Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ, ՍԱՐՈՅԱՆ

Կյանքի ու մահվան, ժողովուրդների փոխհարաբերության եւ հնարավոր համակեցության խնդիրներ արծարծող մի իսկական տրակտատ-փիլիսոփայություն է լեգենդար հերոս Անդրանիկի մասին պատմող Սարոյանի «Հայաստանցի Անդրանիկը» էսսեն:

Սարոյանի էսսեների շարքում առանձին քննության առարկա կարող են դառնալ այն գործերը, որոնք նվիրված են հեղինակին ծանոթ մարդկանց, որոնց նա հանդիպել է այս կամ այն առիթով, կյանքի որոշակի ժամանակահատվածում: Այս էսսեները յուրահատուկ հուշապատումներ են, մարդու գործունեության գնահատություններ: Դրանք, իհարկե, գեղագիտական ըմբռնումներով եւ պոետիկայով առանձնապես չեն տարբերվում գրողի քննված մյուս էսսեներից, սակայն առանձնանում են յուրատեսակ հուզականությամբ, կյանքի, գոյության, բարոյականության ինքնահատուկ ըմբռնողականությամբ:
Լեզվահոգեբանական վերլուծության ենթարկելով Սարոյանի ստեղծագործությունները՝ ակներեւաբար դրանք կարելի է համարել «լուսավոր» կամ «պայծառ» տեքստերի հրաշալի օրինակներ: Այս տիպի ստեղծագործությունների ընդհանուր բովանդակությունը կարելի է հանգեցնել հետեւյալ երկու դրույթների: Առաջինը հակիրճ ձեւակերպելու դեպքում կունենանք մոտավորապես «Ամեն մի կենդանի արարած եզակի է, անկրկնելի եւ ինքնին արժեքավոր» դրույթը: Այս միտքը կարելի է տարածել Սարոյանի գրեթե ողջ ստեղծագործության վրա: Երկրորդը, որ բխում է առաջինից, կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Ես գիտեմ ճշմարտությունը եւ կյանքի ճանաչողության իմ ճշմարտությունը փորձում եմ հասցնել մյուս մարդկանց»: «Պայծառ տեքստերի» աշխարհապատկերման մոդելի հիմքում ընկած է անհատական աշխարհի նկարագրությունը եւ այն բնական, մարդկային միջավայրը, որ շրջապատում է այդ անհատին: Այստեղ «Ես»-ը հանդես է գալիս «անկեղծ», «մաքուր», «անկրկնելի» եւ «եզակի» հատկանիշներով, այսինքն՝ մարդկային բնույթի գնահատություններ, որոնք տարածվում են նաեւ այն «կերպարների» վրա, որոնք դառնում են ստեղծագործության հերոս:
Անդրանիկի մասին Սարոյանը պատկերացում է կազմել Լյուսի տատի պատմածներից եւ երգերից: Ամեն անգամ դրանք լսելիս յոթ-ութամյա մանկան սիրտը լցվում է անսահման տխրությամբ եւ համակվում այն գիտակցությամբ, որ աշխարհում ինչ-որ բան այն չէ: Թող անիծյալ լինեն թուրքերը, որ այդպիսի տառապանքներ են պատճառել մեզ՝ այդպես է մտածում յուրաքանչյուր հայ: Սակայն ատել նրանց, նույնն է, ինչ ատել իրենք իրենց, կարծում է Սարոյանը: Աշխարհը բռնված է համատարած ապուշությամբ: Ամեն մեկի համար պարզ է, որ չկա այնպիսի բան, որ կոչվում է ազգային-պետական շահ: Այդ դեպքում ինչո՞ւ են պետություններն անում այն, ինչ չպիտի անեն: Ինչո՞ւ նրանք չեն բացում իրենց աչքերը եւ գիտակցում, որ իրենց արածը պարզապես ապուշություն է, ցածրակարգ մոլեռանդություն: «1915-ին Անդրանիկը հայտնվեց համաշխարհային աղետի մեջ, բայց դա նրա մեղքը չէր: Նա այլ ելք չուներ եւ անում էր այն, ինչ ստիպված էր անել: Թուրքերը կոտորում էին հայերին, եւ Անդրանիկն իր զինվորներով սպանում էր թուրքերին, սակայն այդպես էլ ոչ մի մեղավորի չսպանեց, որովհետեւ բոլոր մեղավորները չափազանց հեռու էին մարտի դաշտից»,- դատում է Սարոյանը:
Սարոյանը հայ հերոսի գործը համեմատում է նշանավոր գրող, քաղաքական գործիչ Լոուրենս Արաբացու գործունեության հետ: Գնդապետ Լոուրենսը ռազմական հերոս է համարվում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Մերձավոր Արեւելքի արաբական որոշ երկրներում: Խոշոր դերակատարություն է ունեցել Արաբական մեծ ապստամբության (1916-1918) ժամանակ: Գեներալ Անդրանիկը Հայաստանում եւ Թուրքիայում արեց այն, ինչ Լոուրենս Արաբացին՝ Արաբիայում. նրա խնդիրը թուրքական բանակը թուլացնելն էր, որպեսզի այն սպառնալիք չդառնար Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի բանակների համար: Գեներալ Անդրանիկը պարզամիտ մարդ էր եւ հավատում էր Անգլիայի, Ֆրանսիայի կառավարություններին, երբ նրանք նրան խոստանում էին, որ իր ժողովուրդը ազատություն կստանա թուրքական բանակին պատճառած վնասների համար: Նա արկածներ որոնող, անհանգիստ անգլիացի գրողը չէր, որ փորձեր հասկանալ ինքն իրեն եւ այն, ինչ այս աշխարհում իրոք որեւէ արժեք ունի, եւ ի տարբերություն Լոուրենս Արաբացու, գեներալ Անդրանիկը չգիտեր, որ իր ջանքերը ապարդյուն են, որովհետեւ, երբ տհաճությունները ետեւում կմնան, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարությունները կխաբեն, ասես, ոչինչ էլ չեն խոստացել, կարծում է Սարոյանը: «Նա չգիտեր, որ ուժեղ պետությունները մշտապես բարեկամություն են որոնում մեկ այլ ուժեղ պետության հետ, եւ պատերազմից հետո ինքն ու իր ժողովուրդը ոչինչ չեն ստանա...Նա կռվում էր թուրքական բանակի դեմ ոչ այն նպատակով, որ հետագայում գրելու բան ունենար: Նա մի բառ անգամ չգրեց այդ պատերազմի մասին: Նա պատերազմում էր, որովհետեւ հայ էր: Երբ պատերազմն ավարտվեց եւ սկսվեցին սիրալիր դիվանագիտական բանակցությունները, Անդրանիկի բանը վերջացավ: Թուրքական կառավարությունը նրան հանցագործ հայտարարեց եւ խոշոր պարգեւ խոստացավ նրան ողջ կամ մեռած բռնելու համար...»,- գրում է Սարոյանը:
Եվ ահա, Անդրանիկը հայտնվում է Ամերիկայում: Տեղի հայերը ամենուր ցնծությամբ են ընդունում նրան, մոռանում հին պարտքերն ու անախորժությունները, համախմբվում հայ լինելու գիտակցությամբ: «Գեներալ Անդրանիկը եկավ մեր քաղաք: Տպավորությունն այնպիսին էր, կարծես Կալի‎ֆ‎ոռնիայի ողջ հայ բնակչությունը հավաքվել էր դիմավորելու նրան Հարավային խաղաղօվկիանոսյան կայարանում: Ես բարձրացա հեռագրասյան վրա եւ տեսա նրան, երբ իջավ գնացքից: Հասակը վեց ոտնաչափից փոքր-ինչ ցածր էր, չափազանց ամրակազմ ու պինդ, հայկական հնաոճ սպիտակած բեղերով: Նրա դեմքի արտահայտությունը խիստ էր եւ միաժամանակ բարեհամբույր-սիրալիր»,- հիշում է Սարոյանը: Օրերից մի օր Անդրանիկը այցելում է նաեւ Սարոյանի քեռու փաստաբանական գրասենյակ: Նա ներս է մտնում հանգիստ, փոքր-ինչ ամաչկոտ, «անսովոր մարդու» պես. «Ես սոսկալի ցավ զգացի նրա համար, ես հասկացա, թե որքան մեծ էր նրա շփոթվածությունը, հիասթափությունն ու դառնացածությունը...Նա նստեց մոտ մեկ ժամ, խոսում էր մեղմաձայն, հետո գնաց, եւ երբ նայեցի քեռուս, նրա աչքերում արցունքներ տեսա, ու երեխայի նման շրթունքները դողում էին, երեխա, որ ուժգին ցավ է ապրում, սակայն իրեն թույլ չի տալիս հեծկլտալ»:
Անդրանիկի հետ մոտիկից շփվելը անջնջելի տպավորություն է թողնում մանուկ Սարոյանի հոգու վրա: Մի՞թե նա այդպիսի Հայաստան էր երազում: Ողջ կյանքը նվիրաբերելով հայության ազատագրությանը՝ մի՞թե հասավ իր նպատակին: Հիմա ամեն ինչ վերջացած է, բոլոր մարտերն ու պատերազմները ապարդյուն էին: Վերջացած է նաեւ ինքը՝ հերոսը: «Հեռու-հեռու Կալի‎ֆոռնիայում ես նստած էի քեռուս գրասենյակում: Գրողի ծոցը, ասացի ինքս ինձ: Ամեն ինչ հիմա վերջացած է: Հայաստանի մասին պետք է կամաց-կամաց մոռանալ: Անդրանիկն էլ վերջացած է: Երկիրը վերջացած է: Թող գրողի ծոցը կորչի ամեն ինչ: Ես հայ չեմ: Ես ամերիկացի եմ... Բայց դա ճիշտ չէ, ճիշտն այն է, որ ես եւ՛ հայ եմ, եւ՛ ամերիկացի... Ես փորձում էի մոռանալ Հայաստանը, բայց չկարողացա: Իմ հայրենիքը Կալի‎ֆոռնիան էր, սակայն Հայաստանը չկարողացա մոռանալ...»,- խորհում է Սարոյանը:

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

13-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO