Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


Ռազմական հաջողություն ինքնիշխանության նվազման հաշվին

Թուրքիան «թարմացնում» է իր հարաբերություններն Արեւմուտքի հետ

Ադրբեջանն իր ինքնիշխանությունը նվազեցնելու ճանապարհին է։ Թուրքիայի կողմից ռազմաբազաների ստեղծումը նման զարգացումների տրամաբանության շրջանակներում է։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծումը ժամանակի հարց է. «Միանգամից դա չի արվի, որպեսզի չնյարդայնացնեն ռուսական կողմին։ Սակայն մոտ ապագայում կսկսեն այդ ռազմաբազաների կառուցումը, եւ չի բացառվում, որ մեկն էլ կառուցեն Կասպից ծովի ափին»։ Տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան պատրաստվում է երեք ռազմական ավիաբազա կառուցել Ադրբեջանի Գանձակ, Լենքորան եւ Գաբալա քաղաքներում։ Թեեւ ադրբեջանական կողմը հերքել է այդ լուրը, սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այդ քաղաքները բավականին մոտ են Հայաստանին, Իրանին եւ Ռուսաստանին։
«Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն Իլհամ Ալիեւի գլխավորությամբ կարեւոր ռազմավարական սխալ արեց, որը հետագայում ծանր է լինելու Ադրբեջանի համար։ Հիմա այդ գործընթացը դեռ նոր է սկսվել։ Ադրբեջանը մի կողմից համաձայնեց, որ ռուսական խաղաղապահները տեղակայվեն, այսպես ասած, «իր տարածքներում», մյուս կողմից էլ՝ տարբեր բնագավառներում իր ինքնիշխանությունը զիջում է Թուրքիային, օրինակ՝ ռազմական, տնտեսական եւ այլն։ Դա Ադրբեջանի ինքնիշխանության թուլացման, կորստի գործընթաց է»,-մեկնաբանեց Սաֆրաստյանը։ Ադրբեջանը հազիվ թե կարողանա, Ռուսաստանի եւ Թուրքիայի հակասությունների վրա «խաղալով», շահեկան դիրքերում հայտնվել։ Այն եզակի երկիրն է, որի տարածքում կգտնվեն երկու տարբեր երկրների, ավելին՝ երկու հակադիր ռազմական դաշինքներում ներկայացված երկրների զինված ուժերը։ Դրանից ելնելով՝ զրուցակիցս կարծում է, որ Ադրբեջանը ոչ թե կկարողանա «խաղալ» հակասությունների վրա, այլ կդառնա այդ երկրների հակասությունների սրացման թատերաբեմ, ինչն ապագայում մեծ վնասներ կբերի։
Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին օրեր առաջ խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով արցախյան պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցությանը, եռակողմ հայտարարությանը եւ հետպատերազմյան զարգացումներին: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, թե կա հավանականություն, որ այդ նախապայմանները կբավարարվեն, թուրքագետը նկատեց, որ Չավուշօղլուն նախապայմանների մասին իր խոսքում որեւէ բան չի նշել, հետեւաբար կարելի է ենթադրել, որ դրանցից չի հրաժարվում եւ կարծում է, որ Հայաստանը կընդունի այն նախապայմանները, որոնք Թուրքիան արդեն 15 տարի շարունակ մեզ ներկայացնում է՝ հարաբերությունները կարգավորելու դիմաց։ Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարմանը, Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների հանձնմանն Ադրբեջանին եւ Կարսի պայմանագրի վերահաստատման խնդրին։ «Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը լռելյայն հրաժարվի իր նկատմամբ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունից։ Թեեւ Թուրքիան Արցախի հարցը կարծես թե լուծված է համարում, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է բարձրացնի Արցախի հիմնահարցը կամ էլ արտաքին քաղաքականության օրակարգից հանի այն։ Չեմ կարծում, որ Թուրքիան այնքան միամիտ է, որ մտածում է, թե Հայաստանը եւ հայ ազգը կհրաժարվեն Արցախի իրավունքները պաշտպանելուց»,-ասաց նա։


Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ջերմացման նոր փուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 9-ին քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դը Լյայենի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ ԵՄ-ի երկկողմ հարաբերությունների զարգացման խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադարձությունները: Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն առաջնակարգ դիրք է գրավում Թուրքիայի օրակարգում, եւ Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում։ Նա մատնանշել է Մաքսային միության նորացման, իր երկրի քաղաքացիների համար վիզայի ազատության ապահովման եւ Թուրքիայի անդամակցության բանակցություններում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ 2020 թ. տարեվերջին Թուրքիայի հետ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու մասին հայտնել էր Բրիտանիայի առեւտրի նախարար Լիզ Թրասսը։ Նման համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունն առաջացել էր Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո: Այդ համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առեւտրային հարաբերությունները, ըստ որոնց փոխադարձ առեւտուրն ազատվում է մաքսատուրքերից:
Սաֆրաստյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է քաղաքական նոր կուրս մշակել Արեւմուտքի հետ՝ կապված Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալու հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով ԵՄ-ից ունեցած կախումը. «Թուրքիան չի կարող ԵՄ-ի հարցում թելադրողի դիրքերից հանդես գալ, բայց կարող է որոշակի խաղ խաղալ։ Թուրքիան գիտակցում է, որ Ռուսաստանի հետ վերջին շրջանում մերձեցումը չի կարող ապահովել տեխնոլոգիական բնագավառում իրեն անհրաժեշտ առաջընթացը, որովհետեւ այդ մասով Թուրքիայի կախվածությունն Արեւմուտքից շատ մեծ է։ Թուրքիան այս բնագավառում ամերիկյան եւ եվրոպական աջակցության կարիքն ունի»։
Էրդողանի հիմնական նպատակն է տարածաշրջանում ապահովել Թուրքիայի համար առաջնային դիրք։ ԵՄ-ն էլ իր հերթին է շահագրգռված պահպանելու Թուրքիայի հետ իր հարաբերությունները եւ հաղթահարելու այն խոչընդոտները, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս։ Կա երկկողմանի շահ, թեպետ երբեմն-երբեմն հռետորաբանությունը կոշտանում է։ Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան մնում է Արեւմուտքի դաշնակիցը։ Այնուամենայնիվ, Սաֆրաստյանը հավանական չի համարում, թե ԵՄ-ն կհամաձայնի, որ Թուրքիան լիարժեք անդամ դառնա։ Մյուս կողմից էլ՝ չի կարծում, որ Թուրքիան լրջորեն փորձելու է ԵՄ-ի անդամ դառնալ, պարզապես, ԵՄ-Թուրքիա խաղի հերթական փուլերից մեկն է։ Այս ամենի հիմնական նպատակն է ապահովել արեւմտյան նորագույն տեխնոլոգիաների մուտքը Թուրքիա։ Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է այն առումով, որ Թուրքիան այդպես էլ, օրինակ, ինքնուրույն չկարողացավ տարիներ շարունակ իր արտադրած ինքնաթիռների համար շարժիչներ ստեղծել։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է իրատեսական Արցախում ռուս-թուրքական բախման հավանականությունը, արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարը նշեց, որ երկու կողմն էլ լավ հասկանում են, որ դրանից պետք է խուսափել, եւ երկուսն էլ կարմիր գծերը չեն անցնի. «Էրդողանի արտաքին քաղաքականությունը, որը շատ դեպքերում ավանտյուրիստական է եւ խախտում է տարբեր տեսակի պայմանավորվածությունները, շատ լավ գիտի այն կարմիր գծերը, որոնք չի կարելի անցնել։ Թուրքիան ամեն դեպքում կփորձի խուսափել Ռուսաստանի հետ ռազմական բախումից»։ Սաֆրաստյանն էլ ավելի փոքր է համարում Իրանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական բախման հավանականությունը։ Երկու երկրներն առաջին համաշխարհային պատերազմից հետո ցույց են տալիս, որ չնայած պատմական, դավանաբանական եւ աշխարհաքաղաքական հակասություններին, կարողացել են գտնել այն մոդուսը, որն ապահովում է համագործակցություն տարբեր բնագավառներում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

13-01-2021





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO