Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Այսօր չդրվելիք տոնածառը վաղը կօգնի երեխային լիքը տոնածառներ ունենալ

Ամանորը նշե՞լ այս տարի, թե՞ ոչ։ Իմ պատասխանը միանշանակ ոչ-ն է։ Չեմ ժխտում՝ կան մարդիկ, որոնց համար, թեեւ հարցի պատասխանը ինքնաբերաբար բացասական է, բայց այն օրակարգից չեն հանել։
Շրջապատումս երկու այդպիսի ընտանիք գիտեմ։ Ընտանիքի հայրը երեկ լուռումունջ, ատամները սեղմած, առեւտուր էր անում, զգում եմ՝ քթի տակ էլ մրմնջում էր։ Մոտեցա, որ ես էլ թթվասեր վերցնեմ, լսվեց մրմնջոցը. «Տղերք ջան, կներեք, տղերք ջան, լույս իջնի ձեր հոգուն, տղերք ջան, կներեք»։ Չդիմացա, ասում եմ. «Այ, Հովսեփ հոպար, ներողությունդ ասե՞մ, թե՞ առեւտրիդ ծավալը»։ Ասաց. «Բալես, Սոս պապին թուլացավ (87 տարեկան է), բժիշկն ասաց՝ մի քանի օրվա կյանք ունի։ Ինքն էլ գիտես՝ էրեխու պես ուրախանում էր սեղանի շուրջ։ Տղես ասաց՝ պիտի պապս աչքը ուրախ գնա»։ Տղան, ի դեպ, պատերազմում կամավոր էր գնացել եւ, փառք Աստծո, վերադարձել։
Մյուս ընտանիքը, որը երկար տարիներ երեխա չէր ունենում, հետո հրաշքով ունեցել էր, բայց արատներով էր ծնվել։ Արդեն 22 տարեկան է, բայց երեխա։ Երկրորդ երեխան չեն համարձակվել ունենալ։ Հիմա էլ չեն կարող Ամանորը չնշել՝ երեխայի երջանկությունն է այս տոնը։ Մայրն ասում է՝ «Նա էս աշխարհում ինձ ունի ու իր հորը»։ Մայրը լացելով էր առետուր անում՝ տեգոր տղան պատերազմում մահացել է...
Հիմա՝ «Ամանորը նշե՞լ, թե՞ ոչ» հարցադրումս այս բացառիկ դեպքերի մասով չէ, այլ՝ ընդհանրապես։ Ցանկության պարագայում ինձ կարող էի «տեղավորել» բացառիկ դեպքերի շարքին՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ 4 եւ 8 տարեկան երեխաներ ունեմ, որ նրանք չպետք է հասկանան՝ ինչ է պատերազմը, որ նրանք այս տարիքում պետք է հավատան հեքիաթներին, որ նրանք մեղավոր չեն, որ մեր երկրում կազակերպված անկազմակերպվածություն է, որ կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը, որ նրանք չպետք է իմանան, որ հազարավոր զինվորներ են զոհվել ու վիրավորվել, գերի ընկել թշնամու ձեռքը, անհետ կորել, որ պատերազմը չի ավարտվել, որ ճիշտ հակառակը՝ մեզ ավելի դաժան պատերազմներն են սպասում եւ այլն, եւ այլն։ Կարող էի «տեղավորվել», բայց չարեցի։
Տրամագծորեն հակառակն եմ մտածում։ Երեխաները պետք է հասկանան՝ ինչ է կատարվում։ Իմ ընտանիքում ամեն օր, առանց բացառության, քննարկում է։ Պատերազմի սկզբում նրանց բացատրեցի՝ ուր է գնացել եւ ինչու է գնացել իրենց հայրիկը։ Ինչու էր նրա զինվորական համազգեստը պահարանում, իսկ այդ օրերին՝ ոչ։ Մինչ իմ երեխաներին դպրոցում ու պարտեզում տարել էին ապաստարան, նրանք արդեն գիտեին՝ ինչ է ապաստարանը։ Նրանք գիտեն` ով է թուրքը, եւ ինչ է պատերազմը։ Նրանք գիտեն, որ իրենց փոքրիկ տունը հայրենիքի մի մասնիկն է, եւ որ իրենց տունը չի կարող երջանիկ ու տաքուկ լինել, եթե հայրենիքում ցուրտ է, ու հայրենիքը վտանգի մեջ է։
Նրանք գիտեն՝ ինչ է եռագույնը, ինչ են խորհրդանշում այդ գույները, եւ գիտեն, որ հիմա որոշվում է՝ այդ գույները լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Նրանք գիտեն՝ ինչ են նշանակում իրենց անունները եւ հարցեր են ինձ ուղղում։ Աստղիկը թե՝ «սիրո աստվածուհին կօգնի՞ մեր զինվորներին», Արեգն էլ թե՝ «բա ե՞րբ կերեւա նոր արեւը»։ Դյուրին է հարցերին պատասխանելը, երբ երեխաներիդ հետ հոգու կապ ունես. «Իհարկե, սիրո աստվածուհին կօգնի, որովհետեւ Աստղիկն առանց Վահագնի չի գործում, Վահագնը մեր ռազմի աստվածն է, սերն էլ ռազմի աստծո ուժն է։ Ու հենց մեր զինվորը ոտքի կանգնի, նոր արեւը կերեւա։ Անպայման կերեւա»։
Ամեն ծնող թող ինքը որոշի՝ ինչպես խոսել երեխայի հետ, ինչպես գտնել երեխայի հետ ճիշտ խոսելու բանալին, ինչպես նրան ճիշտ բացատրել ինչն ու ինչոցը։ Իմ երեխաները նույնիսկ մեր շենքի ապաստարանի տեղը գիտեին։ Ասել եմ՝ եթե աշխատավայրում լինեմ ու վտանգի ազդանշան լսեք (ազդանշանի ձայնն էլ էի բացատրել), կվազեք՝ կմտնեք նկուղը։
Եվ այս բոլոր բացատրություններից հետո, երբ եկան նախաամանորյան օրերը, հարցրի՝ «տոնածառ դնե՞նք, թե՞ ոչ»։ Աստղիկը անկեղծ զարմացավ. «Մամ, էդ ի՞նչ ես ասում։ Էդքան զինվոր ենք կորցրել»։ Արեգն էլ թե. «Մամ ջան, մի դիր ու մի տխրի, մեր պարտեզում տոնածառ դրել ենք, ու ես արդեն վահելել եմ» (վայելելուն վահելել է ասում)։
Երեխային պե՛տք է բացատրել։ Հաստա՛տ պետք է, որպեսզի նա զուտ սպառող չմեծանա։ Եվ, ինչու ոչ, պետք է բացատրել՝ հենց հանուն ի՛ր ապագայի։ Նա պետք է հիշի, որ իր կյանքում մեկ անգամ տանը տոնածառ չեն դրել, ու հիշի չդնելու պատճառները։ Դա կօգնի նրան ապագայում ճիշտ ընտրություններ կատարել։ Դա կօգնի նրան զինվորի հարգը զգալու։ Արեգս, որ երազում էր զինվորական դառնալ, մի օր ասաց. «Մամ, զինվորական չեմ դառնալու»։ Գրկեցի. «Չվախենաս, հանկարծ չվախենաս, լսու՞մ ես»։ Պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր. «Չեմ վախենում, բայց ուզում եմ ստորագրող դառնալ։ Հենց մեր զինվորը մի գյուղ թուրքերից ազատի, ստորագրեմ, տամ զինվորի ձեռքը»։
Երեխային պե՛տք է բացատրել։ Նա այս տարիքից պետք է ընկալի՝ ինչ է հայրենիքը, եւ ինչու պետք է այն պաշտպանել։ Ու, այո, կրկնում եմ, պետք է ամբողջ կյանքում հիշի այն տարին, թե երբ եւ թե ինչու տոնածառ չի ունեցել։ Որ մա՛րդ մեծանա։ Որ հա՛յ մեծանա։ Որ իր շրջապատում չհանդուրժի ապազգայիններին։ Որ ընտրությունը ճիշտ անի։ Այ այդ դեպքում նա կապրի խաղաղ, կապրի ստեղծագործ ու կապրի իր երկրում։
Այսօր չդրվելիք տոնածառը վաղը կօգնի նրան լիքը տոնածառներ ունենալու։ Եվ, այո, որոշել եմ, որ այս անգամ նրանք մեր աստվածներից, Հակնապետից (Հայկ նահապետին այդպես են ասում) ու Նժդեհ պապիկից նվեր չեն ստանալու, որովհետեւ մեր աստվածները, Հակնապետն ու Նժդեհը այսօր էլ սահմանին են եւ չեն հասցնի գալ։ Բայց նրանք փոքրիկ նվերներ կստանան հայ զինվորից, ով կպատգամի՝ պստոներ ջան, ես կռվում եմ, որ դուք խաղաղ ապրեք։ Երեխաներս կստանան իրենց նամակների պատասխանը։ Արեգը «խաղալիք զինվոր» է ուզել, Աստղիկն էլ՝ «խաղաղություն հայրենի երկրում»։
Խոսեք ձեր երեխաների հետ։ Բացատրեք ամեն ինչ։ Եվ մի դրեք տոնածառ, որ վաղը նրանք վաստակեն իրենց տոնածառները։ Որ վաղը նրանք լիքը տոնածառներ ունենան։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

29-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO