Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեր ազգային ներուժով կարող ենք երկու Հայաստան ոտքի կանգնեցնել

Տնտեսագետը, սակայն, դրան խանգարող երկու հանգամանք է տեսնում

Պատերազմի օրերին եւ հարաբերականորեն հետպատերազմական (պատերազմի վտանգն օդում կախված է՝ ամեն պահի պատրաստ պայթելու) շրջանում մեր տնտեսագետները երկրի տնտեսությունը վերականգնելու տարբեր քայլեր են առաջարկում։ «ՀՀ»-ն հարթակ է ստեղծել՝ ներկայացնելով բոլոր այն տնտեսագետների տեսակետները, ովքեր այս օրերին ուզում են խոսել մեր տնտեսության իրական վիճակի, խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ հեռանկարների մասին։ Այդ առաջարկները գործարկելու համար պետությունն այս պահի դրությամբ առայժմ քայլեր չի ձեռնարկել։ Համենայնդեպս, տնտեսագետները մեզ չեն տեղեկացրել, որ իրենց այս կամ այն առաջարկն ուշադրության է արժանացել։
Մինչդեռ մենք ժամանակ չունենք. թշնամին պատերազմի է պատրաստվում։ Դա են վկայում մեզ թշնամական երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով հնչեցված հայտարարությունները, ամենատարբեր փորձագետների ու մասնագետների վերլուծությունները եւ մեր՝ ադրբեջանական ու թուրքական մամուլի ամենօրյա դիտարկումները։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ տեղից չենք շարժվում նույնիսկ վտանգի պարագայում, մտածում ենք, որ ազգային ներուժով չե՞նք կարող ոտքի կանգնել եւ սպասում ենք մեզ մեկնվելիք հնարավոր ձեռքերի՞ն։ Տարբեր եզրակացություններ անելու փոխարեն լսենք մասնագետի տեսակետը։
Տնտեսագետ Կարեն Ադոնցը միանշանակ համոզված է. «Մենք ունենք ներուժ, շատ ավելի մեծ ներուժ, քան կարող ենք պատկերացնել։ Մենք մեր ազգային ներուժով կարող ենք երկու Հայաստան ոտքի կանգնեցնել ու հզորացնել»: Միաժամանակ հավելում է. «Բայց կա երկու խանգարող հանգամանք՝ խորացած ու արմատավորված»։ Առաջինը, մասնագետի խոսքերով, «թայֆայական» մտածելակերպն ու դրա մետաստազներն են՝ լայն ու բազմերանգ իմաստով։ Ներքին կապերի այդ մետաստազները՝ տարբեր չափի թելերով ու թելիկներով, տարբեր խմբերով, տարածված են մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, իրավական, վարչական, կրթական եւ այլն։ Չկա ու չի եղել երբեւէ մի քաղաքական ուժ, որ հստակ ձեւակերպեր իր «պետականաշինական» գաղափարներն ու ծրագրերը եւ հետեւողականորեն նվիրվեր դրանց իրագործմանը։ Իսկ թայֆայական մետաստազները սնվում ու ամրանում են երկրի ներուժն «իրար մեջ անելով»։ Այդպես «իրար մեջ արվեցին» սովետի թողած հսկա տնտեսությունը, ներքին շուկաները, պետական միջոցները, արտաքին պարտքը եւ այլն։
«Սա ասում եմ ոչ թե մեղադրելու, այլ ախտորոշման նպատակով»,- շարունակում է Կարեն Ադոնցը՝ միաժամանակ հավելելով, թե երբեք մեծ ու հզոր արժեք չենք ստեղծի երկրում, քանի դեռ վստահ չենք, որ մեր ստեղծածը սովորականի նման, ուշ թե շուտ, «իրար մեջ» չի արվելու։
Երկրորդ խանգարող հանգամանքը, որին ուշադրություն է հրավիրում տնտեսագետը, «տնտեսական եսակենտրոնությունն» է։ Մեր գրեթե բոլոր խոշոր ընկերություններն ունեն մեկ կամ երկու անուն՝ հիմնադիր-սեփականատեր։ Աշխարհի բոլոր խոշոր կորպորացիաներն ունեն հարյուր հազարավոր սեփականատերեր՝ բաժնետերեր։ «Քանի դեռ ձգտում ենք, որ մեր ընկերության «պատին» կախված լինի միայն մեր անունը՝ որպես միակ սեփականատեր, երբեք հզոր տնտեսություն եւ հզոր երկիր չենք ունենա։ Վաղուց անցել են այդ ժամանակները, աշխարհն այլեւս այլ տրամաբանությամբ է զարգանում»։
Բայց կարող ենք, չէ՞, այս երեւույթների դեմ պայքարել։ Ըստ Կ. Ադոնցի՝ «ոչ, արդյունավետ պայքարել չենք կարող՝ դա արդեն խոր արմատներով մտած է մեր ենթագիտակցության մեջ»։
Հապա ի՞նչ անել, այդ երեւույթների դեմ պայքարելու ձեւ հաստատ կգտնվի։ Տնտեսագետի մոտեցումը հետեւյալն է. «Այդ երեւույթների դեմ կարող է արդյունավետ պայքարել միայն համահայկական տնտեսական ցանցային համակարգի կառուցումով, որտեղ համակարգը միլիոնավոր ինքնավար հանգույցների ամբողջություն է։ Կուռ, թափանցիկ, մեծաթիվ մասնակիցներով ցանցի «հանգույցները» չեն կարող խմբավորվել ու թայֆայանալ։ Ինչպես նաեւ՝ որեւէ «հանգույց» չի կարող լինել ամբողջությամբ եսակենտրոն՝ շահավետ է լինել համակարգի ներսում կամ համակարգի հետ»։ Ի դեպ, կա նաեւ հստակ ծրագրավորված մոտեցում, թե ինչպես պետք է սկսի «գործել» այդ ցանցային համակարգը։ Այո, սա հեշտ գործ չի լինելու՝ այստեղ պետական ու ազգային մեծ աջակցություն է պահանջվում։ Ծրագիրը մեծ ներուժ ունի ու մշակված է մանրակրկիտ («ՀՀ»-ն որոշ դրվագներ ներկայացրել է,- Ա.Մ.)։ Կարեն Ադոնցը բոլոր՝ իշխանական ու ընդդիմադիր տնտեսագետներին եւ գործիչներին առաջարկում է մինչեւ դեկտեմբերի 30-ը համատեղ քննարկել իր, գուցե նաեւ այլ, մշակված ծրագրային տարբերակները։
Օրեր առաջ Կ. Ադոնցը սոցհարթակում գրառել էր, որ երբ խոսում է ծանր իրավիճակը հաղթահարելու գործում տնտեսության կարեւորության մասին, շատերի մեջ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը փողի, զենքի, ներդրումների եւ այլնի մասին է։ «Իրականում՝ դա տնտեսագիտության զուտ երեւացող շերտն է։ Մենք պարտվել ենք, որովհետեւ պարտվել է մեր տնտեսությունը...»։ Պետք է հասկանալ նաեւ, որ «մեզ մեր բարեկամները չեն ոտքի կանգնեցնելու, մեզ մեր տնտեսությունն է ոտքի կանգնեցնելու։ Եվ եթե մենք սա չհասկանանք, կարճ ժամանակ անց կորցնելու ենք պետականությունը, ու այդ վտանգը սարերի ետեւում չէ՝ այն արդեն երեւում է»։ Պետք է հասկանանք, որ նույնիսկ նոր զենքերի առկայությունն ու արտադրությունը հակառակորդ երկրներում պարտադրում է մեզ հիմնովին վերափոխել ու վերաձեւակերպել մեր քաղաքական օրակարգը։ Պետք է վերականգնենք մեր ռազմական ու սոցիալական կորուստները, իսկ դրա համար առանցքային ու որոշիչ դերը տնտեսությանն է մնում:
«ՀՀ»-ն համաձայն է Կարեն Ադոնցի տեսակետին, որ տնտեսության զարգացման տեմպերը պետք է ենթարկվեն անվտանգության պահանջներին: Մենք չունենք ոչ տնտեսության շահեկան կառուցվածք, ոչ բավարար շուկաներ, ոչ մրցակցային ու տեխնոլոգիական առավելություն, ոչ ներդրումային հեռանկար, ոչ էլ «ռազմական» բյուջե։ Տնտեսագետը մեր եւ Ադրբեջանի տնտեսությունների որոշ համեմատական ցուցանիշներ է ներկայացնում. 1. ՀՆԱ-ի մասով՝ Հայաստանինը՝ 13 մլրդ դոլար, Ադրբեջանինը՝ 48 մլրդ դոլար, 2. համախառն արտաքին պարտքի մասով՝ մերը՝ 13 մլրդ դոլար, նրանցը՝ 9 մլրդ դոլար, 3. պահուստների մասով՝ մերը՝ 2.6 մլրդ դոլար, նրանցը՝ 50 մլրդ դոլար, 4. բյուջեի հարկային եկամուտների մասով՝ մերը՝ 3 մլրդ դոլար, նրանցը՝ 14 մլրդ դոլար, 5. ռազմական ծախսերի մասով՝ մերը՝ 0.64 մլրդ դոլար, նրանցը՝ 2.2 մլրդ դոլար:
Թվերն այնքան խոսուն են, որ հավելյալ ասելիքի՝ մեկնաբանության կարիք չկա: Սա նշանակում է, տնտեսագետի խոսքերով. «Մենք պարտադրված ենք առաջիկա 5 տարիներին նորովի վերականգնել բանակի հագեցվածությունը, վերացնել պատերազմի սոցիալական հետեւանքները, երաշխավորել Արցախի եւ Հայաստանի հուսալի պաշտպանվածությունը։ Սա, 5 տարվա կտրվածքով, մեզնից պահանջելու է լրացուցիչ առնվազն 7-8 մլրդ դոլար բյուջետային ծախսեր։ Մենք արդեն սպառել ենք մեր արտաքին պարտքի շեմը եւ առանց նոր պարտքերի չենք կարող պահպանել տնտեսության նույնիսկ ներկայիս նվազ ծավալները՝ ուր մնաց պահանջվող հավելյալ բյուջետային մուտքերը։ Ցավոք, մեր կառավարության 2020-21 թթ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումները խոսում են մեր ընթացիկ մարտահրավերները պատշաճ չգիտակցելու մասին. ՀՆԱ-ի, 2020 թ. պաշտոնական կանխատեսվող անկումը մոտ 7,5 տոկոս, ՀՆԱ-ի 2021 թ. պաշտոնական կանխատեսվող աճը՝ 3,2 տոկոս: Ակնհայտ է, չէ՞, որ 3.2 տոկոսանոց աճը չի վերականգնելու նույնիսկ նախապատերազմյան բյուջեի տարեկան ծավալները, առավել եւս՝ չի ապահովելու պահանջվող նոր միջոցների գեներացումը։ Ստեղծված իրավիճակում նման մոտեցումն անընդունելի ու խիստ ռիսկային է։ Սա չի լուծելու մեր առջեւ ծառացած որեւէ ռազմավարական խնդիր։ Առաջիկա 5 տարիներին բանակի հագեցվածության, պատերազմի սոցիալական հետեւանքների վերացման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ բյուջետային մուտքերը կպահանջեն տնտեսության զարգացման բացառիկ դինամիկա»։
Հենց այս բացառիկ դինամիկան էլ թույլ կտա 2025 թ. ՀՆԱ-ն հասցնել մոտ 40 մլրդ դոլարի, հարկային լրացուցիչ մուտքերը՝ 4 մլրդ դոլարի, արտաքին պարտքն էլ նվազեցնել՝ ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը 50 տոկոս դարձնելով: «Ակնհայտ է, որ այս տեմպերով զարգացումը պետք է լինի հստակ ծրագրավորված։ Ցանկացած կառավարություն պետք է շտապ ներկայացնի հնգամյա ծրագիր՝ բերված ցուցանիշների ամրագրմամբ։ Մենք չունենք 6 ամիս, առավել եւս՝ 1 տարի կորցնելու ժամանակ,- ասում է Կարեն Ադոնցը՝ միաժամանակ ընդգծելով,- չգիտենք, թե ինչ աշխարհաքաղաքական (տարածաշրջանային) զարգացումներ կլինեն, սակայն հիմա արդեն երեւում է, որ դրանք մեր օգտին չեն լինելու։ Այսօր յուրաքանչուր կորսված օր էապես ավելացնում է՝ 5 տարի անց եւ ընթացքում մեր զգալի կորուստների հավանականությունը»։
Այնպես որ, կենսական խնդիր է՝ «առանց ժամանակ կորցնելու առաջարկվող բոլոր տնտեսական ծրագրերը քննարկել, հասկանալ, ընտրել դրանցից առավել իրատեսականը եւ շարժվել առաջ»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

25-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO