Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Լինենք հաղթող նաեւ տեղեկատվական պատերազմում

Ռազմական իրավիճակում հաղթելուց բացի այլ օրակարգ չպիտի ունենանք

Պատերազմները սովորաբար տարբեր հարթություններում են ընթանում, որոնց թվում ամենակարեւորներից է տեղեկատվական ուղղությունը։ Ռազմական դրության պայմաններում տեղեկատվական անվտանգության, կիբերհիգիենայի եւ մեր անելիքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու, կիբերանվտանգության մասնագետ Անահիտ Պարզյանի հետ։ Նրա խոսքով` ներկայումս անհրաժեշտություն է զգացվում ֆիլտրելու մեր տեղեկատվական դաշտը, ինչը պայմանավորված է նրանով, որ մեր թշնամիները, միավորվելով մի շարք երկրների հետ՝ Պակիստան, Թուրքիա եւ այլն, մեծածավալ ապակողմնորոշող, ապատեղեկացնող ու կեղծ տրաֆարետային տեքստեր են հրապարակում եւ լայնորեն տարածում։ «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սոցիալական մեդիայում աշխատում է ալգորիթմային տրամաբանությունը, այսինքն՝ տեսանելի են դառնում առավելապես այն նյութերը, որոնք ամենաշատն են բացվում եւ մեկնաբանվում ավելի շատ հեշթեգներ ունեն, ուստի բազմամարդ մեդիաբանակները միանգամից մի քանի աշխարհագրական ուղղություններով գրոհ են կազմակերպում եւ փորձում առաջ տանել իրենց տրաֆարետային տեքստերը»,- ասաց փորձագետը։
Այդ հարձակումները ոչ միայն ընդհանուր հանրության կարծիքն ապակողմնորոշելուն են ուղղված, այլեւ` թիրախավորված խմբերին։ Հաճախ, երբ հանրային մեծ լսարան եւ ազդեցություն ունեցող անձը հայամետ դիրքորոշում է արտահայտում արցախյան հակամարտության, Արցախի ինքնորոշման մասին եւ այդ մասին հանդես է գալիս գրառմամբ, ապա նա թիրախավորվում է, նրա հասցեին հնչում են բռնության կոչեր, ատելության խոսք (hate speech), ընդհուպ մինչեւ կյանքին ուղղված սպառնալիքներ։ Արդյունքում որոշները ստիպված են լինում հանել իրենց գրառումները։ «Սա բացահայտ բռնություն է այդ մարդկանց ազատ խոսքի եւ կարծիքի արտահայտման դեմ։ Նման հարձակումները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները։ Այդ առումով մեր դեմ աշխատում է բավականին լուրջ զինված մեդիաբանակ»,- նշեց Պարզյանը։
Այս օրերին մտահոգված եւ գերզգայուն հոգեվիճակում է մեր ներքին լսարանը, մեզ համար թանկ է մեր յուրաքանչյուր հայրենակցի կյանքը, մեր ազգը մտահոգ է իր սերնդի համար։ Այս ամենը հաշվի առնելով էլ` թշնամին տեղեկատվական լուրջ գրոհներ է իրականացնում։ Զրուցակիցս նշեց, որ Հայաստանի դեմ այդ գրոհներն իրականացվում են մի քանի ճակատով, մեկը՝ համաշխարհային հարթակներն են, որոնք տեղեկատվություն են տրամադրում, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցները, որոնց կարող են վճարած լինել, եւ վերջիններս հատուկ պատվեր կատարեն։ «Մենք իրավացիորեն մեր վրդովմունքն ենք արտահայտում, քանի որ կեղծվում եւ շրջանցվում է ճշմարտությունը։ Օրինակ՝ «Բի-բի-սի»-ն առաջին օրերին կամ չեզոք, կամ ադրբեջանամետ լրատվություն էր տալիս։ Հիմա արդեն փոխվել է դաշտը նաեւ մեր հակագրոհների շնորհիվ։ Իհարկե, պրոադրբեջանական, պրոթուրքականից բացի, կան նաեւ պրոհայկական լրատվամիջոցներ»,- նշեց կիբերանվտանգության մասնագետը։
Տեղեկատվական արշավին միացել են նաեւ այլ ազգեր, օրինակ՝ հույներն ակնհայտորեն եւ բաց կերպով փորձում են այս կամ այն ձեւով աջակցել մեզ, որովհետեւ իրենք էլ են ագրեսիայի ենթարկվում Թուրքիայի կողմից։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից նրանք լավ են հասկանում վտանգը եւ մեզ աջակցելով նաեւ ինքնապաշտպանվում են։ Պարզյանի համար անհասկանալի է Պակիստանի ակտիվությունը, որն իր տրոլլների բանակով բավականին կիրթ անգլերենով ակտիվորեն տարածում է պրոադրբեջանական տեղեկատվական աղբ, հատկապես անգլախոս լսարաններում։
Զրուցակիցս ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ հստակ ուղղորդված պրոպագանդա են իրականացնում, մեր քաղաքացիները սոցիալական հարթակներում արտահայտում են իրենց անձնական կարծիքը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թեեւ Ադրբեջանում փակված են սոցիալական հարթակները, սակայն, դրան զուգահեռ, մեծ ակտիվություն կա, ինչը նշանակում է, որ արտահայտված կարծիքները այդ երկրի քաղաքացիներինը չեն, այլ հատուկ խմբերի։ Մեր դեպքում՝ մեր հարթակները բաց են, եւ մեր ակտիվությունը պայմանավորված է հենց մեր քաղաքացիներով։ Մյուս կողմից` դա պատճառ է դառնում, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկատվական ապատեղեկատվության զոհ դառնան։ Դրա համար մասնագետը խորհուրդ է տալիս պահպանել մեդիա հիգիենայի կանոնները, դրանցից կարեւորագույններն են՝ ամեն ինչ ֆիլտրել, վերլուծել, հետո միայն հավատալ, այսինքն՝ ինքներս մեզ համար պետք է պարզենք, թե ինչո՞ւ ենք մենք դա տեսնում, ինչո՞ւ են դա գրել, ինչո՞ւ է այդ տեղեկատվությունը երեւում մեր էջին։ «Այս հարցերը պետք է մտահոգեն ցանկացած ընթերցողի։ Եթե էջը գովազդած է, առավել եւս զգոն եւ ուշադիր պետք է լինենք, քանի որ գովազդը ունի հատուկ թիրախավորման գործիք։ Հետեւաբար, եթե հակահայկական բովանդակություն ունի, ուրեմն ցանկանում են ազդել մեր հոգեբանության վրա։ Այս դեպքում լավագույն տարբերակը կամ անտեսելն է, կամ բողոք ուղարկելը,- պարզաբանեց նա, ապա շարունակեց,- հասարակությունը պետք է լրջորեն գիտակցի, որ մենք հանրային դաշտում, նաեւ տարբեր մեդիա դաշտերում պայքարում, կռվում եւ մեկնաբանում ենք ոչ թե Ադրբեջանի սովորական քաղաքացիների գրառումներն ու տեսանյութերը, այլ կոնկրետ ուղղորդված խմբին՝ տրոլլներին, որոնք պատրաստ են մեկ մեկնաբանության տակ ավելացնել եւս 10-ը եւ կոչեր անել իրենց խմբավորումներին` միանալ եւ հարձակման ենթարկել այդ մեկնաբանությունը գրողին։ Ինքնակազմակերպվել են նաեւ հայերը, քանի որ մենք ունենք ճշմարիտն ասելու իրավունքը, հետեւաբար, անհրաժեշտ է մեր խոսքը տեղ հասցնել համապատասխան հարթակներում»։
Կիբերանվտանգության մասնագետը մեր քաղաքացիներին խորհուրդ է տալիս սոցիալական դաշտում ավելի շատ տարածել, հավանել եւ կիսել այն տեղեկատվությունը, օրինակ՝ պաշտոնական հայտարարությունները, որոնք ցանկալի է` տեսանելի դառնան արտաքին լսարանին։ Սա բխում է սոցիալական հարթակների ալգորիթմային տրամաբանությունից։
Կիբերհիգիենայի կանոններին խստագույնս հետեւելու անհրաժեշտությունը բխում է ռազմական իրավիճակից, որի դեպքում ցանկացած սխալ կարող է մեծ վնասներ հասցնել մեզ եւ առաջին հերթին՝ առաջնագծում կռվող զինվորին։ Դեռեւս սեպտեմբերի 28-ից Պարզյանը կոչ է արել չնկարել եւ չտեղադրել կամավորներին, զինվորներին, որովհետեւ աշխարհագրական տեղակայմամբ կարելի է կողմնորոշվել, թե որտեղ են գտնվում, իսկ անօդաչու սարքերն էլ կարող են նույն այդ տրամաբանությամբ թիրախավորել նրանց։ Ցավոք, նման սխալների պատճառով նախկինում ունեցել ենք նաեւ անդառնալի կորուստներ։
Հոգեբանական ամրությունը հաղթանակի տանող ամենաառաջնային բաղադրիչներից է։ «Ռազմական իրավիճակում մենք ունենք մեկ խնդիր՝ հաղթել եւ ամուր պահել թիկունքը՝ ամեն մեկս մեր գործով եւ աջակցությամբ։ Այլ թեմաներ չպետք է բերվեն օրակարգ։ Դրանից կախված է նաեւ մեր զինվորների անվտանգությունը։ Ովքեր ունեն արկածախնդրային կարծիքներ եւ ինքնադրսեւորվելու անհրաժեշտություն` կարող են հերոսանալ եւ միանալ մեր զինվորներին թշնամու դեմ պայքարում»,- եզրափակեց մասնագետը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

10-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO