Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Դասախոսություն Աղվանքի մասին

Աղվանքի բնակիչները, հատկապես՝ ուդիները, կրել են հայկական մշակույթի ազդեցությունը

Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի «Քրիտոնեայ Արեւելք» բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը նաեւ Արցախի Քաշաթաղի շրջանի հիմնադիրներից է՝ շրջվարչակազմի առաջին ղեկավարը։ 10 տարի ղեկավարելով նորաստեղծ շրջանը, պատմաբանը կարեւորել է նաեւ տարածքի պատմամշակութային հուշարձանների ճակատագիրը։
Այդ տարիներին բազում անգամ (հաճախ միասին էինք) շրջել է Քաշաթաղի տարածքով մեկ, ուսումնասիրել արդեն հայտնի պատմական հուշարձանները, որոնք հայոց՝ այստեղի հազարամյա տեր լինելու ապացույցներ են։ Գտել ենք նորերը, հրապարակել դրանց մասին։ Մեծ է Ա. Հակոբյանի դերը Քաշաթաղի շրջանի մի քանի պատմական հուշարձանների ուսումնասիրման, լուսաբանման գործում. Մայրաջրի վանական համալիր, Մովսեսաշենի խաչքար, Աղբաթխերտի հնավայր եւ այլն։ Առավել է կարեւորվել դա շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնի՝ Ծիծեռնավանքի հարցում։ Վանական համալիրի Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ թաղակապ տաճարի հիմնանորոգումը, տարածքի պեղումները, ուսումնասիրությունը կայացան հիմնականում 1988-2000 թթ., երբ շրջանը ղեկավարում էր Ա. Հակոբյանը։ Սուրբ Գեւորգ տաճարի անվանումը, 2 տասնամյակից ավելի արձանագրությունները կատարվեցին գիտնականի կողմից, ով Աղվանից աշխարհի գիտակներից է։
Օրերս «Էրեբունի» ՊՀԱԹ-ի եւ արեւելագիտության ինստիտուտի համագործակցության շրջանակներում Էրեբունի թանգարանի «ArchaeoLectorium»-ում տեղի ունեցավ «Բուն Աղուանք եւ Հայ Աղուանք. խնդիրներ եւ լուծումներ» խորագրով դասախոսություն Ալեքսան Հակոբյանի կողմից: Ներկա էին Հայոց պատմությամբ հետաքրքրվողներ, պատմաբաններ, նաեւ Քաշաթաղի շրջանի բնակիչներ։ Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ողջունեց ներկաներին, կարեւորեց համագործակցությունը արեւելագիտության ինստիտուտի հետ։ Տեղեկացրեց՝ այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օրը, ժամը 17-ին թանգարանում տեղի կունենան նման մոտ 40 դասախոսություններ։ Այնուհետեւ ներկայացրեց օրվա դասախոսին՝ նշելով, որ անուրանալի է Ա. Հակոբյանի դերը նաեւ Քաշաթաղի շրջանի ստեղծման ու կայացման գործում։ Մ․ Բադալյանը շնորհավորեց նաեւ արեւելագիտության ինստիտուտի նորանշանակ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին եւ խոսքը տվեց նրան։ Ռ. Ղազարյանի խոսքում նույնպես կարեւորվեց Ա. Հակոբյանի դերը հայ պատմագրության մեջ, հատկապես գիտնականի անդրադարձը բուն Աղվանքի պատմությանը։ Նշեց՝ մշտապես համագործակցելու են «Էրեբունի» թանգարանի հետ։
Պատմաբան Ա. Հակոբյանն իր դասախոսությունն սկսեց՝ նշելով, որ միշտ էլ արդիական է եղել ու հրատապ Աղվանքի թեման Արեւելքի պատմության մեջ։ Եվ պատահական չէ, որ Ռ. Ղազարյանի հետ որոշել են դասախոսության թեման՝ «Խնդիրներ եւ լուծումներ»։ Ներկայացրեց Հայկական լեռնաշխարհի քարտեզը՝ ստեղծված բազում աղբյուրների հիման վրա։ Ըստ բանախոսի՝ Աղվանքը եղել է առանձին փոքր պետական միավորում՝ Դերբենդից հարավ։ Պետությունը ձեւավորվել է Ք. Ա. 1-ին դարում, երբ տեղի էին ունենում Պոմպեոսի արշավանքները տարածաշրջան։ Նշելով պատմական աղբյուրները՝ կարեւորեց հույն պատմիչ եւ աշխարհագրագետ Ստրաբոնի «Պատմություն» (չի պահպանվել) եւ «Աշխարհագրություն» երկասիրությունները։ Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի սկզբնաղբյուր է նաեւ Հայաստանի բնության, պատմության, աշխարհագրության, տնտեսության, մշակույթի մասին, նրա հաղորդած որոշ տեղեկություններ եզակի են, առանց որոնց հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել Ք. Ա. 2-1-ին դարերի Հայոց պատմության բազմաթիվ հարցեր ուսումնասիրելիս։
Ստրաբոնը տեղեկացնում է, որ շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Ա. Հակոբյանը կարեւորեց այդ ժամանակ Տիգրան Մեծի դերը՝ արդեն Արքայից արքա, ում ժամանակ էլ ստեղծվել է Աղվանք պետությունը, որը եղել է 12 փոքր ցեղերից (ըստ բանախոսի) կազմված ժողովրդով։ Կարեւոր տեղ են ունեցել ուդիները, որոնք այսօր էլ կան եւ տարածքի միակ քրիստոնյաներն են։ Հարավային Կովկասի սահմանները Հյուսիսային Կովկասի ավարառու ցեղերից պաշտպանելն այդ ժամանակ եղել է տարածաշրջանի բոլոր պետությունների հոգսը, եւ տարբեր ժամանակներում հզոր տերություններն են հսկել Դերբենդը, ներկայիս Լարսը։ Ա. Հակոբյանը տեղեկացրեց՝ Աղվանքի հիմնումը եղել է այն ժամանակ, երբ նշված համատարածքային սահմանը հսկում էին Մեծ Հայքի զորքերը։ Պոմպեոսի արշավանքի ժամանակ Աղվանքը Մեծ Հայքի դաշնակիցն է եղել, եւ միասին են պայքարել հռոմեական զորքերի դեմ։ Անդրադառնալով հայ-աղվանական հետագա փոխհարաբերություններին, Ա. Հակոբյանը տեղեկացրեց՝ Աղվանքը քրիստոնեություն է ընդունել 314-15 թթ., իսկ աղվանական գիրը, ինչպես եւ վրացականը, ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 5-րդ դարի 20-ական թթ.։ Աղվան Բենիամին քահանան օգնել է Մաշտոցին՝ ստեղծելու գրերը։ Ա. Հակոբյանը տեղեկացրեց՝ այժմ ամբողջովին չի վերականգնվել աղվանական գիրը, գտնվել են որոշ նշխարներ։
Անդրադառնալով Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգների խնդրին, Ա. Հակոբյանը նշեց՝ երբ 428 թ. վերացավ հայկական թագավորությունը, Հայաստանն ստացավ մարզի կարգավիճակ Պարսկաստանի կազմում։ Ստեղծվեց նաեւ Աղվանքի մարզը, որի մեջ մտան Ուտիքն ու Արցախը։ Ըստ հայ տարբեր պատմաբան-գիտնականների. «428 թվականին, Արեւելյան Հայաստանում Արշակունյաց հարստության վերացումից հետո, Պարսկաստանը Մեծ Հայքի ծայրակալ նահանգները միացրեց հարեւան մարզպանություններին. Գուգարքը՝ Վիրքին, Փայտակարանը՝ Ատրպատականին, Ուտիքն ու Արցախը՝ Աղվանքին: Կարճ ժամանակ հետո, հատկապես 451 թվականի ապստամբության պատճառով, պարսից արքունիքն ստիպված եղավ հպատակ մարզերին տալ որոշ արտոնություններ։ Այս հանգամանքից օգտվելով՝ Արցախը եւ Ուտիքը մարզպանության ներսում ձեռք բերեցին ինքնուրույնություն։ Այդ ժամանակվանից հիշյալ երկու նահանգների տարածքը հայկական աղբյուրներում սկսել է կոչվել «Արեւելից կողմանք հայոց», «Արեւելից կողմանք», «Հյուսիս-արեւելքից կողմանք», «Արեւելք», որովհետեւ այն Հայքի արեւելյան (հյուսիսարեւելյան) երկրամասն էր, նաեւ՝ «Աղվանից կողմանք», «Աղվանք», քանի որ այն մտնում էր «Աղվանք» մարզպանության մեջ։ Արաբական տիրապետության հաստատումով բուն Աղվանքում ստեղծվեցին Շաքիի, Շիրվանի, Դարբանդի պետական միավորումները, եւ Անդրկուրյան երկրամասը կոչվեց հիշյալ անուններով՝ դուրս մղելով դասական «Աղվանք» անունը։ Վերջին անվանումը մնաց միայն Կուրի աջափնյա հայաբնակ մարզերի վրա, եւ «Արեւելից կողմանք հայոց», «Արեւելք», «Արեւելից կողմանք» անունների փոխարեն առավել գործածական դարձան «Աղվանից կողմանք», «Աղվանք» անվանումները»։
Ընթացքում Աղվանքի բնակիչները կրել են հայկական մշակույթի ազդեցությունը, հատկապես՝ ուդիները. որոշներն իրենց հայ էին անվանում. ուդիների հին գերեզմանաքարերին եղել են արձանագրություններ՝ «...հայ-ուդի»։ Բագրատունյաց կենտրոնական թագավորության օրոք ստեղծվել է Աղվանքի թագավորությունը Համամ Բարեպաշտի եւ այլոց թագավորությամբ։ Խոսելով 10-րդ դարի պատմիչ Մովսես Դասխուրանցու մոտ Աղվանքի մասին տեղեկությունների մասին՝ նշեց, որ «Աղվանից աշխարհի պատմություն» աշխատությունում խեղաթյուրված են 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու տեղեկություններն Արցախին եւ Ուտիքին վերաբերող որոշ հատվածներում, որն էլ ադրբեջանցիներն օգտագործում են իրենց «պատմությունը» հորինելու գործում։ Օրինաչափ համարեց այն, որ միջնադարում, ֆեոդալական մասնատվության շրջանում կենտրոնացված թագավորություններից անջատվում էին որոշ տարածքներ, ստեղծում փոքր թագավորություններ, հիմնականում նույն ժողովրդի տարբեր հատվածներն իրար հետ ռազմական ընդհարումներից խուսափելու նպատակով։ Նույն ձեւով է ստեղծվել նաեւ Աղվանից թագավորությունը։
Պատմաբանն անդրադարձավ Աղվանքի, Ուտիքի, Արցախի հետագա շրջանի պատմությանը, Կուր գետի ավազանի մշակութային, որոշ ցեղերի խնդիրներին, կրոնին եւ այլն։ Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, ով իր վերջերս հեղինակած «Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում եւ Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչեւ ԺԳ դար» գիրքը նվիրեց թանգարանին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

02-02-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO