«... Իրանը Ղարաբաղում խոշոր պարտվո՞ղ»
Տարածաշրջանում, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, հիմնականում Հայաստանի եւ Իրանի ազգային անվտանգության ու ռազմավարական շահերն են համընթաց, ուստի թեեւ ենթադրվում էր, որ Թեհրանը պետք է շահագրգիռ լիներ թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի շուտափույթ դադարեցմամբ եւ Արցախի Հանրապետության առնվազն նախկին սահմանների պահպանմամբ, սակայն իրականում պաշտոնական Թեհրանը, ինչպես նշվել է, որդեգրելով ակտիվ չեզոքություն, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով, ձեռնամուխ եղավ լոկ հրադադարի հարցի լուծման նախագիծ ներկայացնելով: Այն ներկայացվեց հակամարտող կողմերին, որի բովանդակությունն այդպես էլ մնաց չհրապարակված:
Այդ ընթացքում եւ դրանից առաջ Իրանը պաշտոնապես միշտ էլ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին՝ հաշվի առնելով իր համար մի շարք կարեւոր գործոններ: Ավելին, թեեւ արդեն որեւէ կասկած չկար, որ վարձու «թաքֆիրի» (ծայրահեղ սունիներ, որոնք շիաներին համարում են անհավատ) ահաբեկիչներն այդ երկրի սահմաններին են հայտնվել, դա հարցականի տակ դրվեց, եւ անգամ հանդուրժվեցին մերձսահմանային բնակավայրերում հայտնված ադրբեջանական արկերն ու ԱԹՍ-ները: Թեհրանն Անկարային չմեղադրեց պատերազմին անմիջական մասնակցություն ունենալու ու այն հրահրելու համար՝ դրանում մեղադրանքի սլաքն ուղղելով միայն Իսրայելի կողմը: Իրականում վերջինիս դերը, որը շահագրգիռ էր դրանում՝ ելնելով սեփական շահերից, այն է՝ Իրանին առավել մոտենալ, այդ երկրին մեկուսացնել, ուստի, Բաքվին աջակցելով, տարբեր տեսակի սպառազինություններ մատակարարելով, անգամ անհատույց, ակնկալում է Իրանի դեմ առավել ազատ գործել Ադրբեջանի տարածքից: Մինչդեռ Թուրքիայի համաթյուրքական, նեոօսմանական նպատակները, պատերազմին անմիջական մասնակցությամբ, ուղղված էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ազգային անվտանգության դեմ:
Հետեւաբար, կարելի է նշել, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից մեր կրած անհաջողությունը նաեւ Իրանի ձախողումն էր վերջին զարգացումներում, ինչը բարձրաձայնվում է Իրանի ԶԼՄ-ներում ու վերլուծական շրջանակներում՝ խիստ քննադատելով Թուրքիային՝ որպես պատերազմը հրահրողի ու կրակի վրա յուղ լցնողի: Ստորեւ կանդրադառնանք եռակողմ հայտարարության եւ դրա հետեւանքների առնչությամբ հարյուրավոր վերլուծականներից մի քանիսին:
Տարածաշրջանի հարցերով փորձագետ Էբրահիմ Ֆարահանիի վերլուծությունները հարցազրույցի ու այլ ձեւաչափերով եւ գլխավորապես «Թուրքիան ղարաբաղյան պատերազմի հիմնասյուներից է» վերնագրերով, տեղ են գտել իրանական բազմաթիվ ԶԼՄ-ներում: Հեղինակը շեշտում է, որ եռակողմ համաձայնությամբ իրականություն են դարձել Ռուսաստանի ռազմավարական նպատակները՝ տարածաշրջանում իր զորքերը տեղակայելով, ինչը ԽՍՀՄ-ի փլուզումից առ այսօր նրան չէր հաջողվում: Ապա նա նշում է, որ Իրանն ու նրա առաջարկած նախագիծը դրանում որեւէ դերակատարություն չեն ունեցել, քանի որ Թեհրանը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում չունի ռազմավարական այն կշիռը, որը պետք է ունենար: Ֆարահանին, անդրադառնալով Թուրքիայի դերին, շեշտել է, թե վերջինս պատերազմ հրահրող ու ստորագրված համաձայնության գլխավոր դերակատարներից է՝ հավելելով, որ եթե Պուտինն ու Էրդողանը համաձայնության չգային այդ հարցում, ապա Հայաստան-Ադրբեջան համաձայնություն չէր լինի: Ըստ նրա՝ Թուրքիան, հրահրելով ազգայնական բնույթ կրող պատերազմը, նաեւ նպատակ ուներ երկրում առաջացած ճգնաժամը տեղափոխել երկրի սահմաններից դուրս:
Մեկ այլ վերլուծական, որին կանդրադառնանք, եւ որը դարձյալ հրապարակվել է բազմաթիվ լրատվական գործակալությունների կայքերում, ինչպեսեւ լույս է տեսել «Ջավան» օրաթերթում, Հադի Մոհամադիի «Պարտավորություններ, որոնք Թեհրանի առաջ պետք է Բաքուն ստանձնի» հոդվածն է: Նա նշում է, որ Թուրքիան է պատերազմի գաղտնի հրահրողը, որը թաքնվելով Ղարաբաղի հիմնահարցի հետեւում եւ ապահովելով Ադրբեջանում ռազմական ներկայություն՝ առաջ է մղում իր համաթյուրքական նպատակները, ինչին զուգահեռ նախապատրաստվում է ընդդեմ Իրանի իրականացնել իր ռազմավարական նպատակները: Շեշտում է, որ որոշակի ուժեր, մասնակցելով ստեղծված ճգնաժամին, նպատակամղված էին Ադրբեջանում աշխարհաքաղաքական ու ռազմավարական արտոնություններ ստանալ: Իսրայելը, Ադրբեջանից թանկ գնով նավթ գնելով ու ավելի էժան սպառազինություն վաճառելով, ձգտել է օգտվել Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքից, կյանքի կոչել իր հակաիրանական նախագծերը: Մոհամադին նշում է, որ այժմ Թուրքիայի իշխանամետ ԶԼՄ-ներն անպատկառորեն ընդգծում են, թե հաջորդ քայլը Թավրիզում է լինելու, ինչը բացահայտում է Կովկասում Անկարայի նպատակների որոշ մասը:
Ինչպես իրանական ԶԼՄ-ներում համաձայնության մասին հրապարակված վերլուծականներում, այնպես էլ Մոհամադիի հոդվածում խիստ կարեւորվում է 9-րդ կետը՝ Հայաստանով Ադրբեջանը Նախիջեւանին կապելու ճանապարհի տրամադրումը: Վերջինս շեշտում է, թե դա ոչ թե Ադրբեջանի, այլ Էրդողանի՝ կասկածելի նպատակներ հետապնդող գաղափարն է, որն սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը եւ այդ երկրի աշխարհաքաղաքական շրջափակման նպատակ է հետապնդում: Նա ընդգծում է, որ Բաքուն եւ Ալիեւը պետք է հստակեցնեն Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած վերջին այցից հետո հայտարարված դիրքորոշումների հասցեատերերին՝ հավելելով, որ ցանկացած զարգացում, որը բխելու է նշյալ համաձայնությունից, փոփոխելու է աշխարհաքաղաքական գործոնները կամ կասկածելի խաղացողներ է տարածաշրջան բերելու, կհամարվի Իրանի ազգային անվտանգության կարմիր գիծ եւ կարժանանա գործնական հակազդեցության: Միաժամանակ Մոհամադին խիստ կարեւորում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների լուրջ բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ:
Նոյեմբերի 14-ին «vaghayerooz.com» կայքը Փուրյա Ֆորութանի հեղինակությամբ հրապարակված «Հարավային Կովկասի անորոշ ապագան, Իրանը Ղարաբաղում խոշոր պարտվո՞ղ» հոդվածում նախ նշվում է, որ Հայաստանից զատ այդ պատերազմում տանուլ է տվել նաեւ Իրանը: Նա ընդգծել է, որ նախ՝ Ադրբեջանի հաջողությունը ոգեւորել է Իրանի համաթյուրքական տարրերին, ապա այն բացասաբար է անդրադառնալու Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների վրա՝ հօգուտ Ադրբեջանի, որն առ այսօր ձգտում էր Իրանի հետ պահպանել բարիդրացիական փոխհարաբերություններ՝ հաշվի առնելով Նախիջեւանի հետ կապող ճանապարհի հանգամանքը: Բացի այդ, Իրանը կարեւորվում էր նաեւ Նախիջեւանին գազ մատակարարելու հարցում, մինչդեռ ընթացիկ տարվա սկզբին Թուրքիան հայտարարել է, որ Նախիջեւանի բնական գազի պահանջարկն ապահովելու համար գազամուղ է կառուցելու, հետեւաբար՝ Բաքվի կարիքն Իրանից կրճատվում է: Ֆորութանը հոդվածը եզրափակում է՝ նշելով, թե սա այն անակնկալն էր, որին Թեհրանը ներկա բարդ պայմաններում չէր սպասում: Տեսակետ, որը գրեթե համապատասխանում է իրականությանը, եթե կառուցվեն այդ ճանապարները:
Բազում այլ վերլուծականներում եւս խիստ կարեւորվել է համաձայնության 9-րդ կետը, ինչի առնչությամբ Իրանի ԱԳ առաջին փոխնախարար Արաղչին «Իրնա» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Իրան-Հայաստան սահմանը պահպանվում է, եւ որ Թեհրանը բանակցել է ռուսական կողմի հետ, իսկ ճանապարհի կառուցման հարցում առկա են բազմաթիվ հարցականներ:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ 19-11-2020
|

փակել >>
|