Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Փիլիսոփայելու քաղցրությունը

Նոյեմբերի 19-ը Փիլիսոփայության համաշխարհային օրն է

Սա ամեն տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթին է, որոշվել է նշել 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ նստաշրջանում: Հիմնական նպատակը փիլիսոփայական ժառանգության գնահատումն է արդիականության դիրքերից, անհատի եւ մարդկության կեցության իմաստավորումը գլոբալացման ընթացքի ընձեռած հնարավորությունների եւ առաջացրած սպառնալիքների լույսի ներքո:
Բնավ լոկ մասնագիտական տոն չէ, թեպետ առիթը բաց չթողնենք շնորհավորելու զբաղմունքով բոլոր փիլիսոփաներին, հատկապես փիլիսոփաների նոր սերունդ կրթող մանկավարժ փիլիսոփաներին, մաղթելու սեփական կոչմանն ու առաքինությանը պատշաճ գործունեության հնարավորություն, անձնային բավարարվածության զգացում եւ հանրային արժանավայել գնահատում:
Փիլիսոփայելը, այսինքն՝ աշխարհի եւ աշխարհում մարդու տեղի մասին ընդգրկուն դատողություններ անելը հասուն անհատի էութենական բնութագրերից մեկն է: Մարդը փիլիսոփայող արարած է: Մարդուն բնորոշ է զարմանքը՝ որպես սկիզբ փիլիսոփայելու (Պլատոն), որովհետեւ զարմանալուն հետեւում է ըմբռնման, իմաստավորման մղումը: Բայց քանի որ մարդը նաեւ բանող արարած է, քաղաքական արարած է, սպառող արարած է, զվարճացող արարած է եւ այլն, ուստի նրա կեցության այս կողմերը հաճախ գերակշռում են մտահայեցողությանը: Հավելենք առտնին խնդիրները, հանապազօրյա հացի վաստակը, իշխանության համար պայքարը, հարստանալու մոլուցքը, աստիճանաբար ռոբոտանման դարձող ապրելակերպը, անհատի եւ լայն զանգվածների մտքի ու հոգու ձեռնածությանն ուղղված օրավուր հզորացող տեխնոլոգիաները եւ այլն: «Փիլիսոփայելու» ժամանակ չկա, չկա ֆիզիկապես, քանի որ նյութական արժեքների հետեւից խելահեղ վազքը կլանում է մեր ամբողջ ժամանակը, չկա նաեւ հոգեպես, քանի որ ստույգ իմաստով փիլիսոփայելը ենթադրում է որոշակի մտածելակերպ, ճաշակ, խոսքի մշակույթ. վերջինիս փոխարեն, մանավանդ կենցաղային մակարդակում, այդ բառի իսկ իմաստը ծայրահեղորեն գռեհկացված է, գրեթե նույնացված դատարկախոսության հետ:
Անիրազեկ մարդու համար փիլիսոփան, իրոք, թվում է կյանքից կտրված, վերացական, գործնական կյանքի համար ոչ այնքան պիտանի մարդ: Աշխարհի հանդեպ վերաբերմունքի առումով այդպես է. հայեցողությունը փիլիսոփայի համար ավելի արժեքավոր է, քան վերափոխիչ գործողությունը: Փիլիսոփայի հայացքը ուղղված է ոչ թե մասերին, այլ ամբողջին, այն ամենին, ինչը ոչ թե միջոց է մարդկային կեցության համար, այլ կեցության նպատակը, մարդու եւ հանրության գոյության իմաստը: Այդ մասին է ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Մարիտենի միտքը. «Փիլիսոփայությունը, ըստ էության, անշահախնդիր գործունեություն է, կողմնորոշված ինքնին գրավիչ ճշմարտությանը, ոչ թե ուտիլիտար գործունեություն է՝ ուղղված իրեր ձեռք բերելուն»: Այդուհանդերձ, չմոռանանք փիլիսոփայության բացառիկ հանրային, քաղաքակրթական դերակատարումը, որ հակիրճ ձեւակերպել է Հեգելը. «Փիլիսոփայությունը կառավարում է պատկերացումները, իսկ սրանք կառավարում են աշխարհը»:
Ավելին, հատկապես այդ դերակատարումն էլ ապահովում է փիլիսոփայության հանդեպ հետաքրքրության` ներկայումս նկատվող վերածնունդը: Մարդկությունը 21-րդ դար է թեւա-կոխել բնավ էլ ոչ սահուն կերպով, այլ անվերջանալի ճգնաժամերի, սպառնալից հա-մավարակների, հարուստ եւ աղքատ երկրների միջեւ հարաճուն լարվածության, պետությունների միջեւ փոխադարձ անվստահության, մարդկանց վիթխարի զանգվածների շրջանում խորացող հոռետեսության, ապագայի անորոշության հանդեպ նրանց սարսափի, ողջ քաղաքակրթության գոյության հնարավորության համար համատարած տագնապի պայմաններում:
Մարդկության իմացական անսահմանափակ հզորության եւ տեխնոլոգիական նոր հնարավորությունների չարաղետ գործադրման միջեւ ողբերգական վիհը ոչ միայն գոյա-ցրել է մարդու ռոբոտացման իրական վտանգ իր իսկ ստեղծած արհեստական միջա-վայրում, մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակում «տեխնոլո-գիական Լեւիաթանի» ճիրաններում, այլեւ մարդկությանը ընդհուպ մոտեցրել է իսպառ ինքնաոչնչացման եզրին: Ուստի ինքնուրույն մտածելակերպից չզրկված մարդու առջեւ նորովի են հառնում փիլիսոփայության հավերժական հարցերը՝ կյանքի եւ մահվան ի-մաստի, մարդու եւ հանրության հիմնարար արժեքների, համակեցության բանական կազ-մակերպման հնարավորության, ազատության եւ անհրաժեշտության, նպատակի եւ միջոցի, մարդկային արարքների գործաբանական արդյունավետության եւ բարոյական հիմնավորվածության հարաբերակցության մասին:
Այս ամենն անդրադառնում է հասարակական գիտակցության բոլոր ձեւերի վրա. գիտությունը, բարոյականությունը, կրոնը, արվեստը, հանրային իրականության հոգեւոր արտացոլման մյուս ձեւերը պատասխաններ են որոնում, նաեւ առաջարկում որոշակի լու-ծումներ` աշխարհի ընկալման եւ արտահայտման իրենց առանձնահատկության շրջանակներում: Փիլիսոփայությունը, որպես աշխարհի եւ աշխարհում մարդու տեղի ու դերի մասին առավել ընդհանրական պատկերմանը միտված գիտակցության ձեւ, բացառիկ կարեւորություն է ստացել: Հատկապես փիլիսոփայությունն է ունակ տալու ամբողջական պատասխաններ՝ օգտագործելով նաեւ հասարակական գիտակցության մյուս ձեւերի ըմբռնումները: Չէ՞ որ թվարկված ու հարակից հարցերը բնավ էլ զուտ գիտական վերլու-ծության պատասխան չեն ակնկալում. դրանք, ամենից առաջ, աշխարհայացքային հարցադրումներ են:
Մինչդեռ թե՛ հանրային կյանքի կառավարման վերին մակարդակներում, թե՛ քա-ղաքագիտական ռազմավարական կենտրոններում գերադասում են արդի մարտա-հրավերների պատասխանը որոնել ավանդական պոզիտիվիզմի ոգով` անտեսելով, շրջանցելով, թերագնահատելով աշխարհայացքային, արժեհամակարգային հանգուցային հիմնախնդիրները: Պոզիտիվիստական մեթոդաբանությունը բառացիորեն խեղդել է հետխորհրդային երկրների կրթական համակարգը. բարձր որակավորման մասնագետների պատրաստումն այսօր տառապում է տեխնոկրատիզմի, օգտապաշտության, պատեհապաշտության, մասնատվածության ծայրահեղություններից: Այս առումով, փիլիսոփայությունն է խորհրդածությունների եւ գործնական լուծում-հանձնարարականնե-րի այն ասպարեզը, որը կարող է դիմակայել գերիշխող տեխնոկրատական գաղափարախոսությանը եւ դրանից ածանցյալ կազմակերպական հարացույցին: Փիլիսոփայական որոշակի կրթվածությունը, համակեցության կարգավորման բովանդակ խնդիրների դիտարկումը հատկապես այսօրինակ ընդգրկուն աշխարհայացքով հնարավո-րություն են ընձեռում ձերբազատվելու ձախավեր պրակտիցիզմից՝ հանրային կառավար-ման բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ ձեւավորելու 21-րդ դարի լիարժեք մասնագետների:
Քաղաքակրթական խոր ճգնաժամի մեջ հայտնված ժամանակակից հասարակությունն արտակարգ կարիքն ունի փիլիսոփայության, անգամ եթե մարդկության բախտը ներկայում տնօրինող ուժերը դա չեն գիտակցում: Փիլիսոփայության հայեցողականությունը բնավ էլ անգործունյա չէ, այլ միջոց է աշխարհի մասին ըմբռնումներ արարելու, իսկ ամեն մի ըմբռնում (կոնցեպտ) իրողության դրսեւորումների իմաստավորման փորձ է: Անձնային կյանքի, կենսաիմաստային հիմնարար խնդիրների առումով փիլիսոփայության եւ փիլիսո-փաների կարեւոր դերակատարումը կասկածից վեր է: Տակավին Դավիթ Անհաղթն է հրա-շալի ասել, թե ով «գեթ մեկ անգամ» փիլիսոփայական խոսք է լսում, «լոկ մատի ծայրով» է ճաշակում փիլիսոփայելու քաղցրությունը, նա տրվելու է փիլիսոփայությանը «ողջախոհ մի մոլությամբ»:
Մտորելով փիլիսոփայության դերի մասին, Միշել Մոնտենը առերեւույթ պարադոքս պարունակող մի կարծիք է հայտնում. «Ամեն մի փիլիսոփայություն սկսվում է զարմանքից, նրա զարգացումը հետազոտությունն է, վերջը՝ չիմացությունը»: Ընթերցողը դեռ չի էլ հասցնում կարդացածը մարսել եւ վիճել հեղինակի հետ, երբ ֆրանսիացի փիլիսոփան անմիջապես շարունակում է միտքը. «Հարկ է ասել, որ կա չիմացություն, որն իր զորությամբ ու վեհանձնությամբ, արիությամբ ու ազնվությամբ ոչնչով չի զիջում իմացությանը, այն չիմացությունը, որին հասնելու համար ոչ պակաս գիտելիքներ են պետք, քան գիտակ կոչվելու իրավունքի համար»:
Փիլիսոփայելը ապրելակերպ է: Հիշեցնեմ դատարանում Սոկրատեսի պաշտպանական խոսքից մի ուշագրավ հատված: Եթե դուք հիմա ինձ ազատ թողնեք, ասում է մեծ փիլիսոփան, ապա, «քանի դեռ շնչում եմ, եւ մեջս ուժ է մնում, չեմ դադարելու փիլիսոփայել»: Եվ դա, փաստորեն, ոչ թե ներանձնային խորհրդածություն է, մեկուսի զբաղմունք, այլ ամենագործունյա մասնակցություն հանրային կյանքի բարեփոխմանը: Ես, բացատրում է Սոկրատեսը, ինչպես եւ նախկինում, մոտենալու եմ ամեն մեկիդ մշտական հարցումով. «Դու մարդկանցից լավագույնն ես, քանի որ աթենացի ես, քաղաքացին ես մեծագույն քաղաքի, բոլորից ավելի փառաբանված հզորությամբ եւ իմաստնությամբ, դու չե՞ս ամաչում, որ հոգ ես տանում առավելագույնս փող, պատիվ եւ փառք ունենալու մասին, այնինչ բանականության, ճշմարտության եւ հոգուդ մասին չես հոգում, չես մտածում, որ հոգիդ հնարավորինս լավը դարձնես»:
Շիտակ փիլիսոփայությունը չի կարող սահմանափակվել իրողության, թեկուզ սուր եւ տպավորիչ, բայց հիասթափեցնող, պարտվողականության դատապարտող արձանագրմամբ: Մարդկային կյանքն իմաստազրկող հայացքները, որքան էլ գեղար-վեստորեն տպավորիչ լինեն եւ համոզիչ մատուցված, միեւնույն է, խիստ ասած, ձեւ են «փիլիսոփայություն խաղալու»: Չմոռանանք մեծերի պատգամը՝ փիլիսոփայության նպատակը մարդու հոգու զարդարումն է (Դավիթ Անհաղթ): Եվ մենք պիտի գիտակցենք ու հետեւենք այդ պատգամներին, իսկապես որ, «մարդս մի բան է, որին պետք է հաղթահարել, դեպի վեր բարձրացնել» (Ֆրիդրիխ Նիցշե), եւ «մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ» (Գարեգին Նժդեհ):
Եվ եթե ժամանակակից մարդը որոնում եւ չի գտնում իր կյանքի իմաստը կրոնի, արվեստի, հոգեւոր որեւէ այլ ոլորտում, իրեն հարազատ դարձած զբաղմունքի բնա-գավառում, եթե արդեն դույզն-ինչ գիտակցել է, թե իրեն խորթ գաղափարները եւ ուժերը ինչպես են իրեն աստիճանաբար վերածում հլու-հնազանդ խամաճիկի, եթե, հետեւաբար, նա զգում է փիլիսոփայությանը հաղորդակից լինելու կարիքը, ապա փիլիսոփան ոչ թե պիտի վհատեցնի, այլ տոգորի նրան հավատով եւ վստահությամբ, օգնի նորովի կառուցարկելու իր աշխարհը, դառնալու սեփական կյանքի ճարտարապետը, խորհրդածության եւ գործունեության լիարժեք սուբյեկտ:
Իհարկե, փիլիսոփայությունը չունի պատրաստի պատասխաններ բոլոր անձանց, բոլոր դեպքերի համար, եւ բացառված չէ, որ «փիլիսոփայության քաղցրությունը» նա մեկեն չընկալի, սակայն թեկուզ փիլիսոփաների կյանքին ու հայացքներին ծանոթանալը կլինի «փիլիսոփայական մխիթարության» այն առաջին քայլը, որ նրան հնարավորություն կընձեռի ինքնուրույն որոնելու, գտնելու, արարելու կյանքի սեփական իմաստը: Եվ եթե առերեւույթ այդ իմացությունը նման լինի չիմացության, վերջինս սակայն լինելու է փիլիսոփայելու արգասիք, ուստի եւ, Մոնտենի ձեւակերպմամբ, «զորությամբ ու վեհանձնությամբ, արիությամբ ու ազնվությամբ» առանձնացող չիմացություն: Փիլիսոփայությամբ է շաղախվում այն հավատո հանգանակը, որի հիմքում ընկած է սեփական վախճանականության եւ մարդկության հավիտենականության հրամայականի ագուցումը, որ ամեն մի հասուն, արժանավոր մարդ յուրովի է անում:
Միով բանիվ՝ մտածող մարդու համար փիլիսոփայելու քաղցրությունն ապացույցի կարիք չունի. ինչպես հրաշալի է գրում գերմանացի փիլիսոփա Դիտրիխ ֆոն Հիլդեբրանդը, մարդս հավիտենապես «թախծելու է փիլիսոփայության», «փիլիսոփայական eros»-ի հա-մար: Այդպես է, փիլիսոփայական խորհրդածությունների մեջ խորասուզվելը, մեզանից ա-ռաջ ապրած եւ նույնաբնույթ հարցերի շուրջ մտորած մարդկանց մտքերին հաղորդակից լինելը, արդի համամարդկային իրողությունների էությունը հասկանալու եւ իմաստավորելու ջանքերը ինքնին մտավոր մեծ հաճույք են, թերեւս, մարդ արարածին հասու մեծագույն հաճույքը: Իսկ բուն փիլիսոփայության եւ փիլիսոփաների հանդեպ հանրության վերաբերմունքը ամենաստույգ չափանիշն է տվյալ հանրության հոգեւոր առողջության եւ մտավոր զարգացման հնարավորությունների գնահատման:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

19-11-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO