Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՆԱԽԱԳԱՀ


Ժողովրդին համախմբելը, երկիրը հզորացնելը մեր պարտականությունն է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի եւ մարզական ոլորտի, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը երկուստեք կարեւորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
«Դժվարին պահ է բոլորիս համար,-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, եւ այդ փոթորիկը շատերի մեջ դեռեւս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարեւոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք եւ բոլորս էլ մեր հոգեւոր, մտավոր եւ ազգային պորտալարով կապված ենք հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:
Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է: «Բայց սա չի նշանակում, որ որեւէ ձեւով այդ զգացումները, որոնք բոլորիս սրտերում եւ հոգում են, պետք է վերածվեն վանդալիզմի, ծեծի եւ այդ դառնությունն իրար հանդեպ ուղղելուն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարեւոր արժեքներից մեկը՝ հայ կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է, մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ եւ եղբոր հետ: Կառավարության շենքը եւ այդ շենքում գտնվող կահույքը, շենք, որը կառուցել է Թամանյանը, եւ կահույքը, որը գնվել է մեր հարկատուների փողերով, ի՞նչ մեղք ունեն: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին: Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձեւ՝ հանդուրժելով, լսելով իրար»:
Հանրապետության նախագահը նշել է, որ եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք եւ լուծենք: «Այսօր ունենք խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, եւ դրանք պետք է լուծել միայն եւ միայն օրենքի, օրինականության եւ պետականության սահմաններում,-ասել է երկրի նախագահը: -Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի եւ օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, եւ եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՜: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՜: Բայց միայն քաղաքակիրթ ձեւով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին»:
Միաժամանակ, նախագահը կարեւորել է նաեւ իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որեւէ դեպքում որեւէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ոչ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:
Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի եւ նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, եւ այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:
Հարցի կարգավորման տեսլականը հետեւյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետեւում պետք է կանգնած լինեն ուժեղ եւ հզոր Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովուրդը»:
Նախագահի խոսքերով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ եւ կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետեւաբար, մեր առջեւ խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչեւ արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո եւ տնտեսության մեջ, եւ ռազմական ոլորտում, եւ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետեւաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք եւ տնտեսության իմաստով, եւ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք եւ կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաեւ ազգային եւ պետական կարգապահությունը:
Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաեւ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին»: Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ:
Ինչ վերաբերում է առաջ շարժվելու բանաձեւին, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցի, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլեւ՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, եւ դրա բաղադրիչներից մեկը հետեւյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետեւեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ոչ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի:
Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները եւ օգտագործենք սառը տրամաբանությունը:
Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, եւ ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը: Մենք տարբեր ենք, բայց բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին: Ունեցեք տարբեր կարծիք, տարբեր մոտեցում, վաղը ըստ ձեր խղճի եւ մտքի, գաղափարի ընտրություն կատարեք, բայց երբեք մի մոռացեք, որ նույն ազգի զավակներն եք:
Ցանկացած փոփոխություն եւ զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու: Կոչ եմ անում լինել հանդուրժող, նույնիսկ ամենազգացական, դժվարին պայմաններում կարողանանք ճիշտ գնահատականներ տալ այսօր ու վաղը գնալ առաջ: Անթույլատրելի է, եթե տեսնենք ընդհարումներ: Բոլոր ինստիտուտները կան՝ ձեր ուրախությունն ու դժգոհությունը հայտնելու, քննարկումները կազմակերպելու, լսելու, բանավիճելու:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն եռանդը, որ ունեցել ենք, պետք է կրկնապատկենք, որովհետեւ հսկայական դժվարություններ ունենք՝ պատերազմը եւ դրա հետեւանքները, կորոնավիրուսը, տնտեսության ծանր վիճակը, երիտասարդների կորուստ եւ նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին անպայման աջակցություն: Մեզնից յուրաքանչյուրի, բայց, նախեւառաջ, պետության պարտականությունն է, որ զոհվածի յուրաքանչյուր ընտանիք ուշադրության կենտրոնում լինի: Զոհվածների ընտանիքները, մեր վիրավոր տղաները պետք է լինեն պետության անմիջական ուշադրության կենտրոնումե»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ բուժաշխատողներին՝ նշելով, որ այս օրերին մեր բժշկական համակարգը իսկապես հերոսական աշխատանք է կատարում:
Նախագահ Արմեն Սարգսյանը խաղաղություն է մաղթել ժողովրդին եւ բոլոր ընտանիքներին: «Մենք մեծաթիվ վերքեր ունենք, որ պետք է դարմանենք»,-ասել է նա:

14-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO