Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Բացառել թիկունքից հարվածը

«Եթե հիմա ինչ-որ բաներ ասեմ, կարող եմ վտանգել մարդկանց

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարությանը, ինչպես նաեւ այդ հայտարարության հրապարակումից հետո Երեւանում ստեղծված իրավիճակին։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կցանկանար տեղի ունեցածի մասին խոսել մանրամասն, սակայն հավելեց, որ հիմա դա անել չի կարող։ «Հիմա ռազմական գործողությունների դադարեցումը պրոցեսի մեջ է, եւ, եթե ես հիմա ասեմ ինչ-որ բաներ, ուղղակի կարող եմ վտանգել մարդկանց։ Իհարկե, եթե ասեմ ինչ-որ բաներ, կարծում եմ, շատերին շատ բան պարզ կլինի, բայց ես ուղղակի չեմ կարող հիմա դա ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, նրանք հիմա թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում եւ այն մարդկանց գնահատականների ու նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։ «Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Եվ ինչո՞ւ չենք կարողացել մենք այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա․ 25 տարի սեղանների շուրջ որոշ մարդիկ խմել են մեր բանակի կենացը, եւ այդ սեղաններին դրված գինին, հացը, օղին գնված է եղել գողացված փողով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով, եւ մեր հույսն այն է եղել, թէ ՝ գիտե՞ք ինչ՝ դե բանակցային գործընթացում «կռուտիտ կլինենք»։ Բայց ինչքա՞ն կարելի է «կռուտիտ լինել»։ Դրա վերջը, ի վերջո, գալիս է։ Եվ մենք այդ վերջի մասին չենք մտածել։ Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ գլորվում ենք դեպի այս օրը»։
Նա հավելեց, որ ինքն իմացել է դա, որովհետեւ առաջին օրից տեղեկացել է բանակցային բովանդակությանը։ «Ընդ որում, բանակցային գործընթացին տեղեկացել եմ մի վիճակում, որտեղ «կռուտիտ լինելու» բոլոր ռեսուրսները այլեւս սպառված են։ Իմիջայլոց, այսօրվա այդ դեբոշ անողների մեջ այդ շրջանակների ներկայացուցիչներ էլ կան։ Ես ի՞նչ եմ արել, ոչ թե գնացել եւ այդ բանակցային ժառանգությունը վերցրել եւ ասել եմ՝ ես հիմա կանեմ այդ ժառանգության արդյունքները, այլ փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր անել 2.5 տարում։ Եվ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես էլի եմ ասում՝ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների, ծնկի եմ գալիս նրանց մայրերի, հայրերի, քույրերի, եղբայրների, կանանց, զավակների առաջ։ Ես նաեւ նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը պատշաճ մակարդակով շարունակել։ Բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, ոչ միայն այսօրվա, այլ նաեւ հնարավոր շարունակության»,- մանրամասնեց Փաշինյանը։
Անդրադառնալով պատերազմի դադարեցման մասին հայտարարության հրապարակումից հետո Երեւանում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ընդգծեց․ «Մի ընդիմիադիր քաղաքական գործիչ կա, որը նաեւ իմ հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը դիրքերը թողել է, փախել՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է ՝ «մենք մեր բանակի կողքը կանգնած ենք»։ «Բա ինչո՞ւ էր փախել։ Ես համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ։ Գիտեմ, որ կան շատ մարդիկ, որոնց մտադրություններն ազնիվ եւ արդար են, գիտեմ, որ կան նաեւ մեր զոհված եղբայրների հարազատները, ես ասել եմ եւ ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ։ Այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր։ Դա այն մարդիկ են, ովքեր 20 տարի գողացել են զինվորից, բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, այսօր եկել ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Բա այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։ Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել։ Ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ Երեւանում կամուֆլյաժով։ Հիմա նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Այսօր գիտեք ինչու են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետեւ ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում։ Իմ կինը դիրքերում է, եւ ես հպարտ եմ դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ պետք է բովանդակային եւ մանրամասն բացատրություններ տամ։ Այդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տալ, բայց ինչո՞ւ չեմ տալիս։ Ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա։ Ռազմական եւ պատերազմական դրության պայմաններում ամեն ձեւակերպած նախադասությունն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։ Այդ դիսոնանսի պատճառը նաեւ դա է, եւ մենք դա հասկանում ենք եւ հասկացել ենք, բայց դուք էլ պետք է հասկանաք, որովհետեւ ֆեյսբուքյան գրառումները, թե ամեն մարդ նախադասությունները ոնց է ձեւակերպում, շատ արագ հասնում են առաջին գիծ եւ շատ արագ թշնամուն են հասնում։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ»,- ասաց Փաշինյանը։
Նա բոլոր քաղաքացիներին խնդրեց տուրք չտալ ջարդարարների խմբին, որովհետեւ արդեն իմացել է, թե այնտեղ ովքեր են, կան հայտնի կուսակցական շրջանակներ։ «Այդ կուսակցական շրջանակներից մարդ կա, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը 80 միլիարդ դրամի պարտավորություն ունի, որը պետք է այս տարիներին վճարվեր բյուջե, առնվազն՝ դրա 60 տոկոսը կամ կեսը, քանի որ մնացածը տույժ-տուգանքներ են․ այդ գումարը պետք է դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, եւ այսպես շարունակ։ Այդ մարդիկ այսօր դեբոշ են անում իրենց թալանի իրավունքը վերագտնելու համար»,- ասաց նա։
Վարչապետը հայտարարեց՝ ընդունում է, որ կառավարությունը 2 տարվա ընթացքում չի արել այն չափի կոռուպցիոն գումարների վերադարձ, որ պետք է աներ, որովհետեւ փորձել են ամեն ինչ անել օրինական մեթոդներով։ Նրա խոսքով՝ 25 տարի Հայաստանում օրենքները գրվել են այնպես, որ առաջին հերթին պաշտպանեն կոռուպցիան եւ կոռուպցիոն համակարգը։ «Սա է ճշմարտությունը, եւ ես կրկին ուզում եմ ասել՝ ցավում եմ, որ մանրամասն չեմ կարող ամեն ինչի մասին խոսել։ Չեմ կարող, որովհետեւ իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ։ Շատ կարեւոր է, որ մենք այնպես անենք, որ վնաս չտանք։ Ես հասկանում եմ էմոցիաները, դրանք պետք է արտահայտվեն, պետք է դուրս գան, բայց այս խոսակցությունը մանրամասն անելու ժամանակ դեռ կունենանք, եւ ոչ մի պատասխանատու չի փախչի պատասխանատվությունից։ Այդ թվում ես, եթե պատասխանատու եմ, պատասխանատվությունից չեմ փախչի, բնականաբար։ Ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել սադրանքների»,- ասաց նա։
Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը, կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել են, որ այսպիսի արդյունքի չհանգենք։ «Ինչո՞ւ դա չի ստացվել, հենց դա է ամենակարեւոր խնդիրը, եւ հենց դրա մասին է, որ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն, որպեսզի ամբողջ կոնտեքստը պարզվի եւ պարզաբանվի։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում են, շնորհակալ եմ նրանց, ովքեր չեն հավատում, բայց ես ընդամենը մի ակնկալիք ունեմ, որ նրանք կլսեն եւ հետեւություններ կանեն դրա արդյունքում։ Այսօրվա հանցագործությունների բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են խստագույն պատասխանատվության, սրանում չկասկածեք։ Չկասկածեք, որ այս ընթացքում որեւէ վայրկյան, որեւէ ակնթարթ որեւէ գործողություն արվել է ի հակադրություն ձեր նկատմամբ իմ ունեցած ծառայական պարտավորությունների։ Խնդրում եմ մի վայրկյան անգամ չկասկածեք, ես դա, իհարկե, կապացուցեմ, մնացածը դուք կորոշեք՝ ապացուցեցի՞, թե՞ չապացուցեցի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

11-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO