Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.03.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան կընդլայնի ռազմական գործողությունները Սիրիայում եւ Իրաքում

2013 թ. Թուրքիայի իշխանությունների ու Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) միջեւ հաշտության շուրջ ձեռք բերվեց պայմանավորվածություն: Այնուհետեւ սկսվեցին համաձայնության շուրջ բանակցությունները՝ Թուրքիայի խորհրդարանում քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության եւ PKK-ի ազատազրկման մեջ գտնվող Աբդուլա Օջալանի հետ:
Ըստ նշյալ համաձայնության՝ PKK -ի զինյալները, լքելով Թուրքիան, հաստատվելու էին Իրաքի հյուսիսում: Բնականաբար, դա արժանացավ պաշտոնական Բաղդադի հակազդեցությանը: Վերջինս, ողջունելով հաշտության համաձայնությունը, զինյալների Իրաք տեղափոխվելն իրավացիորեն գնահատեց որպես հարված այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչն արձագանք չգտավ Անկարայում: Թուրքիայի այդ քայլը պայմանավորված էր ներքին հարցերով՝ առաջին հերթին խորհրդարանական ընտրություններով ու սահմանադրության փոփոխությունների հաստատմամբ: Թեեւ համաձայնության ձախողումն ի սկզբանե ակնհայտ էր, սակայն զգալի թվով քուրդ զինյալներ, լքելով Թուրքիան, հաստատվեցին Իրաքի հյուսիսում: 2015 թ. Սիրիայի եւ Իրաքի զարգացումներն Իրաքի Քրդստանի ինքնավարության (ՔԻ) համար դեպի անկախություն տանող նպաստավոր հող ստեղծեցին, իսկ Սիրիայի քրդերն էլ ինքնավարություն հայտարարեցին, ինչը, թերեւս, արագացրեց համաձայնության վախճանը: Մյուս կողմից՝ Անկարան դեպքերի նման զարգացումները պատնեշելու նպատակով սկսեց համագործակցել այդ երկրների իսլամ ծայրահեղական խմբերի ու խմբավորումների, այդ թվում՝ դաիշականների ու «Ալ Նոսրայի» հետ: Ներխուժելով Սիրիայի հյուսիս՝ քրդաբնակ տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով առայսօր իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» ու «Խաղաղության ակունք» անվանումներով ռազմական գործողություններ եւ ներկա դրությամբ վերահսկում է Սիրիայի հյուսիսային հատվածի քրդաբնակ տարածքների զգալի մասը: Ինչպես իրավամբ նշում են փորձագետները, Թուրքիան Սիրիայում ձգտում է վերահսկողություն սահմանել նաեւ այդ երկրի հյուսիս-արեւելյան հատվածում՝ Հասաքա նահանգի Դիրաք շրջանի վրա:
Անկարան դիրքերը Սիրիայի հյուսիսում ամրապնդելուց հետո այդօրինակ ձգտումներով սկսեց ավելի եռանդագին ու հաճախակի հարձակումներ իրականացնել Իրաքի հյուսիսում, ինչի համար պատրվակ ստեղծել էր, թերեւս, Թուրքիան՝ PKK-ի զինյալներին «արտահանելով» Իրաք, բացառված չէ նաեւ, որ ոչ պատահական: Եվ, ահա Իրաքի հյուսիսում PKK-ականներին ոչնչացնելու պատճառաբանությամբ դեռեւս 2020 թ. հունիսի 7-ին Իրաքի հյուսիսում իրականացրեց «Արծվի ճիրաններ» ռազմական գործողությունները: Այնուհետեւ՝ հունիսի 17-ին, ցամաքային ուժերի ողջ զինատեսակի կիրառմամբ ու հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, ձեռնամուխ եղավ նոր՝ «Վագրի ճիրաններ» գործողություններին Իրաքում ՔԻ-ի Դահուք նահանգի հյուսիսային, ինչպեսեւ Էրբիլի որոշ հատվածներում, պատճառաբանությամբ, թե PKK-ի զինյալները թիրախ են դարձնում Թուրքիայի սահմանային հարավարեւելյան նահանգները: Այս ընթացքում զոհվել են խաղաղ բնակիչներ, մի շարք բնակավայրեր էլ նրանք լքել են՝ հրետանու հարվածներից ահաբեկված, հրկիզվել են նաեւ ցանքատարածություններ: Թուրքիան Իրաքի հյուսիսում շուրջ 50 կմ խորանալով՝ սեպտեմբերի 5-ին հայտարարեց, թե հաջողությամբ ավարտել է «Վագրի ճիրաններ» գործողությունները: Դեռեւս այդ ժամանակ փորձագետները շեշտում էին, որ Թուրքիան, օգտվելով Բաղդադի ու Էրբիլի թերեւս թույլ հակազդեցությունից, բավարարվելով Թուրքիայի դեսպանին Իրաքի ԱԳ նախարարություն հրավիրելով, նպատակամղված է Իրաքում եւս իրականացնել Սիրիայի՝ Ռաքքա, Հասաքե եւ Հալեպ նահանգների սցենարը, այն է՝ գրավել Դահուքի ու Էրբիլի նահանգների հյուսիսային հատվածները:
2021 թ. հունվարի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի ուղեկցությամբ այցելել է Իրաք: Բաղդադում նա բանակցել է վարչապետ Մուստաֆա ալ Քադեմիի եւ նախագահ Բարհամ Սալիհի հետ, այնուհետեւ մեկնել Էրբիլ, հանդիպել ՔԻ-ի նախկին վարչապետ Մաասուդ Բարազանիի եւ գործող վարչապետ Մասրուր Բարազանիի հետ: Նշենք, որ ՔԻ-ում իշխող Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունն ավանդաբար Անկարայի հետ սերտ փոխհարաբերություններ ունի՝ ի տարբերություն այլ կուսակցությունների, առաջին հերթին իշխող կուսակցության մրցակից Քրդստանի հայրենասիրական կուսակցության: Աքարն այցի ավարտին Էրբիլում հայտարարել է, թե շուտով ահաբեկչության դեմ պայքարում կարեւոր իրադարձություններ տեղի կունենան Իրաքի, ՔԻ-ի ու Թուրքիայի համագործակցության ոլորտում, կողմերը վճռորոշ են ահաբեկչությունը վերջ դնելու հարցում: Նա շեշտը դրել է դաիշականների հարձակումներից առավելապես տուժած եզդիաբնակ Շանգալի ու դրա արվարձանների վրա: Հատկանշական է, որ Նինվե նահանգում գտնվող այս շրջանը դաիշականների ճիրաններից փրկել են ՔԻ-ի զինյալները՝ փեշմարգեները, եւ վերահսկողություն հաստատել այնտեղ, ուստի դրա պատկանելության հարցում առայսօր լուրջ տարաձայնություններ կան Բաղդադի ու Էրբիլի միջեւ:
Հունվարի 22-ին՝ Աքարի այցից 2 օր անց, Թուրքիայի օդուժը հարձակումներ է իրականացրել ՔԻ-ի Դահուքի որոշ բնակավայրերի վրա: Միաժամանակ, նախագահ Էրդողանը սպառնացել էր, թե Թուրքիան կարող է Շանգալի շրջանում PKK-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնել՝ շեշտելով, որ դա լինելու է հանկարծակի: Իսկ փետրվարի 10-14-ը Թուրքիան ՔԻ-ի հյուսիսում գտնվող Գարա շրջանում իրականացրել է «Արծվի ճիրաններ-2» նոր ռազմական գործողություններ: Այս առնչությամբ Աքարը հայտարարել է, որ շրջանի մեծ մասը «մաքրազարդվել» է ահաբեկիչ PKK-ականներից, 50-ն էլ ոչնչացվել են: Միաժամանակ Անկարան հայտարարել է, թե հայտնաբերել է նախկինում առեւանգված 13 թուրքի դի, աշխարհից պահանջել դատապարտել նրանց սպանությունը, մինչդեռ PKK-ականները, հերքելով, շեշտել են, որ նրանք սպանվել են բախումների ընթացքում: Անմիջապես արձագանքելով՝ ցավակցել ու դատապարտել են եղբայրական Ադերբեջանն ու Պակիստանը, այնուհետեւ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը:
Վերլուծաբանները շեշտում են, որ Թուրքիան ՔԻ-ի Գարա շրջանում ուժեր տեղակայելով, այստեղից էլ, ինչպես Սիրիայի հյուսիսից, չի հեռանա: Բրիտանական Արքայական քոլեջի ռազմական փորձագետ Բիլ Պարկը շեշտել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները ՔԻ-ում կարող են հանգեցնել իշխող կուսակցության հեղինակազրկմանը, սակայն վերջինս դեմ չէ PKK-ի դեմ նշյալ գործողություններին, որոնց իրական նպատակն այդտեղ մնալն է: Իրաքի խորհրդարանի երեք կարեւոր խմբակցություններից՝ «Ալ Ֆաթհի» ղեկավար Հադի ալ Ամերին հայտնել է, որ Թուրքիան նպատակամղված է ռազմական գործողություններով վերահսկողություն հաստատել Շանգալում, ուստի երկրի զինված ուժերն ու «Հաշադ աշ Շաաբի» աշխարհազորայինները պետք է նախապատրաստվեն համապատասխան հակահարված տալուն: Իսկ ավստրալիական «The Australian Green Left weekly» շաբաթաթերթը ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է գրավել Կանդիլ-Շանգալ-Դիրաք եռանկյունին, սակայն ներկա դրությամբ զգուշանում է միջազգային բացասական արձագանքներից, ուստի, որպես առաջին քայլ, վերահսկողություն է հաստատել Գարայի վրա: Նման իրավիճակում Էրդողանը նախօրեին Տրապիզոնում ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 7-րդ համագումարում եւ Արեւմուտքին մեղադրելով «13 անմեղ թուրքի ցեղասպանությունը» հավուր պատշաճի չդատապարտելու համար՝ շեշտել է. «Ո՞ւր ես, էյ, Արեւմուտք, ինչո՞ւ ես լռում»:
Իհարկե, Անկարան ինքը լռում է սեփական ռազմական գործողությունների հետեւանքով այդ երկրների խաղաղ բնակիչների զոհերի, Ղարաբաղում գլխատումների, կացնով մարդասպանին հերոսացնելը ողջունելու, քիմիական զենք կիրառելու հարցերում: Սակայն 13-ի զոհվելու շոուն անհրաժեշտ եւ լավ պատրվակ է էրդողանի համար՝ իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու եւ միջազգային արձագանքներն անտեսելու հարցում: Եվ ահա նա իր ելույթում սպառնացել է առաջիկա օրերին Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում՝ Թուրքիայի անվտանգությանն սպառնացող տարածքներում ընդարձակել ռազմական գործողությունները:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

18-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO