Մտավորականը՝ մեր իրականությունների կիզակետում
Լրագրող, թարգմանիչ Հովհաննես Այվազյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է այսօրվա լրագրողական խնդիրների շուրջ։ Նաեւ անդրադառնում ենք թարգմանական գործին։ Ընդհանրապես, ինչպե՞ս է այսօր մտավորականն իրեն «զգում» մեր երկրում։ Որքանո՞վ կա նրա «պահանջարկը», որքանո՞վ է նա կարողանում «իրացվել»։
-Հովհաննես, որպես մտավորական, գիր ու գրականությամբ զբաղվող մարդ, դու քեզ, այսպես ասած, կոմֆորտ զգո՞ւմ ես Հայաստանում:
-Բնականաբար, ոչ: Հայաստանն ինքն իրեն լավ չի զգում, Հայաստանի մեջ եղած մարդը ինչպե՞ս կարող է լավ զգալ: Բայց մերն է, մենք ենք…
-Առավելապես մտավորակա՞նը` գրի՞ մարդը:
-Մտավորականն առավել անպաշտպան է: Նա խոցելի է: Անցումային խառնակ ժամանակներում խոսքի, ինտելեկտի կարիքն առանձնապես չի զգացվում:
-Այսինքն` նա չի՞ կարողանում իրացվել. այդ հնարավորությունից զրկվա՞ծ է:
-Չասեմ զրկված է. պակաս է այդ հնարավորությունը:
-Քո օրինակով...
-Իմ աշխարհը մամուլն է: Մի կյանք եմ ապրել մամուլի մեջ: Ե՛վ խորհրդային մամուլ, եւ՛ նորանկախ մամուլ: Բայց ազատ մամուլն առայսօր հիմնականում բացակայում է: Նայեք մեր կայքերը, թերթերն ու եթերը...
-Այդտեղ արդեն լրագրություն կա՞, մնո՞ւմ է:
-Չկա, այսօր Հայաստանում լրագրություն գրեթե չկա: Լրագրային ողջ այս երանգապնակը, բազում ու բազմաթիվ այս լրատվամիջոցները զբաղված են գաղափարախոսությամբ, քարոզչությամբ, պայքարով, իրար խոցոտելով, իրար վրա սուր քաշելով: Միա՛յն սրանով: Կամ` առավելապե՛ս սրանով: Ա՛յ, եթե Հայաստանում ձեւավորվի, որքան ես հասկանում եմ, միջին խավը, նրան հետաքրքիր լինի մամուլը, որտեղ գաղափարախոսական, կուսակցական, քարոզչական պայքարից բացի նաեւ այլ հարցերով հետաքրքրվող լրագրողների բանակ գործի, արդեն մամուլ կունենանք:
-Եղած իրողությունն իր տնտեսական բացատրությունն ունի. Հայաստանը փոքր շուկա է. այստեղ թերթի գործը բիզնես չի դառնում: Չգիտեմ` մենք հավերժ դատապարտվա՞ծ ենք այս վիճակին:
-Փոքրաթիվ բնակչությամբ երկրներում քաղաքականության, արդարադատության ու մամուլի գործը դժվար է: Ուր նայում ես, չորս կողմը բարեկամ են՝ քավոր, խնամի, հորաքույր, մորաքույր… Շահագրգիռ, բայց անշահախնդիր, անկողմնակալ ընթերցողը պակաս է: Նաեւ շուկան է փոքր: Նաեւ փողն է քիչ: Բայց սրանք թույլ արդարացում են. ինչ հնարավոր է` պետք է անել: Տեսեք` մեր թերթերում բացակայում է ժանրի գաղափարը. եղածը ընդարձակ ինֆորմացիա է. էսինչը էս ասաց, էնինչը էն ասաց, եւ գնա՜ց այդ ամենի ընդարձակ շարադրանքը: 70 տոկոսը սա է:
-Լավ, դու ինչո՞ւ դուրս եկար մամուլից:
-Ես դուրս եկա, բայց մամուլն անընդհատ ինձ ձգում է: Կարոտում եմ: Կարոտում եմ խմբագրությունը, նրա մթնոլորտին, թղթերի, ներկերի հոտին: Եվ նորից վերադարձել եմ: Արդեն երրորդ-չորրորդ անգամ մամուլից դուրս եմ եկել. գնում եմ հրատարակչական գործի (երկու տարբեր հրատարակչություններում գլխավոր խմբագիր եմ աշխատել), մի անգամ` արտագնա աշխատանքի, հետո նորից կարոտից եկել եմ մամուլ: Եվ այստեղ… դարձյալ նույն բանն է:
-Գուցե նաեւ տարի՞քն է խնդիրը. մի սահման կա, որից հետո լրագրողը պետք է շեմի ու մտնի այլ ոլորտ:
-Մի հրաշալի լրագրող կար` Վասիլի Պեսկով. 82 տարեկան էր, դեռ աշխատում էր Ռուսաստանի երիտասարդական թերթում` «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում արդեն 56 տարի: Ընդ որում՝ գրում էր հիմնականում բնապահպանական թեմաներով: Եվ համարվում էր թերթի լավագույն լրագրողը: Նրան բազում պաշտոններ էին առաջարկել` դառնալ տարբեր ինստիտուտների տնօրեն կամ ակադեմիայի օղակների ղեկավար: Բոլոր առաջարկությունները մերժել էր` մնալով այս թերթի լրագրող... Մի քանի տարի առաջ մահացավ… Ողորմի… Ուրիշ բան, եթե խմբագիրները մտածում են միայն լրագրողի ոտքերն օգտագործելու` նրան վազեցնելու մասին: Իսկ երբ թերթին պետք են գլուխ, ասելիք ու գրիչ ունեցող մարդիկ, ովքեր նաեւ կյանքի փորձ ունեն, բոլորովին այլ հարց է: Ասեմ, որ այսօր Երեւանում կան նման մարդիկ, եւ նրանք աշխատանք չունեն:
-Ինչո՞ւ չունեն. նրանց պահանջարկը չկա՞:
-Որովհետեւ խմբագրի ամեն ասածը նրանք հեշտությամբ չեն անի: Խմբագրին հաճախ «ձեռնտու չեն» այսպիսիները: Ինչպես այլ ոլորտների տարբեր օղակներին, նրան եւս առավելապես «լուր գրող-պտուտակ» է պետք, որ մեքենայի մասը լինի: Կամ` խմբագիրը երկու ժամ է տվել, այս մարդը երկու ժամում չի կարող այդ նյութն անել. հինգ օր հետո այն կտա, գրելուց հետո էլ դեռ կարող է հանկարծ փոշմանել, նյութը հետ վերցնել նորից աշխատելու, փոփոխելու… Լուրջ լրագրողի հետ աշխատելը գլխացավանք է:
-Համենայնդեպս, կարելի՞ է ասել, որ դու այսօր լրագրությունը փոխել ես թարգմանչական գործի հետ. գրքեր ես թարգմանում այլ լեզուներից:
-Չէ: Այն էլ եմ անում, այն էլ։ «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագիր եմ, չէ՞, վերջապես:
-Թարգմանությանն անցնելը ստիպողակա՞ն վիճակ էր քեզ համար, թե՞…
-Նախ` սիրում եմ: Որովհետեւ թարգմանելիս մտնում ես հեղինակի «մաշկի» մեջ, եւ այդ գիրքը դառնում է նաեւ քո գործը, քո ստեղծագործությունը: Եվ այստեղ մի մեծ առավելություն կա. այլեւս մեծ տառապանք չի պահանջվում, ինչպես քո սեփական գործը գրելիս է լինում: Հեղինակն արդեն քո փոխարեն մտածել, կառուցել է. դու աշխատում ես նրան ընկալել ու գործը համարժեք մատուցել: Ինչո՞ւ եմ թարգմանում: Թարգմանում եմ, որովհետեւ ինձ համար հետաքրքիր է ուրիշ ժողովուրդների գրականությունը: Ինձ թվում է, որ մյուս մարդկանց էլ է հետաքրքիր, ու թարգմանում եմ, որ կարդան:
-Ասում են՝ թարգմանությունը լուսավորչական գործ է: Նախընտրություն կա՞՝ ի՞նչ թարգմանես, ո՞ր ժամանակների, ի՞նչ ոլորտների:
-Չէ, մշակված համակարգ չունեմ. կարելի է ասել, անգամ, ցաքուցրիվ եմ թարգմանում: Մի հրապարակախոսական հոդված դուրս եկավ, կվերցնեմ` կթարգմանեմ: Սկսած այստեղից` մինչեւ հաստափոր գրքեր:
-Իսկ քեզ համար արդեն որոշակի պատկերացում ձեւավորվե՞լ է. մեր գրական իրականության մեջ ի՞նչն է պակասում, ինչի՞ կարիքն ունենք, որ բերենք դրսից:
-Մենք կարիք ունենք մեծ շփման: Բավականաչափ ինքնապարփակված ենք: Բոլոր գրականությունների հետ տալ ու առնելու կարիք ունենք: Պատկերացրեք` ինչքան բան է մեկ տարում արվում անգլալեզու կամ ֆրանսալեզու կամ իսպանալեզու կամ ռուս գրականությունների մեջ, եւ մենք ընդամենը չնչին բաներ ենք թարգմանում: Այսօր մեզ ամենից մեծ լավություն անողը նա կլինի, ով հասանելի կդարձնի այլ լեզուներով ստեղծվող գրականությունը:
-Մի խնդիր էլ կա. ընթերցողն ունի նաեւ որակյալ թարգմանության կարիք: Երբեմն կարդում ես այսինչ գրողի գործը, որ արել է չգիտեմ ով. լեզուդ կոտրվում է, չես կարողանում նախադասությունը մինչեւ վերջ հասցնել: Այս դեպքում ո՞ւմ է պետք նման անորակ թարգմանությունը, որը քեզ պարզապես վանում է տվյալ գրողից:
-Վահան Տերյանն է ասել. «Եվ մեր գրականության զարգացման ամենամեծ գրավականը կլինի թարգմանական գրականության զարգացումը մեզանում»: Ամենամեծ գրավականն է ասում Վահան Տերյանը, գրականության զարգացման ամենամեծ գրավականը: Պատկերացնո՞ւմ ես… Եթե այս գիտակցությունը այսօր էլ ունենանք ու դնենք պետական քաղաքականության հիմքում, արդեն կլինեն եւ՛ լավ թարգմանիչներ, եւ՛ լավ թարգմանություններ, եւ՛ դրանք լույս ընծայող շահագրգիռ հրատարակիչներ: Եվ, անշուշտ, մեծաքանակ ճաշակավոր ընթերցողներ: Ի վերջո, ովքե՞ր են եղել մեր թարգմանիչները. գրի ու գրականության մեծերն են թարգմանություն արել, Մաշտո՛ցն է արել, սրբերի շարքն են դասվել: Այսինքն` թարգմանական գործին այդպիսի՛ արժեք է տրվել, նման մարդիկ են զբաղվել դրանով:
-Անդրադառնանք քեզ. դու շա՞տ ունես գրքեր, որ թարգմանել ես, ու չեն հրատարակվել:
-Ոչ, շատ չեն. մի քանիսը: Թարգմանել եմ Ա. Սախարովի հոդվածների ժողովածուն՝ ԽՍՀՄ-ում տպագրված նրա առաջին գիրքը, թարգմանել եմ Արմեն Ջիգարխանյանի երկխոսությունը իրենց թատրոնի գրական մասի վարիչի հետ. մի փառահեղ գիրք՝ շուրջ 400 էջանոց: Ռաֆայել դը Նոգալեսի «Չորս տարի կիսալուսնի ներքո» գրքի` հայերի ցեղասպանությանը վերաբերող հատվածները լույս տեսան թերթային տարբերակով: Հիմա էլ թարգմանում եմ ռուսական ժողովրդական հեքիաթներ, ռուսական ժամանակակից պատմվածք: Եվ դարձյալ մի երկու բան։ Եվ դրանք հրատարակելու հնարներ եմ փնտրում…
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 17-02-2021
|

փակել >>
|