Մեր սիրո նավը, որ մեր կարիքն ունի…
Բարձրացրու փրկության առագաստը, երբ քամին հակառակ է փչում
«Հաշվի առնելով անցյալ ողջ իրադարձությունները, ես պարտավոր եմ դեռ լինել։
Ես ուզո՛ւմ եմ… եւ ես կլինե՛մ։
Բացի այդ, իմ Լինելությունն անհրաժեշտ է ոչ միայն իմ սեփական անձնամոլության, այլեւ ողջ մարդկության համընդհանուր բարօրության համար։
Իմ Լինելությունը, ըստ էության, անհրաժեշտ է ողջ մարդկանց. նույնիսկ առավել անհրաժեշտ, քան նրանց ներկա բարեկեցությունն ու երջանկությունը։
Ես դեռ ուզում եմ լինել… Ես դեռ կա՛մ»
Գեորգի Գուրջիեւ
Այն, ինչ ապրեցինք մենք 2020-ին, չեմ վարանում ասել` եւ մարդկությունը, ստիպում է մեզ վերանայել մեր ապրելակերպը, քննել եւ հասկանալ, թե ինչու հայտնվեցինք դժոխքում, այն դժոխքում, որ թվում է, թե ետմահու հատուցում է, եւ սոսկ մեռյալներն են գնում այնտեղ եւ ոչ ապրողները, որ դրախտն ու դժոխքն այնտեղ են` հանդերձյալ կյանքում…
Գուցե եւ իսկապես այդպես է, պետք է որ այդպես լինի, սակայն մենք` մեր իսկ կամոք, կա՛մ հայտնվեցինք հանդերձյալ կյանքում, կա՛մ այդ «կյանքը» տեղափոխեցինք մեզ մոտ` մեր իրականություն. ինչ է դա` զուտ հետաքրքրությո՞ւն, թե՞ ինքներս մեզ մերժելու տարօրինակ վարք ու ցանկություն. ինչո՞ւ հանկարծ խռովեցինք ինքներս մեզնից, ինչո՞ւ այնքան հեռացանք ինքներս մեզնից, որ դարձանք անճանաչելի` անգամ ինքներս մեզ համար… Մերժեցինք մեր իսկ ձեռքբերումները, արժեքները, մեր ստեղծածն ու արարածը եւ սկսեցինք ներմուծել, ներմուծել այն, ինչ ժխտել էինք մեր ողջ կյանքում… Փառաբանեցինք այն, ինչ մերը չէր, ավելին` ինչ մարդկային չէր, ինչն արհամարհանքից բացի ուրիշ գնահատական չպիտի ունենար, բայց մենք դա դարձրեցինք «idee fix» ու սկսեցինք պահել գլխավերեւում, քանզի այն չէր տեղավորվում գլխի մեջ, դուրս էր ուղեղային տիրույթից, ուստիեւ սկսեցինք մերժել նաեւ ուղեղի արտադրանքը. այն մեզ ոչ միայն մերժելի, այլեւ ծաղրելի ներկայացավ, ու սկսեցինք լքել ինքներս մեզ, մեր ներաշխարհը, մեր ես-ը, մեր տեսակը…
Մենք ուզում էինք ինքնահաստատվել ուրիշի կերպարով, նրա ցանկությամբ ու քմահաճույքով, քանզի սկսել էինք չհավատալ մեզ, չվստահել մեր արժանիքներին, եւ ուրիշի զրոյականը մեզ հաստատուն թիվ ներկայացավ, որով կարծես պիտի նվաճեինք աշխարհը ու հպարտ լինեինք մեզնով, սակայն որքան նմանվում ու ձգտում ես նմանվել, վերածվում ես հայտնի կենդանուն, որ սոսկ ծաղրուծիծաղ է առաջացնում, ոչինչ ավելի, քանզի հաճույքով նրան վարժեցնում են, վարժեցնում են բնազդային կամեցողության վրա, ու որքան կենդանին վարժվում է թելադրված գործողություններին, այնքան հպարտանում է ինքն իրենով, քանզի թելադրված գործողությունները դադարում են դժվարին լինելուց եւ դառնում են հեշտ, դյուրամարս… Այլեւս ժամանակ ու ջանքեր չենք վատնում՝ հասկանալու, քննելու, մտածելու եւ ստեղծելու համար. թվում է` ամեն ինչ պատրաստի է, մնում է վերցնել, սեփականացնել ու երջանկանալ… Մենք հրաժարվեցինք չարչարանքից, որ պտուղներ է տալիս, ալարեցինք սերմանել, արհամարհեցինք արմատները, որ սնում են բունն ու ճյուղերը, սաղարթները, չուզեցինք ձեռքներս վեր պարզել ու քաղել պտուղները, գերադասեցինք սպասել փրկարար քամու, որ մեր փոխարեն թափահարեր ծառն ու պտուղները թափեր մեր ոտքերի տակ, բայց քամին անընդհատ շրջանցեց մեզ, հեգնեց ու անցավ կողքով, իսկ մենք շարունակում ենք ափսոսալ ուժ չունեցող ու մեզնից փախչող քամու անհասկացողության համար…
Ավտովթարի ենթարկված Գուրջիեւը խոստովանում է, որ անընդհատ ստիպում էր իրեն վեր կենալ, քայլել ու աշխատել, ստեղծագործել, ավարտին հասցնել հղացումը, քանզի պատասխանատու էր իր իսկ ներաշխարհի առջեւ, ողջ մարդկության առջեւ, քանզի այն, ինչ կար ներսում, սոսկ անձնական սեփականություն չէր, այլ տրված էր իրեն, որ բազմապատկի ու բաժանի, հասանելի դարձնի այլոց, ողջ մարդկությանը… Կտրվել ինքն իրենից, սեփական ներաշխարհից, հավասարազոր է մահվան, չգոյության, դժոխքում հայտնվելու անխուսափելիության, ինչպես որ եղավ մեզ հետ, քանզի սկսեցինք զտել մեր ներաշխարհը ու հնարավորինս դատարկել այն` նրա պարունակությունը հայտարարելով ամոթալի. կարեկցանքը, խիղճն ու սերը սկսեցին շփոթեցնել մեզ, ավելին` ամաչեցինք մեր գիտելիքներից, բարոյականությունից, վեհությունից, հավասարվելու համար սկսեցինք հնարավորինս ձգտել ստորիններին` փոխանակ նրա՛նց բարձրացնելու, հասու դարձնելու բարձրագույն արժեքներին…
Բնության մեջ ոչինչ չի լինում հենց այնպես, հենց այնպես չի առաջանում ոչ մի բջիջ, ոչ մի բուսական ու կենդանական աշխարհ, եւ մա՛րդ չի ծնվում հենց այնպես… Որքան էլ ամեն բան թվա պատահական ու ինքնաբերական, այնուամենայնիվ, նպատակային է, անհրաժեշտական… Մարդը գուցե եւ բնության լրացումն է, գեղեցիկ մի շտրիխ, առանց որի իմաստազուրկ կլիներ այն, ինչ կարող էր լինել առանց մարդու ներկայության ու լինելության, ինչն անհրաժեշտ է գիտակցել եւ պատասխանատվություն ունենալ սեփական գոյության ու լինելության առջեւ ու քեզանով լցնել վակուումը, ապրելո՛ւ վակուումը… Իսկ ապրելու համար անհրաժեշտ է նպատակ, այլապես վախճա՛նը ինքնըստինքյան կվերածվի նպատակի, այլ կերպ` ծնունդը հենց կդառնա մեռնելու նպատակ, ինչն առաջին պահ գուցե եւ աբսուրդ թվա, սակայն ամենապարզ գիտակցումն իսկ հուշում է, որ ծնունդից մինչեւ մահ չլցված վակուումը պարզապես կարճ միացում է ծնունդի ու մահվան միջեւ… Նպատակն է կազմակերպում ես-ը եւ այն գաղափարն ու իդեալը, որոնք տանում են դեպի նպատակ։ Նպատակը ոչ միայն անհատին է վերաբերում, այլեւ հանրությանը, ժողովրդին, ազգին ու պետությանը։ Անհատը հանուրի բաղկացուցիչն է, եւ յուրաքանչյուր բաղկացուցիչ իր չափով, իր տեղում եւ իր ունակություններով կոչված է իր առանձնահատուկ նպաստը ներդնել հանուրի գաղափարական պայքարում` հանուն համընդհանուր բարօրության, որը, ի վերջո, նաեւ սեփական բարօրության երաշխիքն է, որի հակառակը չի լինում, ինչն արդեն իսկ ապացուցված է վերջին տասնամյակների մեր կյանքով…
ԽՍՀՄ փլուզումից հետո մեր գաղափարական պայքարը շատ կարճ տեւեց, քանզի կորցրինք մեր ապրելու նպատակը, դրա հետ մեկտեղ` նաեւ իդեալը եւ հայտնվեցինք անորոշության տիրույթում ու ցրվեցինք, մասնատվեցինք եւ, չունենալով համընդհանուր նպատակ ու գաղափար, իդեալ, սկսեցինք պայքարել ոչ թե հանունի, այլ ընդդեմի, դուրս եկանք միմյանց դեմ, ու յուրաքանչյուրն սկսեց սայլը քաշել դեպի իրեն, իր կողմը, եւ, մերժելով պայքարը հանուն համընդհանուր բարօրության, սկսվեց պայքար հանուն անձնամոլության, հանուն ես-ի, այն բաղկացուցիչի, որ դուրս եկավ սեփական ամբողջի դեմ, ինչպես որ մարմնում աճող ու մարմնից սնվող չարորակ ուռուցքն է քայքայում ողջ մարմինը ու, ի վերջո, դատապարտում կործանման, հանգեցնում անվերապահ վախճանի…
Մեզ համախմբել էր հայրենիքի գաղափարը, մեր համընդհանուր նպատակը` մեր հայրենիքի մի մասն ազատագրելու եւ դրանով հանդերձ ամբողջանալու գաղափարը, իսկ այդ գաղափարն առաջ էին տանում անհատները, որ իրենց կամքով ու համառությամբ հերոսանում էին մեր աչքին ու դառնում իդեալ ու մեզ համար ծառայում օրինակ. գիտեինք` ուր ենք գնում, հանուն ինչի եւ ինչպես… Մեզ ուժ էին տալիս մեր հավաքականությունն ու բարությունը, կամեցողությունը, հոգատարությունը, սերը միմյանց հանդեպ… Ովքեր ներկա, մասնակից ու ականատես են եղել 88-ի շարժմանը, կհիշեն, թե որքան փոխզիջում կար միմյանց հանդեպ, ամենուր` թե՛ տրանսպորտում, թե՛ փողոցներում, թե՛ խանութներում եւ այլուր, որքան ժպիտ ու հավատ, հոգատարություն, ոտքի տեղ տալու, հացուջուր բաժանելու նվիրվածություն… Ու մենք հաղթեցինք, հասանք մեր նպատակին, ու թվաց, թե գաղափարն սպառեց իրեն, իդեալը տարրալուծվեց մեր մեջ, ու ինքներս դարձանք սեփական իդեալը…
Սկսեցինք գաղափարն ու նպատակը որոնել մեր մեջ` աչքաթող անելով այն, ինչը թվաց, թե մեզնով ենք արել ու այլեւս այն մեր հոգատարության կարիքը չի զգում, կապրի ինքն իրեն… Այստեղ խաբեցինք ինքներս մեզ եւ կամովին զենքը վայր դրեցինք, ամեն տեսակ զենք վայր դրեցինք` սկսած կրթություն ու մշակույթից, գիտություն ու արվեստից մինչեւ տնտեսություն ու քաղաքականություն, եւ, ի վերջո` իշխանություն, սեփական պետության իշխանություն, ինչը հաճույքով ու առանց հապաղելու իրենց ձեռքը վերցրին ուրիշներն ու սկսեցին սպառնալ մեր պետության ու հայրենիքի գոյությանը, իսկ մենք` արդեն իսկ թուլացած, բայց կարծես թե սեփական բարօրությամբ ինքնաբավ, չզգացինք ու չգիտակցեցինք, որ նավը, որի ներսում մեզանից յուրաքանչյուրը սեփական ոսկե խցիկն է կահավորել, խորտակվում է եւ մեզ իր հետ քաշում է անդունդ, եւ անգամ փոթորկի պահին փոխանակ մտածենք նավը փրկելու մասին, փորձում ենք մեր խցիկը փրկել խորտակումից… Ապարդյուն… Մենք չենք փրկի մեր խցիկը, քանի չենք փրկել Նավը, որ մեր օգնության ու սիրո կարիքն ունի…
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ 13-01-2021
|

փակել >>
|