Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Թուրանի բանակը» ստեղծման ճանապարհին է

Իսկ ապագայի պոտենցիալ զոհերը դեռ չեն գիտակցում վտանգի մեծությունը

Բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, որ արցախա-ադրբեջանական պատերազմում, որն Ադրբեջանի կողմից սանձազերծվել էր Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, վերջինս ուներ մի շարք նպատակներ: Դրանցից մեկն այն էր, որ Թուրքիան, հավաքագրելով սիրիացի ու լիբանանցի վարձկաններին եւ միաժամանակ Ադրբեջանի օգտին ծառայեցնելով մահմեդական աշխարհի որոշ ներկայացուցիչների, ըստ էության, ստեղծեց յուրօրինակ «Թուրանի բանակ», գաղափար, որի ստեղծման մասին խոսվում է արդեն մի քանի տարի: Արցախյան պատերազմում այդ գաղափարն սկսեց միանգամայն շոշափելի գծեր ձեռք բերել: Ըստ մտահղացման՝ ռազմական նոր դաշինքը պետք է Անկարայի գլխավորությամբ միավորի թյուրքալեզու ժողովուրդներին եւ այնպիսի երկրների, ինչպիսիք են Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ նույնիսկ Մոնղոլիան: Առանձին տաքգլուխներ նույնիսկ հայտարարում են Ռուսաստանի որոշ շրջանների նկատմամբ հավակնությունների մասին, բայց դա մի օր կվերածվի մտածված եւ կշռադատված քաղաքականության, քանզի «Թուրանի բանակի» նպատակը կլինի պանթուրքիզմի իրականացումը, որի միջոցով ձգտելու է հասնել համաշխարհային տիրապետության: Շատ տխուր է, որ ապագա պոտենցիալ զոհերի մեծ մասը չեն զգում այդ վտանգը եւ այսօր համագործակցում են Թուրքիայի հետ, ավելին՝ թույլատրում են նրան իրականացնել իր պանթուրանական ծրագրերը: Իսկ այդ ճանապարհին Թուրքիան եւ Ադրբեջանը «ապագա զոհերի» լռության, հաճախ նաեւ՝ օժանդակության պայմաններում փորձում են ոչնչացնել հայությանը՝ որպես պանթուրանականության դեմ վերջին խոչընդոտի: Եվ հենց դա նկատի ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքվի շքերթում փառաբանելով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային եւ Ադրբեջանին հորդորելով շարունակել պատերազմը Հայաստանի դեմ: Ուշագրավ է, որ Ադրբեջանը 2021 թ. պետական բյուջեում զգալիորեն ավելացրել է ռազմական ծախսերը, մինչդեռ, հաղթանակի հասնելով Արցախում, թվում է՝ պետք է ավելի շատ մտածեր սեփական ժողովրդի սոցիալական կարիքները հոգալու մասին: Ուրեմն՝ դեռ ոչինչ չի ավարտվել…
Ինչպես գրում է «Օկտագոնը», «Թուրանի բանակի» ստեղծման մասին հայտարարությունը Թուրքիայի կողմից պետք է հնչեր Արցախում պատերազմի ամենաթեժ շրջանում, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Առաջին ազդանշանը Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանի կողմից ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի «Արազ-Արազ» պոեմի ասմունքն էր: Բանաստեղծական տողերում նշվում է Արաքս գետը, որն «ուժով բաժանվեց» երկրների միջեւ: Կուլիսներում այդ բանաստեղծությունը թյուրքական ժողովուրդներին միավորելու գաղափարի կրողների մանիֆեստն է ու կարգախոսը:
Մեկ այլ կարեւոր իրադարձություն էր այն փաստը, որ հոկտեմբերի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը շրջայց կատարեց Կենտրոնական Ասիայի երկրներում եւ Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր ստորագրեց: Հայտնի է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են զորքերի պատրաստման փոխգործակցություն, համատեղ զորավարժությունների անցկացում, ինչպես նաեւ օդային տարածքով ռազմական տեխնիկայի տարանցում: Բացի այդ, քննարկվել են նաեւ բժշկական օգնության եւ գիտատեխնիկական հետազոտությունների ոլորտում համագործակցության հարցեր: Միեւնույն ժամանակ ոչ ոքի չի հուզում այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ղրղզստանը եւ Ղազախստանը կապված են ՀԱՊԿ-ի պայմանագրով, իսկ Ադրբեջանը գլխավորում է Չմիավորման շարժումը, որում ընդգրկված են երկրներ, որոնք պարտավորվել են չմտնել որեւէ ռազմական բլոկի մեջ:
Արցախում պատերազմը որոշ չափով դարձավ տարածաշրջանի ռազմական ուժերի առաջին համատեղ գործողություն: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զորքերը ղեկավարել է թուրքական գլխավոր շտաբը: Կասկած չկա, որ հաջողությունը գլխապտույտ է առաջացրել Ստամբուլում եւ խթան է եղել, որպեսզի իրենց հետաքրքրություններն առաջ մղեն հետխորհրդային Միջին Ասիայում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում:
Ռուս հայտնի արեւելագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռոման Սիլանտեւը «Օկտագոնին» բացատրել է, որ պանթուրքիզմի ծրագիրն անցկացրել է Էրդողանի թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը, ով այդ նպատակով զանգվածաբար դպրոցներ է բացել Աբխազիայից մինչեւ Ուլան Ուդե:
«Նա նույնիսկ բուրյաթներին է թուրքեր համարում, ուստի դա փափուկ ուժի միանգամայն տրամաբանական շարունակություն է: Նույն հաջողությամբ Ռուսաստանը կարող էր աշխատել բոլոր սլավոնների մեջ,-նշել է Սիլանտեւը:-Պատմությունը միշտ կարելի է վերաշարադրել կամ վերախմբագրել անհրաժեշտ ուղղությամբ. խմբագրել բացասական պահերը, շեշտել դրականը եւ, ի վերջո, ստեղծել նոր իրողություն, որից կհետեւի, թե բոլոր թուրքերը նույն արմատն ունեցող ժողովուրդներ են, որոնք պետք է ընկերներ լինեն, եւ նրանց կենտրոնը գտնվում է Ստամբուլում»:
Սակայն գործնականում ոչ բոլորն են համաձայն այս քաղաքականության հետ: Թուրքերի մեջ կան ուղղափառ քրիստոնյաներ, ինչպես, օրինակ, խակասները կամ յակուտները, որոնք չեն ձգտի դեպի Թուրքիա:
«Պանթուրքիստները երբեք չեն անցել Հյուսիսային Կովկասը, սակայն հիմա փորձում են հասնել Ալթայ: Նրանց փոխարեն մենք էլ նույնը կանեինք, սակայն չեմ կարծում, որ դա իրատեսական է»,-եզրակացրել է արեւելագետը:
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա տեղական էլիտան կրթություն է ստացել Թուրքիայում դեռ Գյուլենի գծով, եւ այնտեղ միշտ հրաժարվել են ճնշել «գյուլենականներին», ի տարբերություն նույն Ադրբեջանի, որտեղ հասարակական գործչի հետեւորդները հայտնվել են ուժեղ ճնշման տակ:
Չնայած Ադրբեջանում Թուրքիայի դրոշների ներքո բոլոր ռազմական շքերթներին, ըստ արեւելագետի՝ այդ երկիրը ցանկանում է պահպանել իր անկախությունը, եւ երկրի էլիտայի ոչ բոլոր ներկայացուցիչներն են հիացած թուրքական նահանգ դառնալու հեռանկարով. բարեկամությունը՝ բարեկամություն, սակայն ինքնիշխանությունը կարեւոր է:
«Եթե իրանցիներն օգնեին ադրբեջանցիներին պատերազմում, այնտեղ կախված կլիներ Իրանի դրոշը, ուստի դա նորմալ է: Եթե թուրքերը փորձեն իշխանությունը գրավել Ադրբեջանում, խնդիրներ կսկսվեն, եւ այնտեղ նրանց, իհարկե, կդիմադրեն: Միանգամայն համոզված եմ, որ Իլհամ Ալիեւը նման պայմաններով չի պայմանավորվել ռազմական օգնության դիմաց»,-ասել է փորձագետը:
Սիլանտեւը վստահ է, որ եթե ինչ-որ բան սկսվի, ասենք՝ Օսմանյան նոր կայսրություն ձեւավորվի, ապա կսկսվի իրանական ադրբեջանցիներից, որոնց թիվն Իրանում հասնում է մի քանի միլիոնի: Բայց դա, որքան էլ տարօրինակ է, վտանգավոր է Բաքվի համար: Նրանց հետ միավորվելու դեպքում հյուսիսային ադրբեջանցիները կվերածվեն փոքրամասնության, եւ ակնարկները՝ Ադրբեջան անվանումից առաջ ավելացնելու Հյուսիսային բառը, երկրի ներսում ամենեւին էլ մեծ հիացմունք չեն առաջացնում: Պատահական չէ, որ Էրդողանի կողմից «Արազ-Արազ» բանաստեղծության արտասանումը լուրջ խառնաշփոթ է առաջացրել Իրանում: Դրա տողերում ժամանակակից Իրանի հողերի հիշատակումն ընկալվել է որպես ուղղակի սպառնալիք Իրանի տարածքային ամբողջականությանը, եւ ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայի դեսպանը:
Քաղաքագետ եւ արեւելագետ Կարինե Գեւորգյանն «Օկտագոնին» ասել է, որ պանթուրքիզմի իրական հեղինակներն ու «Թուրանի բանակի» գաղափարական ոգեւորողները նստած են ոչ թե Ստամբուլում կամ Անկարայում, այլ մառախլապատ Ալբիոնում՝ Մեծ Բրիտանիայում:
«Ալիեւը գիտի, որ վաղուց եւ միշտ աշխատել է բրիտանացիների համար: Անգամ Մարգարեթ Թետչերն իր վարչապետության վերջում հայտարարեց, որ Ղարաբաղը հայկական հող է, բայց մի քանի ամիս անց, երբ որդին դարձավ Բաքվի նավթահանքերի բաժնետեր, արդեն հակառակն էր պնդում: Պանթուրքիզմը բրիտանական ծրագիր է, եւ անգլիացիների պատճառով տեղի ունեցավ հայերի ոչնչացումն Օսմանյան կայսրությունում: Պատահական չէ, որ բրիտանացի լրտես Լոուրենս Արաբացին 20-րդ դարի սկզբին տված հարցազրույցներից մեկում ասում էր, թե ամբողջ հայությունը պետք է ոչնչացվի, իսկ Հայաստանի ռեսուրսները փոխանցվեն Բրիտանիային: Գուցե Թուրքիայում ցանկանում էին խաղալ իրենց խաղը՝ առանց սեփական ռեսուրսները վատնելու, բայց Էրդողանը, իհարկե, ռիսկային տղա է… Մենք լավ թշնամի ունենք՝ խելացի, համառ, բայց նաեւ ռուսներն են անհեթեթ ու խորամանկ...
Հարյուր տարի առաջ բրիտանացիները պաշտպանում էին եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին, սակայն որոշակի պահի նավթի պատճառով, ինչպես նաեւ դեպի Ասիա միջանցքի համար շեշտը դրեցին Բաքվի վրա:
«Թուրանի բանակը» կարող է լինել ոչ թե իրական կազմակերպական կառուցվածք, այլ «հովանոցային բրենդ»՝ ռազմական մասնավոր ընկերությունից՝ ցանցակենտրոն պատերազմների համար: Օրինակ՝ Ռուսաստանում այս խմբի շահերն առաջ կմղի Ադրբեջանը, որը «յուրային» է համարվում:
Թշնամին միանգամից գործում է բոլոր ուղղություններով: Դա շատ հետաքրքիր դասավորություն է, որին մերոնք, ցավոք, պատրաստ չեն»,-ասել է փորձագետը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO