Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


Կփրկվի՞ Իրան-5+1 համաձայնությունը

Բացառված չէ այս հարցում եւս ԱՄՆ-ի հետ փոխզիջումների գնալու հնարավորությունը
2007-ից ի վեր Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, եւ Գերմանիան) ձեւաչափով Իրանի միջուկային ծրագրերի շուրջ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ժնեւում, Մոսկվայում, Ստամբուլում, Ալմաթիում եւ Բաղդադում, տեղի ունեցած բանակցությունները որեւէ արդյունք չարձանագրեցին: Դրանց ձախողումը պայմանավորված էր գլխավոր դերակատարների՝ Իրանի ու ԱՄՆ-ի, կարծր դիրքորոշմամբ, ինչն իր հերթին պայմանավորված էր այս երկրներում գործադիր իշխանությունների քաղաքական կողմնորոշմամբ: Այս առնչությամբ կարելի է նշել, որ Իրանի եւ ԱՄՆ-ի պահպանողականների շահերը, թերեւս, համընթաց են, այն է՝ միմյանց հանդեպ ունենալով խիստ դիրքորոշում, հակված չեն համաձայնության գալու:
Մինչեւ 2009 թ. ԱՄՆ-ում նախագահում էր հանրապետական Ջորջ Բուշը, որի իրանյան քաղաքականությունը Իրանի դեմ քաղաքական ու տնտեսական լուրջ ճնշումներ կիրառելն էր՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով: Իսկ Իրանում նախագահում էր ընդգծված պահպանողական Մահմուդ Ահմադինեժադի (2005-13 թթ.) գլխավորած կառավարությունը՝ խիստ հակաամերիկյան ու հակաիսրայելական դիրքորոշմամբ, ուստի փոխզիջումների գնալու հավանականությունը շատ փոքր էր: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը զգալիորեն, եթե չասենք՝ գլխավորապես, պայմանավորված է միաժամանակ Իրանում չափավորական կամ բարենորոգչական, իսկ ԱՄՆ-ում՝ դեմոկրատ գործադիր իշխանությամբ: Ահավասիկ, թեեւ Ահմադինեժադի նախագահության երկրորդ ժամկետը համընկնում էր դեմոկրատ Բարաք Օբամայի (2010-18 թթ.) նախագահության հետ, սակայն բանակցություններն ապարդյուն էին:
2013 թ. Իրանում նախագահ ընտրվեց չափավորական Հասան Ռոհանին, երբ արդեն Իրանի դեմ ավելացել էին նաեւ ՄԱԿ-ի ու Եվրամիության սահմանափակումները, եւ երկիրը ծանր վիճակում էր, վերսկսվեցին Իրան-5+1-ի բանակցությունները: Սակայն շուրջ երկու տարի բավական դժվար ընթացող եւ ընդհատվելու վտանգներով լի բանակցություններից հետո, ի վերջո, 2015 թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրան-5+1 համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) եւ կյանքի կոչվեց 2016 թ.՝ ուժի մեջ մնալով ընդամենը 1 տարի 4 ամիս: Քանի որ 2017 թ. հունվարին ԱՄՆ-ում գործադիրի ղեկին հայտնվեց հանրապետական Դոնալդ Թրամփը՝ նոր պահպանողականներով «հարուստ» թիմով: Նա 2018 թ. մայիսի 8-ին իրականացրեց իր նախընտրական խոստումը՝ JCPOA-ից դուրս գալու առնչությամբ, որը գնահատել էր որպես «վատթարագույն» համաձայնություն եւ ոչ միայն աստիճանաբար վերականգնեց Իրանի դեմ նախկին պատժամիջոցները, այլեւ վերջինիս նկատմամբ որդեգրելով առավելագույն ճնշումների քաղաքականություն, բազմապատկեց դրանք՝ Իրանի չափավորական կառավարությանը դնելով տնտեսական գերծանր վիճակում:
Եվրամիությունը լուրջ ջանքեր գործադրեց համաձայնությունը պահպանել Իրան-4+1-ի շրջանակներում, ինչը նշանակում էր, թե պետք է քայլեր կատարվեին Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու ուղղությամբ: Այդ նպատակով ԵՄ-ն ձեռնամուխ եղավ եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելու համար «Հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV) ստեղծել, որը կհեշտացներ ապրանքների տեսքով այդ երկրի դրամական փոխանցումների հարցը՝ արտահանված նավթի դիմաց, սակայն դա կյանքի չկոչվեց: Այնուհետեւ, 2019 թ. հունվարի 31-ին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի մասնակցությամբ Փարիզում հիմնադրվեց «Առեւտրական փոխանցումները հովանավորող գործիքակազմ» (Instrument in Support of Trade Exchanges, INSTEX) անվամբ ընկերություն: Իրականում վերջինս եւս ի զորու չեղավ առնվազն մեղմելու Իրանի դեմ սահմանափակումները: Ուստի 2019 թ. մայիսի 8-ին Իրանը որոշում ընդունեց քայլ առ քայլ հրաժարվել համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորություններից, ինչն իրականացվել է նույն թվականի հուլիսի 7-ից եւ, ինչպես հայտարարվել էր, նահանջի քայլեր կատարել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ: Իսկ նոյեմբերի 7-ին Իրանը հերթական քայլով վերսկսեց Ֆորդոյի միջուկային կենտրոնում ուրանի հարստացման գործընթացը: Թեեւ Իրանի կատարած նահանջի յուրաքանչյուր քայլին ԵՄ-ն բացասաբար է արձագանքել, հորդորել հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, սակայն այդ քայլի նկատմամբ առավել խիստ հակազդեցություն դրսեւորելով, առաջին անգամ հնչեցրեց նաեւ սպառնալիքներ՝ «Ձգանի մեխանիզմը» գործի դնելու առնչությամբ:
Այժմ ԱՄՆ-ում նախագահ է ընտրվել դեմոկրատ Ջո Բայդենը, ով տարբեր առիթներով հայտնել է, թե ԱՄՆ-ն վերադառնալու է JCPOA-ին, թեեւ նա եւս գրեթե նույն նախապայմաններն է ներկայացնում, ինչ Թրամփը: Սակայն դա բնավ էլ հոգեվարքի մեջ հայտնված համաձայնությունը փրկելու համար գլխավոր խոչընդոտը չէ, որը պետք է հաղթահարվի: Ավելին, թեեւ համաձայնությունը վերանայելու անհրաժեշտություն տեսնում են նաեւ INSTEX-ի անդամները, պահանջելով դրանում ընդգրկել Իրանի հեռահար հրթիռաշինությունը եւ այլ հարցեր, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ն: Հատկանշական է նաեւ, որ Թրամփի կառավարությունը ոչ միայն տարբեր որոշումներով ջանք չի խնայում մինչեւ վերջին օրը համաձայնությանը վերադառնալու ճանապարհը դժվարացնելու ուղղությամբ, այլեւ քաղաքական հայտարարություններով ու հորդորներով է հանդես գալիս:
Ահավասիկ, դեկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Բայդենին նախազգուշացնելով, շեշտել է, որ չլինի թե հանկարծ հանուն Իրանի ժողովրդին սիրաշահելու վերադառնա համաձայնությանը, ինչը խիստ վտանգավոր է ԱՄՆ-ի համար: Նա հավելել է, թե այն ստորագվել է 2015 թ., իսկ այսօր Միջին Արեւելքը հիմնովին փոփոխվել է: Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտարարել է, թե կտրականապես դեմ է համաձայնության շուրջ նոր բանակցություններին, այսուհանդերձ, JCPOA-ի փրկության վճռորոշ խոչընդոտները դրանք չեն, քանի որ քաղաքական կամքի առկայության դեպքում լուծելի են՝ հաշվի առնելով կողմերի դրական տրամադրվածությունը: Ավելին, Իրանի ներկայիս կառավարությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ JCPOA-ը վերականգնվի մինչեւ 2021 թ. մարտ-ապրիլը, մինչեւ Իրանում նախագահական ընտրությունները, ինչը կնպաստի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարի‎ֆի հեղինակության բարձրացմանը, ով, մեծ հավանականությամբ, լինելու է բարենորոգչական, չափավորական թեւի նախագահի թեկնածուն: Սակայն Իրանի պահպանողական խորհրդարանն արդեն հաստատել է «Ռազմավարական քայլ հանուն սահմանափակումների վերացման եւ իրանցիների իրավունքները պաշտպանելու» անվամբ օրենք, որը լուրջ արգելք է JCPOA-ի փրկության ճանապարհին, ինչը ոչ միայն առաջացրել է գործադիրի զայրույթը, այլեւ արժանացել INSTEX-ի անդամների սուր քննադատությանը:
Բացի այդ, խորհրդարանը, ընտրությունների օրենսգրքում փոփոխություններ կատարելու շրջանակներում, հաստատել է օրենք, որը վերացրել է զինվորականների թեկնածության առաջադրումը, իսկ սա նշանակում է, որ առաջադրվելու են Հեղափոխության պահապան գվարդիայի անդամներ, որոնք ընդգծված պահպանողականներ են, եւ որոնց ընտրվելու հնարավորությունը մեծ է: Այլ կերպ ասած՝ թեեւ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, բացառված չէ նաեւ, որ այս դեպքում եւս ԱՄՆ-ի հետ փոխզիջումների գնան, սակայն, այնուամենայնիվ, հենց Իրանում պահպանողական գործադիրն է լինելու ԱՄՆ-ի՝ համաձայնությանը վերադառնալու գլխավոր արգելքը:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

24-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO