Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Քար գցելուց առաջ ստուգիր քամու ուղղությունը

Գահնամակը` որպես պատմական փաստաթուղթ եւ հայոց թագավորության վավերագիր

Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայերի դեմ «հաղթանակ» տոնող ադրբեջանական կողմը ոչ միայն չի կարողանում դուրս գալ էյֆորիայից, այլեւ շարունակում է «արդարացնել» այն հաղթանակը, որին ինքն անգամ չի հավատում կամ որը բավարար չի համարում հայերի դեմ կռվում, դրան հավելելով կռիվը նաեւ մեր պատմության դեմ` այն համարելով ոչ ավելի, ոչ պակաս` առասպելական, եւ որ մենք, իբր, ապրում ենք սոսկ մեր առասպելներով, միֆերով…
Նախ ասեմ` չծավալվելով, այն, ինչ այսօր վերագրում են մեզ ադրբեջանցիները, այդ թվում` մտավորական, շատ հետաքրքիր բնույթ ունի, քանզի այն, ինչ արել ու ինչի ընդունակ են իրենք` բացասական իմաստով, փորձում են վերագրել մեզ եւ անգամ հայտարարում, թե մենք այնքան վայրենի ենք, որ աշխարհը վախենում է մեզնից, ու մենք աշխարհին սարսափ ենք պատճառում մեր առասպելներով, ու, փաստորեն, ադրբեջանցիներն են աշխարհը փրկում մեզնից։ Ահա այսպիսի «մազալու» բաներ, որ, զավեշտալի լինելով հանդերձ, ներկայիս իրողության մեջ, թերեւս, կարիք են զգում որոշակի պատասխանի եւ դասերի, որոնք ժամանակին բաց են թողել կամ չեն ցանկացել ուսել անգամ ադրբեջանցի մտավորականները։ Բազմաթիվ են ադրբեջանցիների հայատյացության դասերն ու օրինակները, որով փորձում են մեզ մեղադրել հակառակում, իբր, մենք ենք ադրբեջանցիների հանդեպ թշնամանք ներարկում…
Բերեմ ընդամենը մի օրինակ` հայտնի ադրբեջանցի սպա Սաֆարովի` խաղաղ պայմաններում, քնած հայ սպայի գլխատման «քաջագործությունը» ու նաեւ մյուս հայ սպայի հանդեպ նմանատիպ գործողության կանխված փորձը, որից հետո ադրբեջանական իշխանությունները նրան հերոսի կոչում տվեցին, այսինքն` պետական մակարդակով, այն սպային, որ թքած ունենալով սեփական ուսադիրների ու սպայի բարոյականության վրա` կացնահարում է քնած սպային հենց միայն այն պատճառով, որ նա հայ է, եւ սա եզակի դեպք չէ, այլ թուրք-ադրբեջանական քաղաքականություն` ամեն գնով ու ամեն ձեւով, խտրականություն չդնելով միջոցների մեջ, սպանել անզեն մարդկանց, իրականացնել ցեղասպանություն, եւ այս վարքը դրսեւորվել է նրանց պատմության ողջ ընթացքում եւ ոչ միայն հայերի հանդեպ, այլեւ այն ժողովուրդների, ովքեր ունեն հնագույն անցյալ եւ մշակույթ, ովքեր այնքան հին են, որ թվում են առասպելական, եւ որ այդ առասպելականությունից ոչ թե աշխարհն է վախենում, այլ հենց թուրքական ցեղախմբերը, քանզի նրանց յաթաղանը, ինչքան էլ` արյունոտ, մշտապես պարտվում է այդ հին, առասպելական ժողովուրդների առասպելական պատմությանն ու մշակույթին, գիր-գրականությանը։
Այո, առասպել ունենալը հատուկ է հին ժողովուրդներին, քանզի առասպելները հնագույն ծագում ունեն եւ բխում են բանավոր խոսքուբանից, որոնց հեղինակը հենց ժողովուրդն է. նա է հյուսում պատմությունը բանավոր, ինչն այնուհետեւ գրի են առնում բանասերներն ու պատմիչները, եւ որքան էլ առասպելները թվան հնարովի, դրանց հենքը իրողություններն ու փաստերն են` առանց գունազարդման, քանզի առասպելն այն իրողությունն է, որ գունազարդված է ժողովրդի երեւակայությամբ ու ոգեւորությամբ։ Այն, որ մեր պատմությունը սոսկ առասպելական չէ, եւ որ այդ առասպելները այսօ՛ր չեն հյուսվել, այլ հազարամյակներ առաջ, վկայում են ոչ միայն հայկական աղբյուրներն ու պատմական փաստերը, այլեւ օտար աղբյուրներ եւս, եւ հարկ է, որ այդ մասին տեղյակ լինեին կամ չժխտեին կամ էլ չխեղաթյուրեին գոնե ադրբեջանցի մտավորական գործիչներն ու գրողները` հարգելով սոսկ իրենց կոչումն ու հեղինակությունը, բայց, դե, սա նրանց անձնական խնդիրն է, եւ փաստաբանի դերը թող իրե՛նք իրենց համար ստանձնեն, իսկ մենք հարկ ենք համարում բազմաթիվ օրինակներից` հոդվածի շրջանակներում ու հնարավորությամբ, ընդամենը մեկ-երկուսը ներկայացնել ադրբեջանցի նոր «պատմիչներին»` ի գիտություն եւ այսօրվա օրաթվի հանգույն…
424 թվականի դեկտեմբերի 25-ին հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը պարսից արքունի դիվանում (արխիվում) հայտնաբերեց Գահնամակ, որը հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ էր, ինչը վկայում է այն մասին, որ նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաեւ հնագույն ավանդական հիմքով։
Գահնամակը` նախարարների պատվո աստիճանների ցուցակը, այլ կերպ` արտոնագիրը, վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը կայուն էին եւ ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։ «Գահնամակ» բառը մեկնաբանվում է որպես գահական թուղթ, գիրք կամ ցուցակ, կազմված է «գահ, պատվո աստիճան» եւ «գրություն, գրվածք» բառերից, այսինքն` տվյալ գրությունը, ցուցակը նախարարների կամ իշխանների աստիճանակարգային վավերագիրն էր, որով կարելի էր պատկերացում ունենալ երկրում նրանց ունեցած դերի ու կշռի եւ ըստ այդմ՝ տեղի ունեցող իրադարձություններին նրանց մասնակցության, ներդրումների, իրավունքների ու պատասխանատվության մասին։
Բացի հիշատակված Գահնամակը, գոյություն ուներ եւ Զորանամակ` Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի եւ դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ, որ գործադրվել է մինչեւ հայ Արշակունի արքայատան անկումը (428թ.)։ Զորանամակը կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձեւով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների` Դռների` Հյուսիսային, Հարավային, Արեւելյան եւ Արեւմտյան։ Ամեն մի բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշված զորաքանակով։ Ըստ մեզ հասած Զորանամակի` Արշակունիների օրոք հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) եւ մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթեւում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթեւին։
Ունենալով հնագույն պատմություն եւ զորական մարտիկներ` հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հիմնականում վարել է պաշտպանական քաղաքականություն եւ միայն նախահարձակ է եղել թշնամու ոտնձգությունների դեմ երբեւէ չի եղել ցեղասպան ու կրոնամոլ, այլ մշտապես ձգտել է բարիդրացիական հարաբերությունների ու ստեղծագործ կյանքի եւ հենց դրանով էլ կերտել իր զորությունը, սակայն այդ մշակութային զորությունն էլ հենց խանգարել է հարեւանների անդորրը, թեեւ այդ մշակույթից հայ ժողովուրդը միշտ էլ բաժին է հանել հարեւաններին` թե՛ քաղաքաշինության ու կառուցողական թե՛ գիտության ու արվեստի, գրի ու գրականության եւ թե՛ անգամ` ռազմական ասպարեզներում…
Այնպես որ, հայ ժողովրդի վրա քար գցելուց առաջ մեր հարեւանները թող լավ ուսումնասիրեն սեփական պատմությունը եւ, նախանձելու ու նախահարձակ լինելու, մեղադրելու ու սպառնալու փոխարեն գնահատեն այն հարեւանին, որ քիչ ներդրում չի ունեցել իրենց խաղաղ կյանքում եւ միշտ է կողմնակից եղել հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերություններին ու դրանց պահպանմանը։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

26-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO