Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նաեւ մտավոր եւ հոգեւոր արժեքն է հայրենիք ստեղծում

Կամ՝ խոսքը համազոր է փամփուշտի

Քանդակագործ Սահակ Պողոսյանն իր աշխատանքները վաճառքի հանեց, որպեսզի գումարը հատկացնի պատերազմի կարիքների համար ստեղծված հիմնադրամին։ Իսկ ինչի՞ մասին են այդ աշխատանքները։ Հարցը եթե վերաբերում է սեփական գործերին, ապա խոսքի մեջ ժլատ, չափազանց ժլատ է: Միայն մի բան ասաց՝ ես ոչինչ հենց այնպես չեմ անում ու փողի համար չեմ անում:
Ինձ համար արվեստագետի այս պահվածքը չէր կարող անակնկալ լինել: Դա սպասելի էր՝ ելնելով թեկուզ այն փաստից, որ 10 տարի աշխատանքները Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում գտնվելուց հետո հետ է վերցրել եւ տարել արվեստանոց: Եվ դա այն պատճառով, որ «այս թանգարանը չի կատարում իր գործառույթը: Այն ընդամենը գարաժի նման մի տարածք է, որտեղ նկարներ են ցուցադրվում»: Ասենք, որ Սահակ Պողոսյանի քանդակները ցուցադրվել են եվրոպական եւ ամերիկյան տարբեր քաղաքների ցուցասրահներում:
Առանց արվեստաբանական «իզմերի» ես կփորձեմ ներկայացնել այն զգացողությունները, որ ունեցա նրա արվեստանոցում: Բայց մինչ այդ՝ մի փոքր հարց ու պատասխան քանդակագործի հետ, որպես բանալի՝ առավել հեշտությամբ ընկալելու այն աշխարհը, որը նրանն է։
-Ո՞վ եք Դուք:
-Մարդ, որը քայլում է փողոցով: Կյանքի հանդիսատես:
-Հետաքրքի՞ր է կյանքը:
-Այն միշտ հետաքրքիր է, միայն պետք է կարողանալ տեսնել այդ հետաքրքիրը: Իսկ դա ամեն մարդու տրված չէ: Արվեստագետն էլ հենց այն բանի համար է, որ կարողանա տեսնել դրանք եւ մատուցել մարդկանց: Մարդիկ էլ երբեմն ուզում են վերցնել, երբեմն` ոչ:
-Իսկ տեսածի ի՞նչ քանակությունն է կարողանում մատուցել:
-Նայած արվեստագետ: Ամեն մեկը փորձում է իր տեսած «թատրոնը» վերարտադրել սեփական հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ:
-Դուք ծնվել եք Երեւանում…
-Ես երեւանցի եմ, գիտեմ Երեւանի ամեն մի քարը ու նրա տակի որդը:
-Բավական երկար ժամանակ ապրել եք նաեւ ԱՄՆ-ում. ի՞նչ կա մեծ աշխարհում, ի՞նչն է բացակայում մեզ մոտ:
-Հայաստանում արվեստի նկատմամբ սերն է բացակայում: Արվեստի զարգացման համար չկա կառուցվածքային համակարգ: Այստեղ մարդիկ շփոթում են արվեստը մշակույթի հետ, մինչդեռ դրանք ծայրահեղորեն տարբեր բաներ են: Ընդհանրապես, ժամանակի ընթացքում եթե ազգը յուրացնում է արվեստի ստեղծագործությունները, ապա դրանք դարձնում է իր մշակութային արժեքները: Հակառակ դեպքում, դրանք յուրացվում են այլ ազգերի կողմից: Ինչ խոսք, վերջին հաշվով դրանք բոլորն էլ մշակութային արժեք են մարդկության համար:
-Մենք չենք կարողանո՞ւմ պահել մերը, մեր ունեցածը շա՞տ ենք տալիս օտարին:
-Միայն մենք չէ, որ տալիս ենք: Դա բնորոշ է փոքր ժողովուրդներին: Փոքր տարածության մեջ արվեստագետն ապրելով ու գործելով՝ ժամանակի ընթացքում զգում է, որ ստեղծագործական եւ գաղափարական առումով այդ տարածությունն այլեւս իրեն չի հերիքում: Նա փնտրում է լայն, ընդգրկուն տարածքներ: Ես որքա՜ն արվեստագետներ եմ տեսել Խորվաթիայից, Սլովենիայից, Ալբանիայից, Վրաստանից, բասկերի երկրից եւ այլեւայլ երկրներից, որոնք Ամերիկայի եւ Փարիզի փողոցներում բախտ են փնտրում:
-Դուք չե՞ք վախենում Ձեզ «հերձվածող» համարեն, երբ ասում եք` ի՞նչ տարբերություն, թե ստեղծածդ երկրի՞դ է պատկանում, թե՞ ուղղակի մեծ աշխարհին:
-Ա՛յ, հենց այդտեղից էլ հայ արվեստի եւ մշակույթի դաշտում սկսվում է «դժբախտությունը»: Այդ մտայնությունը թուլացնում է ազգին: Ազգը դառնում է իր բարդույթների գերին:
-Մեզ մոտ կա՞ն արվեստագետներ, որ գիտակցում են այդ վիճակն ու փորձում ճեղքում առաջացնել:
-Այո, կան նման մարդիկ: Բայց պետությունը պետք է այնպես անի, որ այն դառնա քաղաքականություն: Եվ ասեմ` միայն ռազմական ուժով չէ, որ պետությունը ստեղծվում է: Ամեն մի պետություն, որպեսզի դառնա ապրելու վայր ժողովրդի համար, պետք է հարգի խոսքն ու միտքը, մարդու ստեղծագործական ազատությունը: Խոսքը համազոր է փամփուշտի: Մենք կարող ենք այստեղից մինչեւ Կամչատկա հայրենիք ստեղծել, բայց դա կոպեկի արժեք չի ունենա, եթե այնտեղ մտավոր եւ հոգեւոր արժեք չստեղծվի: Ուզում ես քո բնակչությամբ դարձիր մեկ միլիարդանոց պետություն, բայց եթե այնտեղ ապրողը միայն սպառող է, ապա...
-Ժամանակակից մարդը հոգեւոր եւ մտավոր առումով ինչի՞ կարիք ունի:
-Բոլոր ժամանակներում էլ մարդիկ նույն պահանջմունքներն են ունեցել, նույն վախերն են ապրել, նույն մտավոր եւ հոգեւոր տարածքներին են ձգտել: Կյանքի արտաքին բաղադրատարրերն են միայն փոխվում: Մարդուն բնորոշ է մի բան. ձգտումը կենդանականից դեպի մարդկայինը` աստվածայինը: Ով գիտակցում է սա, հանգիստ ապրում է այս կյանքն ու իր ներաշխարհից հանգստություն, հաճույք է ստանում:
-Ձեր գործերը դիտելով՝ զգում ենք, որ կասկածում եք, թե մարդը կհաղթահարի Ձեր ասած՝ կենդանականից դեպի աստվածայինին անցնելու ճանապարհը:
-Ես միանշանակ կարող եմ մի բան ասել՝ եթե ամեն ինչ սկիզբ ունի, ունի նաեւ վերջ: Որքան անցյալն է անհայտ, նույնքան էլ՝ ապագան: Իմ այս միտքը հաստատում է եւ այն փաստը, թե մարդն ինչպես է ոչնչացնում եւ՛ իրեն, եւ՛ իրեն շրջապատող աշխարհը:
***
Արվեստագետը կոչ է անում ուժեղ լինել եւ տեսնել այն, ինչ չեն ցանկանում տեսնել մյուսները: Տեսնելը հեշտ չէ: Մարդիկ չեն ուզում տեսնել այն, ինչ իրենց կարող է անհանգստություն պատճառել, դուրս գալ դարերով եկած ճշմարտության իրենց ընկալումի հանգստավետ թմբիրից:
Առավել վտանգավոր եւ դժվար է ցույց տվողի վիճակը. ահա` Վոլտերի գլուխը, ավելի ճիշտ` գլուխները, ճաղավանդակի մեջ: Այդպես է բոլոր ժամանակների բոլոր լուսավորիչների համար:
Ուժեղ լինելու դեպքում կհասնես ճշմարտության ընկալմանը: Ճշմարտությունը դառը դեղահաբ է, այն հեշտ չէ կլլելը: Նաեւ վախենում ես նրանից, վախենում ես խոստովանել, որ այն հենց այդպիսին է:
...Ահա մոդեռնիզմի կենտավրոսը. մի ոտքը՝ ուժեղ, մեկը` թույլ, մեկը` կմախքացած. ուժը թուլություն է, թուլությունն ուժ է: Կյանքին մի նայիր միանշանակ հայացքով, մի մտածիր, թե ամեն ինչ գիտես, թե ամեն ինչ այդքան պարզ է: Բնության շքեղաշուք նմուշները` մրգերը, կարող են հայտնվել զուգարանակոնքի մեջ: Ամեն ինչ հարաբերական է, կասկածելի է: Մնայունը զգացողությունն է: Շոշափելին զգացողությունն է:
...Բոլոր ճշմարտությունները, բոլոր հարցերը երկսայրի սուր են. Յուդիթը սպանեց Հողոփեռնէսին եւ փրկեց իր երկիրը նրանից: Նա սպանեց սիրած տղամարդուն: Հուդիթը այլեւս չկա, նրա գլուխը խողովակ է: Նրանից մնացել է կողքի երկարությամբ ձգվող սուրը: Որովհետեւ նա սպանեց իր սերը: Իսկ մարդու «ես»-ը սիրով է հունցված:
...Ո՞րն է բարոյականը, ո՞րն է անբարոյականը: Դրանք մարդու ստեղծած պայմանականությունների շարքում են: Բարոյականն էլ, անբարոյականն էլ քո մեջ են: Քանզի ամեն ինչ Աստված է ստեղծել: Իսկ ինչ աստվածային է, արդեն մաքրություն ու լույս է: Կինը կարող է լինել անհագ արկղ-գլխով: Միաժամանակ այն կյանքի սկիզբն է, նրա սեռական օրգանը` որպես աստվածային հնարանքի միջոց, այն գրակալի վրա է, որտեղ դրվում եւ կարդացվում են աշխարհի Սուրբ գրքերը: (Հիշեցի Չարենցի խոսքերը. «Կնոջ մարմինը` հացի պես սուրբ»):
...Նախախնամություն է. քրիստոնեական խաչ-դաշույնի երկարությամբ, բայց հակառակ ուղղությամբ ձգվում է իսլամական կիսալուսին-դաշույնը: Երկու հակադրություններ, երկու մարտնչող, կռվող դաշտեր: Դա Բարձրյալի կամքն է: Նկարիչն այդպես է տեսնում: Մարդկությունն ինքնաոչնչացման ճանապարհին է: Փրկություն չկա: Լույս չկա:
Բայց ահա` հաջորդ քանդակում: Սուրբ մարդը դանակի շեղբը հնազանդեցնում է ձեռքերով: Սրանք արվեստագետի աշխարհայացքի հակասություննե՞րն են, թե՞ կրկին իր ճշմարտությունն է շեշտում. կարեւորը պահն է, կարեւորը զգացողությունն է: Այսինքն` ժամանակը եւ տարածությունը սեղմվում, դառնում են կետ:
...Մարդը փորձում է ազատագրվել: Ցեխի գունդ է, ժամանակի ընթացքում թափվում է ցեխը… եւ դուրս է գալիս Միքելանջելոյի «Ազատագրված ստրուկը»: Մարդն ի վիճակի չէ ազատագրվել, մարդը ենթակա չէ ազատագրման, նա ստրուկ է եւ մնում է ստրուկ: Լույս չի՞ երեւում, արվեստագետ փիլիսոփան լույս չի՞ տեսնում: Կյանքը շրջապտո՞ւյտ է: Այդ դեպքում ո՞ւր է Աստված, ինչո՞ւ է Աստված, եւ ինչի՞ համար է «Աստծո աչքը» քանդակը դրված Իջեւան քաղաքում: Հոգեւոր աճի, հոգեւոր կատարելագործման գաղափարը խաղից դո՞ւրս է մնում: Ասել է թե` մարդը դատապարտվա՞ծ է...

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

18-11-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO