Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՆԱԽԱԳԱՀ


Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն տեղի ունենա

Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Kathimerini» օրաթերթին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» օրաթերթին, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի դերակատարմանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած` ՀՀ նախագահի հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:
-Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը վերջին վեց շաբաթների ընթացքում սառեցված հակամարտությունից վերածվել է հյուծող պատերազմի: Կարող եք ներկայացնել՝ ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում եւ ի՞նչ կորուստներ ունի հայ ժողովուրդը:
- Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէի անվանի, քանի որ 1994 թվականից ի վեր, ինչ Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվել էր զինադադար, ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր ռազմական միջոցներով վիճարկել եւ փոխել ստատուս քվոն: Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ադրբեջանական կողմը, հակամարտության վերջնական լուծումը գտնելու նպատակով բանակցային սեղանն օգտագործելու փոխարեն, ոչ միայն զերծ չմնաց զինադադարի ռեժիմը պարբերաբար ու կանխամտածված խախտելուց եւ շփման գծում հայ զինվորներին, իսկ Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում՝ քաղաքացիական անձանց սպանելուց, այլեւ այդ ընթացքում ձեռք բերեց մեծ քանակությամբ ու միլիարդավոր ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից, այդ թվում եւ՝ արգելված զենք-զինամթերք՝ ողջ տարածաշրջանը վերածելով վառոդի տակառի: Ավելին, Ադրբեջանն սեփական ժողովրդին նախապատրաստում էր պատերազմի, մինչդեռ հայկական կողմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա խաղաղ կարգավորման ջատագով է, իսկ հայկական էլիտայի ներկայացուցիչները որոշ ընդդիմադիր գործիչների կողմից անգամ երբեմն քննադատվում էին ռազմական ծախսերն ավելացնելու ու հռետորաբանությունը խստացնելու փոխարեն խաղաղասեր լինելու համար:
1990-ականների սկզբից Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 10 անգամ եւ երբեք չի հրաժարվել խիստ այլատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունից: Ադրբեջանական ղեկավարությունը մշտապես սպառնացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կիրառել ռազմական ուժ, եւ այժմ մենք նրա ցեղասպան մտադրությունների ականատեսն ենք արդեն լիարժեք գործողության մեջ: Ժողովուրդները կարող են հակասություններ կամ վեճեր ունենալ, բայց անընդունելի է, երբ անհամաձայնությունը, անգամ խոր անհամաձայնությունը վերածվում է իսկական պատերազմի, ուր երկու կողմում մարդկային ողբերգություն է: Ավելին, այս անմարդկային ագրեսիան, որը սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց Ադրբեջանի ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից, ռազմական ու քաղաքական լիակատար աջակցություն ստացավ մեկ այլ ոչ ժողովրդավար ռեժիմի կողմից Թուրքիայում: Բռնապետությունների համար միեւնույնն են սեփական ժողովրդի ճակատագիրն ու բարեկեցությունը, առավել եւս՝ նրանք չեն հարգում պարզ մարդկային կյանքը, արժեքներն ու արժանապատվությունը: Ոչ ժողովրդավար ռեժիմը, լինի Բաքվում, Անկարայում կամ այլուր, իր «ուժն» ու «հպարտությունը» կառուցում է սեփական ժողովրդի տառապանքի վրա, ուստի եւ շատ ավելի անմարդկային է այլ ժողովուրդների նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, այլ հպարտ հայ ժողովրդի պայքարը՝ հանուն իր անվտանգության, հպարտ կյանքի եւ արժանապատվության՝ ընդդեմ սպանությունների, նվաստացումների ու տառապանքների:
-Ո՞վ է մեղավոր երեք իրար հաջորդած, ժամանակավոր հրադադարների խախտման ու Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի միջնորդած ժնեւյան բանակցությունների փակուղու համար:
-Բոլոր երեք հրադադարները կամ մարդասիրական հրադադարի շուրջ համաձայնությունները գրեթե անմիջապես խախտվել են ադրբեջանական կողմից, որը ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլեւ սկսեց հրետակոծել նաեւ Հայաստանի տարածքը: Սա Ձեզ կարող է անտրամաբանական թվալ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչու է կնքվում համաձայնություն, եթե ադրբեջանական կողմը չի պատրաստվում հարգել այն եւ փոխարենն անմիջապես խախտելու է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական, այլ ոչ թե հայկական կողմն է սանձազերծել այս մանրամասն ծրագրած ու կազմակերպած ռազմական ագրեսիան եւ պատերազմը՝ թուրք գեներալների, սպաների, հատուկ ջոկատայինների, «Բայրաքթար» մահվան մեքենաների, ինչպես նաեւ ջիհադիստների ու սիրիացի վարձկանների ուղղակի մասնակցությամբ, որոնց նմաններն այսօր Փարիզում, Վիեննայում կամ այլուր սպանում են անմեղ քաղաքացիների: Նույն պատկերն է նաեւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոֆեսիոնալ մարդասպանները դուրս են եկել ընդդեմ անմեղ ժողովրդի: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը մի կողմից ստորագրում, մյուս կողմից՝ խախտում հրադադարը: Ամեն ինչ շատ պարզ է՝ Բաքվի եւ Անկարայի բռնապետները չեն ավարտել իրենց ,առաքելությունըե, այն է՝ ,«ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ հազարավոր տարիներ բնակվող հայերից:
Այս գործողությունը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկ զտում, եւ հենց սա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը: Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ անմեղ ժողովրդի, այլ ցանկանում է ավարտին հասցնել գործը: Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք: Հենց սա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:
-Ձեր ադրբեջանցի գործընկերը՝ նախագահ Իլհամ Ալիեւը, պնդում է, թե հակամարտությունը կարող է ունենալ ռազմական լուծում: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին ռազմական տեխնիկայի եւ մարդուժի տեսանկյունից, ինչպե՞ս եք ապացուցելու, որ նա սխալվում է:
-Իմ ժողովուրդը կարիք չունի որեւէ մեկին որեւէ բան ապացուցել, հատկապես նրանց, ովքեր հակամարտության համար միայն ռազմական լուծում են տեսնում եւ խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցանք են գործում: Հայաստանի զինված ուժերի զորությունը եւ հայ ժողովրդի ոգին երեւացին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում: Եվ այստեղ խնդիրը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը չէր, այլ ապրելու եւ ազատ լինելու մեր իրավունքը պաշտպանելը: Ուստի, այստեղ հարցը թվերի ու քանակի հասարակ հաշվարկը չէ: Մենք կռվում ենք մեր տների, հայրենիքի, երեխաների, հազարավոր տարիների հայկական մշակութային ժառանգության պահպանության համար: Հենց սա է, որ ոմանք չեն կարողանում հասկանալ: Սա տարածքային կամ կրոնական հակամարտություն կամ վեճ չէ:
-Ճի՞շտ է՝ ասել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը քաջալերում է Բաքվին՝ ցուցաբերելու հնարավորինս անհաշտ վարքագիծ: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով:
-Այս հակամարտությունում Թուրքիայի դերի վրա առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել՝ այն խորությամբ ընկալելու համար: Ինչպես արդեն ասացի, Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է հակամարտությունում իր ռազմական ուժով եւ քաղաքական-դիվանագիտական աջակցությամբ: Այս ուղղակի մասնակցությունն ավելացնում է հակամարտող կողմերի թիվը եւ միջազգայնացնում հակամարտությունը: Թուրքիայի՝ արդեն ապացուցված ներգրավվածությունը, որը թեպետ թուրքական կողմն անհուսորեն հերքում է, սաստկացնում է հակամարտությունն ու դրամատիկորեն մեծացնում դրա ծավալները, ուժգնությունը եւ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքները: Մոլեռանդ ջիհադիստների ու սիրիացի եւ այլ վարձկանների ներկայությունն ամբողջական պատկերը դարձնում է ավելի բարդ ու խճճված եւ վտանգում ողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչը կարող է Կովկասը վերածել նոր Սիրիայի:
Թուրքիան ոչ միայն քաջալերում է Բաքվին՝ դառնալու խաղաղ բնակչության կույր մարդասպան ու խախտել հրադադարի մասին համաձայնությունը, այլեւ Ադրբեջանին դարձնում է իր գերին՝ վերածելով նրան իր քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Իրանի: Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը կարող է ուրախ լինել, որ Թուրքիան իր կողքին է եւ նրանից ստանում է աջակցություն խաղաղ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում դա ձախողում է, եւ միայն հետո Ադրբեջանը կգիտակցի, թե ինչ աստիճանի է դարձել Թուրքիայի կովկասյան խամաճիկը:
-Անկարան եւ Բաքուն իրենց ներկայացնում են որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորներ՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել նավթատար եւ գազատար խողովակները, որոնք անցնում են տարածաշրջանով: Դա իրակա՞ն սպառնալիք է, թե՞ պարզապես խուճապի համար է:
-Դա անհիմն մեղադրանքների եւ համապատասխան քարոզչության մասին է, որը Ադրբեջանի կառավարությունն ու իր ազգային շահերի վճարովի քարոզիչներն Արեւմուտքում եւ այլուր ձգտում են տարածել տասնամյակներ շարունակ: Հայաստանը որպես տարածաշրջանի ապակառուցողական ուժ ներկայացնելու հետեւողական փորձերը, որն իբր թե «սպառնալիք է» էներգետիկ ենթակառուցվածքների համար, եղել եւ շարունակում է մնալ հակահայկական հորինվածքների հիմքում, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է արտաքին լսարանին: Սրա նպատակն է բարոյապես արդարացնել հայերի դեմ շարունակվող ագրեսիան եւ սանձազերծված պատերազմը: Չնայած այս հարցում Ադրբեջանի կողմից ջանասիրաբար առաջ քաշած բազմաթիվ հերյուրանքներին եւ կանխամտածված կեղծ մեկնաբանություններին, չեմ կարող գտնել Հայաստանի գործող բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի կողմից արված հայտարարություն կամ թաքնված մտադրություն, որով կարող էին հիմնավորվել նման մեղադրանքները:
Ի վերջո, այս հարցի պատասխանը տրամաբանորեն պարզ է. եթե Հայաստանը երբեւէ ցանկանար թիրախավորել եւ ոչնչացնել այդ գազատարներն ու նավթատարները, ապա դա անելու համար ուներ բազմաթիվ հնարավորություններ: Բայց ինչո՞ւ պետք է դա անեինք: Տարիներ շարունակ ադրբեջանական անհիմն ու անտեղի խուճապ առաջացնող հայտարարությունները եւ մանիպուլյացիաներն ուղղված են եղել արտասահմանում հակահայկական տրամադրություններ սերմանելուն, եւ այժմ ցավալի է տեսնել, որ Եվրոպայում եւ դրանից դուրս քաղաքական որոշ շրջանակներ սկսել են հավատալ այդ ապակողմնորոշող կեղծ պատմություններին:
-Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է եւ նրա հետ կնքել է ռազմական պայմանագրեր, որոնք չեն ներառում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը: Հակամարտության ընթացքում Մոսկվան իրեն պահում է որպես խաղաղության հասնելու համար ազնիվ, անկողմնակալ միջնորդ: Ակնկալո՞ւմ էիք ավելին ձեր ազգի համար այս ամենադժվար պահերին:
-Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ Մոսկվան հավատարիմ է մնում Երեւանի հետ ունեցած անվտանգության մասին պայմանագրերին: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած յուրաքանչյուր պայմանագիր, եւ դա բացարձակապես հստակ ուղերձ է: Մինչ Ռուսաստանը, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ջանք չի խնայում մարտերը դադարեցնելու համար, Թուրքիան լիովին խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը՝ իր չարամիտ ազդեցությամբ եւ միջամտությամբ թեժացնելով պատերազմը:
Հայաստանը գնահատում է Մոսկվայի, որպես պայմանագրային դաշնակցի եւ ազնիվ միջնորդի ջանքերը՝ դադարեցնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված հրդեհածին եւ հիբրիդային պատերազմը, եւ ես վստահ եմ, որ մեր առջեւ ծառացած այս մարտահրավերը դրական թեստ է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ ռազմավարական կապի համար:
-Մեկուկես ամսվա պատերազմից հետո ադրբեջանցիները տարածքային ձեռքբերումներ ունեն, եւ վերադարձը ստատուս քվոյին անհնար է թվում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ սահմանների վերաբերյալ ո՞ր քաղաքական լուծումը ձեզ համար իրատեսական եւ ընդունելի կլինի:
-Թույլ տվեք այս կերպ արձագանքել. Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, եւ տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ: Թույլ տվեք հիշեցնել, որ 1992-ի ամռանը կարող էր թվալ, թե հայկական կողմը պարտվում է պատերազմում, երբ փորձում էր հետ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիան: Սակայն 1994-ի մայիսին, երբ Ադրբեջանը հուսահատորեն զինադադար խնդրեց, իրավիճակը բոլորովին այլ էր:

Ինչ վերաբերում է քաղաքական լուծմանը, պարզ է, որ Ադրբեջանի սանձազերծած եւ Թուրքիայի կողմից կառավարվող այսպիսի դաժան ու անմարդկային ագրեսիան, որն ուղեկցվում է ռազմական հանցագործությունների եւ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, հօդս է ցնդեցնում ցանկացած կցկտուր հույս, որ որոշ օտարերկրյա փորձագետներ ունեին Ադրբեջանի սահմաններում ղարաբաղահայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասով: Հայկական կողմի համար այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատեւման միակ իրատեսական տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու եւ զարգանալու իրավունքի ճանաչումն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս:
-Հայ եւ հույն ժողովուրդները կապված են պատմամշակութային կապերով: Ի՞նչ եք ակնկալում մեր կառավարությունից եւ մեր ժողովրդից ձեր պատմության այս դժվարին պահին:
-Հունաստանը եւ հույները հատուկ տեղ են զբաղեցնում հայերի մտքում եւ սրտում: Սա փոխադարձ զգացում է, որը ոմանք հակված են բնութագրել որպես բնական դաշնակիցների հարաբերություն: Դարեր շարունակ բազմիցս փորձարկվել է հայերի եւ հույների բնական դաշինքը, եւ այդ կապերը ձեռք են բերել ոչ միայն պատմական եւ մշակութային, այլեւ քաղաքակրթական բնույթ՝ հիմնված մարդկանց միջեւ համակրանքի, միանման մտածելակերպի, պատմական ճակատագրի եւ, ինչ-որ առումով, միմյանց նկատմամբ ձգողականության վրա: Մեր ժողովուրդների միջեւ քաղաքական հարաբերությունների դինամիկան ապացուցել է, որ Հայաստանն ու Հունաստանը կարող են օգտվել ընդհանուր աշխարհաքաղաքական տեսլականից եւ երկկողմ ռազմավարական հարաբերություններից՝ միասին ինստիտուցիոնալիզացնելով մեր տարածաշրջանային դիրքերը: Վառ օրինակներից մեկը Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ռազմավարական եռակողմ գործընկերությունն է, որը նպաստում է մեր քաղաքական-տնտեսական կարողությունների ընդլայնմանը տարածաշրջանային ավելի լայն մակարդակում:

10-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO