Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ով Հայաստանը չի տեսել, կտեսնի՝ ճանաչելով Աբովյանին

Ամենահայ գրողը, ամենամաքուրը, ամենավեհը

«Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները. Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց պատերազմը», Նարեկացու խոսքն անմահության ու հավերժության հետ եւ Աբովյանի «Վերքը»: Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտվում է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը եւ անշիջելի պաթոսը»:
Սա Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի գնահատանքի խոսքն է: Իսկ ինչպես են ճանաչել լուսավորիչ անմահ գրողին օտարները: Ֆրիդրիխ Պարրոտը, որի հետ Աբովյանը հայոց սրբազան լեռն էր նվաճել, իսկ հետագայում դարձել նրա ուսանողը Դորպատի համալսարանում, չի թաքցրել իր հիացմունքը. «Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին` կտեսնի Հայաստանը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները, եւ խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգաբար տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վայրկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն»:
Նա լույս աշխարհ էր եկել գրողի, լուսավորչի, հայրենապաշտի լուսապսակը ճակատին: Եկել էր, որ իր հերոսի շուրթերով որոտար՝ էդ ո՞ւմ վրա եք սուր բարձրացնում, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում…
Հայոց մեծ ազգի մեծ զավակը ծնվել է 1809 թ. հոկտեմբերի 15-ին նահապետական ավանդույթներով ապրող ընտանիքում: Նրա Աբով պապը ճանաչված է եղել իր առատաձեռնությամբ ու խոր հարգանք վայելել շրջապատում: Հետագայում գրողն ինքն էլ է հպարտությամբ խոսել իր պապի մասին:
Տասը տարեկանում ծնողները ապագա գրողին տանում են Էջմիածին՝ ուսանելու տեղի վանական դպրոցում: Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս, նախ ուսանում ճանաչված հայկաբան Պողոս վարդապետի մոտ, ապա հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն է սովորում Ներսիսյան դպրոցում: Իղձը, որ ուսումը կշարունակի Ռուսաստանում կամ Եվրոպայում, անկատար է մնում 1826-ին բռնկված ռուս-պարսկական պատերազմի պատճառով: Վերադառնում է Էջմիածին եւ որոշ ժամանակ դասավանդում Սանահինի վանական դպրոցում:
Ուսումնատենչ երիտասարդի համար բարեբախտություն էր ծանոթությունը պրոֆեսոր Ֆ. Պարրոտի հետ, որին նա, որպես թարգմանիչ, ուղեկցել էր Մեծ եւ Փոքր Արարատների գագաթները նվաճելիս: Պարրոտի աջակցությամբ, պետական թոշակով Աբովյանը 5 տարի՝ 1830-1835 թթ. սովորում է Դորպատի համալսարանում՝ ուսումնասիրելով բնական եւ հասարակական գիտություններ, լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն, երաժշտություն ու արհեստներ:
Բայց արդյոք կենթադրե՞ր 1836-ին Էջմիածին վերադարձած եւ հոգեւոր վերածնունդ ապրած Խ. Աբովյանը, որ լուսավորական գործունեություն ծավալելու իր նպատակը չի հանդուրժվելու խավարամիտ հոգեւորականության կողմից: Որ իրեն ընդունելու են որպես «այլադավանների» միջավայրում կրթված մարդու եւ չեն թաքցնելու իրենց ատելությունը: Չհանդուժելով նրանց նման վերաբերմունքը՝ Խ. Աբովյանը հրաժարվում է սարկավագի հոգեւոր կոչումից եւ 1 տարի անց կրկին հայտնվում վրաց մայրաքաղաքում՝ ստանձնելով Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչի պաշտոնը, հիմնում մասնավոր դպրոց՝ ուսուցիչներ պատրաստելու նպատակով, ծրագրում լուսավորական գործունեություն: Սակայն ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, ամեն կերպ խոչընդոտում էր նրա գործունեությանը: Այնուհանդերձ, հայրենապաշտ գրողը կարողանում է ստեղծել հանրահայտ իր գործերը՝ «Նախաշավիղ կրթության», «Պարապ վախտի խաղալիք», «Հազարափեշեն», «Վերք Հայաստանի» վեպը, որով եւ սկզբնավորվեց հայ նոր գրականությունը:
1843-1848 թթ. Աբովյանը աշխատել է Երեւանի գավառական դպրոցներում: Այս շրջանում են գրվել «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր» արձակ գործերը, «Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս» չափածո ստեղծագործությունները, դպրոցական ձեռնարկները, տարաբնույթ ուսումնասիրությունները:
Գնահատելով ժողովրդական բանահյուսության դերը գրականության զարգացման գործում` Խ. Աբովյանը հավաքել ու մշակել է առակներ, առածներ, ավանդույթներ, երգեր եւ սկզբնավորել հայ բանագիտությունը: Զբաղվել է թարգմանությամբ՝ հայացնելով Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, այլ հեղինակների գործեր: Զբաղվել է նաեւ քերականության հարցերով՝ շարադրել է աշխարհաբարի քերականությունը, բաղդատել գրաբարի եւ աշխարհաբարի լեզվաքերականական առանձնահատկությունները, մատնանշել դրանց տարբերությունները, իսկ «Ուղեւորություններ դեպի Անիի ավերակները», «Մեկ երկու խոսք էլ հայոց վրա» գործերով իր ներդրումն է մատուցել հայոց նոր պատմագրության մեջ:
Բնավ զարմանալի չէ, որ մեծ լուսավորիչն ուսումնասիրել է նաեւ մեր ազգային, ընտանեկան սովորույթներն ու կենցաղը («Գյուղական տների կառուցվածքը», «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի ու հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին») եւ սկզբնավորել հայ ազգագրությունը: Իսկ «Քրդեր» եւ «Եզդիներ» ակնարկներով մեզանում հիմք է դրել քրդագիտությանը:
Ծանրակշիռ է ընդամենը 39 տարի ապրած անմահ գրողի վաստակը հայ գրականության գանձարանում: Ազգապաշտության նրա չափանիշն ու նվիրումը անհամեմատելի են: Եվ որքան ճշմարիտ ու բնութագրական է երեւելի աբովյանագետ Պիոն Հակոբյանի խոսքը նրա մասին. «Ամենահայ գրողը, ամենամեծ հայրենասերը, ամենահուզաշատ անհատականությունը, բանաստեղծական երեւակայության եւ ստեղծագործական կարողությունների անմրցակից հանճարը, ամենաանկեղծը, ամենամաքուրը, ամենավեհը: Աբովյանը հայ հայրենասերներից մեծագույնն է, ինքնամոռաց ու տառապած, որի սրտի զարկերակները տրոփում են նրա գրչի տակից դուրս եկած ամեն բառի, ամեն խոսքի տակ»:
Իսկ Համո Սահյանը մեծարում է ու խոստովանում. «Աբովյանի մեջ խտացած են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն եւ իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը»:
Իսկ մենք ավելացնենք՝ մեծն հային պարտական ենք ազգովի` այսօր, վաղը, առմիշտ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

16-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO