Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ին դուրս մղել Մերձավոր Արեւելքից

Այդ նպատակով Անկարան համագործակցում է Թեհրանի եւ Մոսկվայի հետ

Իսրայելական «The Jerusalem Post»-ը գրում է, որ Թուրքիան ու Ռուսաստանն ավելի ու ավելի են վերածվում ռազմավարական գործընկերների՝ փորձելով համագործակցել Իրանի հետ եւ դուրս մղել ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքից: Այդպիսին է, ըստ լրատվամիջոցի, Թուրքիայի վերջնական նպատակը, իսկ այն հակամարտություններն ու քաոսը, որոնք նա սադրել է, սկսած Սիրիայից մինչեւ Լիբանան, Միջերկրականից մինչեւ Կովկաս, միտված են այդ տարածաշրջանները բաժանելու թուրքական ու ռուսական ազդեցության գոտիների:
Թուրքիան ԱՄՆ-ում գտնվող իր լոբբիստներին ստիպել է հայտարարել, որ Անկարան այնպիսի «աշխարհաքաղաքականություն» է վարում, որ «պատվար» դառնա Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով սառը պատերազմների դարաշրջանի տերմինաբանությունը՝ արեւմտյան առաջնորդներին համոզելու համար, որ Անկարան կանգնած է Վաշինգտոնի կողքին Մոսկվայի հետ նրա դիմակայությունում: Իրականում, սակայն, Թուրքիայի նպատակն է աշխատել Ռուսաստանի եւ Իրանի հետ` Միացյալ Նահանգների ազդեցությունը նվազեցնելու համար:
Հենց այսպիսին է եղել արդյունքն ամեն անգամ, երբ Անկարան միջամտել է այս կամ այն երկրի գործերին կամ մտցրել իր զորքերը: Թուրքիան աշխատել է Ռուսաստանի հետ, որպեսզի բաժանի շրջանները Սիրիայի հյուսիսում՝ այնտեղից դուրս մղելով Միացյալ Նահանգներին եւ նպաստելով ծայրահեղականության տարածմանը: Լիբիան, որում նախկինում ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ը, այժմ վերածվել է Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբավորումների որջի:
«Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերջերս ավարտված պատերազմը նույնպես այնպես էր կազմակերպված, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարողանան անմիջական շփման մեջ մտնել Կովկասի հարավում՝ նվազեցնելով ԱՄՆ-ի ազդեցությունը եւ տարածաշրջանը կիսելով միմյանց միջեւ: Ասվածի ապացույցները կարելի է գտնել համաձայնագրում, որը վերջ դրեց այդ պատերազմին: Կրակի դադարեցման պայմանագրի համաձայն՝ ինքնավար հայկական տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ են մտել ռուսական խաղաղապահները եւ զինվորները: Հենց Թուրքիան է Ադրբեջանին մղել Հայաստանի դեմ պատերազմի Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում հսկայական վնաս հասցվեց, եւ շուրջ 50 հազար մարդ ստիպված էր փրկվել փախուստով»,- գրել է «The Jerusalem Post»-ը:
Խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի հարձակումները հերթական գործողությունն են, որը շատ բանով դարձել է Աֆրինի էթնիկ զտումների կրկնությունը: Հիշեցնենք, որ թուրքական զինված ուժերի մասնակցությամբ 2018 թ. հունվարին կատարված էթնիկ զտումների պատճառով քրդերն ստիպված էին փախչել Աֆրինից: Արցախում իրավիճակը զարգացավ նույն սցենարով, Թուրքիան այնտեղ ուղարկեց ծայրահեղականների, որպեսզի նրանք թալանեն եկեղեցիներն ու ստիպեն հայերին փախչել:
Այն բանից հետո, երբ օսմանյան ռեժիմը 1915 թ. իրականացրեց հայերի ցեղասպանությունը, Թուրքիան ցանկացավ շարունակել այդ գործընթացը: Ինչպես եւ 1915 թ., վերջնական նպատակը Կովկասում Ռուսաստանի դերի ուժեղացումն էր:
Տարածաշրջանում իրավիճակն Անկարան դիտարկում է Օսմանյան կայսրության տեսանկյունից: Հենց այդ պատճառով շարունակում է խոսել Լոզանի պայմանագրի եւ այն բոլոր համաձայնագրերի վերաշարադրման անհրաժեշտության մասին, որոնք կնքվել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Անկարայի ներխուժումը Սիրիա եւ Իրաքի հյուսիսում տասնյակ բազաների ստեղծումը, ինչպես նաեւ նրա ներգրավվածությունը Լիբիայի գործերում ու Արեւելյան Միջեկրածովյանում նրա ռազմավարության մասն են կազմում:
Թուրքիան տարբեր երկրներում իր ներգրավվածությունն ու միջամտությունը տարբեր կերպ է մեկնաբանում: Վաշինգտոնում այն անվանում է «աշխարհաքաղաքականություն»՝ ջանալով ԱՄՆ-ի դաշնակիցը թվալ: Իրականում Թուրքիան արագ տեմպերով ռուսական զենք է գնում:
Վերջերս Թուրքիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են առողջարանային քաղաք Սոչիում, որպեսզի քննարկեն ռազմավարությունը:
Թուրքիան հաճախ ապատեղեկատվություն է տարածում իր պետական ԶԼՄ-ների միջոցով, բանտարկում լրագրողներին, այլախոհներին, քննադատում Միացյալ Նահանգներին եւ հիմա ավելի ու ավելի է մերձենում Ռուսաստանին:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից անցել է չորս տարի: Կողմերը փորձեցին արագ մոռանալ այդ միջադեպը հանուն նոր դաշինքի ամրապնդման:
Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը դրանք դիտարկում են որպես պրագմատիկ աշխատանքային հարաբերություններ, որոնք ձեւավորվել են 2016 թ. Աստանայի գործընթացի արդյունքում (սիրիական խաղաղության գործընթաց), որի նպատակն էր բաժանել Սիրիան ազդեցության գոտիների եւ ԱՄՆ-ին դուրս մղել Սիրիայի արեւելքից: Վերջնանպատակը նույնն էր՝ վտարել Միացյալ Նահանգներին եւ նոր դաշինքի յուրաքանչյուր անդամի տալ վերահսկման համապատասխան գոտի:
Թուրքիան փորձել է ակնարկել Իսրայելին ու ԱՄՆ-ին, որ «հաշտություն» է ցանկանում: Սակայն երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսում է խոսել, չի թաքցնում իր ռազմատենչ տրամադրությունները: Նրա ծառայողները արհամարհում են Միացյալ Նահանգներին ու Եվրոպային: Նրանք օգտագործում են «հաշտություն» եզրույթը միայն այն պատճառով, որ հավատում են, թե դյուրահավատ արեւմտյան մամուլը կօգնի իրենց ժամանակ շահել եւ արժանանալ ԱՄՆ-ի նոր վարչակազմի բարեհաճությանը, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքները Ռուսաստանի եւ Իրանի հետ:
Նախկինում ԱՄՆ-ն ավելի նշանակալից դեր է կատարել Կովկասում: Վրաստանը սպասում էր, որ ԱՄՆ-ը կօգնի իրեն 2008 թ., երբ պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ վիճելի տարածքների պատճառով: Երբ Վրաստանը պարտվեց, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դերը Կովկասում նվազեց: Ավելի ուշ՝ 2014 թ. Ուկրաինան նույնպես օգնություն էր ակնկալում Ամերիկայից, բայց արդյունքում կորցրեց Ղրիմը:
Պատերազմը, որն Ադրբեջանը Թուրքիայի հրահրմամբ սանձազերծեց 2020 թ. սեպտեմբերի վերջին, ազդարարեց Կովկասի գործերում Միացյալ Նահանգների ներգրավվածության ավարտը: Չնայած Թուրքիան համոզեց բոլորին, որ այս պատերազմն անհրաժեշտ է Իրանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար, իրականում Անկարան համագործակցում էր Թեհրանի եւ Մոսկվայի հետ:
Նպատակը մեկն էր՝ Ռուսաստանին Հարավային Կովկասում ներգրավել որպես խաղաղապահ ուժ եւ չեզոքացնել արեւմտյան ցանկացած ազդեցություն:
«Հիմա Հայաստանը դարձել է Մոսկվայի ու Անկարայի պատանդը: Թուրքիան ցանկանում է դա: Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ ձգտում էր ավելի սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Իսրայելի հետ, հիմա նույնպես հայտնվել է անկյունում՝ Անկարայի կողմից: Արդյունքում ուժեղացել է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի վերահսկողությունը, դրան զուգահեռ թուլացել են Հարավային Կովկասի անկախ պետությունները:
Արեւմտյան ԶԼՄ-ներին կերակրում են հեքիաթներով, որ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունը դատապարտված է ձախողման այն պատճառով, որ Օսմանյան, Պարսից եւ Ռուսաստանի կայսրությունների նպատակները պատմականորեն բաժանվում են, կամ էլ այն պատճառով, որ դրանք իրենցից սուննի, շիա եւ քրիստոնեական երկրներ են ներկայացնում: Սակայն դա պատմության ոչ ճիշտ մեկնաբանություն է: Իրականում նրանք պատրաստ են միասին աշխատել Արեւմուտքի ընդհանուր թշնամիների դեմ պայքարում կամ էլ հանուն իրենց ծրագրերի առաջմղման:
Նրանց միջեւ շատ ընդհանրություններ կան, քանի որ բոլորն էլ նոր զարգացող տերություններ են, որոնք ձգտում են վերջ դնել սառը պատերազմից հետո ձեւավորված միաբեւեռ աշխարհին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ: Վաշինգտոնի այն ներկայացուցիչները, ովքեր Թուրքիային նայում են սառը պատերազմի պրիզմայով, սխալվում են այդ երկրի վերջնանպատակների հարցում: Անկարայի նպատակը միշտ եղել է թուլացնել եւ նվազեցնել Միացյալ Նահանգների դերը Մերձավոր Արեւելքում՝ միաժամանակ ավելացնելով Ռուսաստանի եւ Իրանի դերը»,- շեշտել է «The Jerusalem Post»-ը:
Իսրայելական լրատվամիջոցն ավելացրել է, որ Անկարան իր յուրաքանչյուր ռազմական միջամտությամբ փորձել է մեծացնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը, թուլացնել ոչ միայն Ամերիկան, այլեւ ցանկացած խմբավորում, որը ձգտում է ժողովրդավարության եւ մամուլի ազատության, ինչպես նաեւ ներգրավել ծայրահեղականների եւ ավտորիտար առաջնորդների:
«The Jerusalem Post»-ի վերլուծությունը կարող է ազդարարել նաեւ այն մասին, որ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը, որի իրական սպասարկողն Իսրայելն է, սկսում է որոշակի փոփոխությունների ենթարկվել, որում Թուրքիան ամենեւին էլ Արեւմուտքի դաշնակիցների թվին չի դասվում, այլ այն երկրների, որոնց նկատմամբ նույն Արեւմուտքի կողմից արդեն լուրջ պատժամիջոցներ են կիրառվել…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

12-01-2021





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO