: Տնտեսագետը համոզված է, որ նեոլիբերալ մոտեցումները չեն բերել եւ չեն բերելու տնտեսական զարգացման այնպիսի մի մոդելի, որը, այո, կլուծի եւ՛ մեր անվտանգային հարցերը, եւ՛ կստեղծի իրական հիմքեր կայուն զարգացման համար: «Սա փաստ է նաեւ մեր անցած ճանապարհով,- ասաց նա,- պատահական չէ, եւ շատ կարեւոր է, որ մեր Սահմանադրությունում Հայաստանի Հանրապետությունը հռչակված է իբրեւ սոցիալական պետություն, որը պետք է ունենա սոցիալական եւ տնտեսական կամք: Այսինքն՝ շուկայական տնտեսական զարգացմանը զուգահեռ պետությունը պետք է ստանձնի եւ կարեւոր դերակատարը լինի սոցիալական խնդիրների լուծման եւ ներառական զարգացման համար: Սոցիալական պետության մոդել կառուցելուն մենք այլընտրանք չունենք»:
Թադեւոս Ավետիսյանի խոսքերով` աշխարհաքաղաքական ռիսկերով, մեր այսօրվա վիճակով եւ նաեւ ապագա մարտահրավերներով պայմանավորված՝ պարտադրված ենք զարգանալ՝ պահպանելով մեր անվտանգությունը եւ նաեւ պետությունն ու պետականությունը: Պետք է զարգանանք՝ չզիջելով մեր հիմնական անվտանգային պայմանները. «Մենք ոչ թե պետք է զիջենք անվտանգությունը ի նպաստ տնտեսական զարգացման, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսությունն իր ողջ ներուժով պետք է ծառայի անվտանգությանը»:
Եթե փորձենք հակիրճ ձեւակերպել, ապա զարգացման ի՞նչ հստակ ուղենիշեր է տալիս մասնագետը. «Մեր զարգացման հիմնական ուղենիշը սոցիալական պետության կառուցումն է: Եվ այս սոցիալական պետության մեջ տնտեսությունը պետք է ծառայի երկու հիմնական ուղղությունների՝ բանակն ամրապնդելու եւ սոցիալական խնդիրները լուծելու»: Ու որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չտա, Թ. Ավետիսյանը հստակեցրեց, թե սոցիալական խնդիրներ ասելով նկատի ունի ոչ թե նպաստների, այլ՝ ներառական զարգացման ձեւով, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդիկ ներառված լինեն արժեքի ստեղծման շղթայում եւ կարողանան հային վայել ապրել:
Ազատական տնտեսահարաբերություններն այս համապատկերում հետին պլան չե՞ն մղվի: Հարցիս ի պատասխան` տնտեսագետը պարզաբանեց. «Բնավ ոչ: Տնտեսությունը պետք է զարգանա շուկայական կանոններին համապատասխան, բայց պետությունը պետք է ունենա որոշիչ մասնակցություն եւ կարգավորիչ դեր: Պետությունը չի կարող ամբողջովին ապավինել շուկայական գործիքներին: Պետությունը պետք է դոմինանտ դեր ունենա»: Այսպիսով՝ առաջնային ո՞ր ոլորտներն է անհրաժեշտ զարգացնել՝ պետությունն ուժեղացնելու եւ առաջանցիկ խնդիրները լուծելու համար: Ստորեւ նշվող բոլոր ոլորտներում էլ մենք ունենք ներուժ եւ հնարավորություն:
Առաջինը` Թադեւոս Ավետիսյանի համոզմամբ` ռազմարդյունաբերությունն է եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որը պետք է զարգանա փոխառնչված եւ լինի մեր հիմնական լոկոմոտիվներից մեկը: Սրա շուրջ կարող են հավաքվել նաեւ տարբեր ոլորտներ, բազմապատկիչ էֆեկտն ակնհայտ է: Ունենք եւ՛ գիտական ներուժ, եւ՛ նախադրյալներ, եւ՛ պահանջարկ: «Եվ, ինչու ոչ, մենք կարող ենք դուրս գալ միջազգային շուկա: Ռազմարդյունաբերական արտադրանքն արտադրելու ներուժ էլ ունենք,- ասաց զրուցակիցս եւ շահարկումներից խուսափելու համար բացատրեց,-ռազմարդյունաբերական արտադրանք ասվածը միայն տանկը, ծանր հրետանին չէ: Բացի այդ, պետք չէ պատկերացնել միայն բոլոր փուլերով վերջնական արտադրանքի թողարկում: Այսինքն՝ մեր ռազմավարական գործընկերների եւ բարեկամ երկրների հետ կարող ենք համատեղ արտադրանքներ թողարկել եւ այն հիմնական բաղադրիչները, որոնք ուղղակիորեն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, իսկ դրանք բազմաթիվ են եւ անսահման պահանջարկ ունեն: Այստեղ պետք է միայն իրական պետական մասնակցություն եւ խթանիչ կարգավորում: Ու կտեսնենք, թե ինչքան արագ միջազգային շուկաներում այս ոլորտում ճանաչված կդառնանք: Կան դրա նախադրյալները, կան օրինակները, հաջողված փորձերը»:
Երկրորդ ուղղությունը, ըստ մասնագետի, հանքարդյունաբերական ներուժն է: Ժամանակը չէ՞, արդյոք, այս ոլորտը գոնե առժամանակ հանգիստ թողնելու: Դիտարկմանս ի պատասխան տնտեսագետը նշում է՝ ներուժն ահռելի է, որ կարող է կայուն կերպով նպաստել մեր տնտեսական զարգացմանը, զբաղվածության խնդիրներ լուծել եւն. «Իհարկե, առավել կարեւոր են բնապահպանական խնդիրները: Եվ դրա ձեւերը կան, հեծանիվ հայտնագործել պետք չէ: Ներուժից պետք է օգտվենք՝ առանց պաշարները գերշահագործելու: Ու պետությու՛նը պետք է շահի: Հանքարդյունաբերական ոլորտը շատ երկրներում արդյունավետ զարգանում է հենց պետական սեփականության ներքո: Ու այն միֆը, որ պետությունը վատ կառավարող է, ստեղծված է վայրենի լիբերալիզմը առաջ մղելու համար: Ի՞նչ է, մասնավոր կառավարիչը երբեք չի՞ ձախողում»:
Մյուս ուղղությունը մեր բնակլիմայական եւ պատմամշակութային ներուժն է: Բնակլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնելու ինտենսիվ գյուղատնտեսությունը: Խնդիրներ պարբերաբար կան՝ օրինակ, կարկտահարությունը, բայց սա էլ լուծում ունի՝ կանխարգելիչ քայլեր, ապահովագրություն եւ այլն: Խնդիրները բազմաթիվ են, եւ դրանք չի լուծում շուկան: Պետության դերակատարման անհրաժեշտությունն այս ոլորտում եւս կա:
Զարգացման համար կարեւոր մեկ այլ ուղղություն էլ գիտելիքահենք եւ աշխատատար ճյուղերի զարգացումն է: Այստեղ էլ ներուժ ունենք եւ դեռեւս պահպանված որակյալ աշխատուժ: Խոսքը տեքստիլ արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գյուղմթերքի վերամշակող արդյունաբերության մասին է: Աշխատուժն ունենք, մնում է նոր տեխնոլոգիաներով պայմանավորված՝ վերապատրաստման հարցը լուծել: Տնտեսագետի խոսքերով՝ պետությունն այստեղ էլ պետք է մասնակցություն ունենա, կան, չէ՞, զբաղվածության ամենատարբեր ծրագրեր, պետք է նպատակային ու հասցեական լինի ամեն ինչ: Այստեղ էական հնարավորություններ կան՝ զբաղվածության հարցեր լուծելու՝ նպաստից դեպի աշխատանք կոնցեպտը գործի դնելու:
Մյուս ոլորտը բանակն է, որին պետք է աջակցենք ամենատարբեր ձեւերով, ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով՝ սկսած ռազմարդյունաբերական ոլորտի շահույթի ներարկմամբ, վերջացրած ամենատարբեր հարթակների ստեղծմամբ: Պատերազմի ժամանակ մենք տեսնում ենք, թե ժողովուրդը, մեր սփյուռքը ինչքանով են պատրաստ իրենց բանակին աջակցելու, նեցուկ լինելու: «Բայց սա չպետք է լինի տարերային, չպետք է լինի միայն այն ժամանակ, երբ վրա է հասնում պատերազմը,-շեշտեց Թադեւոս Ավետիսյանը,- այլ պետք է լինի ինստիտուցիոնալ հենքի վրա: Դրա նախաձեռնողն էլ պետք է պետությունը լինի: Ակտիվ մասնակիցները պետք է քաղաքացին, անհատը, գործարարը, կազմակերպությունները լինեն, բայց, կրկնում եմ, պետությու՛նը պետք է նախաձեռնի»:
Եվ եկանք սփյուռքի ներուժին: «Սփյուռքը օգնողից, աջակցողից պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման գործոն: Ձեւակերպումներից պետք է անցնել գործողությունների: Դա էական բեկում կարող է մտցնել մի շարք ոլորտներում զարգացման համար»,- ասաց տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, թե սփյուռքի կապիտալը կարող է խթան լինել օտարերկրյա ներդրումների սպասված հոսքի համար:
«Մի խոսքով, մենք ունենք իրական ներուժ կայուն զարգանալու եւ պինդ պահելու մեր անվտանգությունը եւ խորացնելու մեր հնարավորությունները՝ անվտանգային խնդիրները լուծելու համար՝ այդ թվում եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներից բխող»,- եզրափակեց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Ի դեպ, մեր զրույցի վերջում էլ շեշտադրում արեց` զարգացման համար նախ հարկային քաղաքականությունը պետք է արմատապես վերանայել:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

10-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO