Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սահմանագծերը պետք է որոշվեն «միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ»

Իսկ GPS-ը ընդամենը տեխնոլոգիա է, ֆիզիկական գործիք...

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 5-րդ հոդվածն ասում է. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենքով»: Կիրառու՞մ ենք այս օրենքը: Պատասխանը տեսանելի է: Ավելին՝ չունենք սահմանազատման հանձնաժողով: Ի դեպ, հունվարին ուզում ենք ստեղծել այս հանձնաժողովը: Սա, բնականաբար, տարակուսանք է առաջացնում: Մեղմ ասած՝ տարակուսանք: Հունվարին ստեղծում ենք, որ ի՞նչ անենք…
Նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտնի հայտարարությունից հետո «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ ահազանգել է՝ սահմանը չի որոշվում ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կառույցի կողմից: Որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որտեղ պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ: Որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալներ: Որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատներն ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ ինչ սարքավորումներով, մեթոդներով են աշխատելու:
Պատկան մարմինների կողմից արձագանք չկա:
Ի դեպ, նրանց համար, ովքեր չգիտեն, պարզաբանենք, որ սահմանազատման հանձնաժողով ստեղծելը 1 ժամվա հարց է: Հակադրման փորձ անողներին տրվող պատասխանն էլ մեկն է՝ անհրաժեշտ օրենքը 24 ժամում ԱԺ-ում անցկացվում է…Ստորեւ սա կպնդի նաեւ մասնագետը:
Մի փոքր բացենք փակագծերը: Այս օրերին (նախորդող օրերի դեպքերին «ՀՀ»-ն նույնպես արձագանքել է, մասնավորապես, Սոթքի պարագայում) Կապանի քաղաքապետն ահազանգում է, որ Կապանի եւ հարակից գյուղերի՝ Դավիթ Բեկի, Կաղնուտի, Ուժանիսի, Եղվարդի, Ագարակի, Դիցմայրիի, Սյունիքի, Գեղանուշի, Ճակատենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի բարձունքները հանձնվելու են Ադրբեջանին: Ընդ որում՝ Կապանի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։ Հայտնի է՝ առավելությունը նրանն է, ում վերահսկողության տակ բարձունքն է, այսինքն՝ թշնամին նորից առավելություն է ստանում:
Որոշ պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, տ. գ. թ. Շահեն Շահինյանին (նախկին ՊՈԱԿ, որովհետեւ այն ընթացիկ տարվա հունիսի 10-ից լուծարվել է՝ ապրիլի 9-ի կառավարության որոշմամբ): Մինչ այդ նա գրառում էր կատարել սոցհարթակում. «Հունվարին դեռ նոր է ստեղծվելու «Սահմանազատման միջգերատեսչական» հանձնաժողովը, սակայն անհասկանալիորեն արդեն լուծարված գեոդեզիայի եւ քարտեզագրման ՊՈԱԿ-ի գիտնականներն ու մասնագետները չեն ստացել առաջարկ համագործակցելու` բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ աջակցելու սահմանազատման պատշաճ իրականացմանը։ Իսկ հենց հիմա հարավում արդեն որոշվում են Հայաստանի ու հակառակորդի սահմանները առանց հայ մասնագետների մասնակցության։ Ինչո՞ւ»:
Մասնագետից փորձեցինք ճշտել՝ գուցե սխա՞լ ենք պատկերացնում, որ հանձնաժողովի ստեղծումը 1 ժամվա գործ է, գուցե ինչ-որ բարդ ընթացակարգե՞ր կան, որոնցից տեղյակ չենք: Ի պատասխան` Շ. Շահինյանը պարզաբանեց. «1996 թ. հայ-վրացական սահմանի հանձնաժողովը ստեղծվել է հենց վարչապետի որոշմամբ՝ առանց ինչ-որ բարդության: Հետո 2000 թ. այդ որոշումը չեղյալ է համարվել, ընդունվել է նոր որոշում՝ ոչ թե հայ-վրացական սահմանի մասով, այլ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատման եւ սահմանանշման»:
Ի դեպ, 2000 թ. ստեղծված հանձնաժողովն էլ է ստեղծվել վարչապետի որոշմամբ (նոյեմբերի 16, թիվ 763 որոշում): Ընդ որում՝ նույն որոշմամբ ոչ միայն ստեղծվել է ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով հանձնաժողովը, այլեւ հաստատվել է այդ հանձնաժողովի անհատական կազմը:
Այսինքն՝ այս հանձնաժողովը դե յուրե կա՞: Մեր ճշտող հարցին ի պատասխան` նախկին ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն ասաց. «Այո, այդ հանձնաժողովը, ըստ էության, դե յուրե կա: Դե ֆակտո՝ մնում է հանձնաժողովի անհատական կազմը հաստատել… Եվ այո, դուք ճիշտ եք, դա բարդ հարց չէ: Անհետաձգելի համարվող օրենքը 24 ժամում տանում են ԱԺ, քննարկում, քվեարկում են, չէ՞: Այս հանձնաժողովի առկայությունն էլ անհետաձգելի է: Մանավանդ, որ «e-draft» չի տարվում, այլ տեղ չի տարվում, հարցը որոշվում է վարչապետի մակարդակով»:
Պետք է արագ գործենք, այլապես ժամանակը մեր օգտին չէ …
Հիմա գանք մեկ այլ պարզաբանման: Այս օրերին, սահմանային հարցի հետ կապված, հաճախ են շրջանառվում դելիմիտացիա եւ դեմարկացիա տերմինները: Մասնագետին խնդրեցինք մատչելի բացատրել՝ ինչ են դրանք նշանակում: Ըստ Շահեն Շահինյանի` նախ դելիմիտացիան է, դրան հաջորդում է դեմարկացիան: Դելիմիտացիան հայերեն սահմանազատումն է, երբ մարդիկ կամերալ՝ գրասենյակային պայմաններում ուսումնասիրում են բոլոր առկա նյութերը, ձեւավորում են տեսակետներ՝ ինչպես պետք է անցնի սահմանը ըստ պետական դիրքորոշման: Այսինքն՝ դելիմիտացիան սահմանազատման համար անհրաժեշտ նախնական գրասենյակային աշխատանքն է, որի ժամանակ որոշվում են քարտեզները, մեթոդները եւն: Բայց դելիմիտացիայի ժամանակ հստակ կոորդինատներ չեն որոշվում: Սրան արդեն հաջորդում է դեմարկացիան՝ հայերեն թարգմանությամբ՝ սահմանանշում: Սա այն գործընթացն է, երբ սահմանը դաշտում տեղանքով ամրացվում է: Դա կարող է լինել ինչ-որ հատուկ սահմանասյուների, բետոնացված կառույցների եղանակով կամ կարող է լինել ընդամենը մի փոքրիկ սարքի միջոցով՝ գնաս՝ ասես՝ այ, այն սարի գագաթը սահմանն է: «Այսինքն՝ դեմարկացիան հաջորդում է դելիմիտացիային, եւ առանց նախնական պատրաստության չես կարող սահման որոշել: Ավելին՝ հնարավոր է` գնաս տեղանք, տեսնես, ենթադրենք, բլուրը չկա, ինչ-որ հողային աշխատանքներ են կատարվել, օրինակ, եւ բլուրը չկա, նորից հետ գաս գրասենյակ, կրկին աշխատանքներ իրականացնես: Դրա համար եմ ասում՝ սա շատ բազմաշերտ ոլորտ է, մասնագետներ պետք է աշխատեն»,- նկատեց Շահեն Շահինյանը:
Այլ կերպ՝ մասնագիտական գրականությունում նշվում է, որ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարեւան պետությունների սահմանագծի որոշումն են համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) եւ սահմանագծի անցկացումը երկրի մակերեւույթի վրա (դեմարկացիա)։ Ուշադրություն դարձնենք՝ «միջազգայի՛ն իրավունքում փոխադա՛րձ համաձայնությամբ»… Մեկնաբանություններն ավելորդ են, որովհետեւ մեր իրականությունն ամեն ինչ բացեիբաց ցույց է տալիս:
Ճի՞շտ ենք հասկանում, որ դելիմիտացիայով եւ դեմարկացիայով պետք է զբաղվի բացառապես միջգերատեսչական, միջպետական մասնագիտական հանձնաժողովը, այլ ոչ թե զինվորականներն ու GPS-ը: «ՀՀ»-ի մեկ այլ ճշտող հարցի՝ մասնագետի պարզաբանումը հետեւյալն էր. «Զինվորականները կարող են ներգրավված լինել, դա կախված է վարչապետի որոշումից: Որովհետեւ զինվորականներն էլ ունեն մասնագիտական ստորաբաժանումներ: Սահմանազատման պրոցեսը, կրկնում եմ անընդհատ ու էլի կասեմ, մեկ մասնագետի կամ մեկ գերատեսչության աշխատանք չէ: Դա համալիր, կոմպլեքս աշխատանք է: Օրինակ՝ հայ-վրացական նշածս հանձնաժողովում ընդգրկված են եղել 10-ից ավելի գերատեսչությունների ներկայացուցիչներ: Իսկ GPS-ը ընդամենը տեխնոլոգիա է, ֆիզիկական գործիք պարզապես: Թե դա ինչպես կկիրառես, կախված է քո մասնագիտական ունակությունից: GPS-ը համատարած լուծում չէ…»:
Շահեն Շահինյանը մասնագիտական շատ այլ նրբություններ էլ բացատրեց, բայց այսքանը բավարար է` հասկանալու համար, որ սահմանների որոշման հարցի հետ կապված մեզ մոտ, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է: «Ցավոք, պետք է համաձայնեմ ձեզ հետ»,- նկատեց մասնագետը՝ միաժամանակ կրկին ընդգծելով իր եւ այլ մասնագետների պատրաստակամությունը` մասնակցելու նշված գործին:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO