Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանից գազը հոսում է դեպի Արեւմտյան Եվրոպա

Եվրամիությունը ձգտում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազի ու նավթի մատակարարումներից

Ամերիկյան «Forbes»-ը նշել է, որ 2020 թ. դեկտեմբերի 31-ին երկար սպասված Հարավային գազային միջանցքը պաշտոնապես սկսել է աշխատանքը, եւ ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերությունը հաղորդել է Շահ Դենիզ հանքավայրից Ադրիատիկի ափին գտնվող Իտալիայի Մելենդունյո բնական գազի առաջին առեւտրային առաքման մասին: 3500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ այս գազատարը, որը բաղկացած է երեք մասից՝ Հարավկովկասյան, Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ, տարեկան կտրամադրի 16 մլրդ խմ գազ: Այս ծավալից Թուրքիան տարեկան կստանա 6 մլրդ, իսկ Եվրոպան՝ 10 մլրդ խմ գազ:
Այն պահից, երբ Ադրբեջանի կառավարությունը 2013 թ. հայտարարեց Հարավային գազային միջանցքի կառուցման մասին, այն անվանում են նախագիծ, որի կարիքը Եվրոպան շատ խիստ էր զգում՝ բնական գազի եւ նավթի ռուսական մատակարարումներից իր կախվածությունը նվազեցնելու համար: 2020 թ. առաջին եռամսյակում բնական գազի ներմուծման գրեթե երեք քառորդը եւ Եվրամիությունում սպառված նավթի ներմուծման մոտ մեկ երրորդն առաքվել է Ռուսաստանից:
Մասնավորապես՝ առաջիկա 25 տարվա ընթացքում Անդրադրիատիկ գազատարի միջոցով Հարավային գազային միջանցքով եվրոպական երկրներին կմատակարարվի ավելի քան 10 մլրդ խմ գազ: Այս 10 մլրդ խմ գազից 8 միլիարդը կարտահանվի Իտալիա, իսկ մնացած 2 միլիարդը՝ Հունաստան, Բուլղարիա եւ նրանց հարեւան երկրներ:
Բուլղարիայի էկոնոմիկայի, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախկին նախարար Ասեն Վասիլեւը նշել է. «Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտը կարող է դառնալ կարեւոր հանգրվան ոչ միայն հարավարեւելյան Եվրոպայի, այլեւ ամբողջ Եվրամիության գազի մատակարարման դիվերսիֆիկացման գործընթացում: Բացի «Գազպրոմի» ավանդական մատակարարումներից, Ադրբեջանից գազն արդեն հոսում է Անդրադրիատիկ գազատարով: Սակայն «Հարավային գազային միջանցքը» դեպի Եվրամիություն գազի մատակարարումները լայնորեն դիվերսիֆիկացնելու ներուժ ունի, քանի որ դա հնարավորություն կտա արագ գազ առաքել պլանավորված հանքավայրերից Միջերկրական ծովի արեւելքում եւ Հունաստանի ու Թուրքիայի բնական հեղուկ գազի տերմինալներով:
Չնայած հարավային գազային միջանցքի գործարկումը որոշակի ոգեւորություն է առաջացրել, փոփոխությունները մեկ օրում չեն լինի: Աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռ իր ձեռքում է պահում քաղաքական առանցքային թելերը, ինչպիսին է, օրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարի պայմանագիրը, որը կարող է առաջ քաշվել ցանկացած պահի:
Սպասվում է, որ Եվրոպայի հարավարեւելյան մասի այնպիսի երկրները, ինչպիսին են Հունաստանը, Բուլղարիան ու Սերբիան, կարող են հսկայական շահույթ ունենալ: Հարավային գազային միջանցքը Եվրոպա է հասնում Անդրադրիատիկ գազատարի միջոցով՝ գազն ուղղելով միմյանց միացնող գծերի միջով, որոնք ճյուղավորվում են տարածաշրջանում: Այդ գծերից շատերը կարող են նաեւ հակառակ ուղղությամբ աշխատել:
2020 թ. դեկտեմբերի 31-ին ադրբեջանական գազը հասավ Հունաստան՝ «Nea Mesimvria» կետով, որտեղ Անդրադրիատիկ գազատարը միանում է Հունաստանի ազգային ցանցին: Բուլղարիան նաեւ ստացել է ադրբեջանական գազի առաջին առաքումն արդեն գոյություն ունեցող գծով, որը միացնում է նրան Հունաստանի հետ Կուլատա-Սիդիրոկաստրո առաքման եւ ընդունման կետի միջոցով: Ապագայում ադրբեջանական գազը կմատակարարվի նաեւ Հունաստան-Բուլղարիա գազատարով, երբ այն գործարկվի 2021 թ. հուլիսին:
Խողովակաշարերի համապարփակ ցանցի շնորհիվ բալկանյան երկրները կկարողանան կրճատել ռուսական գազի գնումները, ինչը նրանց հնարավորություն կտա նաեւ «Գազպրոմից» գազի գնի իջեցում ակնկալել: Ներկայումս Բուլղարիան Ռուսաստանից գնում է 2.3 մլրդ խմ գազ (իր գազի ներմուծման 80 տոկոսը), բայց նա արդեն երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ տարեկան 1 մլրդ խմ գազի ուղղակի մատակարարման վերաբերյալ:
Հարավային գազային միջանցքի գործարկումով եվրոպական տարածաշրջանային միացնող գծերը կարող են հարավարեւելյան Եվրոպայի համար գազային մատակարարումների դիվերսիֆիկացման մեկ այլ աղբյուր բացել` հեղուկ բնական գազ: Մեկնաբանելով Հարավային գազային միջանցքի գործարկումը՝ ICGB նախագծային ընկերության գործադիր տնօրեն Թեոդորա Գեորգիեւան ասել է, որ Բուլղարիա-Հունաստան գազատարի գործարկումը կապված չէ միայն ադրբեջանական գազի հետ: Նրանք ակնկալում են, որ այդ կապող խողովակաշարը կթույլատրի բնական գազ ստանալ, այդ թվում՝ հեղուկ գազ, տարբեր աղբյուրներից:
2018 թ. Եվրամիությունը ներմուծել է 108 մլրդ խորանարդ մետր հեղուկ բնական գազ, ինչը կազմում է այդ բլոկի երկրներ գազի ընդհանուր մատակարարումների մեկ քառորդից ավելին: Անցյալ տարի Եվրոպային հեղուկ գազի գլխավոր մատակարարներն էին Քաթարը (28 տոկոս), Ռուսաստանը (20 տոկոս) եւ ԱՄՆ-ը (16 տոկոս): Քանի որ ԵՄ էներգիայի սպառման կառուցվածքում հեղուկ գազի մասնաբաժինն աճում է, դրա ներմուծման ենթակառուցվածքները զարգանում են: Հունվարի 1-ին Խորվաթիայում առաջին տերմինալը՝ «LNG Hrvatska»-ն, սկսեց իր առեւտրային գործունեությունը: Հունաստանը նույնպես նախատեսում է կառուցել տերմինալ Ալեքսանդրապոլիսում (6,1 մլրդ խմ տարողությամբ): Սպասվում է, որ Բուլղարիան եւ Հյուսիսային Մակեդոնիան այս նախագծի բաժնետերերը կդառնան:
Չոր եւ հեղուկ բնական գազն Արեւելյան Միջերկրածովյանից, այդ թվում՝ Իսրայելից, Կիպրոսից եւ Եգիպտոսից, նույնպես կմատակարարվի Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք, որովհետեւ այդ երկրները փորձում են առավելագույնս օգուտ քաղել իրենց զգալի պաշարներից: Արեւելյան Միջերկրածովյանի գազը կարեւոր գործոն կդառնա եվրոպական շուկայում, քանի որ խաղի մեջ է մտել «Chevron»-ը, որը գնել է «Noble Energy»-ն:
Հարավային գազային միջանցքը կարող է ոչ-ռուսական գազի համար դարպաս բացել դեպի Եվրամիություն: Հաշվի առնելով դրա գործարկմանն ուղեկցող անուղղակի հնարավորությունները, օրինակ ՝ փոխկապակցված գծերի ենթակառուցվածքների զարգացումը եւ գազի այլ առաքիչների՝ միջանցքին միանալու հնարավորությունը, այդ նախագիծը հատուկ ոգեւորություն է առաջացնում հարավարեւելյան Եվրոպայում: Բայց այդ միջանցքը չի ձգվում մինչեւ գազի այնպիսի սպառողները, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք գտնվում են մայրցամաքի մյուս կողմում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

12-01-2021





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO