Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Լեզվաբանությունը որպես կյանքի ճանապարհ

Լեզուն է կառուցում խոսքը, խոսքից ծնվում է միտքը, իսկ միտքը խոսքի մաթեմատիկան է…

«Լեզվի մեջ շնչավորվում է ամբողջ ժողովուրդը եւ նրա ամբողջ հայրենիքը… Լեզուն ամենակենսունակ, ամենաառատ եւ ամուր կապն է, որը ժողովրդի` իրենց դարն ապրած, ապրող եւ ապագա սերունդներին միավորում է մի մեծ պատմական, կենդանի ամբողջության մեջ»
Կ. Դ. Ուշինսկի

Թվում է` ամենահեշտը լեզուն է տրվում մարդուն, առանց ջանքի, անգամ` առանց գիտակցելու, կաթի հետ` որպես սնունդ… Այդպես է պարզ հաղորդակցության դեպքում. կարելի է ջանք չթափել խոսել սովորելու համար. այն ստացվում է ինքնըստինքյան` մարդկանց հետ շփումների միջոցով. սա կարելի է ասել` լեզվի թվաբանական աստիճանն է, ինչը շատերի համար ծառայում է ողջ կյանքում, եւ նրանք այդպես էլ իրենց կյանքի ընթացքում մնում են այդ աստիճանի վրա` չկռահելով անգամ լեզվի բարդության ու հաջորդական աստիճանների մասին, որոնցով բարձրանում են միայն ընտրյալները, նրանք, ովքեր լեզուն դիտարկում են որպես գիտություն, բարձրագույն մաթեմատիկա, նպատակային խոսքի կառուցում, գաղափար, միտք…
Մարդիկ, ովքեր չեն տիրապետում լեզվին, խոսքի շինարարությանը, խեղճանում են անգամ գրավոր պարզ մտքեր արտահայտելուց, ասենք` դիմում, նամակ գրելուց. նրանց, իհարկե, կարելի օգնել, հուշել, սակայն ինչ ասել այն ճարտարապետին, բժշկին, նկարչին, երաժշտին, պատմաբանին ու իրավաբանին, այլ մասնագետների, ովքեր չտիրապետելով խոսքի կառուցմանը՝ ցանկություն ունեն իրենց ոլորտի մասին լուրջ մտքեր արտահայտել, պարզաբանել սեփական մտահղացումները, առաջ քաշել խնդիրներ ու ծրագրեր… Այս պարագայում հազիվ թե կարելի լինի նրանց պարզագույն օգնություն ցույց տալ. այս դեպքում անհրաժեշտ կլինի, լեզվաբանի հետ մեկտեղ, ջանադիր ու համատեղ աշխատանք կատարել, ու հարց է, թե ինչով կպսակվի այդ աշխատանքի արդյունքը, որքանով կհասկանան իրար, կըմբռնեն մեկը մյուսին…
Մտածել, թե լեզվին տիրապետելն անհրաժեշտ է սոսկ լեզվաբանին կամ գրողին, եւ այլ մասնագետների համար դա երկրորդական խնդիր է, մեծագույն թյուրիմացություն է. լեզվի հանդեպ նման մոտեցումը ախտանիշ է եւ կարող է հանգեցնել մտքի հաշմանդամության, խեղման ու խեղճության, անկարողության. զրկվելով լեզվից եւ անընդունակ` միտք շարադրելու, մասնագետը կորցնում է ինքնարտահայտման գործիքը, նյութն ընկալելու, այն քննելու, վերարտադրելու ու նաեւ արտադրելու միջոցը… Սա շատ լավ հասկանում էին մեր լեզվաբանները, որ այնպես նախանձախնդիր ու նվիրվածությամբ էին վերաբերվում լեզվին, լեզվին` որպես բարձրագույն գիտության, որտեղ անհրաժեշտ է առավելագույն ջանքերի ներդրում, որ հասանելի լինի զանգվածներին, որից առավելագույնս կարողանան օգտվել նրանք, ովքեր ստեղծագործում են ոչ միայն լեզվական դաշտում, այլեւ այլ ասպարեզներում եւս, որտեղ անհրաժեշտ է լեզվի հետ աշխատելու լուրջ գիտելիքներ, միջոցներ, որ կօգնեն մտածող մարդուն, քանզի լեզուն ինքնին մղում է ստեղծագործության, բացում գաղտնիքներ հենց ստեղծագործողի՛ համար…
Լեզվագիտության ասպարեզում մեր բազում նվիրյալներից էր Արարատ Ղարիբյանը, ով հետեւողական ու նպատակային, տարատեսակ ու բազմակողմանի աշխատանքներ է տարել լեզուն հնարավորինս մատչելի ու կիրառելի դարձնելու համար` սկսած դպրոցական դասագրքերից մինչեւ բուհական դասագրքերի կազմման, հեղինակային ու խմբագրական աշխատանքներ, ուսուցչություն ու դասախոսություն, մեթոդիկա, կազմակերպչական հարցեր, հայոց լեզվի պատմության հետ առնչվող աշխատանքներ, զբաղվել լեզվաբանական գրականության ու բարբառագիտության խնդիրներով, մասնակցել մի շարք բառարանների կազմման ու խմբագրական աշխատանքների, դարձել համահեղինակ ու նաեւ բառարանների հեղինակ։ Թե ինչ ծանր ու ժամանակատար, մանրակրկիտ ու նուրբ աշխատանք է լեզվաբանի աշխատանքը, կարելի է պատկերացում կազմել անգամ մի օրինակով, ինչպես 1968 թ. հրատարակած Ռուս-հայերեն ծավալուն բառարանի հեղինակային աշխատանքն է, որի վրա Ղարիբյանը ծախսել է ոչ ավելի, ոչ պակաս, քան տասնհինգ տարվա ուսումնասիրություն ու ջանքեր, բառարան, որ պարունակում է 85.000 բառահոդված եւ 100.000 բառ ու դարձվածք. անգնահատելի աշխատանք` երկու լեզուներով աշխատողների համար, յուրաքանչյուրի սեղանի գիրք ու անբաժան ուղեկից, որի համար էլ Արարատ Ղարիբյանն արժանացավ պետական մրցանակի։ Նա ոչ միայն գերազանցապես տիրապետում էր մայրենի լեզվին, այլեւ այլ լեզուների եւս, իսկ ռուսերենի հանդեպ սերն ու իմացությունը, հավանաբար, ծագել է ռուսական 5-դասյա դպրոցում սովորելու տարիների ընթացքում…
Առհասարակ, տաղանդավոր լեզվաբանը, որ ծնվել է 1899 թվականի հունվարի 27-ին Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում, հողագործի ընտանիքում, հետեւողական կրթություն է ստացել եւ հատկապես այնպիսի հաստատություններում, ինչպիսին Երեւանի պրոգիմնազիան եւ արական գիմնազիան, որտեղ ոչ միայն ուսում են տվել պատանուն, այլեւ կոփել կամքը եւ աշխատասիրություն ներարկել։ Բուհական կրթությունն ստացել է 1923-1927 թթ.` Երեւանի պետական համալսարանում, աշակերտել մեծն լեզվաբան Հրաչյա Աճառյանին։ Իսկ իրական ուսումնառությունը երբեք չի ավարտվում` շարունակվելով պրակտիկ ու քրտնաջան աշխատանքի ոլորաններում, անգամ ուսուցչական ասպարեզում, երբ սովորեցնելով` սովորում են։ Եվ սա է, կարծում եմ, պայմանավորում տաղանդի հաջողության երաշխիքը։
Չծավալվելով Ղարիբյանի կենսագրության մեջ՝ նշենք մի կարեւոր հանգամանք. նրա նվիրվածությունը լեզվին ոչ միայն խորքային, այլեւ ծավալային ընդգրկում ուներ. նա երբեք չի բավարարվել ժամանակի մի հատվածում մի աշխատանքով, մի ուսումնասիրությամբ կամ մեկ դպրոցում, մեկ բուհում դասավանդելով, ավելին` նրա աշխատանքային աշխարհագրությունն ընդգրկել է ոչ միայն բուն Հայաստանը, այլեւ հարեւան երկրները։ Ծանոթանալով նրա կենսագրական ժամանակագրությանը, պարզ է դառնում, որ միանգամից տարբեր գործեր է ձեռնարկել` սկսած անհատական աշխատանքից մինչեւ կոլեկտիվ աշխատանք, հեղինակային աշխատանքից մինչեւ ուսուցչություն ու դասախոսություն, ընդ որում` հաջողացնելով ժամանակի մեջ տեղավորվել տարբեր, միմյանցից բավականին հեռու գտնվող հիմնարկներում։ Այսպես` դասախոսել է ԵՊՀ-ում (1929-1948), Երեւանի հեռակա (1934-1954) եւ ռուսական (1934-1956), Թբիլիսիի (1934-1937), Բաքվի (1935-1947) եւ Լենինականի (1936-1948) մանկավարժական ինստիտուտներում։ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դասախոս (1934-1937), դոցենտ (1937-1940), պրոֆեսոր (1940-77), հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1934-1960)։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի (1943-1950, 1956-1962), հիմնարար գրադարանի (1962-1977) տնօրեն։ Ուշադրություն դարձնելով թվականներին՝ կհամոզվենք լեզվաբանի կենսագրությունն ընդգրկող տարբեր աշխատանքների միաժամանակյա համատեղելիությանը։
Բացի այդ, ուշադրության է արժանի նաեւ, հատկապես այսօրվա իրադարձությունների քննության ֆոնին, Արարատ Ղարիբյանի աշխատանքային տարիները Բաքվում. առնվազն 12 տարվա դասախոսական աշխատանք, ինչն անհերքելի փաստ է, որն ամենեւին էլ եզակիներից չէ եւ ոչ էլ եզակի ասպարեզներից` Բաքվում հայերի քանակական ներկայության, նրանց աշխատանքային կենսագործունեության ու մշակութային դերակատարության մասին ու նաեւ այն, որ Խորհրդային Միության տարիներին, ըստ էության, բաժանում չի եղել խորհրդային տարածքում բնակվող ժողովուրդների միջեւ, եւ միմյանց տարածքում բնակվելը, սովորելը, աշխատելը սովորական երեւույթներ էին, եւ այսօր Երեւանն ու Սեւանը, Հայաստանը սեփական տարածք հայտարարող ադրբեջանական կողմը, ի դեմս իր իշխանական վերնախավի, իբր, հիմք ընդունելով խորհրդային տարիներին Հայաստանում ադրբեջանցիների ապրելու փաստը՝ ուղղակիորեն կեղծում է իրականությունը եւ միտումնավոր թշնամանք հրահրում երկու ժողովրդի միջեւ` նպատակ ունենալով նոր ագրեսորական պատերազմ սանձազերծելու միջոցով ներխուժել Հայաստան ու գրավել բուն հայկական տարածքներ՝ մոռանալով կամ չհասկանալու տալով, որ հայկական կողմը նույն հիմքով ի՛նքը կարող է Բաքուն ու Ադրբեջանը իրենը համարել, ինչը չափազանց վտանգավոր է նման «խաղեր» ձեռնարկելու համար ոչ միայն երկու կողմի, այլեւ ողջ տարածաշրջանի առումով։
Որքան էլ սին լինեն ադրբեջանական կողմի հայտարարություններն ու զավեշտալի, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նրանց հայտարարություններին պատասխանել բարձր ամբիոններից եւ համակողմանի ու լուրջ, անհերքելի փաստերով` հաշվի առնելով ադրբեջանական կողմի` առնվազն մանկամիտ ուզվորությունը…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

27-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO