Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ճակատագիրն հայոց» կամ ազգային-ազատագրական պայքարի մարտիկը

Ինչ էլ լինի` «մենք վերածնվելու եւ ապրելու ենք միշտ…»

Իսրայել Օրին գրող էր, Պռոշյանների իշխանական տոհմից, հարուստ ազնվական, իսկ ինչ առավել հաճելի զբաղմունք կա մի ազնվականի համար, որ գրելու շնորհ ունի, քան առանձնանալ սեփական կալվածքում եւ տրվել ստեղծագործական գայթակղիչ աշխատանքին, ապրել ազնվականին վայել զվարճալի կյանքով` հեռու ամեն տեսակ հոգսից ու գլխացավանքից, սակայն…
Իսրայել Օրին հոր` Մելիք Իսրայելի արժանավոր զավակն էր, ոչ միայն լավագույնս կրթված, այլեւ դաստիարակված հայրենասիրական ոգով ու վեհ գաղափարներով եւ այդ գաղափարներն իրագործելու անձնուրաց նվիրումով։ Մելիք Իսրայելին անհանգստացնում էին օրեցօր դատարկվող հայկական գյուղերը եւ Նախիջեւանի Շարիֆ խանի գործողությունները, որ «քաղցկեղի պես տարածվել էր հայոց հողի վրա եւ ձգտում էր` թունավոր արմատներ ձգելով, կաշկանդել ու մեռցնել հայոց հոգին»։ Շարիֆ խանի նպատակը հատկապես Շահապունիքը, Բոլորաբերդի Սրկուղինք ամրոցը, Հրաշքաբերդը, Սյունիքի հյուսիս-արեւելյան դռների գրավումն էր, որի դեմ անսասան պայքարում էր Մելիք Իսրայելը եւ որդներին էլ նույն գործին ներգրավում։ Նա չէր հաշտվում հավատափոխ լինելու ու գոյատեւելու հետ եւ վստահ էր, որ հավատը փոխելով` ազգը կկորցնի հոգեւոր հարստությունը, կդատարկվի, որ «ծանր է ավելի, քան մահը», վստահ էր, որ մեր հոգեւոր ուժը «զորեղ է բոլոր ուժերից, պահող է», եւ, ինչ էլ լինի` «մենք վերածնվելու եւ ապրելու ենք միշտ…»: Մելիք Իսրայելն իր համարձակությամբ ու վճռականությամբ շուրջն էր հավաքում ժամանակի ազգանվեր գործիչներին` մելիքներին ու կաթողիկոսներին ու նախ եւ առաջ որդիներին էր մղում ազգափրկության վեհ նպատակի համար պայքարելու գործին, իսկ որդիներն էլ` ոչ պակաս, քան հայրը, նույն անձնվիրությամբ ձեռնարկում էին սուրբ գործին` երկրորդական պլան մղելով անձնական հետաքրքրությունները, այն դեպքում, երբ ազատ էին Եվրոպայում ապրելու սահմաններն ու այն վայելելու հնարավորությունները։
Ազգային-ազատագրական հարցում, երբ թուրքերն ու պարսիկներն ակտիվացել էին միաժամանակ, արտաքին օգնությունը դարձել էր անհրաժեշտություն, եւ դրա հետ կապված հույսերը տատանվում էին երկու բեւեռի միջեւ. առջին բեւեռը Արեւմուտքն էր` Հռոմեա-գերմանական կայսրությունը, Ֆրանսիան։ Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին պնդում էր, որ փրկության միակ ճանապարհը կաթոլիկ եկեղեցու հետ միաբանվելն է, մյուսները հակված էին դեպի ռուսական կողմնորոշումը, որը պաշտպանում էր Էջմիածնի վեհաժողովի մեծամասնությունը` պատճառաբանելով, որ հայ եւ ռուս ժողովուրդները նույն դավանանքի են եւ դավանափոխության կարիք չի լինի, բացի այդ ռուսական բանակում եւ արքունիքում զգալի էր հայերի ներկայությունը, որ փոքր գործոն չէր պաշտպանելու համար հայերի շահերը, հատկապես որ Թուրքիայի եւ Պարսկաստանի նկրտումների դեմ մղված պայքարն համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ, իսկ պանթուրքական երազանքների ճանապարհին Հայաստանը, ինչպես որ այսօր, խոչընդոտ էր Ապշերոնյան թերակղզու եւ Մերձավոր Արեւելքի նկատմամբ օրեցօր մեծացող տնտեսական հետաքրքրությունների շրջանակներում։ Քաղաքական կողմնորոշումների վերոհիշյալ երկու բեւեռում մինչեւ օրս էլ շարունակվում է եվրոպամետների ու ռուսամետների գաղափարական պայքարը։
Ինչպիսի կողմնորոշման էլ հակված լինեին հայրենիքի ճակատագրով մտահոգվածները, մի բան պարզ էր` անհրաժեշտ էր միաբանություն ու աննահանջ պայքար, պայքար` հանուն կյանքի եւ ամենեւին էլ ոչ ազգովին հանուն արժանապատվության զոհվելու, ինչպես որ հորն առարկում է Մելիք Իսրայելի որդի Յավրին. «Մի ամբողջ ժողովրդի մահ, ինչ տեսակ էլ որ լինի, հերոսական չի լինի, որովհետեւ կենդանի մնացածներն են հերոսացնում նահատակներին։ Եվ հետո այն մահը, որ կյանք չի ստեղծում, չի կարող հերոսական կոչվել։ Այդպիսի համազգային մահը տապանագրի պես մի քանի բառ միայն կարող է թողնել աշխարհի օտարատառ պատմության մեջ. «Եղել է մի ժողովուրդ, նրան հայ են կոչել…» եւ վերջ»։
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նվիրյալները շատ էին եւ անկոտրում, իսկ նրանց մեջ նախաձեռնողությամբ, պատրաստականությամբ ու հմտություններով աչքի ընկավ Իսրայել Օրին, ով էլ իր վրա վերցրեց շարժման ծանր լուծը եւ առաջնորդեց այն։ Նա հարցի դիվանագիտական մոտեցման կողմնակից էր եւ կարծում էր՝ այդ ճանապարհով կարելի է ձեռք բերել բարեկամներ ու հասնել հաջողության, իսկ բարեկամներ ձեռք բերելու համար անհրաժեշտ էր նրանց շահագրգռելու քրտնաջան աշխատանքի եւ դրանով իսկ վստահություն ներշնչել ձեռնարկած գործի հանդեպ։ Այնուամենայնիվ, հարցն այնքան հեշտ չէր լուծվում, որքան հնարավոր էր տրամաբանել եւ հասկանալ պայքարի կարեւորության աստիճանից։ Վրաց Գեորգի XI թագավորը, որ մի ժամանակ ապստամբ էր, եւ որի հետ ընդհանուր պայքարի հույսեր էր կապում Օրին, այլեւս հնազանդվել եւ գտնվում էր Սպահանում, Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը ձեռնպահ մնացին, եւ միայն Մելիք Սաֆրազի օգնությամբ Օրուն հաջողվեց Անգեղակոթում Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով գումարել, որտեղ Հայաստանի ազատագրությանը սատարելու խնդրանքով գրություններ կազմվեցին` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսր Լեոպոլդին, Տոսկանայի դքսին եւ Պետրոս Մեծին։ Օրուն տրամադրվեցին նաեւ մաքուր, կնքված թղթեր` ըստ անհրաժեշտության լրացնելու համար։ Օրին նախ մեկնեց Եվրոպա` Մինաս վարդապետ Տիգրանյանի ուղեկցությամբ։
1700 թ. սկզբին նրանք Դյուսելդորֆում Հովհան Վիլհելմին ներկայացրին եռյակ դաշինք կազմելու իրենց մշակած ազատագրական ծրագիրը, որին պետք է մասնակցեր նաեւ Ռուսաստանը։ Արտաքին օգնությունն ընդամենը ազդակ էր լինելու տեղական ուժերով ապստամբություն բարձրացնելու եւ պարսկական լծից Արեւելյան Հայաստանն ազատագրելու համար, սակայն ավստրիական կայսեր Լեոպոլդի դաշինքին չմիանալու պատճառով, ծրագրի առաջին մասը խափանվում է, եւ Օրին ստիպված մեկնում է Ռուսաստան։ Այս դեպքում ազատագրական պայքարի գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին, որը, ըստ Օրու ծրագրի, հայկական կողմին պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ եւ Դարիալի կիրճով ու Կասպից ծովով բանակը մտցներ Հայաստան` միանալու հայ եւ վրաց ապստամբներին։ Պայքարի հետեւանքը Հայաստանի ազատագրումն էր եւ ամուր պետականության հաստատումը, որի երաշխավորը դառնալու էր Ռուսաստանը։ Պայքարի անհաջող փորձից խուսափելու համար Իսրայել Օրին օգտվում է Ռուսաստանի եւ Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիայից, սերտ հարաբերություններ հաստատում Մոսկվայում ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, ինչպես նաեւ անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Հյուսիսային պատերազմի պատճառով Ռուսաստանը հետաձգում է հայ ազատագրական պայքարին ուղղակի օգնության ցուցաբերումը, սակայն ինչպես Հռոմի պապը, այնպես էլ Պետրոս Մեծը պարսկական շահին նամակ է հղում հայերի դեմ հալածանքները դադարեցնելու պահանջով, բացի այդ, Իսրայել Օրուն շնորհում է գնդապետի աստիճան եւ, որպես դեսպանության ղեկավար, 1707 թ. ուղարկում Պարսկաստան։ Շքախմբով ու ռազմական ջոկատի ուղեկցությամբ 1708-ին Օրին մտնում է Պարսկաստան, սակայն Իրանում գործող արեւմտաեվրոպական միսիոներները` հատկապես ֆրանսիական, շահին հուշում են, թե Օրու նպատակը Հայաստանի ազատագրումն է, ու դրա հետեւանքով, թեեւ Օրին կարողանում է հանդիպել շահին, շոշափելի արդյունքի չի հասնում եւ վերադառնում է Անդրկովկաս` շարունակելու ազատագրական գործի համար հանդիպումները, իսկ 1711 թ. Հասան Ջալալյանի հետ մեկնում Աստրախան, որտեղ եւ հանկարծամահ է լինում. ռուսական ցարին կրկին հանդիպելու խնդիրը դրանով վերանում է։
Հատկանշական է, որ որքան էլ Օրին հայ ազատագրական պայքարի շեշտը դնում էր դիվանագիտության վրա, այնուամենայնիվ, չէր խուսափում ճանապարհից «շեղվել» հանուն այդ պայքարի իրագործման։ Այսպես, երբ Եվրոպա մեկնելու պատվիրակության ձախողումից հետո` 1683 թ. գնում է Փարիզ, այնտեղ զբաղվում է ֆրանսիական բանակի պարենամատակարարմամբ, այնուհետեւ անցնում զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով եւ 1688-1695 թթ. մասնակցում անգլո-ֆրանսիական պատերազմին, գերեվարվում անգլիացիների կողմից։ Գերությունից ազատվելուց հետո բնակություն է հաստատում Դյուսելդորֆում, որտեղ էլ` 1698-99 թթ. հանդիպումներ է ունենում Հովհան Վիլհելմի հետ եւ նրան հանձնում Հայաստանի ազատագրման ծրագիրը, ըստ որի` Հայաստանն ազատագրելուց հետո Վիլհելմը հռչակվելու էր թագավոր, եւ կազմավորվելու էին անկախ Հայաստան ու Վրաստան։ Սակայն, ինչպես նշվեց վերը, եռյակ դաշինքը չի կայանում, եւ թուրքերի հետ ավստրիական կայսեր բարեկամության պատճառով ծրագիրը մատնվում է անհաջողության։
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, մեծ է անհատների դերն աշխարհում. ոմանք ծառայում են փրկության գործին, ոմանք էլ` կործանման, բայց երանի է նա, ով ծառայում է փրկության գործին, ինչպես Իսրայել Օրին եւ նրա համախոհները։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

16-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO