Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պատերազմի եւ խաղաղության հրեշտակները

Կյանքը թվաբանություն չէ, սակայն թվերը շատ բան են ասում այդ կյանքի մասին…

«Պատերազմի 43-րդ օրն է: Հայ առյուծները արդեն գրել են իրենց անունները համաշխարհային պատմությունում։ Տվյալ պատերազմը դեռ ուսումնասիրվելու է դրվագ առ դրվագ։ Թե ինչպես էր քսանհինգհազարանոց բանակը կռվում թուրանական 200 հազարանոց բանակի դեմ։ Սակայն մի բան կա, որ չեն կարողանալու թվերով ուսումնասիրել։ Չեն կարողանալու ուսումնասիրել հայ զինվորի ոգին. մտածելու են, թե ինչպիսի պողպատյա սիրտ ու կամք են ունեցել հայ քաջերը… Ոչ ոք եւ ոչինչ չի կարող կոտրել հայերի ոգին եւ կամքը։ Հաղթանակը մերն է լինելու»:

Արամ Գաբրիելյանով
«LIFE» մեդիահոլդինգի հիմնադիր, ՌԴ Պատվո շքանշանակիր


Հայի կամքի ու ոգու մասին խոսում են ոչ միայն հայերը եւ ոչ միայն խոսում են այդ մասին. սեպտեմբերի 27-ից մինչ օրս աշխարհը ականատես ու ականջալուր է դրան` ապշահար ու, կարծես, շունչը պահած, թե ինչով կավարտվի դարի «մենամարտը». մի կողմից` թվեր են, մյուս կողմից` ոգի ու նվիրում… Ամեն օր կարդում ենք մեր զոհված զինվորների սիրելի անունները, եւ ամեն օր բացվում են մեր սրտերի դարպասները ու ներս առնում նրանց. մեր սրտերում այլեւս հրեշտակներ են, ու մեր սրտերն այլեւս երկինք են նրանց համար` հավերժ ու հավերժության մեջ թեւածելու երկինք…
Այստեղ լռում են պոետները, պաթոսն ու վերամբարձ խոսքերը, այստեղ սիրտն այլեւս ֆիզիկական օրգան չէ, այլ անծայրածիր երկինք, որին տեսնելու համար ոչ թե դեպի վեր, այլ դեպի ներս պիտի նայել, այն ներսը, ուր թեւածում են մեր սիրելիների ոսկետառ անունները` որպես մեր կյանքի շարժիչ ու զարկերակ, որպես հավերժի խորհրդանիշ…
Պատերազմը շատ բան է ֆիլտրում ու շատ բաներ բացահայտում, դարձնում տեսանելի, շոշափելի… Հեռուն սկսում է անչափելի մոտիկանալ, ու մենակությունը դառնում է հնարովի, առասպելի պես մի բան… Ինքնամփոփված մարդիկ համախմբվում են, սկսում ճանաչել միմյանց, կարեւորում մեկմեկու գոյությունը, ու այլեւս «իմ ու քո»-ն չկա, կյանքը դառնում է մեկ` բոլորի համար, ամեն մեկի փրկությունը` բոլորի փրկություն, ամեն մի զոհ` բոլորի կսկիծ, ցավ ու ափսոսանք…
Երբ խաղաղություն է, հրեշտակներ չես փնտրում, չգիտես` կա՞ն, թե՞ չկան դրանք, որտեղ են` հեքիաթներո՞ւմ, թե՞ երեւակայության մեջ, բայց հանկարծ խաղաղությունը վերածվում է պատերազմի, ու մոռացվում են առտնին հոգսերը, ամեն ինչ դառնում է երկրորդական, բացի կյանքից ու հայրենիքից, ու երեկվա տղան, որ դեռ թվում է դասը չուսած պատանի, հանկարծ ուսերին է վերցնում աներեւակայելի ծանրություն ու արդեն կարեւոր չէ, թե ինչ գնահատականներով է ավարտել դպրոցը, ինչ քննություններ է հանձնել կյանքում, հանձնել թե չի հանձնել, ում` ինչ պարտք է մնացել, ու միանգամից երազանքներն են փոխվում նրա, ծրագրերն ու նպատակները` մնում անցյալում, եւ նա դառնում է ուրիշ, անգամ ինքն է իրեն սկսում ճանաչել այլ պրիզմայից ու հաճախ հենց ինքն էլ զարմանում է այն դերակատարությունից, որ վերցնում է ուսերին ու հաղթահարում հպարտությամբ, գլուխը` բարձր, առանց ետ նայելու… Ենթագիտակցորեն ու բնության հրամայականով արդեն առավելս է կարեւորվում «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթ. 22։34-39) աստվածաշնչյան պատվիրանը, սակայն մեր հերոս տղաների անձնուրաց սրբագրությամբ` սիրի՛ր մերձավորիդ քո անձից առավել…
Մեզ համար ո՛չ պատերազմներն են նորություն, ո՛չ էլ ոսոխի նենգ ու դաժան տեսակը, ո՛չ էլ մինչեւ վերջ կռիվ տալու մե՛ր տեսակը, ու, ինչքան էլ պատերազմները տարբերվեն միմյանցից, ինչքան էլ անհավասար ու դաժան պայքարի մեջ ներքաշվենք, միշտ անուրանալի մի բան առաջնորդելու է մեզ` ոչ միայն կռվել մինչեւ վերջին շունչն ու հնարավորությունը` արհամարհելով սեփական անձն ու վտանգը, այլեւ` նախ եւ առաջ ուշադիր ու հոգատար լինել ընկերոջ, հարազատի, զինակցի հանդեպ, փրկել նրա կյանքն ու մարմինը` ինչ գնով էլ լինի, անգամ սեփական կյանքի հաշվին, վիրավոր լինի նա թե զոհված… Սա է մեր ոգու ու տոկունության ցուցանիշը, հաղթանակի գրավականը, եւ սա է, որ տարակուսում ու չեն հասկանում մեր թշնամիները` հարձակվելով մեզ վրա մինչեւ ատամները զինված` վերջին տեխնիկայի նորություններով եւ բազում անգամ գերակշռելով մեզ թվաքանակով, քանզի նրանք` առաջին իսկ լուրջ դիմադրությունից ու տված զոհերից, սկսում են ճողոպրել` սեփական կաշին փրկելու համար` ետեւում թողնելով իրենց վիրավորներին ու մեռյալների մարմինները, ավելին` անգամ չեն ուզում օգտվել ամենակարճ հրադադարից իսկ` սեփական դիերը ռազմադաշտից դուրս բերելու համար, այնքան որ կարեւորություն չեն տալիս դրան, այնքան որ մարդկային կյանքն անարժեք է նրանց համար, բացի սեփական կաշվից։ Եվ դա այդպես է ոչ այն պատճառով, թե մեր դիտանկյունից ենք նայում խնդրին, այլ այդ մասին վկայում են փաստերը եւ այն, որ թշնամին մեր հողի վրա ոչ մի սրբություն չունի, որի համար կյանք զոհի կամ ափսոսա ինչ-որ մեկի կյանքը, առավել եւս, որ նրա առաջնագծում ոչ թե սեփական բանակի զինվորներ են, այլ ահաբեկիչ-վարձկաններ, որոնց նա պահում է կրկնակի հարվածի տակ` մի կողմից` հայկական բանակի, մյուս կողմից` թուրք-ադրբեջանական զինուժի, քանզի վարձկան-ահաբեկիչների հարձակվելիս` մե՛նք ենք նրանց խփում, նահանջելիս` նրանց վարձողները։ Ու մեր 18-20 տարեկան տղաները, որ դեռ երեկ անձնական կյանքի երազանքներ էին փայփայում ու ծնողական հոգածության սեր վայելում, հանկարծ հայտնվեցին այս գիշատիչներին դեմ առ դեմ, ու կյանքի արժեքները միանգամից փոխվեցին նրանց համար, ու հանկարծ իրե՛նք դարձան հոգատար, ուժ տվող ու միմյանց նեցուկ, ու մենք, որ թիկունքում ենք եւ ականջալուր նրանց սխրագործություններին ու նվիրվածությանը, անձնուրացությանը, նույն նվիրումով ու սիրով նրանց սպասողներս վայրկյան իսկ չենք կասկածում նրանց կամքին ու տոկունությանը, եւ մեր սերն ու հավատը միայն նրանցով են սնուցվում, ու մեր կյանքն իմաստավորվում է միմյանցով… Մենք թվաբանություն չենք անում, ոչ մի թիվ չի կարող մեզ հաշտեցնել մեր զինվորի թափած մի կաթիլ արյան հետ. մենք չենք կարող մեր զինվորի թափած անգամ մի կաթիլ արյունը համեմատել թշնամու բազմաթիվ մեռյալների արյան հանրագումարի հետ, քանզի մեր զինվորի արյան մեջ սեր կա, նրա՛նց արյան մեջ` սոսկ ատելություն, ատելություն, քանզի պատերազմ սանձազերծողը` երեխա ու մայրասպան ահաբեկիչը չի կարող այլ արժեքներով առաջնորդվել, քան ատելությունը, ատելությունը առհասարակ մարդկային էակի ու նրա տեսակի հանդեպ…
Այսօր մեր 18-20 տարեկան զինվորները, կամավոր-ազատարարները, կին-մարտիկները, որ պայքարում են առաջնագծում` թշնամու հրոսակախմբերի դեմ, միմիայն մի նպատակ են հետապնդում` խաղաղության ու սիրո հաստատումը ոչ միայն մեզ ու մեր հայրենիքի համար, այլեւ աշխարհի՛ մարդեղենության պահպանման համար, աշխարհ, որ, կարծես, հաշիվ չի տալիս իրեն, թե ուր է գլորվում մարդու տեսակն ու նրա խիղճը, աշխարհ, ում համար առավել կարեւորվում են ընտրաթերթիկների կեղծ կամ վավեր լինելը, ինչ-որ մեկի «հեղինակության» հարցը, քան մի ողջ ժողովրդի լինել-չլինելու խնդիրը` ամենեւին չմտահոգվելով, որ վարժեցված գազան չի լինում, որքան էլ տաքացնես նրան, որ գազանը տեր չի ճանաչում, այլ սոսկ քնած է ձեւանում` մինչեւ տիրոջն հոշոտելու հարմար պահը որսալը, իսկ մինչ այդ մեր հրեշտակները արյունալի պատերազմում հսկում են անգամ արթնացած գազանի տիրոջ խաղաղ քունը…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

10-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO