Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պատերազմը եւ մեր երկրի տնտեսական ներուժը

Կամ՝ անցում պատերազմական տնտեսության
«ՀՀ» օրաթերթը` տնտեսագետ Գագիկ Վարդանյանի հետ զրուցելով, փորձել է պարզել մեր երկրի տնտեսական ներուժը, որն անհրաժեշտ է պատերազմական վիճակների համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ սփյուռքի ներուժին, որն ի սպաս է դրվում հայրենիքի պաշտպանության գործին։
-Պարոն Վարդանյան, մեր երկրի տնտեսությունն ինչքա՞ն կարող է դիմանալ պատերազմին. համապատասխան ներուժ ունի՞։
-Մեր տնտեսությունը կդիմանա։ Զորահավաքային՝ մոբիլիզացիոն տնտեսության վերաբերյալ կառավարությունն արդեն որոշում կայացրել է, եւ տնտեսական կառույցներն աշխատում են պատերազմի համար։ Մենք կդիմանանք։ Հնարավոր է՝ Ադրբեջանը չդիմանա։ Որովհետեւ մենք արդեն նրանց զինատեսակների 40-50 տոկոսը վերացրել ենք, միաժամանակ չափազանց մեծ մարդկային կենդանի ուժի կորուստ ենք պատճառել։ Եվ, ի վերջո, թշնամական ագրեսիայի դեմ պայքարը մեզ մոտ այնպիսի հոգեւոր լիցք ունի, որ նպաստում է նաեւ տնտեսական դիմադրողականությանը։
-Իսկ տնտեսության կառուցվածքը նպաստո՞ւմ է դրան, այն տալի՞ս է նման հնարավորություն։
-Վերջին տարիներին այդ ուղղություններով լուրջ գործեր են արվել։ Եվ կարծում եմ, որ, այո՛, այս պահին մենք նպաստավոր վիճակում ենք։ Հընթացս նույնպես աշխատանքներ կատարվում են, տնտեսությունը «բերվում է» այն տեսքի, ինչն անհրաժեշտ է, ինչը համապատասխանում է ստեղծված իրավիճակին։ Այնպես որ՝ մենք խնդիր չունենք։ Խնդիր ունեն Ադրբեջանն ու Թուրքիան։
-Իսկ ինչ-ինչ նախաձեռնությունների անհրաժեշտություններ կա՞ն. այդպիսիք Դուք տեսնո՞ւմ եք, որ կատարվեն էքստրեմալ այս իրավիճակների համար։
-Քանի որ նախապես՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ, վերջինիս տնտեսական հետեւանքները վերացնելու ուղղությամբ արվել էին արդեն որոշակի գործողություններ, իսկ դա էլ էր ինչ-որ առումով մարտահրավեր ու պատերազմ, մենք սահուն անցում կատարեցինք պատերազմի տնտեսությանը։ Համենայն դեպս, մեր տնտեսական ներուժը կբավականացնի, եւ կարծում եմ, որ նույնիսկ երկարատեւ պատարազմի մենք պատրաստ ենք։
-Տնտեսական անկումը, որ եղավ համավարակի պատճառով, էական ազդեցություն չի՞ ունենա այս պարագայում։
-Ես բազմիցս եմ ասել, որ այլեւս խոսել տնտեսության անկման ու բյուջեի թերակատարման մասին` իմաստ չունի։ Որովհետեւ այդ վիճակի մեջ հայտնվել է ողջ աշխարհը։ Եվ կարծում եմ, որ երբեմն սուղ միջոցներով ավելի շատ գործեր կարելի է անել, քան առավել մեծ միջոցներով։ Պարզապես պետք է ճիշտ ու արդյունավետ օգտագործել դրանք։ Իսկ ներկա ստեղծված իրավիճակում, երբ մեր տնտեսությունն արդեն մոբիլիզացիոն տնտեսություն է, բնականաբար, այդ միջոցներն օգտագործվելու են առավելագույն արդյունավետությամբ ու ծառայելու են իրենց նպատակին։
-Իսկ ենթադրո՞ւմ եք ծախսերի կրճատում։
-Այն ծախսերը, որոնք չեն համապատասխանում պատերազմի տնտեսությանը կամ չեն ծառայում պատերազմական նպատակներին, բնականաբար, պետք է կրճատվեն։ Եվ դա տրամաբանական է. տարբեր ուղղություններով պետք է համամասնորեն կրճատումներ լինեն։ Նույնիսկ ավելին. պետք է ամբողջ բյուջեն ի սպաս դրվի պատերազմական խնդիրների լուծմանը։ Անշուշտ, այնքանով, ինչքանով մենք աջակցում ենք Արցախի Հանրապետությանը։ Մենք Արցախի մեր հայրենակիցներին, բնականաբար, մենակ չենք թողնելու եւ լուրջ ռեսուրսներ կօգտագործենք նրանց անվտանգությունն ապահովելու համար։
-Համահայկական ներուժի օգտագործումն այս օրերին բավարար համարո՞ւմ եք։ Նկատի ունեմ կատարվող հանգանակություններն ու առաքվող օգնությունները։
-Ըստ պաշտոնական տվյալների` արդեն կուտակվել է 100 միլիոն դոլարից ավելի։ Իհարկե, դա մեծ գումար չէ, բայց կարճ ժամանակում այդքան գումար հավաքելն էլ է ողջունելի։ Ես կարծում եմ, որ այսուհետ է՛լ ավելի մեծ համախմբվածություն կդրսեւորի աշխարհասփյուռ հայությունը՝ գիտակցելով, թե ինչպիսի արհավիրքներ են առկա մեր տարածաշրջանում, եւ ինչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը։ Առավել եւս, որ միջազգային հանրությունը եւս սկսել է գիտակցել, որ սա արդեն Արցախի խնդիր չէ եւ ոչ էլ միայն հայի խնդիր։ Սա միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիր է, սա թուրքական զավթողական քաղաքականության դեմն առնելու խնդիր է։ Եվ այս առումով, ըստ իս, ո՛չ միայն աշխարհասփյուռ հայությունը, նաեւ միջազգային հանրությունը կաջակցի հայ ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե հավաքված գումարը շատ է, թե քիչ, ապա կարծում եմ, որ հայության ներուժը շատ ավելի մեծ է, եւ շատ ավելին այն կարող է անել։
-Ի վերջո, այս ամենը սպոնտան կազմակերպվեց։ Եվ հավանաբար կազմակերպական արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն եւս լինի։ Այդպե՞ս է։
-Անշուշտ, այն, ինչ արվեց, արվեց ինքնաբուխ կերպով։ Հիմա, երբ տեսնում ես, թե հայությունն ինչ է անում աշխարհով մեկ, ուղղակի մեծ հպարտություն ես ապրում, որ հայ ես։ Նման կազմակերպված ակցիաներ, որ իրականացվում են, կամ նման օգնություններ, որ արվում են հայրենիքին, խոսում են այն մասին, որ դա դեռ սկիզբն է, այն այլեւս չի ընդհատվելու, թափ է առնելու եւ ձեռք է բերելու առավել համակարգված ու նպատակային բնույթ։ Եվ այդ ժամանակ արդեն այլ տեսքով աշխարհին կներկայանան թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը։ Մենք կլինենք դինամիկ զարգացում ապրող երկրներ։ Իսկ դա միայն հային չէ, որ պետք է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում հավասարակշռություն հաստատվի։ Եվ անհրաժեշտ է նաեւ այն բանի համար, որ համամարդկային արժեքները չոտնահարեն ինչ-որ թափառող ցեղեր։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

14-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO