Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Բոլորի սիրելի Ժորան

Արցախյան վերջին պատերազմը մեզանից տարավ տարածքներ ու հայրենիք, հազարավոր լույս տղաների։ Միայն Քաշաթաղի շրջանից այժմ ունենք 70-ից ավելի զոհված ու անհետ կորած զինվորներ, նրանց թվում նաեւ՝ ժամկետային զինծառայողներ։
Բերձորցի Ժորա Սարգսյանը ծնվել է 2000 թ. հուլիսի 9-ին Երեւանում։ Նույն տարի նրանց ընտանիքը տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք, եւ Ժորան Բերձորում մեծացավ, իր հայրենիքը Քաշաթաղը դարձավ։ 12 տարի սովորեց Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2019-ին ավարտեց ու նույն տարի, ամռանը զորակոչվեց Հայոց բանակ։ Զորակոչի օրը զրուցեցի ժորայի հետ. գիտեր՝ որն է իր առաքելությունը, գիտեր՝ ինքն ու իր զինակից ընկերները պետք է պաշտպանեն Հայոց երկիրը։ Գիտեր՝ քրոջ ու փոքր եղբոր, մոր ու տատի համար է մեկնում բանակ։ Ավագ եղբայրը՝ Արսենը, վերջերս էր զորացրվել, պատմել էր Հայոց բանակի մասին։
Դպրոցական տարիներից էի ճանաչում Ժորային՝ միշտ աչքի էր ընկնում իր համեստությամբ, բարի բնավորությամբ։ Սիրած զբաղմունքը ֆուտբոլն էր, խաղում էր Բերձորի թիմում։ Հաճախ էին կազմակերպվում ֆուտբոլային առաջնություններ շրջանում, եւ հաճախ էի լուսաբանում այդ խաղերը։ Ցանկացած հանդիպման ժամանակ լավագույն խաղացողներից էր Ժորան, եթե ոչ առաջինը։ Շրջանի հարավային թեւի Իշխանաձոր գյուղում «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից վերջին տարիներին կառուցվեց մարզադաշտ, որը կրում էր 2016 թ. ապրիլյան քառօրյայի հերոսներից Անդրանիկ Զոհրաբյանի անունը։ Այս մարզադաշտում հաճախ էին ընթանում Քաշաթաղի շրջանային մրցաշարներ, ու Ժորան մշտապես Բերձորի թիմի առաջատարն էր, լավագույն խաղացողներից մեկը։ Իր ապագան կապում էր ֆուտբոլի հետ, ամենասիրած մարզաձեւն էր, բնագավառը։ Բոլորն էին սիրում Ժորային, ուսուցիչները, դասընկերները, թիմակիցները, նրան ճանաչողները։
Երբ սկսվեց արցախյան 2020 թ. պատերազմը, իրենց դիրքերում էին հատկապես ժամկետային զինծառայողները: Պատերազմն ընթանում էր, ու հավատում էինք՝ հաղթելու ենք, հավատում էինք՝ մեր զինվորները թույլ չեն տա՝ թշնամին մտնի Հայոց երկիր։ Հավատում էինք բերձորցի մեր զինվորներին՝ բոլորն էին վստահ մեկնել, ու այդպես եղավ՝ կռվեցին տղաներն անձնուրաց, այդ թվում նաեւ՝ Հադրութում ծառայող Ժորան։ Մինչ պատերազմը՝ անցել էր ուսումնական դասընթացներ, ստացել սերժանտի կոչում, պատերազմն սկսվելուց օր առաջ արդեն ավագ սերժանտ էր, գիտեր անելիքը, պարտավորությունը, որ պատասխանատու է նաեւ իր ջոկի զինակիցների համար։ Մարտական ընկերների ասելով՝ օրինակելի, պարտաճանաչ զինվոր էր։ Ասում են՝ զինակիցների հետ զրուցելիս կարեւորում էր հայոց հողի պաշտպանությունը, կորցրած հայրենիքի վերադարձը։
Երբ սերժանտական դասընթացներն ավարտել էր, եկել էր արձակուրդ։ «Շատերս էլ արդեն ուսանող՝ վերադարձել էինք մեր սիրելի Բերձոր ու դասընկերներից շատերով, ովքեր այդ ժամանակ Բերձորում էին, հավաքվեցինք, հիշեցինք մեր դպրոցական ուրախ ու անհոգ օրերը։ Ժորը պատմում էր իր ծառայությունից, խաղում էինք նրա սիրելի խաղը։ Եվ հենց արձակուրդի ընթացքում էլ անընդհատ ուզում էր ֆուտբոլ խաղալ: Ընկերներով գնացին դպրոց, դահլիճում ֆուտբոլ խաղացին, ու գնաց շարունակելու ծառայությունը»,- պատմում է դասընկերուհի Սյուզի Սահակյանը։ Մնացել էր 9 ամիս, որ զորացրվեր ու մտածեր հետագա անելիքների մասին, սակայն սկսվեց պատերազմը։ Առաջին օրվանից արդեն մարտադաշտում էր, իր զինակիցների հետ հայրենիքն էր պաշտպանում՝ հավատով՝ հաղթելու ենք, տուն է գալու։ Պատերազմի նախորդ օրն էր դիրքերից իջել, բայց նորից հենակետում էր։ Շատ անվախ էր. պատմում են՝ բոլորին ոգեւորում էր, հումորներ էր անում զինվորներին ուրախացնելու համար ու ոչ մի կերպ չէր ընկճվում։ Պատերազմի սկզբում այրվածք էր ստացել դեմքի հատվածում, բայց չի համաձայնել լքել դիրքը եւ մինչեւ վերջ պայքարել է՝ անառիկ պահելով դիրքը։ Հոկտեմբերի 23-ին դաժան մարտեր էին ընթանում նաեւ Ժորայի ջոկի պաշտպանական տարածքում։ Կռվում էին տղաները, Ժորան ոգեւորում էր ընկերներին, մարտնչում հերոսաբար։
Վերջին կռիվը տվեց քաջորդին ու մարտիրոսվեց՝ մնալով բոլորի համար սիրելի։ Դարձավ հավերժի ճամփորդ, դարձավ հանուն հայրենիքի մարտիրոսված անմահ հերոս։ Երեւանում՝ ամենասրբավայր Եռաբլուրում, արցախյան գոյամարտի ու հետագա տարիներին մարտիրոսված հազարավոր քաջորդիներ են «լուռ շքերթի» ելել։ Առավել շատ են վերջին պատերազմում անմահացածների շիրիմները՝ դեռեւս ծածկված թարմ ծաղիկներով, Հայոց եռագույնով։ Անմահների շարքում է նաեւ Ժորա Սարգսի Սարգսյանի շիրիմը։ Լուսավոր ու կյանքով լեցուն մի երիտասարդ, ով ապրեց ընդամենը 20 տարի, դարձավ հանուն հայրենիքի պաշտպանության մարտիրոս ու համալրեց անմահների շարքերը։ Բերձորի թիվ 1 միջնակարգը, որտեղ 12 տարի սովորեց քաջորդին, նույնպես փակվեց պատերազմի պատճառով, այս տարվա ամռան ընթացքում էր հիմնանորոգվել, ցավոք, այժմ ավերակ է։
Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանն իր սանի մասին գրում է. «Շատ ընդունակ էր, բայց ուժերը չէր օգտագործում, հասուն, ընկերասեր տղա էր։ Շատ էր սիրում սպորտով զբաղվել, հատկապես ֆուտբոլով էր հետաքրքրված, ուներ հաջողություններ, ծառայությունից հետո ցանկանում էր զբաղվել սպորտով, դասարանում բոլորը հարգում ու հաշվի էին նստում նրա կարծիքի հետ։ Հարգանքով էր ուսուցիչների նկատմամբ, լուսավոր տղա էր մեր Ժորան: Փառք հերոսին, բոլոր նահատակներին։ Մեծ ցավ զգացինք՝ լսելով մեր սիրելի աշակերտի մասին»։ ժորայի դասընկերուհին՝ Սյուզի Սահակյանն այսպես է ներկայացնում դասընկերոջը. «Ժորին բոլորս շատ սիրում եւ հարգում ենք, դժվար է մեր անմահ ընկերոջ մասին անցյալով խոսել. թվում է՝ դեռ բանակում է ու շատ շուտով տուն է գալու: Մեր դպրոցական կյանքի վառ հիշողություններում բազում դրվագներ կան՝ կապված մեր սիրելի, հերոս ընկերոջ հետ: Մեր դպրոցական ուրախ ու անհոգ օրերը անցել են միասին, ու դասարանով դարձել էինք մի մեծ ընտանիք: Ժորը հաճախ էր դասից բացակայում, շատ էինք ուրախանում, երբ գալիս էր, ու օրն ավելի լավ էր անցնում: Շատ խելացի ու ընդունակ էր, թեպետ ուսման հետ այդքան էլ սեր չուներ: Հատկապես սիրում էր մաթեմատիկան, եւ երբ ներկա էր լինում, շատ վարժություններ ու խնդիրներ էր լուծում: Ցավոք՝ մեր Ժորն էլ համալրեց հայրենիքի իրական հերոսների շարքերը։ Միշտ գնում ենք մեր ընկերոջ մոտ՝ Եռաբլուր. ինքը մեզ հետ է միշտ՝ հոգով ու սրտով։ Հպարտ ենք՝ հերոս ընկեր ենք ունեցել, ով կմնա մեր սրտերում կենսուրախ, միանգամայն լուրջ ու հզոր Ժորը, ու շնորհակալ ենք, որ իր կյանքը տվեց հանուն մեզ ու հայրենիքի»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

13-01-2021





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO