Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տնտեսության կառուցվածքն արմատական փոփոխությունների կարիք ունի

Ինովացիոն տնտեսությունն այլեւս անհրաժեշտություն է մեր երկրի համար

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի հետ զրուցելով «ՀՀ»-ն փորձել է պարզել, թե ինչպիսի՞ տնտեսական արդյունքներով ենք մտնելու նոր տարի։ Համավարակի ու պատերազմի հետեւանքներն ինչպիսի՞ն են 2020 տնտեսական տարվա վրա։ Ինչպե՞ս կասեցնել տնտեսական անկումը։ Արդյո՞ք կանգնած ենք նոր մոտեցումների որդեգրման, տնտեսության զարգացման նոր ռազմավարությունների մշակման հրամայականի առաջ։
-Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր տնտեսական տարին, ի՞նչ միտումներ են ձեւավորվել 2020-ին։
-Հայաստանի տնտեսությունը, բնականաբար, չէր կարող զերծ մնալ համաշ-խարհային տնտեսությունում տեղ գտած բացասական միտումների ազդեցությունից: Միաժամանակ, այդ ազդեցությունը տարբերվում է երկրից երկիր: Հայաստանի պարագայում, հայտնի պատճառներով, այս տարին էլ ավելի բարդ էր: Չնայած տարին դեռ չի ավարտվել, եւ վաղ է ամբողջական պատկերի մասին խոսելը, այդուհանդերձ, ձեւավորված միտումները նախնական գնահատականի հնարավորություն ընձեռում են: Բացառությամբ առաջին եռամսյակի, երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցավ եւ շարունակում է ունենալ կորոնավիրուսի համավարակը: Տնտեսության մասնակի կանգը տեղի ունեցավ մարտ ամսից, ինչն էլ պայմանավորեց նախորդ երկու ամիսների նկատմամբ մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը 5 տոկոսային կետով: Առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը կազմեց 107,5 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), երկրորդ եռամսյակում՝ 96,6 տոկոս, երրորդում՝ 93,7 տոկոս, հոկտեմբերին՝ 93,3 տոկոս, նոյեմբերին 92,8 տոկոս: Այդ նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 99,8 տոկոս, շինարարության ծավալը՝ 88,8 տոկոս, առեւտրի շրջանառությունը՝ 86,4 տոկոս: Երրորդ եռամսյակի դրությամբ ՀՆԱ-ն կրճատվել է 6,3 տոկոսով:
Համաշխարհային տնտեսության զարգացումները որոշակի ազդել են նաեւ ՀՀ արտաքին առեւտրի վրա: Արտաքին առեւտրաշրջանառությունը 2020 թ. հունվար-նոյեմբերին, 2019-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 87,6 տոկոս, արտահանումը՝ 94,8 տոկոս, ներմուծումը՝ 84,1 տոկոս: Այսպիսով` ձեւավորվել է տնտեսական անկման հստակ միտում, ինչն էլ անդրադարձել է պետական բյուջեի հարկային եկամուտների վրա: Այսպես, օրինակ, 2020 թ. հունվար-հոկտեմբերին, 2019-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, ավելացված արժեքի հարկի մասով մուտքերը նվազել են 10,3 տոկոսով, ակցիզային հարկը՝ 9,5 տոկոսով, շահութահարկինը՝ 27,7 տոկոսով, շրջանառության հարկինը՝ 16,7 տոկոսով, եկամտային հարկինը՝ 7 տոկոսով: Միաժամանակ, պետական տուրքի մասով մուտքերը նվազել են 25,7 տոկոսով, իսկ մաքսատուրքինը՝ 29,4 տոկոսով, բնապահպանական վճարներինը՝ 12 տոկոսով: Աճել են միայն սոցիալական վճարումները՝ 29,8 տոկոսով:
Համավարակով պայմանավորված ձեւավորված բացասական միտումներին գումարվել են պատերազմի հետեւանքները: Նախ, Արցախի Հանրապետության տնտեսությունն այլեւ չի կարող էական գործոն լինել ՀՀ տնտեսության համար: Ընդհակառակը, առաջիկա տարիներին կպահանջվեն նշանակալի ծախսեր այդ հետեւանքները վերացնելու համար, մինչդեռ ՀՀ բյուջեի հնարավորությունները նվազել են: Տնտեսական ոլորտի վրա էական կլինի նաեւ մարդկային կորուստների ազդեցությունը: Համավարակի եւ պատերազմի զոհերի թվաքանակը ներկա դրությամբ գերազանցել է ութ հազարը: Մարդկային գործոնի առումով էական կլինի նաեւ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի աճի չմարող բարձր տեմպը, ինչպես նաեւ հազարավոր վիրավորները, որոնք ժամանակավորապես կորցրել են իրենց աշխատունակությունը:
-Որո՞նք պետք է լինեն այն հիմնակետերը, որոնց շուրջ պետք է ձեւավորվի տնտեսության ամրապնդման ու զարգացման մեր ռազմավարությունը։
-Տնտեսության ձեւավորված կառուցվածքը մրցունակ եւ հեռանկարային չէ: Այն արմատական փոփոխությունների կարիք ունի: Վաղուց ակնհայտ էր, որ առանց ինովացիոն տնտեսության, առանց արտահանման մեջ ավելացված բարձր արժեքի հնարավոր չէ պատշաճ լուծել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ անվտանգային խնդիրները, իսկ ներկայում տեխնոլոգիահենք պաշտպանական արդյունաբերության զարգացումն ուղղակի կենսական անհրաժեշտություն է: Հենց դա էլ պետք է հանդիսանա երկրի ամբողջ տնտեսության լոկոմոտիվը, տնտեսական զարգացման ռազմավարության առանցքը: Ի վերջո, պաշտպանական տեխնոլոգիաների մեծ մասը երկակի նշանակության են, ինչը ենթադրում է, որ դրանք կարող են փոխանցվել քաղաքացիական արդյունաբերություն՝ ինովացիոն արտադրությունները զարգացնելու համար: Հատկապես կարեւորվում է քաղաքացիական եւ պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը:
Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ պաշտպանական արդյունաբերության համալիրի զարգացումը պայմանավորված է գիտահետազոտական եւ սպառազինություններ ու ռազմական տեխնիկա թողարկող բարձր տեխնոլագիական արտադրական բազայի առկայությամբ, ինչը պահանջում է համապատասխան որակավորմամբ եւ մոտիվացիայով կադրերի պատրաստում: Այս առումով կարեւորվում են նպատակային ուսուցման մեխանիզմների արդիականացման համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը: Երիտասարդներին պետք է մոտիվացնել տեխնիկական եւ բնագիտական մասնագիտություններ ընտրելու հարցում:
-Թուրքական ապրանքների մուտքի արգելքը Հայաստանի Հանրապետություն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի ապրանքաշրջանառության վրա։ Տնտեսական տեսակետից այն արդարացվա՞ծ քայլ էր։ Նույն խնդիրը՝ թուրքական ապրանքների մուտքի արգելքը, սոցիալական հարցեր չի՞ առաջացնի երկրում։
-Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 2019 թ. կազմել է 3,3 տոկոս, ինչը մեծ թիվ չէ Հայաստանի, առավել եւս՝ Թուրքիայի համար: Տնտեսական առումով, անշուշտ, չի կարող արդարացված լինել արտաքին տնտեսական գործունեության ցանկացած սահմանափակում: Սակայն մեր պարագայում դա ճիշտ որոշում է: Այդպես են վարվել նաեւ արաբական մի շարք երկրներ: Սոցիալական ոչ մեծ հարցեր կառաջանան, բայց դրանք կլուծվեն կարճ ժամանակներում: Որոշ ապրանքատեսակների մասով ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինման գործընթացները շարունակվում են այն ոլորտներում, որտեղ տնտեսապես արդարացված է: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ դա անել, կփոխվի ներմուծման աշխարհագրությունը: Առավել եւս, որ նույն հումքը կամ ապրանքները կարելի է ներկրել Իրանից կամ, օրինակ, Չինաստանից:
Հատկանշական է, որ օրերս Թուրքիայի եւ Վրաստանի տարածքներով Եվրոպան եւ Չինաստանը կապող երկաթուղով սկսվեցին իրականացվել բեռնափոխադրումներ: Այդ երկաթուղին, որը կսպասարկի մոտ վեց տասնյակ երկրների հինգ միլիարդ բնակչությանը, նոր հնարավորություններ կստեղծի նաեւ ՀՀ-ի արտաքին առեւտրի աշխարհագրության ընդլայնման համար: Ավելին, դա կարող է խթանել մեր երկրի տնտեսության կառուցվածքի բարելավմանը, հնարավոր է նաեւ՝ ստացվի մասշտաբի էֆեկտ՝ առաքման գլոբալ շղթաներ ինտեգրվելու ճանապարհով:
Բացի դրանից, երկաթուղին հնարավորություն կստեղծի ավելի սերտ համագործակցել ԵԱՏՄ-ի շրջանակներում: Եվ ամենակարեւորը՝ ծովային բեռնափոխադրումների համեմատ փոխադրման ժամկետները կկրճատվեն 3-4 անգամ, կվերանա բեռնման-բեռնաթափման լրացուցիչ գործողություններ անելու անհրաժեշտությունը: Այսպիսով` առաջանում է երկրի տնտեսական զարգացման ավելի հավակնոտ ռազմավարության մշակման անհրաժեշտություն:
-Այսօր մեր տնտեսության վրա ահռելի է սոցիալական բեռը. որտեղի՞ց գեներացնենք միջոցներ։ Ի՞նչ ուղիներ կան։
-Սոցիալական ծրագրերի համար միջոցների գլխավոր աղբյուրը պետական բյուջեն է, որի հնարավորությունները ստեղծված իրավիճակում սահմանափակ են: Խնդիրը բարդանում է նրանով, որ ավանդական սոցիալական խնդիրներին ավելացել են նորերը՝ կապված համավարակի եւ պատերազմի հետեւանքների հետ: Բյուջեի մուտքերի մեծացման համար հիմնական ուղին հարկերի բարձրացումն է, ինչը տնտեսական ակտիվության ցածր մակարդակի, տնտեսության ոչ մրցունակ կառուցվածքի պայմաններում էլ ավելի կբարդացնի տնտեսության, հասարակության առանձին շերտերի վիճակը: Հետեւաբար, պետական պարտքի ավելացումն այլընտրանք չունի: Ի լրումն դրա, թերեւս կարելի է դիտարկել եւս մեկ ուղի՝ մասնավոր-պետական համագործակցությունը: Հասկանալի է, որ մասնավոր հատվածն առանց այդ էլ բարդ վիճակում է հայտնվել, սակայն ցանկալի կլինի գտնել միջոցներ՝ սոցիալական որոշ խնդիրները մեղմելու համար: Հասկանալի պատճառներով պետությունը միայնակ չի կարողանա հաղթահարել սոցիալական ու տնտեսական անկումը: Կպահանջվի հասարակության համախմբվածության եւ կազմակերպվածության բարձր մակարդակ՝ ստեղծված իրավիճակից հնարավոր կարճ ժամանակահատվածում դուրս գալու համար:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

29-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO