Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Ակսել Բակունց. «Աղոթք»

Միայն Քեզ, Տե՛ր, միայն Քեզ եմ աղոթքում

Ընդունիր Տեր, իմ աղոթքը՝ սրտիս խորքերից բխած, թող Քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, եւ աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր։ Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, եւ հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը։
Իմ միակ ապավենն ես Դու, Տե՛ր, եւ հույս ու հանգրվանս։ Քեզնից հզոր ու կարող չկա երկրում, Քո արդարությունը միակն է, Տեր, ինչպես վրեժդ։ Հազարավոր կարոտյալների ու տանջվածների հոգուց եմ խոսում Քեզ հետ, եւ նրանց հոգուց, որոնք աղոթքել չգիտեն, աղոթքի են պապակ։
Տե՛ր, հզոր ես եւ կարող…։
Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հեւոց չլինի, թող հրդեհ չլինի։ Տե՜ր, թռչունները բնակորույս են, այգիներն ամայի են, եւ շեները՝ ավերակ, մարդ չկա՝ վարդի հոտով զմայլվող, Տե՛ր, ծուխ է ամենուր, տաճարներիդ գմբեթները հողի հետ են հավասարվում, Քո տները ավերվում են։ Մոխիրը շատ է, արյունով հագեցավ երկիրը։
Հեռացրու՛, հեռացրու՛, հեռացրու՛…
Խաղաղությո՛ւն տուր երկրին, թո՛ղ ծաղիկները բույր տան, թո՛ղ առաջվա պես առուները կարկաչեն, եւ աստեղազարդ երկնքի տակ մարդիկ գովքդ մրմնջան, աղոթքեն Քեզ։
Ամայի դաշտերում գայլերն են ոռնում, մենավոր շիրիմներն են աղերսում Քեզ։ Տե՛ր, անթաղ մեռելները Քեզնից հանգիստ են խնդրում, մի կտոր տեղ՝ Երկրի գրկում պառկելու։
Տե՛ր, հազարավոր մատաղ կյանքեր մահացան, երազներ տրորվեցին, խինդն անցավ, եւ արցունքից մեր աչքերը կուրացան։ Ի՞նչ եղան հին երգերը, ո՞վ էր այն անգութը, որ խլեց բոլորը, հրդեհեց տաճարները եւ հոգիները ամայի, ավերակ դարձրեց։
Քո երկնքի տակ, օրերից մեկում Հերդային տեսա, քրոջ պես ջերմ սիրեցի, եւ կարոտը հոգուս մեջ՝ հեռացա նրանից։ Նախճիր էր, Տեր, հեռացա նրանից… Բայց ես արյուն չհեղուցի, ես ավեր չարի, ես երազներ չավրեցի։
Տե՛ր, չէ՞ որ Դու բարի ես եւ գթոտ, ինչպես հայր...
Աղերսանքս ընդունի՛ր։
Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր։ Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր։ Այնքան շատ են Հերդաները։ Քանիսներն են աղոթում՝ կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում։ Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար։
Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող։ Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան։ Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, եւ խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ։
Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրու՛... թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրիլ ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել ցանկանում։
Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չէ՛, Տեր։
Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես եւ ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն։
Թո՛ղ կառուցեն, Տեր, թո՛ղ հորինեն։
Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՜տ-շատ է…

25-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO