Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին:
-Ձերդ սրբություն, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ խոսում էր թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրեւ մի նոր ցեղասպանության: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում եւ հրապարակային այլ ելույթներում արձանագրել է փաստը։ Այլ կերպ, քան ցեղասպանություն, դժվար է որակել այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները՝ բացահայտ աջակցությամբ Թուրքիայի եւ վարձկան գրոհայինների։ Ակնհայտ նպատակ է հետապնդվում ամեն գնով հայաթափել Արցախը, վերացնել հայկական ներկայության բոլոր վկայությունները, ինչը մեր ժողովրդի նկատմամբ կատարվեց նաեւ հարյուր տարի առաջ օսմանյան Թուրքիայում։ Ձեռագիրը նույնն է։
Ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, խաղաղ բնակչության ռմբակոծումն ու հրետանակոծությունը, խաղաղ բնակավայրերի հետեւողական ավերումը, նաեւ թիրախավորումը եկեղեցիների եւ մշակութային հուշարձանների՝ այդ առնչությամբ բոլոր միջազգային պարտավորությունների անտեսումով։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչպես տեսնում ենք, չի հանդուրժում եւ պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ առիթ չընծայելով անգամ Կարմիր խաչին՝ կատարելու ռազմի դաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու իր հանձնառությունը։
Այո, այս գործողությունները Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության՝ այդ եզրի ողջ բովանդակությամբ։
-Քրիստոնյա հայերը պե՞տք է վախ ունենան:
-Մեր ժողովուրդը քաջ եւ խիզախ է, միասնական ու վճռական։ Պատմությունը տարբեր ժամանակներում մեզ կանգնեցրել է մարտնչելու հարկադրանքի առջեւ՝ խոփերը զենքի վերածելու, անգամ խաչը՝ սրի։ Սակայն խաղաղասեր մեր ժողովուրդը դա արել է՝ պաշտպանելու իր ինքնությունն ու գոյությունը, իր արարածն ու ստեղծածը, իր սրբությունն ու մշակույթը։ Մեր արիությանը վախկոտություն եւ վախ երբեք չի խառնվել, որովհետեւ թիկունքում եղել է հայրենիքը, հայրենի քաղաքն ու գյուղը, մատուռն ու վանքը, հարազատ օջախը, սիրելի անձինք։ Մեր ժողովուրդը մահվան աչքերին հարության հույսով ու հավատով է նայել եւ երբեք չի վարանել իր արյունը հեղել։ Այդ արյամբ է սրբագործված մեր հայրենի հողը, այդ արյամբ է իրականություն դարձել դարերով փայփայած անկախությունը։
Այսօր Արցախի մեր ժողովրդի պայքարն ազատ ու անկախ կյանքով ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու համար է, պայքար է հանուն արդարության։ Այս օրերին մենք ականատեսն ենք նույն ոգու եւ գիտակցության, երբ մեր ողջ ժողովուրդը թե Արցախում, թե Հայաստանում եւ թե աշխարհի տարբեր երկրներում հնարավոր բոլոր միջոցներով իր ձայնն է բարձրացնում, լծվում նոր համազգային պայքարի՝ հանուն արդարության։ Այդտեղ վախ չկա եւ չի կարող լինել։
-Ինչպե՞ս է կազմակերպվում Հայ եկեղեցին՝ օգնելու համար Լեռնային Ղարաբաղի փախստականներին, որոնք մեծ թվով ժամանում են Հայաստան:
-Հակամարտության սրացման այս օրերին, բնականաբար, Հայոց եկեղեցին իր հերթին միջոցներ ձեռնարկեց՝ զորավիգ լինելու արցախահայությանը։ Արցախի ժողովրդի կարիքների համար Սուրբ Էջմիածնի կողմից նախ կես միլիոն գումար փոխանցվեց բացված հատուկ հաշվեհամարին, նույն նպատակով մեր կողմից կոչ ուղղվեց աշխարհասփյուռ մեր թեմերին ու համայնքներին՝ կազմակերպելու դրամահավաքներ։ Արդեն իսկ նվիրատվություններ ստացվում են Մայր Աթոռում, որոնք եւս փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ի զորակցություն հայ զորականների եւ Արցախի՝ մեր բոլոր համայնքներում ժողովուրդը հոգեւոր հովիվների գլխավորությամբ հումանիտար օգնություն է հավաքում եւ պատկան կառույցների միջոցով առաքում Արցախ։
Պատճառվող ավերածությունների հետեւանքով բազում արցախցիներ հարկադրված են եղել թողնել իրենց տները, շատերը մնացել են անտուն։ Բազում մարդիկ, թողնելով ռազմական գործողությունների շրջանները, փոխադրվել են Հայաստան եւ այժմ կարիք ունեն իրենց բազմապիսի խնդիրների լուծման։
Այս առումով Հայոց եկեղեցին եւս որոշակի քայլեր ձեռնարկել է։ Մայր Աթոռում եւ նաեւ մի շարք թեմերում առկա համապատասխան կառույցներում ապաստան է տրվել նման ընտանիքների, ապահովվել է անհրաժեշտը նրանց ապրուստի համար։ Նույնը արվել է բազում մեր համայնքներում։ Այս փորձությանը մեր ժողովուրդը բազմիցս է դիմագրավել, եւ այսօր էլ միահամուռ ամենքը զորավիգ են արցախցի իրենց քույրերին եւ եղբայրներին։
Հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում մեր կողմից նաեւ հատուկ ցուցումներ են տրվել մեր հոգեւոր հովիվներին՝ մասնավոր հովվական խնամք ցուցաբերելու տեղահանվածների, վիրավորների եւ զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ։
-Երեկ Պուտինը վերջապես հրավիրեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին: Հավատո՞ւմ եք դիվանագիտական բանակցությունների վերսկսումներին։
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակամարտության առաջին իսկ օրվանից մեծ դերակատարություն են ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի կողմից այս օրերին գործադրված մեծ ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման եւ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ։ Առայժմ խաղաղությունը չի հաստատվել. շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ներթափանցման փորձեր են ձեռնարկում՝ խլելով նորանոր անմեղ կյանքեր։ Սա չի կարող ցավ չպատճառել, զոհվում են Աստծո զավակներ՝ կոչված ապրելու խաղաղ, երջանիկ եւ բարօր կյանքով։
Աղոթում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն եւ նպաստեն, որ ձեռք բերված հումանիտար հրադադարը վերաճի կայուն խաղաղության։
-Առաջին խնդիրն ադրբեջանցիների համար վերադարձն է 1991 թվականի ստատուս քվոյին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը: Ձեզ թվո՞ւմ է ընդունելի:
-Մենք չենք բերում պատմական վկայակոչումներ Արցախի հայկական լինելու վերաբերյալ, խորհրդային տարիներին ստալինյան որոշմամբ Ադրբեջանին բռնակցվելու մասին, մինչ Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման եւ այլ պատմական փաստերի շուրջ։ Մենք դիվանագետ չենք, քաղաքական գործիչ էլ չենք։ Մեր առաքելությունն է քարոզել մարդ արարածի նկատմամբ Աստծո սիրո, կյանքում արդարության եւ խաղաղության կարեւորության մասին, զգուշացնել, երբ դրանք վտանգված են։
Մարդու ազատ ու անկախ իրավունքի պաշտպանությունն այդ սիրո դրսեւորումն է։ Արցախի մեր ժողովրդի կամարտահայտությունը հետեւանքն է Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության, Լեռնային Ղարաբաղը հայաթափելու ձգտման։ Այսօր դա վերստին փաստվում է Ադրբեջանի վարած ռազմական գործողությունների բնույթով։ Այսօր աշխարհն ավելի եւ ավելի խոսում է մարդու իրավունքների կարեւորության մասին։ Որտե՞ղ են արցախցին եւ նրա իրավունքն այս հակամարտության մեջ, թե՞ մենք միայն խոսում ենք տարածքների մասին, բայց ոչ մարդու։ Որտե՞ղ է արդարության իրագործումը սեփական կյանքի, հայրենի հողի վրա դարերով արարված մշակույթի ու սրբավայրերի համար պայքարող այդ ժողովրդի նկատմամբ։ Եվ, ի վերջո, ի՞նչ գին պետք է վճարվի խաղաղության համար։ Այս հարցերին պետք է պատասխանի միջազգային հանրությունը, եւ այդտեղից կբխի նաեւ Ձեր հարցի պատասխանը։
-Սառը պատերազմի այս բոլոր տարիներին Դուք ունեցե՞լ եք հարաբերություններ ադրբեջանական իմամների հետ գոնե միջկրոնական խաղաղության համար:
-Հարկ է նշել, որ Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցին, զորավիգ լինելով արցախահայությանն արդար իր իրավունքի պաշտպանության, ԼՂ խաղաղ եւ ապահով կյանք երաշխավորելու գործում, տարբեր ծրագրերով ու քայլերով հակամարտության առաջին իսկ օրվանից ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Միջնորդությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի սկզբնավորվեց եւ շարունակում է գործել տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումների ձեւաչափը։ Վերջին քսան տարում քանիցս մասնակցել ենք այդ հանդիպումներին՝ վերահաստատելով Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը եւ միաժամանակ կոչ ուղղելով կողմերին՝ հիմնախնդիրը միմիայն խաղաղ միջոցներով առաջնորդել հանգուցալուծման:
Ցավոք, եղել են նաեւ բազում պարագաներ, երբ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից կրոնական հիմնավորումներով երկրորդվել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, հնչեցվել մեր հանդիպումներում արձանագրվող խաղաղասեր ձգտումներին հակասող ելույթներ։
-Ռմբակոծվեց Շուշիի մայր տաճարը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքը: Ադրբեջանական հրթիռները, սակայն, նույնիսկ չհպվեցին վերջերս Հայաստանի կողմից վերանորոգված մզկիթին: Որքա՞ն ծանր (հանցագործություն) է խոցել պաշտամունքի վայրերը:
-Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից հստակ թիրախավորմամբ ու ծրագրավորված կերպով երկիցս հրետակոծության ենթարկվեց ու մեծապես վնասվեց Արցախի Շուշի քաղաքի Ս. Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցին։
Սա կրոնամշակութային արժեքների հանդեպ անհանդուրժողականության եւ վանդալիզմի դրսեւորում է։ Սա սրբապղծություն է, դատապարտելի մի վարքագիծ, որը մեզ հայտնի է ոչ հեռավոր անցյալից։ Ադրբեջանի իշխանությունների՝ կրոնամշակութային արժեքների ոչնչացման ավանդական դարձած այս քաղաքականության հետեւանքով դեռեւս 1998-2005 թթ. Ադրբեջանում եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայ քրիստոնեական հնագույն մշակույթի մեկ տասնյակ հազարից ավելի պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։
Ցավով ենք արձանագրում, որ ժամանակին աշխարհը լուռ մնաց։ Տարիներ անց նույնը կրկնվեց Մերձավոր Արեւելքի երկրներում։
-Ի՞նչ սպասելիքներ ունեք միջազգային հանրությունից:
-Գիտատեխնիկական զարգացման շնորհիվ այսօր աշխարհն անհամեմատ փոքրացել է, եւ որեւէ միջադեպ կամ հակամարտություն աշխարհի ցանկացած ծայրում չի կարող աննկատ անցնել կամ իր ներգործությունը չունենալ պատմության հերթական շրջափուլի վրա։ Ներկա աշխարհի զարգացումներում դժվար է անտարբեր մնալը, քանի որ որեւէ հատվածում պատճառվող ցավը, տառապանքը, տեղ գտնող անմարդկային վերաբերմունքն ու անարդարությունը մահաբեր են դառնում այլեւս ողջ մարդկության համար եւ անարձագանք մնալու դեպքում դառնում են նաեւ մարտահրավեր՝ նետված Արարչին եւ մարդկային բարոյականությանը։
Միջազգային հանրությունը, առաջադեմ երկրներն իրենց վճռական դիրքորոշմամբ պետք է աջակից դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ կասեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վտանգավոր գործընթացները, նաեւ ահաբեկչական-ծայրահեղական ուժերի խմորումները, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետի եւ ապակայունացնել ողջ տարածաշրջանը։
Մեր համոզումն է, որ ստեղծված իրավիճակում հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ՝ այդպիսով երաշխավորելով Արցախի բնակչության անվտանգությունը։
Այս է սպասելիքը մեր բարեկամներից, այս է հրամայականը՝ ծառացած քաղաքակիրթ ողջ աշխարհի առջեւ, բոլոր նրանց առջեւ, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ ցեղասպանությանը:

21-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO