Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի»

Իսկ նրա երաժշտությունն աշխարհինն է

«Ես ազատ ժամանակներ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ եղել հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները եւ երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամանակ ունենալ, նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին…»:
Առնո ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մեծն Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց: Ես նրան նույն կերպ պատասխանեցի, եւ գիտեք՝ նա բոլորովին չզարմացավ եւ նույնիսկ չվիճարկեց: Եվ դա հիանալի է, քանզի իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»:
Ամերիկահայ աշխարհահռչակ գրողի նման գնահատականը բնավ պատահական չէր: Նրա արվեստը չափազանց բարձր էին գնահատում ժամանակի հայ եւ օտարազգի ամենահայտնի դեմքերը, երաժշտական աշխարհի երեւելիները՝ Դմիտրի Շոստակովիչը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արամ Խաչատրյանը, Իոսիֆ Կոբզոնը ու էլի մեծեր, համբավավոր երգիչներ, երգահաններ, մեծանուն բանաստեղծներ, երաժշտական գործիչներ…
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում՝ 1921 թ. հունվարի 21-ին: Մաթեմատիկայի ուսուցիչ նրա Հարություն հայրը սիրել է սրինգ նվագել, իսկ ինքը դեռ մանուկ հասակից սկսել է ցուցաբերել երաժշտական նկատելի ունակություններ: Մայրաքաղաքի սովորական մանկապարտեզներից մեկն այցելած Արամ Խաչատրյանն առաջիններից է նկատում դա եւ ապշում վեցամյա Առնոյի կատարումով: Զարմանում է նաեւ նրա արտաքինով՝ ձեռքերի մեծ դաստակներ, անհասկանալի մեծության քիթ: Եվ արձագանքում է. «Նա ընտրյալ է…»:
Երեք տարեկանում հին հարմոնիկայի վրա արդեն նվագել իմացող դպրոցականը 9 տարեկան հասակում գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը»: Դա արդեն նրա մեծ ճանապարհի սկիզբն էր, որին նախորդել էր ուսումնառությունը Երեւանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Ճակատագրի բարեհաճ կամքով հայ մշակույթի մեծերից երկուսն օրհնում են արվեստում նրա անցնելիք ճանապարհը՝ Արամ Խաչատրյանը, ով ընտրում է նրան եւ հորդորում երաժշտությամբ զբաղվել, եւ Եղիշե Չարենցը, ով «Հայպետհրատում» գեղարվեստական գրականության բաժնի վարիչ լինելու տարիներին տպագրության է հանձնում պատանու առաջին լուրջ գործը՝ վերոնշյալ քայլերգը: 1938 թ. Առնոն մեկնում է Մոսկվա եւ միանգամից ընդունվում Գինեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս, որն ավարտելուց հետո երաժշտական բարձրագույն կրթություն է ստանում Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Այստեղ էլ բացահայտվում է նրա տաղանդը որպես դաշնակահար. սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին Կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պելերմանը նշում է. «Պետք է հիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»: Եվ ընդամենը մի քանի տարի անց Մոսկվայի կոնսերվատորիայում նրա ուսուցիչ Կոնստանդին Իգումնովը Բաբաջանյանին համեմատում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր, դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի հետ: Իսկ մեր ամենահայտնի ու վաստակաշատ երաժիշտներից մեկը՝ դաշնակահար, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, այսպես է վրձնում նրան ու նրա արվեստը. «Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ՝ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ՝ խորաթափանց, հուզառատ. ինչպե՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ ու թեթեւ…երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի…»:
Վիրտուոզ դաշնակահարին, սակայն, ճակատագիրն ավելին էր վերապահել որպես կոմպոզիտորի: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու, նրա «Վաղարշապատի պարն» էր, որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտության մեջ: Իսկ ստեղծագործական անհատականությունը շքեղությամբ դրսեւորվեց դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում», «Դաշնամուրային տրիոյում», «Հայկական ռապսոդիայում», «Պրելյուդում», «Նոկտյուրնում», «Պոլիֆոնիկ սոնատում», «Վեց պատկերում», «Էլեգիայում»…
Բազմաժանր է Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝ երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Կոմպոզիտորին նախանձելի համբավ, համաժողովրդական սեր ու հիացում բերեցին նրա երգերը՝ գրված հայ եւ ռուս հանրահայտ բանաստեղծների խոսքերով՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Եվգենի Եվտուշենկո, Անդրեյ Վոզնեսենսկի, Լեոնիդ Դերբենյով, այլ հեղինակներ: Նրա ամենասիրված երգերից են «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Կապույտ տայգա», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետ», «Հիշողություն», «Մոլորակի լավագույն քաղաքը», «Մի շտապիր» եւ այսպես տասնյակ ու տասնյակ երգեր, որոնք կատարում էին ժամանակի ամենահայտնի երգիչները՝ Իոսիֆ Կոբզոն, Լյուդմիլա Զիկինա, Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաեւ, Մուսլիմ Մագոմաեւ, այլ աստղեր: Երգն ստեղծելիս կոմպոզիտորը միշտ գիտեր, թե ով է այն կատարելու: Նա զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, որոնց հետ աշխատում էր կատարումներից առաջ:
Խորհրդային շատ կինոնկարներում են հնչում նրա հեղինակած սքանչելի երգերը: Հայկական ամենասիրված ֆիլմերից հիշենք «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից», որոնցում հնչում են բաբաջանյանական հոգեպարար ու չմոռացվող երգերը: Կոմպոզիտորի այս եւ բազմաթիվ այլ երգեր սիրված են ու հնչում են նաեւ այսօր, կհնչեն նաեւ վաղը, քանզի դրանք բխում են ջինջ ու հարազատ ակունքներից, բաբախում են մարդկային գեղեցիկ հույզերով ու զգացմունքներով: Բայց այս ամենը, թերեւս, չունենայինք կամ ունենայինք կիսով, եթե…
Բանն այն է, որ մեծանուն կոմպոզիտորը 32 տարեկանում հիվանդացել էր կործանարար հիվանդությամբ. բժիշկները սպիտակարյունություն էին ախտորոշել, սակայն հարազատները սկզբում վախենում էին նրան ասել այդ մասին եւ թաքցնում էին իրողությունը: Երբ, ի վերջո, տեղեկանում է, վրդովվում է սաստիկ: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության հայտնի դեմքերից մեկին հրավիրում է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջը բուժելու: Երբ այս մասին հայտնի է դառնում Առնո Բաբաջանյանի մտերիմ ընկերներից Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես օգնության խնդրով դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Վերջինս զանգահարում է Մոսկվա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան հայտնում են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց վայրկյան իսկ տատանվելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոն էլ վճարել: Նշանակված բուժման շնորհիվ կոմպոզիտորը հաղթահարում է մահացու հիվանդությունը՝ նման ծանր ախտորոշմամբ ապրելով եւս 30 տարի… Դա բարեբախտություն էր ոչ միայն իր՝ հանճարեղ կոմպոզիտորի, այլեւ մեր ժողովրդի ու նրա բարձր արվեստի բազմամիլիոն ունկնդիրների համար:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

17-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO