Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայանվեր թուրք գիտնականը՝ Թաներ Աքչամ

Նրա ներկայացրած ապացույցները երկրաշարժի ազդեցություն են թողնում հայոց ցեղասպանագիտության բնագավարում
Մեր ժողովուրդը օտարազգի ազնվամիտ ու հայանվեր բարեկամներ շատ ունի, մարդիկ, ովքեր օրհասական ժամանակներում իրենց ազդու ձայնն են բարձրացրել ընդդեմ բարբարոսների, օգնության ձեռք մեկնել, դատապարտել ոճրագործներին, պայքարել հանուն արդարության: Անուրանալի է նրանց ներդրումը մանավանդ հայոց Մեծ եղեռնի ճանաչման գործում: Նրանցից մեկն էլ մեր ժամանակների հայտնի թուրք պատմագիր, իրավապաշտպան, սոցիոլոգ եւ ցեղասպանագետ Թաներ Աքչամն է՝ առաջին թուրք գիտնականը, ով ճանաչում եւ բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը: Նա տասը գրքերի հեղինակ է, որոնցից երկուսը՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու հայոց ցեղասպանությունը» եւ «Ամոթալի արարք: Հայկական ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության խնդիրը», նվիրված են 1915 թ. հայոց Մեծ եղեռնին եւ փաստագրական ահռելի տեղեկատվությամբ դատապարտում են մարդկության համար պատուհաս դարձած թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը:
Թաներ Աքչամը ծնվել է հայոց հնօրյա Արդահան քաղաքում: Վաղ տարիքից զբաղվել է թուրքական քաղաքականությամբ: 1976-ին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր եւ դատապարտվել 10 տարվա բանտարկության: Սակայն մեկ տարի անց նրան հաջողվել է փախչել բանտից եւ ապաստան գտնել Գերմանիայում՝ «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո: 1988-ից աշխատանքի է անցել Համբուրգի սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում, այդտեղ էլ սկսել է զբաղվել Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերով եւ այդ թեմայով դոկտորական թեզը պաշտպանել Հանովվերի համալսարանում: Այժմ պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում: Պրոֆեսորի համոզմամբ՝ մինչեւ վերջին ժամանակները ինքը միակ թուրք գիտնականն է, ով առանց երկմտության ազատորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Տարիներ առաջ՝ 1995-ին, նա այցելել է Հայաստան, եղել Էջմիածնում եւ մոմ վառել Մայր տաճարում: Հայագետ գիտնականը չի տարակուսում, որ Թուրքիան վաղ թե ուշ պիտի ընդունի 20-րդ դարասկզբի թալեաթական ոճրագործների վայրագությունները, ուղղի պատմական սխալները, առանց որի այս բարբարոս երկիրը, որքան էլ ձգտի, անհնար է, որ հայտնվի Եվրամիության կազմում: Նա իր երկրի պատմական սխալներից է համարում նաեւ քրդական հարցը: Իսկ մենք ավելացնենք՝ թուրքական պետության նորօրյա ոճրագործությունները Արցախում, Սիրիայում, աշխարհի տարբեր կետերում:
Ինչպես պատմաբանն է փաստում՝ այդ երկրում այսօր կան երկու արխիվներ՝ մեկը Անկարայում, մյուսը՝ Ստամբուլում: Անկարայի արխիվը ճշմարտության հետքերով գնացողների համար փակ է, մյուսը բաց է կիսով: Իսկ այն գիտնականները, ովքեր օգտագործել են արխիվային փաստաթղթեր, հետագայում ենթարկվում են խստագույն հարցաքննման:
Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը ցեղասպանագիտական գրականության ակնառու համալրումներից է: Այն Հայոց ցեղասպանության հետազոտությունների նոր փուլ է բացում՝ փոշիացնելով տասնյակ թուրք դիվանագետների եւ փուչ գիտնականների կեղծարար ջանքերը: Ներքին գործերի եղեռնագործ նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանությունների հրամանների եւ օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու միջեւ հեռագրերի իսկությունը երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր: Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այդ փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, եւ որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար: Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումները եւ երկրաշարժի ազդեցություն թողնում հայոց ցեղասպանագիտության բնագավառում:
Թաներ Աքչամի բնութագրմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը պատմական որոշում է, եւ եթե անգամ ԱՄՆ նախագահները չհնչեցնեն էլ ցեղասպանություն բառը, միեւնույն է, իրավական տեսանկյունից գերհզոր այդ երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հետաքրքիր է ցեղասպանական հեռագրերի ձեռք բերման իրողությունը, հեռագրեր, որոնք հզոր զենք են դարձել Թաներ Աքչամի ձեռքին. հայության տեղահանման ու ջարդի գործողությունները անձամբ ղեկավարող Թալեաթը այդ նզովյալ հեռագրերը ուղարկել է նաեւ Հալեպում գտնվող Նայիմ բեյին: Վերջինի հետ կարողացել է ծանոթանալ Դերզորի մահվան անապատով անցած եւ հրաշքով փրկված մի հայորդի՝ Արամ Անտոնյանը: Նրան հաջողվել է կաշառքի գնով ձեռք բերել Թալեաթի մահաբեր հեռագրերը, 70-ից ավելի այլ փաստաթղթեր եւ տեղափոխելով Փարիզ՝ հրատարակել որպես գիրք: Բոլոր փաստաթղթերը հանձնվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պողոս Նուբար» գրադարանին: Որոշ ժամանակ անց դրանք անհետացել են գրապահոցից, սակայն երջանիկ պատահականությամբ ամբողջը պատճենահանած է եղել հայ կաթոլիկ հոգեւորական Գրիգոր Գերգերյանը եւ 1950-ականներին իր հետ տարել Միացյալ Նահանգներ:
Ազնվամիտ ցեղասպանագետ Թաներ Աքչամը 2015-ին կարողանում է կապ հաստատել Գերգերյանի ժառանգների հետ եւ հասու լինել փրկված արխիվին: Դրանք հետո աշխարհին ու մեզ էին հասնելու «Սպանության հրամաններ» մեծարժեք գրքի տեսքով եւ փակելու էին տասնյակ կեղծարար թուրք գիտնականների ապականված բերանները: Տեսնես ի՞նչ է մտածում Միացյալ Նահանգներում ապրող Թաներ Աքչամ թուրք հայագետը կրկին ցեղասպանության ծարավով տառապող այսօրվա բարբարոսների, նրանց վարած արյունոտ քաղաքականության մասին: Արդյոք չի՞ ուզի գալ-հասնել ազատատենչ ու անբեկուն ազատության կղզի՝ հայոց Արցախ եւ արդյո՞ք չի ուզի խաղաղության դրոշ պարզել` իր ծննդյան օրվա առթիվ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

23-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO