Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՍՈՑԻՈՒՄ


Հայկական տեղանունների թուրքացումը խոր արմատներ ունի

Պատմամշակութային եղեռնը շարունակվում է նաեւ մեր օրերում

Մարդկանց անուններն ու երկրների, քաղաքների տեղանունները պատահական չեն դրվում. դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու իմաստը: Հնում ասում էին, թե մարդու ճակատագիրն ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ իր անվամբ, իսկ պատմաբանները, լեզվաբաններն ու մյուս մասնագետներն էլ տեղանունների միջոցով ստանում են բազմաթիվ հարցերի պատասխաններ: Պատահական չէր, որ նվաճողներն առաջին հերթին փոխում էին գրավված քաղաքների ու տարածքների անվանումները: Այս առումով բացառություն չեն թուրքերն ու կովկասյան թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, երբ մարդկանց հիշողությունից եւ պատմական աղբյուրներից փորձել են իսպառ ջնջել հայկական հետքը:
Արցախն Ադրբեջանի ԽՍՀ-ին բռնակցելուց հետո նույն ճակատագրին արժանացան նաեւ այդ տարածքի հայկական տեղանունները: Ադրբեջանացվել էին անգամ Հայաստանի ԽՍՀ-ի բազմաթիվ տեղանուններ՝ Վանաձորը դարձել էր Ղարաքիլիսա, Սպիտակը` Համամլու, Ստեփանավանը` Ջալալօղլի, Ծաղկաձորը` Դարաչիչեք … Այսպես դեռ երկար կարելի է թվարկել: Համացանցում օրեր առաջ վրդովմունքի առիթ էր դարձել ադրբեջանական գինին, որի վրա գրված էր «Բասարգեչար»։ Այդպես են անվանում Վարդենիսն Ադրբեջանում։ Շշի վրա պատկերված է նաեւ Սեւանա լիճը՝ Գեյչա անվանումով։
Անգամ այս տարիների ընթացքում, երբ մենք հաղթող ազգ էինք, շարունակում էինք անուշադրության մատնել այն, որ ադրբեջանական կողմն աղավաղում է մեր պատմությունը, յուրացնում մշակույթը, խոհանոցը եւ այն ամենը, ինչ արժեքավոր է։ Այսօրվա Ադրբեջանը, երբեւէ իր կազմում չունենալով Արցախի Հանրապետության ենթակայության տակ գտնվող տարածքները, մայրաքաղաք Ստեփանակերտը ներկայացնում էր որպես Խանքենդի, Բերձորը` Լաչին, Քարվաճառը` Քելբաջար…
Ադրբեջանը լավագույն կերպով յուրացրել եւ կիրառել է «ավագ եղբոր» փորձն ու մեթոդները։ Իսկ Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը խոր արմատներ ունեն: Թուրքագետ Լուսինե Սահակյանը «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» աշխատության մեջ ներկայացնում է այս ուղղությամբ պատմական զարգացումներն ու տարածված մեթոդները։ «Օսմանյան կայսրության, հետագայում նաեւ՝ հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակները, շատ լավ հասկանալով տեղանունների ռազմավարական նշանակությունը, հետեւողական քաղաքականություն են վարել՝ Թուրքիայի սահմաններում գտնվող բնակավայրերի անուններն աղավաղելու եւ դրանք զանազան միջոցներով սեփականացնելու ուղղությամբ»,-գրել է թուրքագետը: Այսպես՝ 11-15-րդ դարերի ընթացքում Հայկական լեռնաշխարհում հաստատված թյուրքական ցեղերը, հետագայում էլ՝ օսմանյան իշխանությունները նորանվաճ տարածքները յուրացնելու նպատակով բնիկ տեղանունը կա՛մ թարգմանում էին թուրքերեն, ինչպես Տանձուտը՝ Արմուդլու, Աղբյուրաշենը՝ Քյանքենդի, Կարմրիկը՝ Քըզըլջա եւ այլն, կա՛մ էլ տեղական բարբառի ազդեցությամբ նախկին ձեւից որոշ չափով հեռացած տեղանունը բաղարկության (կոնտամինացիա) սկզբունքով նմանեցնում էին թուրքերեն այս կամ այն բառին, օրինակ՝ Արմտիքը դարձնում Արմուդի, Օձունխաչը՝ Ուզունհաչ, Կյուրոպաղատը՝ Գյուրբաղդը, Քարհատվանը՝ Քարադիվան, Ճղոպուրկենցը՝ Չյուփուրգենս եւ այլն:
Տարածված մեթոդներից էր հին բնակավայրերին նոր անուններ տալը՝ ձգտելով մոռացության մատնել նրանց էթնիկական պատկանելությունը: Հայկական տեղանունների յուրացման մեկ այլ ձեւ էին թուրքերենով դրանք ստուգաբանելու փորձերը: Նման կեղծ վարժանքներով առանձնապես զբաղվել է 17-րդ դարի օսմանյան արքունի պատմագիր Էվլիյա Չելեբին, որի մեկնությունները հաճախ հիմք են դարձել թուրք մասնագետների համար: «Չելեբիի այս ճշգրտումները ստուգաբանական անմեղ ճամարտակություններ չէին, այլ հետապնդում էին նոր գրավված տարածքների թուրքականությունը հաստատելու հեռագնա նպատակներ: Այս պատմագիրը վարել է պետական պաշտոններ, մասնակցել օսմանյան նվաճողական արշավանքներին, ուստի նրա տեղանվանական բացատրություններն ունեին աշխարհաքաղաքական դրդապատճառներ»,-գրում է մասնագետը:
Արդեն 19-րդ դարի կեսերից թուրքական իշխանությունները որոշում են ոչ միայն անվանափոխել կամ աղավաղել հայկական գավառների, գյուղերի անունները, այլեւ ոչնչացնել Հայաստան անունն առհասարակ: Այս քաղաքականությունը գործադրվեց հատկապես 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ միջազգային դիվանագիտության օրակարգ մտավ Հայկական հարցը: Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կառավարությունը Հայաստան անունը փոխարինեց հնարովի Քրդստան եւ կամ Անատոլիա տերմիններով: 1880 թվականից սկսած՝ պաշտոնական փաստաթղթերում արգելվեց Հայաստան անվան հիշատակումը: Սրանով Բարձր դուռը ձգտում էր բոլորին հասկացնել, որ Հայկական հարց գոյություն չունի, քանզի, եթե չկա Հայաստանը, չկա նաեւ Հայկական հարցը:
Աբդուլ Համիդի օրոք թուրք կամ քուրդ գաղթականներով վերաբնակեցված վայրերի հին անունները փոխարինվում էին նորերով։ Այս քաղաքականությունն ակնառու դարձավ հատկապես երիտթուրքերի իշխանության օրոք: Կայսրությունում տեղանունների համակարգված թուրքացմանն էր միտված 1913 թ. մայիսի 13-ին ընդունված «Գաղթականների բնակեցման կանոնադրություն» փաստաթուղթը: Հաջորդ քայլը կատարեց երիտթուրքերի կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան՝ 1916 թ. հունվարի 5-ին օսմանյան ռազմաքաղաքական իշխանություններից պահանջելով կայսրության հայերեն, հունարեն, բուլղարերեն եւ այլ ոչ մահմեդական ծագումով բոլոր տեղանունները փոխել թուրքերենի: Հրամանագրի առաջին կետում նշված էր. «Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական եւ այլ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի… եւ այլ բոլոր անունների վերածումը թուրքերենի անհրաժեշտ է»:
«Արեւմտյան Հայաստանը, զրկվելով իր իսկական տերերից, պատմամշակութային բազմաթիվ արժեքների հետ այսօր էլ շարունակում է կորցնել նաեւ հազարամյակների խորքից եկած հայկական տեղանունները: Դրանք հայտարարվում են քրդական կամ էլ թուրքական»,- շարունակում է աշխատության հեղինակը: Երիտթուրքերից հետո տեղանունների «ազգայնացման» քաղաքականությունը շարունակեցին քեմալականները: Հանրապետության շրջանում այս գործընթացն է՛լ ավելի մեծ թափ ստացավ: 1923-ից սկսած՝ Արեւմտյան Հայաստանի տարածքը պաշտոնապես կոչվեց «Արեւելյան Անատոլիա»:
1957 թ. ստեղծվում է «Անվանափոխման մասնագիտական կազմակերպությունը», որն ուսումնասիրելով 75 հազար տեղանուն՝ փոփոխել է 28 հազարը, որից 12 հազարը՝ գյուղանուն: Թուրքագետ Սահակյանը նկատում է, որ հանրապետական Թուրքիայում վաղ շրջանի օսմանյան արխիվային նյութերը, պատմագիրների երկերը հրատարակելիս թուրք պատմաբանները, օգտագործելով իրենց կեղծարարական հարուստ զինանոցը, աղճատել են հայկական անունները: Հետին թվով Արմենիան կամ Էրմենիստանը փոխարինել են հնարովի «Արեւելյան Անատոլիայով»՝ նպատակ ունենալով մոռացության մատնել Հայաստան երկրի գոյությունն առհասարակ. «Թուրքիայի իշխանությունները, հասկանալով, որ հայկական տեղանունները մի ողջ քաղաքակրթության արգասիք են եւ Արեւմտյան Հայաստանում հայոց հնամենի գոյության խոսուն վկաներ, չբավարարվելով այդ տարածքի իսկական տերերի ֆիզիկական ոչնչացմամբ, շարունակում են իրենց պատմամշակութային եղեռնը` թիրախ դարձնելով նաեւ հայկական տեղանունները»:
Տեղանունների նենգափոխումը եղել ու մնում է Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանությունների հեռահար նպատակներ հետապնդող ժողովրդագրական քաղաքականության կարեւոր բաղադրիչը: Տեղանունները սոսկ լեզվական փաստեր չեն, այլեւ պատմագիտական ճշգրիտ ու անաչառ ապացույցներ: Վաղնջական ժամանակներից հիշվող հայկական տեղանունները լեզվական ամրակուռ վկայություններ են, որոնք բացահայտում են ողջ ճշմարտությունը Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերի մասին: «Ներկայումս հայկական տեղանունների պաշտպանության, պահպանման եւ վերականգնման խնդիրը մեզ համար ունի ռազմավարական անգնահատելի նշանակություն»,-այսպիսի եզրահանգման է գալիս թուրքագետը:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ թուրքական պետական, պաշտոնական քաղաքականության մեջ կարմիր թելով շարունակվում է հայաջնջման քաղաքականությունը բոլոր հարթություններում՝ ֆիզիկական, տարածքային, մշակութային, տեղանունների եւ այլն։ Մեր հայրենիքից փորձ է արվում ջնջել հայկականը հիշեցնող ցանկացած դետալ, որին դեմ գնալը յուրաքանչյուր հայի պարտականությունն է:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO