Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գույների սիմֆոնիան

կամ` անվերջ, ինչպես տիեզերքը

Օրերս Անկախության տոնի առթիվ ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ (Հաղթո) Շահումյանը մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով։ Այս փաստն առիթ է եւս մեկ անգամ անդրադառնալու արվեստագետի աշխատանքներին։
Գեղարվեստական փայլուն լուծումներ, հստակ արտահայտչամիջոցներ, կատարման բարձր տեխնիկա։ Սրանք են բնորոշ գեղանկարչի աշխատանքներին։ Նրա յուրաքանչյուր գործ ամբողջական ու ավարտուն է, ինչպես օրգանիզմը։ Ավելին` պարզապես օրգանիզմ է: Նրանցում չկա զգացմունքի, մտքի կամ բովանդակության առաջնայնություն: Կամ ձեռքի շարժումն էլ հետեւում չի թողնում, կամ առաջ չի անցնում վերջիններից: Արվեստի աշխատանքի այս «բաղադրամասերը» համաձույլ ընթացքի մեջ են: Եվ այդ համաձույլը դրվում է շարժման մեջ: Ո՞ւմ կողմից է շարժման մեջ դրվում, որտեղի՞ց է ստանում շարժման էներգիան: Սա հարց է, որի պատասխանն ամեն մեկը, ամեն մի սովորական մարդ իր կյանքի ընթացքում փորձում է ստանալ: Նույն կերպ` յուրաքանչյուր արվեստագետ: Գուցեեւ ստանում են, գուցեեւ չեն ստանում: Բայց ով ստանում է, միմիայն իր համար է, միմիայն իր պատասխանն է:
Եթե դիտես Հաղթոյի աշխատանքները, քեզ համար պարզ կդառնա նրա «գաղտնիքը»: Մի շարք գործեր պարզապես այդ մասին են ասում: Հենց թեկուզ` Նարեկացու եւ Դանթեի թեմաներով արված կտավները: Հոգու ու մարմնի հավերժական հարցն է քննում գեղանկարիչը ու անում սեփական եզրակացությունը: Այդ եզրակացությունը, հասկանալի է, ավարտուն է տվյալ պահի համար եւ տվյալ պահի մեջ, բայց իրականում այն վերջ ունենալ չի կարող: Ճշմարտության փնտրտուքն անվերջ է, ինչպես տիեզերքն ինքը, տիեզերքն անվերջ է, ինչպես մարդկային հոգին ու մարդկային միտքը: Սա շրջան է, որն ըստ էության ձգտում է անվերջության: Ու Հաղթոյի գործերում գուցե եւ պատահական չէ, որ անվերջության թեմատիկան կամ դրա խորհրդանշանները մշտապես առկա են: Նրա համար գիծը ոչ միայն արտահայտչամիջոց, այլեւ ասելիք է: Գիծը անվերջության է ձգտում, գիծը գալարներ է տալիս ու կրկին ինքն իրենից հեռանում է: Հեռանում է դեպի անսահմանություն, կամ` հավերժություն ժամանակի ու տարածության մեջ:
Նրա աշխատանքների մի ստվար մաս ջրաներկով նկարներ են` արված թղթի վրա: Եվ դրանցում հիմնականում նույն գալարներ հիշեցնող օղակներն են` եզերված տուշով արված գծերով: Եվ սրանք պարզ արտահայտչամիջոցներ չեն, նկարչի կողմից ընտրված որոշակի տեխնիկա չեն: Պարզապես հեղինակի փիլիսոփայության արտահայտությունն են: Գիծը հավերժությունն է, հավերժ է եւ պայքարը: Այն անվերջ է ըստ էության. մարդը, բնության մեջ` ամեն ինչ, նաեւ չարն ու բարին մշտապես պայքարի մեջ են: Մարդը պայքարում է անգամ մինչեւ ծնվելը կամ ծնվելուց անմիջապես հետո: Եվ այդ պայքարով է կերտում իր անձը:
Նարեկացու կամ Դանթեի թեմաներով կատարված աշխատանքներում հենց այս գաղափարն է` հոգեւորի ու մարմնականի պայքարը: Հոգին պայքարում է մարմնի դեմ, նրա կապանքներից եւ որ նույնն է` մեղքերից ազատագրվելու համար: Տառապանքով ու դժվարությամբ է մարդն անցնում այդ ճանապարհը, մինչ կհասնի նրան` Աստծուն: Եվ այս մտածումները, կերպարվեստի հագուստի մեջ, մատուցվում են մարդուն: Ահա` «Խրախճանքը», «Բաքոսը», «Նարեկացին» կտավները: Կամ «Երկինքն ու Երկիրը» աշխատանքը. տղամարդ է, կին է, միասին են: Նրանք հոգեւորն ու հողեղենն են: Միասին են: Նրանք կյանքն են ստեղծում: Նրանք հենց կյանքն են:

Կինը
Կինը միայն կին չէ Հաղթոյի համար, կինը նաեւ խորհրդանիշ է: Առավելապես այս ենթատեքստով է հանդես գալիս: Ընդհանրապես, կնոջ ֆիգուրները կտրտված կամ կոտորակված են, հաճախ դեմքը մի ուղղությամբ է նայում, այլ մարմնամասեր հակառակ ուղղության վրա են: Ի՞նչ է ուզում ասել նկարիչը: Թե՞ ոչինչ էլ չի ուզում ասել, պարզապես իր զգայություններն են այդպիսին: Ընդհանրապես, կերպարվեստը նաեւ սիմֆոնիա է. այն կարող ես նաեւ պարզապես զգալ:
Նատյուրմորտներն էլ են ուրիշ. ներկայացված իրերը, մրգերը շարժման մեջ են: Ուստի փոխում են իրենց ձեւը` ֆորման, ու այդկերպ ներկայանում մարդուն: Անվերջ շարժման մեջ` ինչպես բնությունը, ինչպես ցանկացած առարկա, ինչպես տիեզերքը, ինչպես մարդկային միտքն ու զգացմունքները: Բայց այս ամենով հանդերձ վրձնած ցանկացած առարկա իր էներգիայի մեջ է առնում քեզ: Խնդրեմ` «Միրաժ» նկարը. կանացի մարմին է. կրկին կոտրատված, որոշ մարմնամասեր կոծկված են կամ պարզապես չեն երեւում: Բայց երեւացող սրունքը որքա՜ն զգայական է, անգամ` ցանկալի, անգամ` կիրք արթնացնող…

Նրա մեծերը…
Չեմ կարող հատուկ չառանձնացնել երկու կտավ: Նախ այս մեկը. կոչվում է «Տպավորություն»: Նկարել է շատ վաղուց, Օհան Դուրյանի համերգից հետո, երբ մաեստրոն դեռ Հայաստանում էր: Գույների խաղ է, գույների հեղեղ է, հողմապտույտ է, շիկացում է գույների: Եվ կտավի վրա մի պատկեր պարզապես դուրս է եկել բարձրաքանդակի հանգույն: Սա՞ ինչի համար է. գուցե մի բան չի՞ հաղթահարվել կամ գուցե մի բան շատ ու շատ է հաղթահարվել: Ոչ ոք չգիտի. Գուցե չգիտի անգամ ինքը` հեղինա՞կը:
Հաջորդը «Անավարտ դիմանկար. Հրանտ Մաթեւոսյան» աշխատանքն է: Գրողն է քիչ հեռու, ասես կտավի ետ ընկած մասում: Իր նման է. հեռացել է եւ այստեղ է միաժամանակ: Ասելու բան ունի մեզ: Ամեն ինչ չէ, որ հասցրել է ասել ու կրկին մեր ներկայության մեջ է: Այս գործը դիտելով, հասկանում ես, որ մեծերը իրենց ժամանակի մեջ են եւ միաժամանակ դուրս են իրենց ժամանակից: Բայց նրանց ներկայությունը բոլոր դեպքերում մշտական է:

Իր Հայաստանը
Հարցրեցի նրան՝ արվեստագետը կարո՞ղ է հասարակական-քաղաքական կյանքից դուրս լինել: Զարմացավ. արվեստագետն ապրում է իր երկրի եւ ընդհանրապես մարդկային մեծ ընտանիքի հետաքրքրություններով, ինչպե՞ս անհոգ մնա, ինչպե՞ս անտարբեր լինի շուրջը կատարվողի նկատմամբ: Արվեստագետը նաեւ քաղաքացի է: Սրանք հենց այնպիսի խոսքեր չեն գեղանկարչի համար: Մտեք նրա ցուցահանդես ու կտեսնեք այն նկարները, որտեղ միայն գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը չէ, նաեւ իր երկրի քաղաքացին է, իր ազգը սիրող ներկայացուցիչն է: Եվ` ի՜նչ պատվախնդրությամբ, ազգային ու մարդկային նախանձախնդրությամբ: Խնդրեմ` «Մուսաները հեռանում են», «Ապոթեոզ», «Ազատության մունետիկը», «Ազատությունից խելակորույս» աշխատանքները: Այնտեղ է հայը, այնտեղ է մարդը, այնտեղ է 21-րդ դարի քաղաքացին, այնտեղ է մեր կողքի բնակիչը` մեր հայրենակիցը: Կտավներում երեւում է այսօրվա արժեքների պաշտպանը, այն արժեքների, որոնք նաեւ բոլոր ժամանակներինն են, եւ որոնցից շեղումներն են ծնունդ տալիս հազար ու մի մետամորֆոզների:
Եվ… այս ամենի ֆոնին` «Հայաստան» աշխատանքը: Հզոր ծառ, որի արմատները բազմապատիկ հզոր են սաղարթից: Կանգնած է մենակ, ամուր, հանդիման քամիների ու այլեւայլ շաչումների: Եվ պինդ է ու աներեր: Այսպիսին է Հաղթանակ Շահումյանի Հայաստանը, նա այսպես է տեսնում իր երկիրն ու իր ժողովրդին:
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

17-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO