Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Խոսող ձեռքերի կախարդանքը

Նա իր արվեստով մեր ժողովրդին կապեց աշխարհի հետ

«Երբ Կոմիտասի երգերն սկսանք երգել, հոգիս տակնուվրա եղավ, հանկարծ զգացի, որ իսկապես հայ եմ, բոլոր ջղերովս զգացի, ալ չէի կրնար ժողովրդես դուրս ապրել: Ես ունեի անուն, ազգանուն, լեզուս ալ սորվել էի, ալ գիտեի ես ով եմ այս աշխարհին մեջ, ո՞ր տունին կպատկանիմ…»:

Ականավոր մաեստրոն՝ Օհան Դուրյան ամենանշանավոր հայ դիրիժորը, իրավամբ գլխավորում է անցյալի ու ներկայի վաստակաշատ հայ դիրիժորների համաստեղությունը՝ գործունեության ընդգրկմամբ ու միջազգային ճանաչմամբ չունենալով իրեն հավասարը: Նա ղեկավարել է աշխարհի 111 սիմֆոնիկ նվագախմբեր, նրան կոչել են Արեւելյան Եվրոպայի Արթուրո Տոսկանինի, իսկ ավստրիական թերթերից մեկն արձագանքել է, թե «Հայ դիրիժորը շրջանցել է մեր ժամանակները, առաջ է անցել մեր ժամանակներից եւ արդեն ինքն է ստեղծել իր ժամանակը, որին պետք է հասնել…»:
Ճակատագրով հայրենիքի մեծանուն զավակներից մեկը դառնալուն կոչված Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ. Երուսաղեմում, արաբախոս ընտանիքում: Հայրը՝ ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանը, մահացել է, երբ որդին դեռ շատ փոքր էր: Ի դեպ, Խաչատուրը, որի առաջին կինը՝ Նազիկը, նրան պարգեւել էր հինգ երեխա, երկրորդ անգամ ամուսնանալով ասորուհի Յասմինի հետ՝ հայր է դառնում եւս հինգ երեխաների, որոնցից ամենակրտսերը ապագա դիրիժորն էր՝ կիսով ասորի՝ մեր հանճարեղ դիրիժորն ու կոմպոզիտորը:
Օհանը վեց տարեկանից սկսել է սովորել Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ բոլոր աշակերտներն արաբներ էին: Այդ տարիքից էլ նրա մեջ արթնանում է սերը երաժշտության հանդեպ: Մեծ ցանկություն է ունենում նվագել ֆլեյտա՝ սրնգափող: Բայց գերմանացի դասատուն ասում է, որ մատները դեռ փոքր են, ու չի կարող նվագել: Երեխան տխրում է, բայց չի ընկճվում, ժամերով նվագում է ու սովորում նվագել: Հետագա կրթությունն ստանում է Երուսաղեմի գերմանական մայր կրթարանում, որտեղ էլ սովորում է դաշնամուր ու երգեհոն նվագել: Կրթական բազան լրացրած՝ նա Բեթղեհեմում դասավանդում է անգլերեն եւ արաբերեն: Այնուհետեւ ուսանում է նույն քաղաքի կոնսերվատորիայում, որտեղ միակ հայ ուսանողն էր: Երիտասարդ ուսանողի մեջ աստիճանաբար հասունանում է հայերենին ու հայ մշակույթին ծանոթանալու, սեփական արմատները ճանաչելու անհագուրդ ծարավը: Նա արաբերեն էր ուսուցանում, իսկ հայ աշակերտները իրեն սովորեցնում էին հայերեն: Հաբեթ անունով աբեղան էլ Դուրյանին հայ երաժշտությանն է ծանոթացնում, եւ նա սկսում է նվագել հայկական եկեղեցում, հնչեցնում է Կոմիտաս, սկսում հետաքրքրվել իր ազգով, նրա մշակույթով, նրա երաժշտությամբ: Հոգին տակնուվրա է լինում՝ ծանոթանալով ամենայն հայոց երգի վեհափառ Կոմիտասին, նրա երգարվեստին: Այս հանգրվանում հետաքրքիր զուգադիպություն կա Կոմիտասի եւ իր միջեւ. տասնամյակներ առաջ Էջմիածին էր եկել նույնպես հայերեն չիմացող մի պատանի՝ Սողոմոն անունով, ով իր թուրքերեն երգով հմայել էր կաթողիկոսին ու հետագայում դարձել Կոմիտաս վարդապետ, մի անուն, ով հոմանիշվում է հայկական ժողովրդական երաժշտության հետ ու դառնում ազգային պաշտամունք: Հենց կոմիտասյան չքնաղ մեղեդիներն են Դուրյանի համար հայրենիքը ճանաչելու ու սիրելու կարեւոր ազդակներ դառնում: Դուրյանը կազմակերպում է տեղի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարում Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախմբի համար գրում իր առաջին հայերեն երգը՝ «Դու երկնամերձ իմ հայրենիք» -ը՝ Ավ. Իսահակյանի խոսքերով:
1946-ին մեկնում է Եվրոպա, Փարիզում եւ Վիեննայում կատարելագործում դիրիժորական իր արվեստը: Հենց այս քաղաքներում էլ սկսվում է Դուրյան դիրիժորի բեմական վերելքը: 50-ական թվականներին նա ղեկավարում է եվրոպական լավագույն սիմֆոնիկ նվագախմբերն ու համերգներով հանդես գալիս Ֆրանսիայում, Հոլանդիայում, Թուրքիայում, տասնյակ այլ երկրներում: Երաժշտասեր հանրությանը զարմացնում է ֆենոմենալ իր հիշողությամբ, խորը, զգայուն երաժշտականությամբ, իր խոսող ձեռքերի նվագով…
Հաջողությունները, սակայն, չեն խլացնում նրա ներսում հասունացող՝ հայրենիքը վերագտնելու ներքին պահանջը: Վեհափառ հայրապետի՝ Վազգեն Առաջինի հրավերով ու հորդորով 1957 թ., երբ արդեն կայացած դիրիժոր էր, գալիս է Հայաստան: Հայրենիքում միջավայրը նրա համար դեռ օտար էր, եւ անչափ հետաքրքիր էր, թե ինչ ընդունելության կարժանանան իր առաջին համերգները: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգներով ելույթ է ունենում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Առաջին իսկ ելույթներով գրավում է երաժշտասեր հասարակության ուշադրությունը: Օհան Դուրյան դիրիժորի անունը տարածվում է ողջ երկրով մեկ: Նա ոգեւորված էր, բայց մի խնդիր անհանգստացնում էր իրեն՝ ինչո՞ւ իր ազգանունը անձնագրերում սխալ են գրում՝ Տուրյանի փոխարեն՝ Դուրյան, չէ որ ինքը Խաչատուրյան ազգանունը կրճատել եւ դարձրել էր Տուրյան: Եվ ահա թե ինչու. «Մեր՝ հայերուս մեջ շատ տարածված է Խաչատուրյան ազգանունը, բայց միջազգային ասպարեզին մեջ ամբողջ երաժշտական աշխարհի աչքին մեկ Խաչատուրյան կա միայն՝ Արամ Խաչատրյանը: Մեկ եւ միակ: Այդպես ալ պետք է մնա աշխարհի աչքին՝ մեկ եւ միակ, ուրիշ ոչ մի հայ երաժիշտ, որ միջազգային ասպարեզ կելլե, պետք չէ կրկնե, պետք չէ խաչաձեւե աշխարհի աչքին մեծ դարձած Խաչատուրյան անունը»:
Հայրենադարձ դիրիժորի տաղանդը գնահատվում է արժանվույնս. նրան վստահվում է ղեկավարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կարճ ժամանակ անց նրա ղեկավարությամբ սիմֆոնիկի համերգները վեր են ածվում տոնական հրավառության: Նա դիրիժորական փայտիկ չէր բռնում, ձեռքով էր խոսում նվագախմբի հետ: Ամեն տարի նորանոր հրավերներ էր ստանում տարբեր երկրներից: «Իրական արվեստագետի նպատակը կատարյալի ձգտումն է, թեւածումների համար ծնվածը պետք է թռիչքի պաշտամունք ունենա,- ասում էր նա,- նվագախումբը ինձ համար մի հսկա երգեհոն է, որով հնչեցնում եմ մարդկային հոգու եւ խղճի մեղեդիացված համանվագը»:
1962-69 թթ. Օհան Դուրյանը իբրեւ հրավիրյալ հյուր հանդես է եկել Լայպցիգի Գեւանդհաուսսի հռչակավոր սիմֆոնիկ նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում տված 19 համերգները, որնց ժամանակ չի օգտագործվում ոչ պարտիտուտ, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դարձել են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն: Նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի, Տոսկանինիի հետ: Առաջարկում են մնալ եւ ղեկավարել համբավավոր սիմֆոնիկը, բայց Մոսկվան չի ընդառաջում այս առաջարկին:
Մեծ է մաեստրոյի ծառայությունը Ֆրանսիայի երաժշտական արվեստին: Ի հատուցումն այդ ծառայությունների, այս երկրի կառավարությունը Օհան Դուրյանին արժանացրել է Ֆրանսիայի արվեստի եւ գրականության ասպետի կոչման, իսկ հայրենիքը՝ ժողովրդական արտիստի, պետական մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի եւ «Մովսես Խորենացի» մեդալի: Բայց նրա ամենամեծ նվաճումը համազգային սերն էր ու գնահատանքը, որ վաստակել էր աշխարհին հային ու Հայաստանը ներկայացրած Մաեստրոն:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

12-01-2021





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO