Մարդիկ վճռական են եւ գյուղը երբեք չեն լքի
Աղավնո համայնքի բնակիչներն անվտանգության երաշխիքներ են պահանջում
Չնայած զինադադարին, անվտանգության երաշխիքների առումով շարունակում է անորոշ մնալ Քարվաճառի շրջանում ընդգրկված Աղավնո գյուղի բնակչության ճակատագիրը: Ասել է թե՝ մարդիկ մեծով ու փոքրով, փաստորեն, հայտնվել են առաջնագծում: Շրջակայքում հենակետեր չեն տեղադրվել: Միեւնույն ժամանակ ռուսական խաղաղապահների պահանջով «ամբողջովին առգրավվել է, անվտանգության ապահովման նպատակով, աշխարհազորայինների մոտ գտնվող զենքը», ինչը, բնականաբար, ըմբռնումով չի ընկալվել բնակչության կողմից: Հետեւաբար, այսօր հայտնվելով «անորոշության հորձանուտում»` մարդիկ արդարացիորեն դժգոհում են իշխանությունների անտարբերությունից եւ իրենց կարգավիճակի վերաբերյալ վճռական քայլեր ակնկալում:
«Մեզ մոտ պահվող զենքը ինքնապաշտպանվելու միջոց էր, բայց խաղաղապահները եկան ու պարտադրեցին այն հանձնել: Այստեղ հարց է ծագում՝ եթե հակառակորդը մեզնից ընդամենը երկու կիլոմետրի վրա է, եւ գյուղի շրջակայքում ռուս խաղաղապահների կողմից հենակետ տեղադրված չէ, ապա ո՞վ է մեր բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»,- արդարացիորեն դժգոհում է համայնքի ղեկավարը՝ Աղավնոյի ինքնապաշտպանական ջոկատի ղեկավար Անդրանիկ Չուվաշյանը:
Գյուղում կարծում են, որ եթե տարածքում խաղաղապահների հենակետը բացակայում է, ապա ամեն դեպքում պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: «Վստահության խնդիր կա,- ասում է Աղավնոյի բնակիչ Անդրանիկ Խալափյանը:- Արցախը Հայաստանին կապող միակ երակն այս մայրուղին է մնացել: Չհամոզվե՞նք, որ մեր ընտանիքների, կանանց, երեխաների ու ծերերի անվտանգությունը հուսալի ձեռքերում է»…
Ամենածանր, ճակատագրական պահերին անգամ մի խումբ ընտանիքներ չեն լքել գյուղը, իսկ եթե ժամանակավորապես հեռացել են մի քանի օրով, ապա դարձյալ տուն են վերադարձել, ու երդիկներից ծուխ է ելնում: Մարդիկ իրենց առօրյա հոգսերով են տարված, բայց անվտանգության ապահովման խնդիրը միշտ էլ օրակարգում է… Օրինակ ծառայելով մյուս բնակիչների համար՝ համայնքապետ Անդրանիկ Չուվաշյանի մայրը, կինը՝ երեխաներով, պահ անգամ չեն ուզում Աղավնոյից հեռանալու մասին մտածել: Ասում են՝ դպրոցը պիտի բացվի, եւ պարապմունքները վերսկսվեն: «Երեխաները հո անգրագետ չեն մնալու, դասի պիտի հաճախեն, գիտելիքներ ստանան»,- անկեղծանում է Անդրանիկի կինը՝ Քրիստինե Խալափյանը:
Գյուղում անհանգստացած են, որ սահմանի ուղղությամբ հակառակորդը շարունակում է զենք եւ կենդանի ուժ կուտակել: Եվ ահազանգելով այդ մասին՝ նրանք տարակուսում են, թե իրենց ինչու են զինաթափում, երբ թշնամուն խաղաղություն չի պարտադրվում: «Մենք վճռական ենք ու գյուղը երբեք չենք լքելու: Շարունակելու ենք այս հողի վրա ապրել ու արարել, եւ զոհված մեր ընկերների, եղբայրների թափած արյունը չպիտի անհետ մնա, մոռացվի: Այս եկեղեցին, որտեղ ամեն օր մտնում, մոմ ենք վառում, աղոթում մեր նահատակների համար, ինչպե՞ս կարող ենք լքել ու հեռանալ: Աստված մեզ չի ների»,- հուզմունքը չի թաքցնում Աղավնոյի ինքնապաշտպանական ջոկատի անդամ Ռոբերտ Ստեփանյանը, ով տղաների հետ ստանձնել է համագյուղացիների անվտանգության ապահովման գործը եւ Հայաստանի ու Արցախի իշխանություններից երաշխիքներ է ակնկալում:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ 23-12-2020
|

փակել >>
|