Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Սա է իմ ընտրությունը»

Հատված ինքնակենսագրական վեպից

Գրականագետ, արձակագիր Ավիկ Իսահակյանը վերջերս ավարտել է ինքնակենսագրական բնույթի «Սա է իմ ընտրությունը» վեպը։ Նա «ՀՀ» օրաթերթին է հանձնել բացառիկ իրավունքը` առաջինը տպագրելու հատվածներ վեպից։ Ստորեւ տպագրում ենք մի հատված հիշատակված ստեղծագործությունից։ Վեպն ամբողջությամբ լույս կտեսնի տարեվերջին։
* * *
Նինայի ծննդյան օրը առավոտ վաղ, դեռ նախաճաշ չարած, վերցրի հետս Ադլերի օդանավակայանում գնած նշանի մատանին՝ կարմիր տուփի մեջ, ու շտապեցի Բելառուսյան կայարանի հրապարակից ոչ հեռու գտնվող ծաղիկների շուկան։
Այդ տարիներին դեռ այլ երկրներից՝ Եվրոպայից, Արեւելքից Մոսկվա ծաղիկներ չէին բերում, այնպես որ ծաղկի շուկայում այդ շրջանում իշխում էին կովկասյան հանրապետությունների քաղաքացիները, որոնք ինքնաթիռներով թարմ ծաղիկներ էին հասցնում մայրաքաղաք։ Ես որոշել էի Նինայի ծնունդը շնորհավորել հայկական վարդերով։ Անպայման հենց իմ հայրենիքից բերված։ Ճիշտ է, բոլոր ծաղիկներն էլ գեղեցիկ են, բայց մերն ուրիշ է։ Մերի հոտը բնական է, թունդ, ինչպես մեր կոնյակը, եւ մեր ալ կարմիրն էլ մի ուրիշ երանգ ունի, ինչպես արեւամուտը Սեւանում։ Նայում եմ՝ բոլոր ծաղկավաճառները բեղավոր են, բոլորը սեւ շապիկներով եւ բոլորը մեկ մարդու պես ծխում են։ Մտածում եմ՝ ինչպես գտնեմ հայ վաճառողին, որոշեցի ընտրել ծաղիկներով, իզուր չէ, որ մտաբերեցի հայկական կարմիր վարդը, նա մի այլ երանգ ունի։ Այսպես ուշադիր անցնում եմ շարքերով, եւ մեկ էլ ինձ են դիմում մաքուր հայերենով.
–Ջահել ջա՛ն, քո որոնածը հենց ինձ մոտ է, իզուր ժամանակ մի՛ կորցրու։
Նայում եմ վաճառողին, մի քառասուն տարեկան կլինի, սիգարետը ձեռքին։
Հարցնում եմ.
–Էդ ինչպե՞ս իմացար, որ ես հայ եմ։
–Բա պարզ չէ՞, աչքերիցդ, էդ սեւ մազերիցդ։
Մի պահ ես ինձ շատ լավ զգացի։
–Քեզ որպես земляки կտամ էսօր առավոտվա ռեյսով բերած վարդերը,- եւ գնաց, մի երկար տոպրակից հանեց խնամքով կապած մի փունջ։ Իսկ եւ իսկ իմ ուզած ալ կարմիր գույնի վարդեր։
–Մի տե՛ս, ցողը թերթիկներին է, կա-չկա էս առավոտով սիրածդ աղջկա համար ես առնում։ Կոկոն է, կոկոն։
–Ճիշտ է, земляк, եւ ոչ միայն սիրածս, այլեւ նշանածս։
–Դե որ ըտենց ա, երկուսը ինձանից քեզ մաղարիչ։
–Դե լավ, հաշվի 15 հատ վարդ։ Միայն թե՝ կարող ես, երեւանյան թերթի մեջ փաթաթի։
Ծաղկավաճառը հաշվեց 15 հատ վարդը, ավելացրեց իր կողմից երկուսը, ապա իր արկղերից մեկում գտավ «Սովետական Հայաստան» թերթի մի համար ու խնամքով մեջը փաթաթեց իմ պատվերը։
Մեկնեցի իրեն պահանջված գումարը։
–Ջահել ջան, քեզ երջանկություն, բայց մի բան ասեմ, ավելի լավ կլիներ՝ ջոկածդ նշանածը հայ լիներ։
–Էդ որտեղի՞ց իմացար։
–Էէ՜, брат ջան, հայ տղան հայ աղջկա համար երկուշաբթի օրը՝ առավոտյան, ծաղիկ ման չէր գա... Էն էլ կոկոն, Աստված տա, սիրածդ էլ կոկոն լինի։
Ասաց հենց այնպես, տեղն եկած խոսքի իմաստով, որ ես հետո՝ շա՜տ տարիներ անց, այդ խոսքերը, ավելի շուտ նրանց իմաստը մտաբերեի....
Վարդերը գլուխ պտտեցնող բույր ունեին։ Նստած Օդինցովո տանող էլեկտրա-գնացքը՝ մեկ վարդերից էի հոտ քաշում, մեկ փորձում էի ինչ-որ ֆրազներ կարդալ վարդերը փաթաթած հայկական օրաթերթից։
«Ցույց կտամ Նինային, թող տեսնի հայկական շրիֆտը եւ համոզվի, որ ամենալավ վարդերը հայկականն են», - մտածում էի՝ վերջին հաշվով ծաղիկը պետք է գեղեցիկ լինի, անուշահոտ, կարեւո՞ր է, արդյոք, թե նա որտեղից է, իհարկե, կարեւոր է քո հողի, քո ջրի, քո արեւի տակ աճած ծաղիկը, իհարկե, քեզ ավելի մոտ է ու սիրելի։ Ու մտքիս հեռավոր մի անկյունում մի միտք կայծակի պես անցավ. իսկ մի՞թե այդպես չէ եւ քո հարազատ արյունակից աղջիկը, եթե դու վարդերի մեջ տարբերություն ես դնում, իսկ քո ընտրյալի դեպքում ու՞ր մնացին քո ջուրը, արեւը, հողը, քեզ անծանոթ սեւաչյան։
Էլեկտրագնացքն արագ էր գնում, բնության տեսարանները հաջորդում էին իրար, վարդերի բույրն էլ ստույգ զգում էի, ու կայծակի պես ծագած միտքը կայծակի պես էլ անցավ։
Ես արդեն հեռվից նկատեցի Պեշկովների այգու փայտյա կանաչ դարպասներին փակցված մետաղյա քառակուսի ցուցանակը «Дача Максима Горького» գրությամբ։ Եվս մի քանի քայլ, եւ Նինան վազեց ինձ ընդառաջ։ Եվ մենք կարծես միաձուլվեցինք մի երկար համբույրի մեջ, ապա ես աղջկան ուղղեցի ալ կարմիր վարդերի փունջը եւ հիշեցի պապիկիս մի բանաստեղծության հետեւյալ քառատողը.
Այսօր ձեր տանը մեծ խնջույք կա,
Դու կըբուրես վարդի պես,
Չորս բոլորըդ հարուստ տղա,
Դու կըփայլես աստղի պես։
–Ի՞նչ ասացիր դու, խնդրում եմ՝ թարգմանես։
–Պարզապես մի քառատող էր պապիս բանաստեղծությունից՝ գրված նույնպես իր սիրեցյալի ծննդյան օրը, երբ նա Ցյուրիխում հիշել էր Գյումրին, իր ջահելության օրերը։
–Չէ՛, չէ՛, մի՛ պատմիր, թարգմանի՛ր, խնդրում եմ...
–Դե լավ, կփորձեմ, հենց այսպես, ոտքի վրա.

Сегодня в доме вашем пир большой,
И ты благоухаешь как роза,
Вокруг тебя хоровод богатых юношей,
И ты сияешь как звезда.

–Все правильно, да вот вокруг меня нет хоровода богатых юношей, не считая Сергушки и Максимки. (Ամենը ճիշտ է, բայց դե հարուստ տղաներ շուրջբոլորը չկան, չհաշված Սերգուշին եւ Մաքսիմին)։
–Այս ի՜նչ գեղեցիկ վարդեր են, անհունորեն կարմիր։ Որտեղի՞ց։
–Ա՛յ, հենց ուղիղ Երեւանից, հենց մեր տան բակից, հատուկ պատվեր է օգոստոսի 12-ի կապակցությամբ (տեղում հնարեցի ես, բայց չէ՞ որ վարդերն իսկապես Երեւանից էին, այնպես որ խոսքիս կեսը ճշմարտություն էր, իսկ այդ տարիներին քաղաքի լավագույն ծաղիկները վաճառվում էին հենց մեր բակից։ Ուրեմն մյուս կեսն էլ ճշմարտություն էր)։
–Ես ուզում էի, որ դու այստեղ զգայիր, համոզվեիր, թե ինչ հրաշալի վարդեր են աճում Հայաստանում, մինչեւ իմ եւ քո Երեւան գնալը։
Եվ Նինան այստեղ իմաստուն խոսքեր ասաց.
–Իսկ դու, ինչպես ես զգում եմ, ամեն օր մոտեցնում ես Երեւան գնալու օրը։ Կո-կոն վարդերը հիանալի են։ Կարմիրն ուղղակի պարուրում է մարդու հոգին։ Իրապես որ ալ կարմիրը կախարդական գույն է։
–Բայց բոլորից կարեւորն այն է, որ դու բուրում ես ալ վարդի պես։ Ես գնացքում ողջ ճամփին այդ վարդերից զգացել եմ քո բուրմունքը։ Ալ վարդի բուրմունքն ուրիշ է։ Մանավանդ հայկական ալ կարմիրը, ասե՞մ պապիս վերոհիշյալ բանաստեղծության հաջորդ, վերջին քառյակը։
–Իհարկե, ասա՛, Ավիտյո՛կ։
Եվ ես արտաբերեցի.

Ձեր տան առաջ՝ ձյուն ու գիշեր,
Ա՜խ, ես կանգնել, կըդողամ,
Դու դահճի պես ա՛լ ես հագել, -
Ալըդ շողքըն է իմ արյան...

–Այո՛, գեղեցիկ է հնչում, դե հիմա ինձ իմաստը ասա...

Перед домом вашим и снег, и ночь,
Ах, я стою и весь дрожу,
Ты как палач оделась в красное,
И этот ал пурпур - отблеск крови моей.

–Դու այսօր իմ միակ հյուրն ես, եւ քո վիճակը շատ ավելի շահեկան է, քան պապիկիդ բանաստեղծության հերոսի։
Եվ այստեղ ես հիշեցի, որ ծաղիկներն աղջկան տվել եմ, Իսահակյանից բանաստեղծությունն արտասանել եմ, բայց ադլերյան նշանի մատանին դեռ չեմ հանձնել եւ «Ծնունդդ շնորհավոր» կախարդական խոսքերը դեռ չեմ ասել։ Այնպես որ մնում էր ասել «Ծնունդդ շնորհավոր», հանձնել նշանի մատանին շատ լուրջ կեցվածքով եւ նորից համբուրել օրվա հերոսուհուն։ Այս համբույրը մի տեսակ ուրիշ էր, դու սրտիդ դիմաց զգում էիր Նինայի սրտի բաբախյունը, որ ինձ թվում էր շատ ավելի ուժգին, քան իմ սրտի բաբախումները, այս համբույրն ուրիշ էր, նա բերում էր մի այլ ջերմություն, ասես ուղղակի այն համբույրի շարունակությունն էր, որը մեզ հնարավորինս մոտ ու հարազատ էր դարձրել։ Դու այլեւս չէիր ուզում, որ այդ համբույրը վերջանար, աջ ձեռքով բռնած ծաղիկները, նա ձախ ձեռքով ամուր գրկեց ինձ՝ ավելի սեղմելով դեպի իրեն։ Ու ես աչքի տակով նկատեցի իմ դիմաց՝ նրա ձախ ձեռքի դաստակից քիչ ներքեւ, այնքան գողտրիկ տեղավորված մուգ շագանակագույն ծանոթ խալը, ավելի շուտ ժառանգական նշանը (родовой знак)։ Համբույրը շարունակվում էր, այն իրենից անցնում էր ինձ, եւ ինձնից՝ իրեն։ Թվում էր՝ այդպես էլ ծնվել էինք՝ մի միասնություն, յուրաքանչյուր կաթիլ՝ լինի արցունքի թե արյան, իրար ողողել էին, խշշում էին մեր սրտերի բաբախումներին համընթաց, մինչ այս պահը մենք մենք չենք եղել, մենք եղել ենք նույն գետի երկու վտակներ, որ այսօր եկել, միավորվել են, որ այսօր նույնը դառնան... Ու նույն հունով գնան։ Ինչպես անցան իմ 19 տարին, աղջկա 16 տարին, որ այսուհետ մենք միասին գնանք առաջ։ Համբույրն այդ առաջընթացի առաջին օվա սուրհանդակն է։
Ուրեմն նաեւ մի արարողություն ունեինք, ես կարմիր տուփից շտապ հանեցի մատանին ու ասելով՝ «Թո՛ղ այս օրը նշանավորվի մեր միությունը», հագցրի Նինայի մատին։ Այնքան արագ կատարվեց, որ Նինան խոսք էլ չգտավ ասելու, միայն. «Ես այս օրը կհիշեմ, մատանին էլ խոստանում եմ, որ երբեք չեմ հանի… Իսկ վարդի բույրի հետ համեմատելու համար զգացված եմ»։
Ուսպենսկոյե խճուղիով սլանում էին մեքենաները, Բարվիխայի կայարանից պոկվում էին էլեկտրագնացքները, իսկ գյուղական ճամփեքին ճռռում էին սայլերը, եւ մենք այլեւս երեկվանը չէինք եւ էլ երբեք չէինք լինի երեկվանը։ Մեր ճամփան էլ նշմարված էր խնձորենու այգու փայտե տնակից, որն ուղիղ մեկ տարի մեր սիրո փարոսն էր, որ ցույց տվեց մեր հետագա ճամփան, որ անխուսափելիորեն, եթե ոչ անցյալ տարի, ապա այսօր պիտի կատարվեր-իրականանար՝ արդեն ունենալով իր կարճ, թեկուզ մեկշաբաթյա անցյալը, բայց մենք արդեն չենք լինի սիրուց տոչորվող հոգիներ, այլ կլինենք սերը վայելող, սիրո հմայքն իմացող հոգիներ՝ արդեն 16 տարեկան, արդեն 19 տարեկան։
Ի՜նչ լավ էին բուրում խնձորենիները...

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

12-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO