Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ԼՂՀ


Մի քանդված եկեղեցի եւս

Կովսականի քաղաքային համայնքի մեջ մտնող Դիցմայրի գյուղը փռված է Ծավ-Բասուտաջուր գետի ձախակողմյան նեղ հարթության վրա՝ դարավոր սոսիների ու ընկուզենիների գրկում: Այստեղով է գետափնյա հիմնական ճանապարհը ձգվում դեպի Կապանի Ներքին Հանդ, ապա Սրաշեն, Շիկահող գյուղեր եւ հասնում Կապան: Իսկ մեկ այլ ճանապարհ՝ Ծավ եւ Բասուտաջուր գետերի միացման տեղից, թեքվում է աջ եւ բարձրանում անտառապատ ձորակով, հասնում երբեմնի Բրքնի գյուղատեղի:
Սյունիք աշխարհի Կովսական գավառը, որ հետագայում տրոհվեց տարբեր գավառների եւ գավառակների, Արաքսի ձախ կողմում էր՝ Հակարիի եւ Ողջիի՝ Արաքսին միանալու տարածքում: Կովսական գավառից տրոհված Չավնդուր գավառակը տարածված էր Բասուտաջրի ավազանում: Գավառի շեն ու հայաշատ բնակավայրերից էր Բրքնի գյուղը: Համեմատաբար ապահով դիրքում գտնվող այս եւ մյուս բնակավայրերը, չնայած բազում ասպատակություններին, դարեր շարունակ դիմակայել էին թշնամուն եւ հասել մինչեւ 20-րդ դար: Խորհրդային կարգերի հաստատումով վճռվեց նաեւ այս գավառի ճակատագիրը: Կապանի շրջանին շատ մոտ այս տարածքները նույնպես բռնակցվեցին Ադրբեջան հորջորջված նոր հանրապետությանը, իսկ տարիների ընթացքում, երբ ստեղծվեց Զանգելանի շրջանը, հիմնովին հայաթափ եղան:
Հայոց շեներում բնակություն հաստատած թրքաքրդերը, բնական է, անվանափոխեցին տեղանունները, եւ Բրքնին դարձավ Շատարիս կամ Շաթառուզ: Գյուղն ընկած է Ծավ գետի ձախակողմյան անտառապատ ձորակներից մեկում՝ ծովի մակերեւույթից 900-1000 մ բարձրության վրա: Տարածքով սահմանակից է Կապանի Ներքին Հանդ, Սրաշեն ու Շիկաքար գյուղերին, եւ արցախյան գոյամարտի տարիներին այստեղից էին թուրքերն ասպատակություն կատարում հայոց բնակավայրերի վրա, հրթիռակոծում ու ռմբակոծում մեր շեները: 1993 թ. աշնանն այս տարածքները եւս մաքրվեցին թուրքի շնչից: Ինչպես հայոց բոլոր բնակավայրերը, Բրքնին նույնպես ժամանակին ուներ իր եկեղեցին ու հանգստարանը: Գյուղից մոտ 300 մ հյուսիս կանգուն է միջնադարյան բազիլիկ եկեղեցին՝ կիսաքանդ վիճակով: Առաջին անգամ այս սրբավայր այցելեցի անցած տարի՝ հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Արտակ Գնունու հետ: Կատարեցինք ուսումնասիրություններ, զրուցեցի Շիկահողից այստեղ տեղափոխված Սենիկ Հարությունյանի հետ, ով տեղեկացրեց, որ իր ծնողներն այստեղ են ծնվել, սակայն հետո տեղափոխվել են Շիկահող: Իսկ Բրքնի-Շատարիսում սկզբում բնակություն են հաստատել թուրք անասնապահները, ապա դարձրել են բնակավայր եւ ավերել հայոց եկեղեցին ու հանգստարանը:
Մայիսի 16-ին Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ, պատմաբան, արդեն ԼՂՀ ԱԺ պատգամավոր (Քաշաթաղի եւ Շուշիի շրջաններում ընտրված) Լեռնիկ Հովհաննիսյանի եւ օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ եղանք Բրքնի (Շատարիս-Շաթառուզ) գյուղում՝ Դիցմայրի գյուղի բնակիչ Հովիկ Առաքելյանի ուղեկցությամբ: Չնայած դժվարին ճանապարհին, այնուամենայնիվ, մեր մեքենան հասավ եկեղեցու մոտ, որտեղ խոտը մոտ 1 մ բարձրությամբ էր: Կոպտատաշ քարով ու կրաշաղախով կառուցված բազիլիկ եկեղեցին ոճական առանձնահատկություններով 16-17-րդ դարերի կառույց է: Արտաքին չափերն են՝ 14,5-9,1 մ: Սուրբ խորանի մասում եւ արեւմտյան կողմում առաստաղը քանդված է: Ավերված վիճակում է նաեւ խորանը, որի 2 կողմում ավանդատներ են: Մուտքը հարավային կողմից է, սակայն չեն պահպանվել անկյունաքարերը եւ բարավորը, որի վրա, հավանաբար, արձանագրություն է եղել եւ վերացվել է թուրքերի կողմից: Արեւելյան պատը նույնպես ճաք է տվել, իսկ դրսի կողմից այստեղ ագուցված է հասարակ քանդակով մի խաչքար՝ 2 խաչով: Նման մի խաչքար ընկած է նույն պատից հեռու՝ բազմամյա ծառերի տակ, իսկ մեկ այլ խաչքար հարավային պատի մոտ է՝ մուտքից քիչ հեռու: Սրբավայրը մեծ ավերածության է ենթարկվել նաեւ գանձագողերի կողմից: Հյուսիսարեւմտյան մասում՝ ներսի կողմի անկյան տակ բավականին խոր փոս է փորված, որը թուլացրել է պատերի ամրությունը: Հավանաբար, գանձ գտնելու նպատակով է քանդվել նաեւ սուրբ խորանը, որտեղ ծառ է աճել: Հարավային եւ հյուսիսային պատերը ներսի կողմից ունեն 2-ական կամար: Մկրտության ավազանը պահպանված է սուրբ խորանի ձախ կողմում:
Մինչ Լ. Հովհաննիսյանն ու Բ. Ղարախանյանը նկարահանումներ էին կատարում, Հովիկ Առաքելյանի հետ որոշեցինք գտնել եկեղեցու դիմաց՝ մոտ 300 մ. հարավ-արեւելք ժամանակին գոյություն ունեցող հանգստարանը, որի մասին անցած տարի տեղեկացրել էր Սենիկը: Հնադարյան գերեզմանոցում խաչքարերն ու տապանաքարերը պահպանվել են, սակայն շատերը թուրքերի կողմից շրջվել ու ջարդվել են: Տարածքը ծածկված է նաեւ փշատերեւ ցաքի թփերով, որոնք էլ դժվարացնում են մուտքն ու ուսումնասիրությունը: Այնուամենայնիվ, կարողացա լուսանկարել, չափել մի քանի խաչքարեր, որոնց ոճական առանձնահատկությունը 15-18-րդ դարերի է: Առաջին խաչքարն ունի 70-40-25 սմ չափեր: Յուրովի է քանդակված 102-54-30 սմ չափերով դեղնավուն խաչքարը, որի վերին մասը մարդու դեմք է հիշեցնում, իսկ միակ խաչի թեւերի վերջնամասերը լայնանում են, եւ ծայրամասերն ունեն գլխիկներ: Մեկ այլ քարի վրա մի քանի հասարակ խաչեր են քանդակված, որոնք փակվել են սպիտակ քարաքոսով (50-52 սմ): 80-60 սմ չափերով մեկ այլ քարի վրա խաչ է՝ քարի ողջ մակերեսով: Գրեթե նույն չափերով է նույնանման մեկ այլ շիրմաքար, որի խաչը վերին եւ ներքին մասերում ունի թեւեր: Կան քարեր, որոնց վրա մի քանի հասարակ ու փոքր խաչեր են փորված:
Ճիշտ է՝ գրեթե անմշակ շիրմաքարերն ունեն պարզ հորինվածք եւ չունեն արձանագրություն, բայց վկա են, որ այս հողը դարեր շարունակ եղել է հայի օրրան: Շրջված, հողի ու թփերի տակ մնացած շիրմաքարերին հնարավոր է՝ արձանագրություն լինի, բայց ժամանակի սղության եւ աշխատուժի սակավության պատճառով չհասցրինք ավելին անել: Այստեղի եւ կանգուն եկեղեցու պատի մոտ դրված ու արեւելյան պատի մեջ ագուցված խաչքարերը ոճական նմանություն ունեն, չափերի տարբերությունն էլ մեծ չէ: Հանգստարանի ուսումնասիրության կարեւոր արդյունք եղավ մեկ այլ եկեղեցու (մատուռ) ավերակի հայտնաբերումը: Հավանաբար, քանդվել է ոչ վաղուց, քանի որ հյուսիսային պատի մեջ պահպանվել է մկրտության ավազանը: Իսկ եթե ավերակի ներսը մաքրվի թփերից, խոտից ու հողից, կբացվեն մոտ 10-5 մ չափերով կառույցի նաեւ սուրբ խորանի, առհասարակ՝ պատերի ստորին մասերը, կճշտվի հատակագիծը: Ավերակի մեջ մի հաստաբուն ծառ կա, որն էլ ընդհանրապես խանգարեց լուսանկարել պահպանված մասը:
Մեր աշխատանքն ավարտելով՝ բլրակից իջնում ենք: Գյուղի եզրով անցնող առվակի մոտ՝ դարավոր ընկուզենիների տակ, ավելի մեծ չափերով եւ լավ մշակված սալաքար կա: Վերադառնում ենք՝ եւս մեկ պատմական հուշարձանի մասին տեղեկություններով եւ վերստին հաստատելով Լեոնիդ Ազգալդյանի խոսքը. «Սա Հայաստան է, եւ վերջ…»:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO