Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեզ պետք է անվտանգության բարձր մակարդակով, ազգային ու բազմաշերտ տնտեսություն

«ՀՀ»-ի հետ զրույցում մասնագետը ճիշտ չի համարում ամեն ինչ լիբերալիզմի հույսին թողնելը

«ՀՀ»-ն գրել էր, որ մեր տնտեսությունն աշխատեցնելու համար, ճիշտ է, ներդրումներ են պետք, բայց, մանավանդ երբ խոսքն արտերկրից ներդրումների մասին է, հույժ կարեւոր է, որ դրանք, այսպես ասած, «սխալ փողեր» չլինեն։ Որովհետեւ մեր երկրի համար, հատկապես հիմա, անհրաժեշտ է բոլո՛ր ոլորտներում անվտանգային միջավայրի պահպանումը։ Արդի աշխարհում, երբ հաճախ դժվար է հասկանալ, թե ով է փողի իրական տերը, մեր երկրին ավելորդ զգուշությունը չէր խանգարի։ Եթե տնտեսական անվտանգությունն ապահովված չեղավ, ներդրման իրական փողատերն արդեն բացահայտ քաղաքականություն կարող է թելադրել։ Իբրեւ փաստ` բերենք Վրաստանի էներգետիկ շուկայի օրինակը, երբ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող ադրբեջանական ընկերությունը, տնօրինելով ենթակառուցվածքների մի մասը, նաեւ իր պահանջներն է թելադրում։ Ուզում ենք ասել` տնտեսությունը, այո, գումարն է, ներդրումներն են, բայց եթե զուտ գումարը եղավ, արագ վերելքը կարող է արագ վայրէջք էլ ապահովել։ Այլ կերպ՝ պետք է լինի պետական ուժեղ ձեռք, որ ուղղորդի ներդրումները, ոչ թե «նայի» ներդրողի ձեռքին։ Պետությունը չպետք է ռեստորան լինի, որտեղ գումար տվողը պատվիրի իր ուզած երաժշտությունը։ Տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է ազգային լինի ու բազմաշերտ։ Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն տնտեսության զարգացման արագ տեմպը, այլեւ՝ որակյա՛լ արագ տեմպը։ Խնդրո առարկայի շուրջ է «ՀՀ»-ի զրույցը տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
-Այո՛, մեզ պետք է,- նշեց նա,- անվտանգության բարձր մակարդակով, ազգային, բազմաշերտ ու զարգացման որակյալ արագ տեմպով տնտեսություն։ Ցանկացած փոքր տնտեսություն ունեցող երկրների պարագայում կարեւոր է տնտեսության դիվերսիֆիկացումը՝ ճյուղային մակարդակով, նաեւ այդ տնտեսական աճն ապահովող ֆինանսական հոսքերի մասով։ Այսինքն՝ ո՛ր երկրներն են կամ ի՛նչ կազմակերպություններ են, որ գումար են ներդնում եւ ո՛ր ոլորտներում են այդ գումարը ներդնում։ Հաճախ զարգացող երկրներում տարբեր պետություններ՝ թշնամական կամ ոչ թշնամական տրամադրված, իրենց գումարները ներդնում են հանքահումքային ոլորտներում։ Եվ այն երկիրը, որտեղ եղել է այդ ներդրումը, դառնում է գաղութացված, զուտ հումք մատակարարող երկիր։ Նման երկրների տնտեսական աճը չի կարող որակյալ լինել եւ լուծել երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները։ Նույն Վրաստանի դեպքում. թուրքական կապիտալը ներդրվեց սահմանամերձ Աջարիայի երկրամասում, քանի որ այդտեղ պարարտ հող կար թուրքական տնտեսության հետ կապեր ստեղծելու համար։ Դրանից հետո թուրքական կապիտալը վերցրեց վրացական ծովամթերքի քվոտայի մեծ մասը։ Այսինքն՝ թուրքական նավերը ձուկը որսում էին Վրաստանի ջրային տարածքներում եւ վաճառում էին Վրաստանին ավելի թանկ գնով կամ արտահանում էին այլ երկրներ։ Այսինքն՝ Վրաստանից վերցվածը վաճառում են Վրաստանին ավելի թանկ։ Նույնը մեր պարագայում է՝ հանքարդյունաբերության ոլորտի «հերն անիծում» ենք՝ հումքն ենք արտահանում։ Մենք տարեկան մեծ քանակությամբ պղինձ-մոլիբդեն ենք արտահանում, բայց տեղում չունենք պղնձի վերջնական արտադրանք։ Որովհետեւ ներդրում արած երկրներն ու կորպորացիաները Հայաստանը դիտարկում են իբրեւ հումքային կցորդ։
-Տնտեսական անվտանգության տեսակետից շատ կարեւոր է էներգետիկ ոլորտը։ Եվ պատերազմի ժամանակ տեսանք՝ ինչ է անում Ադրբեջանը քարոզչական ոլորտում։
-Դիտարկումը միանգամայն ճիշտ է։ Ադրբեջանական «Սոկար» ընկերությունը վերցրել է շվեյցարական գազալցակայանների ցանցի մեծ մասը եւ այս պատերազմի ժամանակ այդ ցանցի միջոցով պրոադրբեջանական քարոզչություն է իրականացրել։ Նաեւ՝ կարողացան ներկայացնել այս պատերազմը ադրբեջանական կողմի տեսանկյունից։ «Սոկարը» մեծ ազդեցություն ունի նաեւ Վրաստանում։ Ուկրաինայում էլ ադրբեջանական ֆինանսական կապիտալը բավական ակտիվ է։ Այսինքն՝ եթե ուզում ենք մեր երկիրն անվտանգ դարձնել, ապա դա պետք է ունենա բազմագործոն համակարգ։ Առաջին հերթին՝ ուշադրություն դարձնենք տնտեսական անվտանգությանը՝ որտեղից են գումարներ գալիս, որ ոլորտներում են դրվում, ինչ ուղղությամբ է արտահանում արվում։ Արտահանման մասով էլ խնդիր կա. երբ այս կամ այն երկիրը մեծ կախվածություն է ունենում որեւէ պետությունից, ապա այդ՝ ներկրող պետությունն սկսում է պահանջներ թելադրել քաղաքական եւ այլ բնույթի։ Ուզում եմ ասել՝ տնտեսական դիվերսիֆիկացումը կարեւոր՝ անվտանգային նշանակություն ունի։
-Կարեւոր մեկ այլ խնդրի էլ ուշադրություն դարձնենք։ Որոշ դեպքերում օտարերկրյա կապիտալի հոսքը դեռ տնտեսական զարգացում չի ենթադրում։
-Այո, օտարերկրյա կապիտալի հոսքը դեռ չի նշանակում, որ կարող է ապահովվել տնտեսական զարգացում։ Օրինակ՝ մի շարք կղզի երկրներում, որտեղ կապիտալ ներդրումներ են արվում, շքեղ հյուրանոցներ կառուցվում, տեղի ժողովուրդները լավ չեն ապրում, քանի որ գումար ներդրողն աշխատակազմն էլ իր հետ է բերում։ Սա ասացի, որ մեզ համար էլ պարզ դառնա, որ պետք է գնահատենք, թե այս կամ այն ներդրումը ինչ սոցիալ-տնտեսական ազդեցություն է թողնում բնակչության կենսամակարդակի փոփոխության վրա եւ ներառական աճ ապահովո՞ւմ է, թե՞ ոչ։
-Արդի աշխարհում դժվա՞ր է պարզել՝ ով է ներդրվող գումարի իրական տերը։
-Հաճախ, այո, դժվար է պարզել կապիտալի իրական տիրոջը, քանի որ ներկայումս բաժնետիրական կորպորատիվ այս համակարգը թույլ չի տալիս մինչեւ վերջ պարզել ֆինանսական հոսքերի շղթան։ Հաճախ այս կամ այն խոշոր կորպորացիայի բաժնետեր է օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն, որի իրական սեփականատիրոջն անհնար է պարզել։ Սխեմաներ կան, որոնք դժվար է վերահսկել։
-Բայց մենք կարող ենք, չէ՞, այնպես անել, որ անվտանգային տնտեսական միջավայրն ապահովենք պետության կողմից հստակ՝ հրաժարման մեխանիզմի ամրագրմամբ։ Այսինքն` ֆինանսական՝ մեր երկրի համար ոչ ձեռնտու աղբյուրի հայտնաբերման դեպքում պետությունը կարողանա հրաժարվել ներդրողից։
-Իհարկե, կարող ենք։ Բայց դրա համար պետք է, որ պետությունը կարգավորիչ իր ֆունկցիան իրականացնի ամբողջ ծավալով։ Եվ դրանք միանշանակ է, որ վերահսկողությունը լինի ոչ միայն նախնական, այլեւ ընթացիկ քայլերի նկատմամբ։ Եվ երբ պետությունը տեսնի, որ հակապետական գործողություններ են արվում, կանխի դրանք եւ հստակ որոշումներ կայացնի։ Այդ հնարավուրւթյունները կան։ Միաժամանակ իրավական պետությունը պետք է գործի օրենքների շրջանակներում։ Հակառակ պարագայում նույն այդ ընկերությունները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ իրենց շահերի պաշտպանության համար։ Այսինքն՝ զուտ ցանկությամբ կամ առանց հիմքերի չենք կարող այս կամ այն միջազգային ընկերության գործունեությունը դադարեցնել։ Բավականին նուրբ հարց է, տնտեսական ու իրավական բլոկի լուրջ աշխատանք է ենթադրում՝ մանրակրկիտ ուսումնասիրություն պահանջող։ Պետք է ունենանք մեր տնտեսության համար ռազմավարական նշանակության ոլորտներ, որտեղ գործող կամ գործել ցանկացող ընկերությունների նկատմամբ իրականացվի նախնական եւ ընթացիկ խիստ վերահսկողություն։
-Հնարավո՞ր է այնպիսի մոդելի կիրառում, որ մեր երկրի համար գոնե ռազմավարական ոլորտներում ներդրումների համար սպասենք ոչ թե մեկնվելիք ձեռքերին, այլ համահայկական ներուժին։
-Անհերքելի է, որ հիմա նոր, երկարաժամկետ նախագծերի խիստ կարիք կա։ Իսկ այդ նախագծերն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գումար, այլեւ՝ տեխնոլոգիաներ եւ որակյալ աշխատուժ։ Ու, այո, ներուժի գործոնն օգտագործել է պետք։ Բայց միայն կոչն ու ներդրող հրավիրելը բավարար չեն։ Անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնք պատրաստ են սպասարկել այդ ծրագրերը, եւ համապատասխան կրթական համակարգ։ Հակառակ պարագայում կոչերն օդի մեջ կմնան։
-Դրա համար պետությունն ինքը պետք է չծուլանա, ակտիվանա։ Թե չէ անընդհատ ասում է՝ պետությունը վատ կառավարիչ է ու քաշվում է մի կողմ՝ ամեն ինչ մասնավորի հույսին թողնելով։ Չգիտես ինչու՝ այդ պետությունը վատ կառավարիչ չէ Չինաստանի պարագայում, որտեղ կան հստակ ռազմավարություններ՝ մասնավորին թողնվող ու պետությանը թողնվող ոլորտներ։ Ինչքանո՞վ է ճիշտ մեզ պես երկրի պարագայում ամեն ինչ լիբերալիզմին թողնելը։
-«Պետությունը վատ կառավարիչ է» ասվածը պետական համակարգի լիբերալ մտածելակերպի արդյունք է։ Դա անհասկանալի է, որովհետեւ, օրինակ, ճգնաժամերի ժամանակ սնանկանում են եւ՛ պետական, եւ՛ մասնավոր ընկերություններ։ Չկա որեւէ օրինաչափություն սնանկացման դեպքում։ Նույնիսկ կարող է կազմակերպությունը լինել պետական, բայց կառավարումը հանձնվել մասնավոր ընկերության։ Գիտեք՝ կառավարման այս մոդելն էլ կա։ Բայց մենք նախընտրեցինք արագ-արագ հրաժարվել պետական խոշոր ձեռնարկություններից, որոնց հետագա շահագործումը ցույց տվեց, որ մեծամասամբ անարդյունավետ մասնավորեցումներ եղան։ Էներգետիկ ոլորտում շատ կազմակերպություններ մասնավորեցվեցին ու... բարձրացավ սակագինը՝ ներդրումների անվան տակ։ Օրինակները շատ են, իրավիճակը՝ նույնը եւ այլն։ Չինաստանում ինչպե՞ս է՝ մասնավորեցումը ոլորտային է. որոշ ոլորտներ պետության համար ռազմավարական են եւ տնտեսության համար լոկոմոտիվ են դառնում, իսկ, օրինակ, առեւտուրը, ծառայություններն ազատականացվում են։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, ինովացիոն հետաքրքիր գաղափարների հիմքում հիմնականում պետություններն են եղել՝ տարբեր հետազոտական, ռազմական նախագծեր իրականացնելիս, ստացել են արդյունք եւ այն փորձել են ներդնել քաղաքացիական հատվածում։ Պետությունը պետք է դառնա մեր երկրի թիվ մեկ ներդրողը, լոկոմոտիվը։ Իսկ մեր հաջորդ տարվա բյուջեն ճիշտ հակառակն է փաստում. տնտեսական հարաբերությունների բաժինը կրճատել ենք 90 մլրդ դրամով։ Եվ երբ օտարերկրյա ներդրողը կամ մասնավոր ընկերությունը տեսնում է, որ պետությունը ներդրումները կրճատել է տնտեսության մեջ, ինքը եւս շահագրգռված չի լինում ներդրումների կամ՝ նոր անորոշություններ ու սպառնալիքներ է տեսնում, բոլոր նոր նախագծերը սառեցնում է կամ դադարեցնում։ Մեզ մոտ ամեն ինչ լիբերալացված է, ազատականացված է, բայց այդ ազատականացումն էլ շատ ծայրահեղ մոտեցումներով է։ Շահում են կոնկրետ մարդիկ ու կոնկրետ կազմակերպություններ։ Մինչդեռ, ինչպես ասացինք, մեզ պետք է տնտեսական իրական եւ որակյալ աճ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO