Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում պետք է ստեղծել ներդրումային օմբուդսմենի ինստիտուտ

Տնտեսագետը ֆինանսական հոսքերի ապահովման առաջարկներ է անում


Այս ծանր իրավիճակը հաղթահարելու համար տնտեսության կարեւորության մասին չխոսելը, մեղմ ասած, անմիտ շռայլություն է մեզ համար։ Տնտեսությունն աշխատեցնելու համար ներդրումներ են պետք, բայց երբ խոսքը արտերկրից ներդրումների մասին է, մեր համոզմամբ, չափազանց կարեւոր է, որ դրանք, այսպես ասած, «սխալ փողեր» չլինեն։ Որովհետեւ մեր երկրի համար, մանավանդ հիմա, հույժ անհրաժեշտ է բոլո՛ր ոլորտներում անվտանգային միջավայրի պահպանումը։
«ՀՀ»-ն երեկ գրել էր, որ, օրինակ, Վրաստանի էներգետիկ շուկայում վերջին տարիներին առավել քան ակտիվորեն դրսեւորվում է Ադրբեջանը՝ «Ազերէներջի» ընկերությունը, որը հանդես է գալիս ոչ միայն որպես էլէներգիայի մատակարար, այլեւ սկսում է այնտեղ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ ձեռք բերել: Տնօրինելով ենթակառուցվածքների մի մասը՝ բնականաբար նաեւ թելադրում է իր պահանջները: Թյուրքական տարրի հետ բարեկամության պատրաստ մեր հանրության շերտը պետք է հասկանա, որ այս օրինակը մեզ համար կործանարար կլինի։ Այսինքն՝ տնտեսությունը, այո, գումարն է, ներդրումներն են, բայց եթե զուտ գումարը եղավ, արագ վերելքը կարող է արագ էլ վայրէջք ապահովել։ Տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է ազգային լինի ու բազմաշերտ։
Ինչեւէ, «ՀՀ»-ն այս թեմայի փակագծերը այլ առիթով կբացի։ Հիմա խոսենք մեր երկրի ներդրումային միջավայրից, խնդիրներից, անհրաժեշտ փոփոխություններից։ Տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում խոսեց ՀՀ ներդրումային օրենսդրության փոփոխության վերաբերյալ իր առաջարկներից։ «Մեր հանրապետության ներդրումային միջավայրը, որն առանց այն էլ բարվոք չէր կարող համարվել օտարերկրյա ներդրումների համար, պատերազմի եւ համավարակի լայն տարածման հետեւանքով ավելի վատթարացավ։ Դեռ պատերազմի ընթացքի ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին Moody՚s միջազգային վարկանիշային գործակալության վերջին զեկույցի համաձայն՝ արցախյան հակամարտության հետագա էսկալացիան կարող է հանգեցնել խիստ բացասական երկարաժամկետ հետեւանքների թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի տնտեսությունների համար։ Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հարավային Կովկասում լարվածության աճը կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, ինչպես նաեւ սպառողների վստահությունը երկու երկրներում, ինչն էլ լուրջ խոչընդոտ կհանդիսանա «Covid-19» համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսությունների վերականգնման համար։ Ավելին, հակամարտությունը կարող է հանգեցնել նաեւ ազգային արժույթների թուլացման եւ իրացվելիության ռիսկի աճի՝ խաթարելով ֆինանսական կայունությունը։ Ինչ վերաբերվում է Fitch հեղինակավոր վարկանիշային գործակալությանը, ապա վերջինիս կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը վատթարացել է B+-ից մինչեւ BB-։ Բնականաբար, այս ամենը բացասական ազդակ է օտարերկրյա ներդրողների համար, որոնք մինչ այդ էլ բավական զգուշավոր պահվածք են ցուցաբերել մեր երկրում ներդրումների իրականացման առումով։ Պատերազմի ավարտից հետո ներկա պահին ներդրումային ռիսկերը չեն նվազել, այլ փոխարենը աճել են՝ կապված ներքին քաղաքական լարվածության, սահմանների ճշգրտման խնդիրների, ազգային արժույթի արժեզրկման եւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկման հետ... Նման տուրբուլենտ իրավիճակի պահպանումը կհանգեցնի ոչ միայն մեր տնտեսության ներդրումային գրավչության նվազման, այլեւ ամբողջ տնտեսության կոլապսի»,-ասաց Կարեն Սարգսյանը։
Գանք առաջարկներին։ Վերլուծելով ներկայումս Հայաստանում ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնները, տնտեսագետը նկատեց, որ ներդրումային միջավայրի բարելավման հիմնական խոչընդոտներից մեկը այդ ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի անկատարությունն է, այդ թվում՝ օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի կիրառումն ապահովող հստակ կառուցակարգերի բացակայությունը: Հայաստանում ներդրումային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունը հիմնականում բաղկացած է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքից, որն ընդունվել է ԳԽ կողմից դեռ 1994 թ.։ «Թեեւ այս օրենքի ընդունումը այդ ժամանակաշրջանում միտված էր օտարերկրյա ներդրումների ներգրավման ոլորտում Հայաստանի կառավարության ազատական քաղաքականության որդեգրմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, սակայն հիմա՝ 25 տարի անց այն պատշաճ կերպով չի արտացոլում օտարերկրյա ուղղակի ներդրումների ազգային կարգավորման բոլոր հիմնական առանձնահատկությունները եւ վաղուց արդեն չի բխում ներդրումային հարաբերությունների զարգացման նպատակներից՝ հաշվի առնելով այն, որ մեր հանրապետությունում տնտեսական հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են եւ կրել են էական բովանդակային փոփոխություններ, այդ թվում եւ՝ ներդրումային քաղաքականության ոլորտում»,-ասաց Կ. Սարգսյանը:
Իսկ եթե ավելի հստակ, ապա որոնք են «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի փոփոխության անհրաժեշտության հիմնավորումները։ Մասնագետը 4 հիմնական կետեր առաձնացրեց. 1. օրենքում բացակայում են ներդրումների վերաբերյալ միասնական հայեցակարգային մոտեցումները, եւ այս առումով, այն չի համապատասխանում կառավարության՝ 2015 թ. հավանությանն արժանացած ներդրումային քաղաքականության հայեցակարգին, որի հիմնական նպատակն էր՝ բնութագրել հանրապետության ներդրումային միջավայրը, սահմանել ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ նախանշել դրանց իրագործման համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց ուղղությունները: 2. Նշված օրենքով կարգավորվում են միայն օտարերկրյա ներդրումների հետ կապված իրավահարաբերությունները, իսկ տեղական ներդրումների, այդ թվում՝ պետության միջոցներով իրականացվող ներդրումների հետ կապված իրավահարաբերությունները ինչպես նշած օրենքով, այնպես էլ այլ իրավական ակտերով կանոնակարգված չեն: Այս առումով, ներդրումային հարաբերությունների օրենսդրական բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է կանոնակարգել ներդրումների հետ կապված բոլոր տեսակի իրավահարաբերությունները, տնտեսության մեջ ներդրումների խթանման գործիքներն ու մեխանիզմները։ 3. Օրենքում սահմանված հիմնական հասկացություններն ամբողջությամբ չեն արտացոլում ներդրումային հարաբերությունների բոլոր հիմնական կողմերն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ զարգացման ժամանակակից միտումները: Մասնավորապես, օրենքը բավական սահմանափակ է ներդրումների, ներդրողի, ներդրումային գործունեության եւ դրա ձեւերի, ներդրումային օբյեկտների ու ներդրումների աղբյուրների սահմանման առումով: Մասնավորապես, «ներդրում» եզրույթն ընդհանրապես սահմանված չէ օրենքով, իսկ «օտարերկրյա ներդրում» եզրույթի սահմանումը բավական նեղ է եւ չի արտացոլում վերջինիս բոլոր հնարավոր կողմերը: Հետեւաբար, ներդրումային գործունեությանն առնչվող հասկացությունների ընդլայնումը եւ դրանց իրավական ձեւակերպման կատարելագործումը թույլ կտան օրենսդրորեն ամրագրել ներդրումային գործունեության ոլորտում ի հայտ եկած նոր միտումներն ու դրանց առանձնահատկությունները: Այս առումով, կարծում ենք, օրենսդրության մեջ պետք է սահմանվեն, մասնավորապես, ուղղակի օտարերկրյա ներդրում (ՕՈՒՆ), ուղղակի ներդրող, ուղղակի ներդրումներով ձեռնարկություն, կոլեկտիվ ներդրումային ինստիտուտ, պորտֆելային ներդրում, ներդրումային ակտիվ, ներդրումային վարկ հասկացությունները եւ այլն: 4.Օրենքում սահմանված չէ օտարերկրյա ներդրումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին, ինչը այդ ոլորտի պետական կարգավորման համար մեծ բաց է՝ ներդրողների համար ստեղծելով հավելյալ ռիսկեր։ Ուստի, անհրաժեշտ է նոր օրենքով սահմանել ներդրումները կարգավորող լիազոր պետական մարմնի իրավասություններն ու գործառույթները:
«Փաստացի, օրենսդրության նման անկատարությունների պայմաններում դժվար է ակնկալել ներդրումների մեծ հոսքեր Հայաստանի տնտեսության մեջ»,- նշեց Կարեն Սարգսյանը՝ միաժամանակ շեշտելով, թե ներդրումային օրենսդրության բարելավումը պետք է բխի տնտեսության երկարաժամկետ զարգացման նպատակներից, այն է՝ ՀՀ տնտեսության մեջ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում, տնտեսության առաջնահերթ ոլորտների զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդում։
Այսքան քայլերի մեջ, այնուամենայնիվ, ինչի՞ց պետք է սկսել Հայաստանում ներդրումային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության բարելավումը: «Նախեւառաջ նպատակահարմար է իրականացնել ներդրումների եւ ներդրողների իրավական պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան երաշխիքների ամրագրման, ներդրումների նկատմամբ սահմանափակումների վերացման եւ ներդրումային վեճերի լուծման գործուն մեխանիզմների ապահովում»,-նշեց տնտեսագետը:
Բանն այն է, որ, նրա խոսքերով, ներդրողները Հայաստանում հաճախակի բախվում են ներդրումների պաշտպանության հետ կապված տարաբնույթ խնդիրների հետ, պայմանավորված ինչպես գործող իրավական ակտերի անկատարությամբ, այնպես էլ դրանց ոչ պատշաճ իրականացմամբ: Նմանատիպ խնդիրները բացասաբար են անդրադառնում ինչպես Հայաստանում ներդրումների ներգրավման, այնպես էլ միջազգային ներդրումային համաձայնագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման վրա: Այս առումով, մեծապես կարեւորվում է ներդրումային օրենսդրության մեջ առանձնակի տեղ հատկացնել ներդրողների բողոքների եւ առաջարկների ներկայացման, ինչպեսեւ դրանց քննարկման ընթացակարգերին: Իսկ ներդրումային վեճերից խուսափելու եւ դրանք արագ կարգավորելու համար նպատակահարմար կլինի Հայաստանում ստեղծել ներդրումային օմբուդսմենի ինստիտուտ, որի գործունեության առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով:
«Ներդրումային օմբուդսմենի ինստիտուտի առկայությունը կնպաստի ներդրումային վեճերի արագ եւ անկողմնակալ լուծմանը,-վստահեցրեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը,-ներդրումային օմբուդսմենը յուրաքանչյուր կոնկրետ վեճի ծագումն ու պատճառը պարզելու եւ արդարացի լուծում տալու նպատակով՝ ներկայացված բողոքի վերաբերյալ կհավաքագրի եւ կվերլուծի հետեւյալ տեղեկատվությունը՝ ներդրողի կարգավիճակը, խնդրի էությունն ու բնագավառը, առնչվող պետական մարմինը, այդ խնդրի ընթացիկ կարգավիճակը, բողոքի առնչությամբ դատական գործի առկայությունը, ռիսկի ենթարկվող ներդրումների արժեքը, բողոքի այլ հնարավոր ազդեցությունները եւ այլն: Օմբուդսմենի ինստիտուտի ձեւավորմամբ հնարավոր կլինի նաեւ էապես կրճատել բողոքների քննարկման ժամկետներն ու ծախսերը՝ ներդրողներին ազատելով դատական ատյաններ դիմելու անհրաժեշտությունից»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO