Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Տիեզերքն իր առեղծվածներով

Կամ՝ անսահմանից մինչեւ առօրեականը

Հոկտեմբերի 15-ին մեծ գիտնական, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն էր, նա կդառնար 98 տարեկան։ Սակայն պատերազմի ամենաթեժ օրերն էին, չկարողացանք հիշել եւ անդրադառնալ այս մեծ մարդուն, որի կյանքն ու գործն այնքան համահունչ են մեր ժողովրդի ճակատագրին։
...Նա արդեն ծեր էր, նրան դավաճանել էր տեսողությունը, ինչը նշանակում է, որ այլեւս չէր կարող աշխատել, նաեւ՝ ստեղծագործել։ Լսողությունը եւս թուլացած էր։ Մեծ մարդն իր աշխարհի մեջ էր ապրում, ներքին այդ աշխարհում էր իրեն հետաքրքրող հարցերը քննում ու ստանում բացատրությունները։ Այդ ժամանակ մեզ հաջողվեց երջանիկ մի օր նրա հետ զրուցել։ Այսօր «ՀՀ»-ն պատեհ է համարում այն ներկայացնել։
-Պարոն Գուրզադյան, մարդն ինչքանո՞վ կարող է պարզել, բացահայտել տիեզերքը:
-Մինչեւ վերջ:
-Իսկ Աստված այդ հարցում գործ կունենա՞:
-Բոլորովին:
-Բայց ասում են՝ տիեզերագանցներ կան, որ հանդիպել են Աստծուն կամ լսել են նրա ձայնը:
-Ես չեմ հավատում այդ խոսակցություններին. հորինում են: Կամ էլ` նրանց նման բաներ նաեւ թվացել են: Չեն ստել, պարզապես թվացյալը իրողությունից չեն կարողացել տարբերել: Դուք չպետք է գերագնահատեք տիեզերագնացների հնարավորությունները: Նրանք էլ մարդ են, ունեն զգայարաններ: Նրանք էլ կարող են սխալվել, ինչպես գետնի վրա է մարդը սխալվում: Ես կարդացել եմ ամերիկյան բոլոր տիեզերագնացների նոթերը: Նրանք պարզ գրում են` սեւությունը տիեզերքից սարսափեցնող է: Աստղային երկնքի սեւությունից ավելի դաժան բան, ասում են, մենք չգիտենք: Օրերն են հաշվել, թե երբ է գալու Երկիր իջնելու օրը: Բոլորը երազել են վերադառնալու մասին: Այնպես որ, ես եղել եմ եւ մնում եմ թերահավատ տիեզերագնացի` այդ կարգի «ծառայությունների» հանդեպ: Միայն տրամաբանական մոտեցմամբ կարելի է հասնել երեւույթների ստույգությանը:
-Տիեզերական Ձեր բացահայտումների մեջ սիրտը, ինտուիցիան ի՞նչ տեղ են գրավել: Ներքին աչքը չի՞ գործել:
-Իհարկե, գործել է: Այն էլ` ինչպե՜ս: Այդ բոլորը կան: Բայց, գիտե՞ք, պահանջվում է երկար ժամանակ, որպեսզի դա էլ դառնա գիտություն: Առայժմ զգացողություն է, սյուբյեկտիվ է, խիստ անհատական է, եւ բոլորը միարժեք չեն: Բայց որովհետեւ սխալն էլ, ճիշտն էլ մարդուց են գալիս, խնդիրը կարիք ունի հատուկ, խնամքով ուսումնասիրության: Եվ կարծում եմ, որ դա կարվի:
-Դուք ասում եք, որ տիեզերքը սկիզբ է առել կետից, որին հաջորդել է հզոր պայթյունը: Գուցե, մարդկային հոգի՞ն էլ այդ կետից է գալիս:
-Մեծ պայթյունը ֆիզիկական երեւույթ է: Այն եղել է մեկ անգամ, որից էլ առաջացել է այն տիեզերքը, որը հիմա կա: Ինչ վերաբերում է հոգուն, ես չեմ համարձակվում ինձ նվազ հասու ասպարեզի մասին կարծիք հայտնել:
-Տեսեք` Դուք հանճարեղ գիտնական աստղագետ եք, հրաշալի նկարիչ եք, հրաշալի գրող: Ես այն տպավորությունն ունեմ, որ այդ ամենը սկիզբ է առնում մեկ կետից: Չգիտեմ` այն ինչպես կոչել:
-Խիստ եք հեշտացնում իմ գործը (ծիծաղում է):
-Իսկ մարդկային հոգին եւ տիեզերքը ի՞նչ զուգորդումներ են Ձեզ մոտ առաջացնում: Ասում են` մարդկային հոգին էլ այնքան խորն ու անեզր է, որքան տիեզերքը:
-Ձեւակերպելու համար հարմար է այդպես ասելը: Բայց դեռ չգիտեմ` ի՞նչ է հոգին, ի՞նչ է ոգին: Ես միայն տանջվում եմ այդ խնդիրների առաջ:
-Իսկ մարդ-տիեզերք հարաբերակցությունը Ձեզ համար միայն գիտակա՞ն, թե՞ նաեւ պոետիկ ընկալում ունի: Ի վերջո, Դուք նաեւ նկարիչ եք, գրող:
-Երկուսն էլ կան իմ մեջ: Երբ ես նկարում եմ, ինձ համար տիեզերքը պոեզիա է: Գրելիս` նույնպես: Բայց դա քիչ է: Նկարչությունը կարելի՞ է ասել, որ գիտություն է: Իհարկե` ոչ: Թեպետ ինչոր արեց Պիկասոն. նրա` «Գեռնիկա»-ն… Աստված իմ, ամբողջ աշխարհի գիտությունը հավաքենք, Պիկասոյի մի նկարը չի լինի:
-Ասում են` մեծ հոգիները միշտ մենակ են: Իրո՞ք այդպես է: Եվ ինչու՞ է այդպես:
-Ես դրա մասին չեմ մտածել: Բայց եթե այս պահին հարցնում եք, ասեմ` իհարկե, մարդը մենակ է: Եվ կարող եմ միայն ավելացումների մասին խոսել, բայց ձեռք տալ հիմնական այդ գաղափարին` հազիվ թե:
-Ինչո՞ւ ամբոխը չի սիրում մեծին եւ պատրաստ է նրան հալածել, անգամ` հոշոտել:
-Ամբոխը` չէ՜, ամբոխը անհատին չի սիրում: Բայց մի բան էլ կա. ով` ինչպես` չգիտեմ, սակայն ես ծայրեծայր եմ ուսումնասիրել Ֆրոյդին: Ես նրա տեսությունը համարում եմ 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից: Եվ Էյնշտեյնը, որի ստեղծած գիտությունը մարդկությունը դեռ պետք է շարունակի հասկանալ, մերժեց Ֆրոյդին Նոբելյան մրցանակի ներկայացնելու առաջարկը: Ես չեմ կարողանում լիարժեք բացատրություն գտնել, բայց անդրադառնամ մի փաստի. Էյնշտեյնը ընդամենը երեք տողանոց մի նամակ է գրում Ֆրոյդին` կարելի՞ է կանխել պատերազմները: Էյնշտեյնի հարցի մեջ թաքնված էր իր տրամադրվածությունը, ցանկանում էր, որ Ֆրոյդը միանար իրեն, շատ էր ուզում, որ նա «այո» ասեր: Երեք տողանոց նամակին Ֆրոյդը պատասխանում է տասը էջանոց հսկա հոդվածով, որի յուրաքանչյուր տողը գանձ էր: Ապա անում է ամենադաժան հետեւությունը` ոչ, պատերազմները կանխել հնարավոր չէ: Այս տասը էջանոց տեքստը, որպես նամակ, ուղարկում է Էյնշտեյնին: Էյնշտեյնի պատասխանը լինում է ավելի դաժան. ընդամենը մեկ բառ` շնորհակալություն:
-Ասում են` ուժեղ հոգիները չեն կարողանում սիրել կամ շատ հազվադեպ են սիրում: Ինչո՞ւ է այդպես:
-Սիրում են: Բայց որ հազվադեպ են սիրում, դա ուրիշ հարց է: Առանց սիրո ի՞նչ տիեզերք: Ի՞նչ աստղ, ի՞նչ մարդ, ի՞նչ գործ…
-Դուք չե՞ք փորձել տալ սիրո գիտական բացատրությունը: Այդ ուղղությամբ քայլ կատարե՞լ եք:
-Համա թե քրքրում եք ինձ, գիտե՞ք: Բայց շրջանցենք այս հարցը: Ոչ թե այն պատճառով, որ չունեմ պատասխան, այլ որովհետեւ չեմ ուզում այդ մասին խոսել:
-Ի՞նչն է պահում աշխարհը: Անընդհատ խոսում ենք մարդու բացասական, անհեթեթ, անգամ` դիվային հատկանիշների մասին: Դուք էլ եք այդ մասին խոսել: Բայց էլի աշխարհը կա, մնում է, չի կործանվում:
-Որովհետեւ աշխարհը ամենից առաջ օբյեկտիվ իրականություն է: Անկախ վայրիվերո, տարուբերվող մեկնաբանություններից՝ այն կա: Ես անցյալներում հատուկ դուրսն էի քնում, քնում էի Գառնիի իմ տան տանիքում, որ ողջ գիշեր հայացքիս դեմ լիներ աստղային երկինքը: Ես շատ մեծ խորհուրդ էի տեսնում դրանում: Ես ըմբոշխնում էի տիեզերական վիճակը:
-Մեծ գործերի համար մեծ էներգիա է պահանջվում: Մարդը որտեղի՞ց է ստանում այդ էներգիան:
-Մարդկային մտածողության պաշարը շատ է մեծ: Ես ծայրեծայր ուսումնասիրել եմ Արիստոտելի հատորները: Բայց աշխարհի ամենամեծ փիլիսոփան ոչ Արիստոտելն է, ոչ էլ` Պլատոնը: Խոշորագույն փիլիսոփան Էպիտավրոսն է, ով առաջինը ստեղծեց եւ օգտագործեց «ատոմ» բառը, որը 2500 տարի հետո տիրապետող դարձավ գիտական ողջ աշխարհում: Նա ասաց, որ ամբողջ տիեզերքը, բոլոր աստղերը, բուսական ու կենդանական աշխարհը ատոմներ են:
-Երբ գիտական մեծ գործեր եք կատարել, բացահայտումներ արել, մտածե՞լ եք փոխհատուցում ստանալու մասին:
-Բայց ումից պետք է ստանայի փոխհատուցումը: Երբ նման հարցեր եք տալիս, ես ինձ անբնական վիճակում եմ զգում, որովհետեւ իմ մեջ նման հարցեր չեն առաջացել երբեւէ: Ուղղակի ապրել եմ այդ վիճակները, եւ` ուրիշ ոչինչ: Բայց եթե ատոմ բառը ստեղծվում է 2500 տարի առաջ եւ այսօր ատոմն է իշխում ներկա աշխարհում, դրա մասին պետք է մտածել: Դա շատ մեծ իրադարձություն է, շատ մեծ: Ատոմ բառի կողքին` ստեղծված այդքան հեռավոր ժամանակներում, ես ոչինչ չունեմ դնելու:
-Ձեր հանդեպ ժամանակին արդար չեն եղել: Դուք ակադեմիկոսի կոչում էլ չեք ստացել: Ո՞նց եք վերաբերվել այդ փաստին:
-Այսպես` Ձեզ հետ զրուցում եմ:
-Ձեզ համար կա՞ լավ եւ վատ մարդ: Թե՞ մարդը պարզապես մարդ է:
-Ինչպե՜ս չէ. իհարկե` կա: Մարդ կա, որ գարշելի է, հրեշ է: Այլեւս ի՞նչ մարդ, եթե երեխա է սպանում:
-Գրիգոր Արամի, Դուք գիտե՞ք, թե ով եք: Կա՞, ունե՞ք Ձեր ինքնագնահատականը:
-Ես այդ մասին չեմ մտածել: Չեմ մտածել, որովհետեւ ամբողջ ժամանակ այլ բաներ են ինձ հետաքրքրել: Օրինակ՝ այս ամբողջ գիշեր համարյա անքուն եմ մնացել եւ ստեղծել եմ նոր էսսե: Բավականին ծավալուն: Միայն այն տարբերությամբ, որ չեմ կարող թղթին հանձնել: Ես չեմ կարողանում գրել, տողերն իրար վրա են ընկնում:
-Ասում են՝ մեծ մարդու համեստությունն այլ է, քան սովորական մարդու կանոնիկ համեստությունը: Այդպե՞ս է:
-Դուք դասակարգման խնդիրներ եք դնում իմ առաջ` մարդու տեղը, դերը: Համաձայն եմ, այդ խնդիրները նույնպես կան: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրում է ինքը` երեւույթը:
-Իսկ մեր երկրի` անկախ Հայաստանի իշխանությունները երբեւէ չե՞ն ցանկացել օգտագործել գիտնականի Ձեր պոտենցիալը:
-Կոմունիստների օրոք, հատկապես Դեմիրճյանի տարիներին, նման փորձ, նախաձեռնություն եղավ, երբ ինձ «քաշեցին» ասպարեզ: Մեկ էլ 1994-ին ուզեցին օգտագործել իմ հնարավորությունները, սակայն երկրի ֆինանսական հնարավորությունները չբավականացրին: Ես կոմունիստ չեմ եղել, չնայած ամերիկյան թերթերում ժամանակին հայտնվեցին տեղեկություններ, որ պետական դեպարտամենտն ու NASA-ն, որն զբաղվում է տիեզերքի ուսումնասիրության հարցերով, երկար ժամանակ համաձայնության չեն եկել` կարելի՞ է թույլատրել Գուրզադյանին Միացյալ Նահանգներ, թե՞ ոչ: Ի վերջո, հաղթող է եղել NASA-ի կարծիքը: Եվ այս առիթով մի բան էլ ասեմ. ԱՄՆ-ում ինձ տարել եւ ցույց են տվել այնպիսի գաղտնի բաներ, որ մինչեւ հիմա զարմանում եմ` ինչի՞ վրա էր իրենց հույսը՝ իմ ազնվությա՞ն…

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

03-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO