Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Խնդիր, որի մասին ցնցումից ցնցում ենք հիշում

Ո՛ր պարագայում կկարողանանք ասել, որ հաջողել ենք

Փետրվարի 13-ին, ժամը 15:29-ին Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երեւանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում: Ցայսօր հետցնցումներ են։
Արդեն չենք հիշում, թե «ՀՀ»-ն քանի անգամ է անդրադարձել մեր երկրի, հատկապես՝ Երեւանի բնակֆոնդի, դպրոցների ու մանկապարտեզների վիճակին։ Չենք հիշում, թե քանի անգամ ենք գրել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար նախապես կատարված ծախսերը տնտեսական եւ ֆինանսական տեսանկյունից 7-10 անգամ ավելի արդյունավետ են, քան հետեւանքների վերացման համար պահանջվող ծախսերը: Եվ որ այդ ծախսերն անպայման պետք է արվեն, որովհետեւ մանավանդ մեզ համար մարդն ամենաթանկ կապիտալն է։ Եվ արդեն չենք հիշում, թե քանի անգամ ենք արձանագրել, որ սուղ միջոցների բացակայության գործոնը խաղարկելը եւ խնդրին լուծում չտալը անհեթեթություն են, քանզի, Աստված մի արասցե, աղետի դեպքում ստիպված ենք լինելու ավելի շատ միջոցներ հայթայթել։
Փետրվարի 13-ի երկրաշարժից հետո ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի եւ 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Երեւանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել էր, որ Երեւանի դպրոցներում եւ մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են։
Դպրոցների սեյսմակայունության խնդիրը ՀՀ կառավարությունում մեկ անգամ չէ, որ քննարկվել է։ Անընդհատ ասվել է՝ երեխաներին պետք է պատրաստել երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ առաջնային քայլերին։ Հետեւանքը...։ Այո, որոշ դասընթացներ կազմակերպվել են, փետրվարի 13-ից հետո էլ ասվեց, որ այս տարի նախատեսված է իրազեկման եւ տարհանման միջոցառումներ իրականացնել ավելի քան 130 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների համար: Ամբողջ խնդիրը հենց այստեղ է։ Անընդհատ միջազգային փորձը մեջբերելու սիրահար մեր պատկան օղակները, չգիտես ինչու, այս ոլորտում չեն հիշում «սեյսմաաշխույժ» տարածքների օրինակները։ Ասենք՝ Ճապոնիայի, թե ինչպես են նրանք մանկապարտեզից երեխաներին պատրաստում ընդհանրապես բնական աղետների հետ ապրելուն։ Մենք բավարարվում ենք դասընթացով, կարծես ապրում ենք այնպիսի տարածքում, որտեղ երկրաշարժեր չեն լինում, եւ մեզ մնում է դասընթացներ անել այն քաղաքացիների հետ, ովքեր պարզապես զբոսաշրջության են մեկնում երկրից դուրս՝ երկրաշարժավտանգ տարածքներ...
2019 թ. կառավարությունը տարեսկզբի նիստերից մեկում անդրադարձավ դպրոցների սեյսմակայունության խնդրին։ Այդ ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի ուժեղացման նախագծումը։ Նախատեսվում է սկսել նաեւ երկու դպրոցի նախագծային աշխատանքները։ Տեղեկացրեց նաեւ, թե ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են միջազգային փորձաքննություն։ Այդ ժամանակ միջազգային փորձագետն ուսումնասիրության հիմամբ 4 առաջարկ էր ներկայացրել, որոնք քննարկվել էին մեր քաղշին կոմիտեի հետ։ Երկու կողմերի մոտեցումները տարբերվել էին։ Ինչեւէ, այդ պահի՝ փետրվարի դրությամբ պարզ էր, որ ուսումնասիրված դպրոցներից 46-ն արդեն խնդրահարույց էին։
Նույն տարում, երկու ամիս անց՝ 2019 թ. ապրիլին դպրոցների վիճակի հետ կապված կրկին քննարկում եղավ եւ արձանագրվեց՝ 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիրներ ունեն։ ՏԿԵ նախարարն այս անգամ էլ ասաց, թե՝ «այս պահին կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի ծրագիր։ Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ, ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի։ Նշվեց թվով 400 դպրոցի մասին, բայց առաջիկա մի քանի տարվա համար մեր ֆինանսավորումը դրանց ընդամենը 1/5-ի համար է նախատեսված, մնացածի համար պետք է թե միջազգային գործընկերների, թե պետական միջոցների ներգրավման միջոցով փորձենք լուծել»։
Հարկ է տեղեկացնել, որ դեռ 2015 թ. կառավարության որոշում կար, որով հաստատվել էր սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377 դպրոցի ցանկը։ Այն կազմվել էր 1448 դպրոցից, ըստ սեյսմիկ խոցելիության ընդհանուր գործակցի նվազման՝ մինչեւ 40 միավորից ավելի դասակարգված վերին 377 տողում առկա դպրոցներից։ Այնուհետեւ սեյսմիկ խոցելիության 30-40 միավորներով գնահատվել էր 551 դպրոց։ 20-30 միավորներով՝ նվազ խոցելի, գնահատվել էր 237 դպրոց։ 19 դպրոց առանձնացվել էր, որպես ՀԲ-ի միջոցներով, նոր սեյսմիկ պահանջներով վերակառուցման ենթակա, սակայն դրանցից 2-ը չեն ներառվել ցուցակում եւ դուրս են մնացել խոցելիների ցանկից։ Եվ, վերջապես, 264 դպրոց գնահատվել է որպես համեմատաբար նորովի վերականգնված եւ կառուցված, սեյսմիկ խոցելիության առումով խնդիր չունեցող։ Սեյսմիկ խոցելիության գնահատման ուսումնասիրությունը կատարվել էր բոլոր պետական հանրակրթական դպրոցներում (2016 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 1385 դպրոց)՝ ըստ մասնաշենքերի։ Յուրաքանչյուր մարզի կտրվածքով տրված էր, թե քանի դպրոցից քանիսն ունեն բարձր խոցելիություն եւ ցածր խոցելիություն։ Նշվում էր, որ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վերաբերյալ կառավարության դեռ 2015 թ. որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թթ. ծրագիրը, որի շրջանակներում մինչեւ 2030 թ. պետք է ամրացվեն կամ նոր կառուցվեն 377 դպրոց։ Ծրագրից բխող միջոցառումների համաձայն՝ պետք է հաստատվեր ուժեղացվող եւ նոր կառուցվող դպրոցների 46 գերակա շենքերի ցանկը։
Այս 46 դպրոցի մասին էլ հենց խոսել էր կառավարությունը 2019 թ. փետրվարին ու ապրիլին։ 2020 թ. հունիսին արդեն պարզ էր, որ 46 սեյսմակայուն դպրոցի փոխարեն կառուցվել է ընդամենը 3 դպրոց։ Այո, հնչել են պատճառաբանություններ (նախագծային փոփոխություններից սկսած մինչեւ ֆինանսական հարցեր), բայց հիմա դրանց անդրադառնալը իմաստ չունի, այն պարզ պատճառաբանությամբ, որ երբ խաղաքարտին մեր երեխաների ավտանգությունն է, այդ անվտանգությունը չապահովելը ոչ մի արդարացում չունի։
Նույն համապատկերում կարող ենք խոսել մեր բնակֆոնդի վիճակի մասին, բայց դրանից իրերի դասավորվածությունը չի փոխվի։ Որովհետեւ մենք այս խնդիրներին անդրադառնում ենք ցնցումից ցնցում, իրավիճակային, առիթով, դասընթացային։ Հետո մոռանում ենք՝ օրակարգային այլ հարցեր ձեւակերպելով։ Մոռանում ենք ու չենք ձեւակերպում, որ, ասենք, դպրոցների սեյսմակայունության խնդրին զուգահեռ պետք է մտածենք բոլորիս, երեխաների սեյսմիկ աղետների պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների հզորացման մասին։ Որ առանց այս խնդիրների զուգահեռ լուծման այդ՝ մասնակի լուծումը եթե տրվի էլ, թերի է լինելու։ Ա՛յս մշակույթը ներդնելու մասին պետք է մտածենք եւ միայն ու բացառապես ա՛յս պարագայում կկարողանանք ասել, որ հաջողել ենք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

18-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO