Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Կատակերգակը

Նա ապրեց թատրոնով եւ այնտեղ էլ փակեց աչքերը…

Հայ բեմական արվեստը երբեւէ պակաս չի ունեցել երեւելիների: Նրանցից շատերն իրենց անջնջելի հետքն են թողել մեր թատրոնի պատմության էջերում, մնացել իբրեւ բեմի տիրակալներ եւ դարձել ընդօրինակելի՝ իրենց ոտնահետքերով եկողների համար: Կատակերգական ժանրում այդպիսի երախտավորներից է ՀՀ վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյանը՝ «Քաջ Նազար» ֆիլմում ամենքիս քաջածանոթ գլխավոր հերոսը, «Պեպո» դասական կինոնկարում՝ ինքնաստեղծ հայտնի պարը պարող Դարչոն: Թեկուզ այդ երկու դերակատարումով նա իր չջնջվող հետքն է թողել հայկինոյում, իսկ բեմական մարմնավորումները, ցավոք, շա՛տ վաղուց արդեն անցյալ են ու պատմություն…
Տաղանդավոր կատակերգակը ծնվել է 1896 թ. Տրապիզոնում: Հավանաբար, այդ արյունոտ տարիների դաժան իրողություններն էին պատճառը, որ Համբարձումի ծննդից մեկ տարի անց նրանց ընտանիքը տեղափոխվում եւ բնակություն է հաստատում Եկատերինադար (այժմ՝ Կրասնոդար) քաղաքում, որտեղ էլ անցնում է ապագա դերասանի մանկությունը: Նրա հայր Միսակը սափրիչ էր, նաեւ կեղծամներ էր պատրաստում թատրոնների համար եւ հաճախ էր որդուն իր հետ այնտեղ տանում: Ակամա այդ հաճախումներն էլ առիթ են դառնում, որ երեխան հետաքրքրվի ու սիրի թատերական միջավայրը, բեմը, բեմի մարդկանց եւ, տուն վերադառնալով, հավաքի բակի երեխաներին, վերարտադրի իր տեսած ներկայացումները՝ շահեկանորեն նմանվելով դերակատարներին, կրկնելով նրանց շարժուձեւը, խոսելակերպն ու դիմախաղերը: Որոշ ժամանակ անց աչքաբաց ու հետաքրքրասեր որդին դառնում է հոր օգնականը եւ ավելի մոտենում թատրոնին:
Հայկական ծխական դպրոցն ավարտելուց հետո Համբարձումն ուսումը շարունակում է քաղաքի ռուսական միջնակարգ դպրոցում, սակայն չի հաջողվում այն ավարտել, քանի որ հոր մահվանից հետո ընտանիքի ողջ հոգսն իր նվազ եւ մոր թույլ ուսերին էր մնալու: Ուսման ծարավը, սակայն, ստիպելու էր խնայած կոպեկներով պատրաստվել եւ էքստերանտի կարգով շարունակել միջնակարգ կրթությունը: Այստեղ էլ մասնակցում է աշակերտական ներկայացումներին, որոնց ընթացքում էլ դրսեւորվում են նրա դերասանական ընդունակությունները: Տասնյոթ տարեկան հասակում, կապվելով տեղական ռուսական դրամատիկ խմբի հետ, սկսում է դերեր խաղալ: Հանդիսատեսը նրան սիրով է ընդունում:
1914 թ. Խաչանյանի ընտանիքը տեղափոխվում է Սեւաստոպոլ, իսկ մի տարի անց՝ Սիմֆերոպոլ: Սերը դեպի բեմական արվեստը Խաչանյանին տանում է տեղի ռեժիսոր-օպերատոր Նիկիտինի կինոստուդիա: Այստեղ, բացի դերասանական վարպետության եւ բեմարվեստին վերաբերող այլ առարկաներից, Խաչանյանը սովորում է նաեւ պարեր: Ու թեեւ այստեղ էլ է ցուցաբերում պարողներին բնորոշ նախանձելի հատկանիշներ՝ մարմնի զարմանալի ճկունություն, ռիթմի խոր զգացողություն, այնուամենայնիվ, դերասան դառնալու նրա ճակատագիրն արդեն կանխորոշված էր: Ավարտելով ստուդիան` մասնակցում է ռուսական դրամատիկ եւ հայկական տարբեր սիրողական խմբերի բեմականացումներին:
1921 թվական: Հայկական սիրողական խմբերը ներկայացումներ են տալիս Սուխումում, Բաթումում: Խաչանյանն առանձնանում է որպես ընդգծված կատակերգակ դերասան, որպես սեփական դեմքն ու խաղաոճն ունեցող անհատականություն: Այլեւս անտարակուսելի էր, որ հայ բեմ էր բարձրանում չափազանց ինքնատիպ մի դերասան: Դա չի վրիպում հայ բեմի աստված Վահրամ Փափազյանի ամենատես հայացքից: Խաչանյանին նա իր հետ բերում է Երեւան, որտեղ էլ միանում է առաջին պետթատրոնի (այսօր՝ Սունդուկյանի անվան) կոլեկտիվին: Մայր թատրոնում ստեղծում է հոգեբանական նրբերանգներով հագեցած, գեղարվեստորեն հավաստի թե դրամատիկական եւ թե կատակերգական սքանչելի կերպարներ: Նրա լավագույն դերերից են Սգանարելը՝ Մոլիերի «Դոն Ժուանում», Պաղտասարը՝ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղպարում», Աբիսողոմ աղան՝ «Մեծապատիվ մուրացկաններում», Ֆալստաֆը՝ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» պիեսում:
Կատակերգակ դերասանն իր անուրանալի վաստակն է բերում նաեւ հայ կինոարվեստին, որի սկզբնավորողներց մեկն էլ հենց ինքն էր: Անմոռանալի ու տպավորիչ են նրա մարմնավորումները. Բադալ՝«Նամուսում», Խդո՝ «Զարեում», Շոր՝ «Շորն ու Շորշորում», Սադրազմ՝ «Խասփուշում», Խեչան՝ «Մեքսիկական դիպլոմատներում», Կիկոս՝ «Կիկոսում», Դարչո՝ «Պեպոյում», Նազար՝ «Քաջ Նազարում»… Բայց այսքանով չեն սահմանափակվում նրա դերակատարումները ոչ կինոյում եւ ոչ էլ թատրոնում: Նա, որ խաղացել ու նկարահանվել էր մեծն Հրաչյա Ներսիսյանի, անզուգական Ավետ Ավետիսյանի, Դավիթ Մալյանի, Հասմիկի եւ այլ դեմքերի հետ, դեռ այնքան տալիք ուներ մեր թատերոնին ու կինոմշակույթին, այնքան չխաղացած դերեր, որոնք վաղ թե ուշ կմարմնավորվեին, եթե 48-ը տակավին չբոլորած կատակերգակին անժամանակ չպատուհասեր տարիք ու արժանիք չհարցնող մահը: 1944 թ. հունիսի 30-ին թատերասերին էր ներկայացվելու Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենին»: Խաչանյանն արդեն բեմական զգեստի մեջ էր, կերպավորելու էր Հոնենցին եւ, նստած հայելու առաջ, գրիմավորում էր իրեն: Բայց դա իր վերջին նախապատրաստությունն էր լինելու. գրիմի պահին՝ կաթված, եւ ակնթարթորեն իջնում է հայ բեմի երախտավորի կյանքի վարագույրը… Եվ այդ օրվա չկայացած ներկայացումը երիզվում է սեւով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

13-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO