Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Թուրքական նենգությունը նոր իրավիճակի ստեղծման փորձի մեջ է

Հայաստանը պետք է հանդես գա որպես պահանջատեր՝ զգուշացնելով թուրքական վտանգի գոյության մասին

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի տարածքում ստեղծվում է ռուս-թուրքական կենտրոն: Ռուսական արտգործնախարարության աղբյուրները` հասկանալով, որ այսպիսի որոշումը բազմաթիվ ենթատեքստեր է առաջացնում, անմիջապես շեշտեցին, որ կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը չի հարում Արցախին, իսկ Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության համար ստեղծվող կենտրոնի շրջանակներում եւ չի վերաբերում Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը:
Սա քիչ համարելով՝ հարցին անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով. «Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ խոսքն այլեւս խաղաղապահ ջանքերի մասին չէ, որոնք նկարագրված են հայտարարության մեջ, այլ բոլորովին ուրիշ առաքելության, համատեղ ջանքերի ուրիշ հատվածի մասին: Մենք պետք է սա տարանջատենք, դրանք տարբեր բաներ են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ դա հիմնված կլինի Ադրբեջանի տարածքում»:
Իսկ թուրքական լրատվամիջոցները, հենվելով այդ երկրի նախագահի վարչակազմի կոմունիկացիաների դեպարտամենտի հայտարարության վրա, նշել են, որ «Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ հրադադարի ռեժիմը վերահսկելու գործողություններ է իրականացնելու համատեղ կենտրոնի միջոցով, որը կստեղծվի հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում»:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Թուրքիան մինչեւ վերջ ձգտում է հավատարիմ մնալ իր դաշնակից Ադրբեջանին եւ իրականացնել ստանձնած պարտավորությունները, մինչդեռ իրականում թքած ունի նրա շահերի վրա: Այլ խնդիր է, որ Ադրբեջանը, որպես միջոց, իրականացնում է հենց Թուրքիայի շահերի պաշտպանություն՝ ձգտելով ապահովել նրա ելքը դեպի Միջին Ասիա եւ օգնել՝ իրականացնելու պանթուրանական ծրագրերը, որոնց լուծման ուղղությամբ Թուրքիան կոնկրետ քայլեր է կատարում: Մասնավորապես՝ հենց այդ նպատակով թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը վերջերս այցելել է միջինասիական որոշ երկրներ, ինչպես նաեւ Պակիստան: Չպետք է մոռանալ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը օրերս զենքով բեռնված ինքնաթիռ է ուղարկել Բաքու: Եթե մի կողմից այդ քայլը հակասում է նրա դաշնակցային պարտավորություններին, մյուս կողմից լիովին տեղավորվում է Թուրքիայի պանթուրքական քաղաքականության մեջ եւ արտահայտում է նույն Ղազախստանի դիրքորոշումը: Սրանք հարցեր են, որոնք հայկական կողմը պետք է բարձրացնի ՀԱՊԿ-ում եւ պահանջի պատասխանել, թե ինչպես կառույցի անդամներից որեւէ մեկը կամ մյուսը կարող են համագործակցել մյուսի թշնամու հետ:
Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ ներքին տարաձայնություններ ունեցող ՀԱՊԿ-ն չի կարող վերածվել միասնական հզոր կառույցի, սակայն, այդքանով հանդերձ, կան բաներ, որոնք պետք է պահպանվեին եթե ոչ բովանդակության, ապա ձեւական կողմը պահպանելու համար: Այլապես,ՀԱՊԿ-ի անդամի վրա հարձակումն այսօր ամենեւին էլ չի նշանակում գործողություն՝ ընդդեմ նրա բոլոր անդամների, ինչը բոլորի թշնամիների համար էլ մի օր կարող է առիթ դառնալ: Դատելով այսօրվա իրավիճակից՝ ոչ ոք, օրինակ, հայկական կողմին չի կարող մեղադրել նույն Ղազախստանի թշնամուն, այն էլ՝ պատերազմի ընթացքում, զենքով օգնելու մեջ: Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ն պետք է լրջանա, այլապես նրա փլուզումը երկար ժամանակ չի պահանջի, իսկ դա, իր հերթին, կանդրադառնա նաեւ ԵԱՏՄ-ի գործունեության վրա:
Թուրքիայում այսօր շշուկով են խոսում իրենց պանթուրանական ծրագրերի մասին ոչ թե այն պատճառով, որ դրանք հեքիաթի են նման, այլ այն պատճառով, որ այդ ճանապարհին զոհաբերվող պետությունները հանկարծ ժամանակից շուտ ինչ-որ բան գլխի չընկնեն: Մտածելու բան ունեն Եվրամիությունը, Ռուսաստանը, Չինաստանը: Բայց դա իրենց խնդիրն է…
Բայց կա մեկ հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Խոսքը մեր երկրի ու Թուրքիայի միջեւ իրավական հարաբերությունների մասին է:
Նախ նշենք, որ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի մոտ գտնվող Սեւր քաղաքում Թուրքիայի սուլթանական կառավարության եւ 1914-1918 թթ. առաջին աշխարհամարտում հաղթած տերությունների, այդ թվում՝ Հայաստանի, միջեւ կնքվեց մի պայմանագիր: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ ելք կունենան դեպի Սեւ ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռեւս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի, թե ոչ, ուստիհատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
Հայաստանը պետք է ստանար Վանի եւ Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ՝ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար քառ. կմ։ Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառ. կմ տարածք՝ դեպի Սեւ ծով ելքով։
Չխոսելով այս պայմանագրի մյուս մանրամասների մասին՝ նշենք, որ այն այդպես էլ չիրագործվեց: Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, համագործակցեց լենինյան Ռուսաստանի հետ եւ հայկական կողմին պարտադրեց փաստաթղթեր, որոնք պետք է չեղյալ համարեին Սեւրի դաշնագիրը: Հայաստան ռազմական ներխուժման միակ նպատակը դա էր: Թուրքիային թվաց, թե ստեղծել է նոր իրավիճակ, եւ հասել է իր ուզածին՝ չեզոքացնելով սեւրյան դաշնագրի ազդեցությունը եւ պարտադրելով իր դիրքորոշումը: Այդ փաստաթղթերն իրականում չեն գործում՝ ելնելով մի շարք հանգամանքներից, որոնց կանդրադառնանք մեկ այլ առիթով:
Ադրբեջանի ձեռքով պատերազմ սանձազերծելով Արցախի դեմ՝ գազանաբարո Էրդողանը ձգտում է խարիսխ ձգել Հարավային Կովկասում, Հայաստանի Հանրապետությանը կրկին պարտադրել նոր իրավիճակ եւ ստորագրել նոր պայմանագիր, որը կչեզոքացնի Սեւրի դաշնագիրը: Թուրքիան այս պատերազմում չհասավ իր նպատակին, ուստի բացառված չէ, որ ապագայում այլ սադրանքներ կարող են լինել արդեն Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ: Հայկական պետությունը պետք է նկատի ունենա այս վտանգը եւ դիմի համապատասխան քայլերի՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար: Եվ, ինչու ոչ, ամերիկյան ղեկավարությանը հիշեցնի չկատարված պարտավորությունների մասին, քանզի Հայաստանի մանդատը տրված է այդ երկրի նախագահին, եւ այն ցայսօր չի իրականացվել այն պատճառով, որ Հայաստանը կորցրել էր պետականությունը եւ հայտնվել ԽՍՀՄ-ի կազմում: Հիմա այլ իրավիճակ է, եւ ճանաչված պետության կարգավիճակ ունեցող Հայաստանը պետք է հանդես գա որպես պահանջատեր՝ խնդրի վրա բեւեռելով միջազգային հանրության ուշադրությունը եւ զգուշացնելով թուրքական վտանգի գոյության մասին:
Կարծում ենք՝ Թուրքիան կաշխատի հենց այդ նպատակին ծառայեցնել ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը, կդիմի անգամ ամենաստոր միջոցներին: Հայաստանի խնդիրն է չեզոքացնել թուրքական վտանգը՝ հայկական սփյուռքի միջոցով բարձրացնելով խնդիրը եւ հայտարարելով Թուրքիայի կողմից Հայաստանին պատկանող տարածքների բռնազավթման մասին, որոնք նաեւ իրավական հետեւանքներ են առաջացնում: Այլապես նոր պատերազմն անխուսափելի կլինի…
Առաջիկայում պարբերաբար կանդրադառնանք այս թեմային:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

13-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO